Գլխավոր տեղեկություն
Համար
N 216-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.30/23(691) Հոդ.142
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2020
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2020 թվականի
ք. Երևան

N 216-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10N 486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Ռադիոհաճախակա-նությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնները հաստատելու մասին» N 486-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոններում» (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնների 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր մրցույթի կազմակերպման վերաբերյալ ՀԾԿՀ-ն համապա-տասխան որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանում է ոչ խտրական, ողջամիտ կանոններ՝ ամրագրելով դիմումատուին ներկայացվող (ներառյալ նախաորակավորման) պահանջները, այդ թվում՝ կատարման ենթակա վճարները, որոնց ապահովման դեպքում միայն անձը կարող է մասնակցել մրցույթին, ինչպես նաև հաստատում է մրցութային փաթեթը։»,

«3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀԾԿՀ-ի և իրավասու մարմնի ներկայացուցիչները (համաձայնությամբ): Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև շահագրգիռ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), ինչպես նաև անկախ փորձագետներ:»,

«5. Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձը Որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում հետաքրքրության վերաբերյալ հայտ, որը պետք է ներառի ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նախաորակավորման չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավորումներ։»,

«7. Սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 20 օրվա ընթաց քում հանձնաժողովն իրականացնում է նախաորակավորում և առաջարկում է ՀԾԿՀ-ին հրապարակել սույն կանոնների 1-ին կետով սահմանված պահանջներին և փաստաթղթերին համապատասխանող նախաորակավորված անձանց ցանկը: ՀԾԿՀ-ն հրապարակում է նախաորակավորված անձանց ցանկը՝ նախաորակավորման իրականացման համար սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում:»,

«8. ՀԾԿՀ-ն՝ նախաորակավորված անձանց ցանկի հրապարակումից հետո, վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրում է մրցութային փաթեթը՝ Որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով։».

2) Կանոնների 4-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) Կանոնների 9-րդ և 10-րդ կետերում «անուն ազգանունների (անվանումների) հրապարակումից հետո 40» բառերը փոխարինել «ցանկի հրապարակման համար սույն կանոնների 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 30» բառերով.

4) Կանոնները լրացնել 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«19. Մեկ հայտատուի դեպքում սույն կանոնների 15-րդ և 16-րդ կետերով սահմանված բողոքարկման ժամկետները չեն գործում, և ՀԾԿՀ-ն հաղթողին տրամադրում է վերջնական թույլտվություն սույն կանոնների 10-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 10 օրվա ընթացքում։

20. Մրցույթի շրջանակում հետաքրքրության որևէ հայտ չներկայացվելու, մասնակիցներից որևէ մեկի նախաորակավորման փուլը չանցնելու, սույն կանոնների 10-րդ կետով սահմանված հայտ-առաջարկ չներկայացվելու, մրցույթի արդյունքում որևէ հաղթող չճանաչվելու, մեկ նախաորակավորված մասնակցի դեպքում վերջինիս կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու, իսկ մեկից ավելի նախաորակավորված մասնակիցների պարագայում՝ սույն կանոնների 18-րդ կետի համաձայն հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու դեպքում՝ մրցույթը համարվում է չկայացած։

21. Մրցույթը համարվում է ավարտված ՀԾԿՀ-ի կողմից վերջնական թույլտվության տրամադրման արդյունքում մրցույթում առաջարկված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պահից։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան