Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-26-Ո-Կ-6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2020
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    Ք. Երևան

18 հունիսի 2020 թ.

ԲԴԽ-26-Ո-Կ-6

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
 

Ռ. Վարդազարյանի,

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,

Ա. Հայկյանցի,

Հ. Հովհաննիսյանի,

Մ. Մակյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Վ. Քոչարյանի

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովի նախագահ
 

Մ. Պապոյանի,

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովի անդամ
 

Ա. Բաբայանի,

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

քարտուղարությամբ՝
 

Գ. Խաչատրյանի,

քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի

 

դռնփակ նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի մայիսի 4-ի թիվ N-Կ-4/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել Արմեն Հակոբյանի կողմից 21.02.2020 թվականին Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը:

Հաղորդման մեջ նշվել է, որ թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործով դատաքննության փուլը սկսվել է դեռևս 2014 թվականի հունվար ամսից, մինչդեռ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Գայանե Խաչատրյանը (այսուհետ՝ Դատավոր) շուրջ 6 տարի, հրավիրելով դատական նիստեր, դրանք անհարկի հետաձգում է, և գործն ավարտին չի հասցվում: Արդյունքում, քաղաքացիական գործը քննվում է շուրջ 8 տարի և չի կայացվում գործն ըստ էության լուծող դատական ակտ, ինչի արդյունքում շարունակաբար խախտվում է անձի՝ անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Հանձնաժողովը 23.03.2020 թվականին Դատավորի նկատմամբ կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:

Հանձնաժողովի 04.05.2020 թվականի թիվ N-Կ-4/2020 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Դիմողը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի («Արդար դատաքննության իրավունքը») 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ («Ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը») հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ («Դատավորի վարքագծի կանոններն ի պաշտոնե գործելիս») հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Դիմողը նշել է, որ վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը հանդիսանում է անձի դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասը: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն դատավարության ընթացքի և դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության միջև։ Դիմողը նաև վկայակոչել է ՀՀ Սահմանադրական դատարանի 18.06.2019 թվականի թիվ ՍԴՈ-1464 որոշումը, որով ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է գործի ողջամիտ ժամկետում քննության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ:

Դիմողն ընդգծել է, որ թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործը Դատավորին է մակագրվել դեռևս 27.03.2013 թվականին և առ այսօր գտնվում է դատաքննության փուլում: Փաստորեն, թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործը քննվում է շուրջ յոթ տարի, որի ընթացքում նշանակված դատական նիստերը բազմիցս հետաձգվել են: Դիմողն անհիմն է համարում հաշտության համաձայնության վերաբերյալ բանակցություններ վարելու հիմքով դատական նիստերը հետաձգելու Դատավորի փաստարկները: Դիմողը հիմնավոր չի համարում նաև Դատավորի կողմից դատավարության մասնակիցների միջնորդությունների հիման վրա` տարբեր պատճառաբանություններով, բազմաթիվ անգամ դատական նիստերի հետաձգումը, քանի որ Դատարանը պետք է ապահովի դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքներից բարեխղճորեն օգտվելու պարտականության պահպանումը: Հետևաբար յոթ տարին չի կարող գնահատվել այնպիսի ողջամիտ ժամանակահատված, որի ընթացքում կողմերն իրացրել են իրենց քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները: Դիմողը նշել է, որ Դատավորը պարտավոր է գործի քննությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի կողմի` ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքը:

Դիմողը պնդել է, որ Դատավորի գործողությունների արդյունքում թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի խախտում:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Հանձնաժողովին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին:

Հանձնաժողովին ուղղված գրավոր բացատրության մեջ Դատավորը ներկայացրել է թիվ ԵԷԴ/1009/06/12 քաղաքացիական գործի շրջանակներում նշանակված դատական նիստերի հետաձգման պատճառները և նշել, որ բացակայում է դատավորի վարքագծի կանոնի ենթադրյալ խախտման փաստը, ուստի իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանի մեջ Դատավորը նշել է, որ բացակայում են իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, իր գործողություններում առկա դատավորի վարքագծի կանոնի ենթադրյալ խախտումը բացակայում է, ավելին, բացակայում է վերջինիս կոպիտ լինելու հանգամանքը: Դատավորը հայտնել է, որ թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործը Դատարանի վարույթում շուրջ յոթ տարի քննվելու հանգամանքը կարող է գործը ողջամիտ ժամկետում քննված չլինելու տպավորություն ստեղծել, մինչդեռ Դատարանի կողմից նշված քաղաքացիական գործով ձեռնարկված գործողությունները նպատակ են հետապնդել ապահովելու կողմերի դատավարական իրավունքների պատշաճ իրականացումը և կողմերի միջև հնարավոր հաշտության համաձայնության գալը, ինչը կնպաստեր նաև կողմերի միջև առկա մի շարք քաղաքացիական գործերով /մասնավորապես ԵԷԴ/0604/02/12, ԵԷԴ/0083/02/13, ԵԷԴ/3387/02/14 և այլն/ և հարուցված քրեական գործով /12126613/ վեճերի վերջնական լուծմանը: Դատավորի կողմից սույն գործով իրականացված գործողությունները բխել են նաև արդարադատության շահից, ինչը մշտապես Դատարանի կողմից դիտարկվում է որպես գերակա շահ:

Դատավորը նաև նշել է, որ վարքագծի կանոնի ենթադրյալ խախտումը չի կարող համարվել կոպիտ, եթե չունի պարբերական բնույթ կամ չի պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց` վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների ոտնահարմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը և, որպես հետևանք, դատական իշխանության հեղինակազրկմանը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ոչ միայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման առկայությունը, այլ նաև այն, որ այդ խախտումը լինի կոպիտ: Տվյալ պարագայում առկա խախտումներն ակնհայտ չեն, և դրանք՝ որպես կոպիտ որակվել, ևս չեն կարող: Հետևաբար, այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, քանի որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի խախտման առկայությունը, այլ նաև այդ խախտումների կոպիտ լինելու հանգամանքը, այսինքն` դրանց միաժամանակյա առկայությունը:

Դատավորը շեշտադրել է նաև, որ Դատարանի գործողությունները բխել են բացառապես օրենքից, քաղաքացիական գործով վեճը լուծելու անհրաժեշտությունից և այդ գործողությունները կազմակերպվել են այնպես, որ ապահովվի գործին մասնակցող յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով, և որևէ միտում չի եղել անհարկի հետաձգել քաղաքացիական գործի քննությունը, ավելին՝ դատական գործում առկա դատական նիստերի ձայնագրառումներից ակնհայտ է դառնում Դատարանի կողմից կատարված գործողությունների կարևորությունը և նշանակությունը: Դատավորը հավելել է, որ դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում գործի կոնկրետ հանգամանքները՝ ներառյալ իրավական և փաստական բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագիծը և դատավարության մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, գործի քննության ընդհանուր տևողությունը:

Դատավորն իր դիրքորոշումը եզրահանգել է այն փաստարկով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 9-10-րդ մասերով ամրագրված է, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության: Դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում: Դա նշանակում է, որ արդարադատություն իրականացնելու, այդ թվում՝ դատական նիստերը հետաձգելու, հաշտության համաձայնությունը դատական նիստում քննարկելու, գործին մասնակցող անձանց միջնորդությունները քննարկելու, դրանց կապակցությամբ որոշումներ կայացնելու, իրավական նորմերը մեկնաբանելու և կիրառելու լիազորությունը դատարանի, դատավորի բացառիկ իրավասության տիրույթում է:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Արմեն Հակոբյանը (այսուհետ նաև՝ հայցվոր) 07.08.2012 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ահարոն Կիրակոսյանի, Արտյոմ Կիրակոսյանի, Արմեն Կիրակոսյանի և Գրետա Սահակյանի (այսուհետ նաև՝ պատասխանողներ), երրորդ անձ` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և խնդրել անվավեր ճանաչել Ահարոն Կիրակոսյանի և Գրետա Սահակյանի միջև 15.12.2009 թվականին կնքված Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Ս.Բադիրյանի կողմից վավերացված և սեղանամատյանում գրանցված «Բնակելի տան և հողամասի գրավի /հիփոթեքի/ և փոխառության» պայմանագիրը, կիրառել անվավերության հետևանքներ, այն է` անվավեր ճանաչել Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցումը։ Քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԷԴ/1009/02/12 համարը։

2. 10.08.2012 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մերանգուլյանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության, նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը։

3. 17.08.2012 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մերանգուլյանի որոշմամբ պետական տուրքի վճարումը մասնակի տարաժամկետվել և վարույթ է ընդունվել Գրետա Սահակյանի ընդդեմ Ահարոն Կիրակոսյանի, Արմեն Կիրակոսյանի և Արտյոմ Կիրակոսյանի` փոխառության գումարը բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է նաև հայցի ապահովում: Քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԷԴ/1039/02/12 համարը։

4. 19.09.2012 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մերանգուլյանի որոշմամբ թիվ ԵԷԴ/1039/02/12 և թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում և գործին շնորհվել է թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործի համարը:

5. 20.03.2013 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մերանգուլյանի լիազորությունները դադարեցվել են և վերջինիս վարույթում գտնվող թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործը 27.03.2013 թվականին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Գ.Խաչատրյանին։

6. 02.04.2013 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործը և այն դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:

7. 02.12.2013 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:

8. 02.12.2013 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է Ա.Հակոբյանի և վերջինիս ներկայացուցչի միջնորդությունը և որոշում է կայացվել ապացույց պահանջելու մասին:

9. 06.05.2014 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է Ա.Հակոբյանի և վերջինիս ներկայացուցչի միջնորդությունը, և որոշում է կայացվել ապացույց պահանջելու մասին:

10. 30.07.2014 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է հայցվոր Ա.Հակոբյանի և վերջինիս ներկայացուցչի միջնորդությունը, և որոշում է կայացվել թղթաբանական և դատաձեռագրաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին և գործի վարույթը կասեցվել է մինչև համալիր փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալը։

11. 02.10.2014 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել սույն գործով թիվ 42051401 եզրակացությունը։

12. 06.10.2014 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, և գործը նշանակվել է դատաքննության:

13. 25.11.2014 թվականի դատական նիստին Ա.Հակոբյանը և վերջինիս ներկայացուցիչ՝ Նաիրա Մխիթարյանը, միջնորդություն են ներկայացրել փորձագետին դատարան հրավիրելու մասին:

14. 19.12.2014 թվականի դատական նիստին փորձագետ Վահե Գրիգորյանը տվել է բացատրություն:

15. 18.02.2015 թվականի դատական նիստին ներկայացվել է հաշտության համաձայնության տարբերակ, և կողմերը խնդրել են տրամադրել ժամկետ՝ հաշտության շուրջ բանակցելու համար:

16. 10.04.2015 թվականի, 06.05.2015 թվականի, 10.06.2015 թվականի, 16.07.2015 թվականի, 29.07.2015 թվականի, 09.10.2015 թվականի, 04.11.2015 թվականի, 14.12.2015 թվականի, 20.01.2016 թվականի, 11.02.2016 թվականի, 16.03.2016 թվականի դատական նիստերը հետաձգվել են կողմերի խնդրանքով՝ հաշտության նպատակով բանակցություններ վարելու համար:

17. 04.05.2016 թվականի ՀՀ քննչական կոմիտեի առգրավում կատարելու մասին արձանագրության համաձայն` 20.11.2009 թվականին թվագրված «Ստացական» վերտառությամբ Գրետա Սահակյանի, Ահարոն Կիրակոսյանի և Վարդան Աբրահամյանի ստորագրություններով փաստաթղթի բնօրինակը թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործից առգրավվել է:

18. 06.05.2016 թվականին նշանակված դատական նիստում Հայցվորը և վերջինիս ներկայացուցիչ Գոռ Գրիգորյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին, նիստի ընթացքում պնդել են ներկայացված` գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը: Ներկայացված միջնորդության դեմ Գրետա Սահակյանի ներկայացուցիչ Գեղամ Մարգարյանը և Ահարոն Կիրակոսյանի ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանն առարկել են:

19. 11.05.2016 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է Հայցվորի և վերջինիս ներկայացուցիչ Գոռ Գրիգորյանի միջնորդությունը, և թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև քրեական դատավարության կարգով քննվող թիվ 12126613 քրեական գործով վերջնական որոշում կայացնելը:

20. 24.05.2016 թվականին Գրետա Սահակյանի ներկայացուցիչ Գեղամ Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործով 11.05.2016 թվականի որոշման դեմ:

21. 08.07.2016 թվականի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է և վերացվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2016 թվականի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

22. 08.09.2016 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործը, և գործը դատաքննության է նշանակվել 20.10.2016 թվականին:

23. 25.07.2016 թվականին Հայցվորը վճռաբեկ բողոք է ներկայացրել թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2016 թվականի որոշման դեմ:

24. 30.09.2016 թվականին թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործի հավելվածն ուղարկվել է Վճռաբեկ դատարան:

25. 21.12.2016 թվականի Վճռաբեկ դատարանի որոշմամբ թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործով Հայցվորի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

26. 20.01.2017 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործի հավելվածը:

27. 20.10.2016 թվականի դատական նիստին ներկայացել է միայն Գրետա Սահակյանի ներկայացուցիչ Գեղամ Մարգարյանը և միջնորդել դատական նիստը հետաձգել, քանի որ բողոքի պայմաններում օրինական չի լինի որևէ գործողություն կատարել: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.11.2016 թվականին:

28. 21.11.2016 թվականի դատական նիստին ներկայացել են Ա.Հակոբյանը և Գ.Մարգարյանը: Ա.Հակոբյանը նաև դատական նիստին ներկայացրել է թիվ 12126613 քրեական գործի որոշումների պատճենները: Գ.Մարգարյանը միջնորդել է դատական նիստը հետաձգել մինչև Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելը: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 16.12.2016 թվականին:

29. 16.12.2016 թվականի դատական նիստը կայացել է և կատարվել են որոշակի դատավարական գործողություններ, սակայն այլ դատական նիստի ժամով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 06.02.2017 թվականին:

30. 06.02.2017 թվականի դատական նիստին Ա.Հակոբյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2016 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը և խնդրել դատական նիստը հետաձգել:

31. 17.03.2017 թվականի դատական նիստին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 17.03.2017 թվականին դատարան ստացված դիմումները՝ Ա.Հակոբյանի կողմից Գ.Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու և փաստաբան Ա.Հովսեփյանին լիազորելու վերաբերյալ և Ա.Հովսեփյանի կողմից գործի նյութերին ծանոթանալու, միաժամանակ հայտնելով, որ 17.03.2017 թվականի դատական նիստին չի կարող ներկայանալ այլ նիստի մասնակցելու պատճառաբանությամբ և խնդրել է դատական նիստը հետաձգել: Դատարանը բավարարել է դիմումները և դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.04.2017 թվականին:

32. 21.04.2017 թվականին դատավոր Գ.Խաչատրյանի` հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի մասնակցության կապակցությամբ դատական նիստը չի կայացել:

33. 31.05.2017 թվականին նշանակված դատական նիստին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումը, որով հայտնել է, որ ունի բարձր ջերմություն, վատառողջ է, որի պատճառով դատական նիստին ներկայանալ և մասնակցել չի կարող: Դատարանը, բավարարելով Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Հովսեփյանի միջնորդությունը, դատական նիստը հետաձգել և նշանակել է 28.06.2017 թվականին:

34. 28.06.2017 թվականին դատական նիստին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Ահարոն Կիրակոսյանի ներկայացուցիչ Է.Չինարյանի կողմից ներկայացված դիմումը՝ գործի նյութերին ծանոթանալու և դատական նիստը հետաձգելու մասին: Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական նիստը հետաձգել և նշանակել է 26.07.2017 թվականին:

35. 26.07.2017 թվականին, 26.09.2017 թվականին, 31.01.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստերը հետաձգվել են կողմերի միջնորդությամբ՝ կրկին հաշտության բանակցություններ վարելու նպատակով:

36. 01.11.2017 թվականի դատական նիստը չի կայացել դատավոր Գ.Խաչատրյանի` իր ազգականի մահվան հետ կապված ծիսակատարությանը մասնակցելու կապակցությամբ:

37. 11.12.2017 թվականի դատական նիստին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Ահարոն Կիրակոսյանի ներկայացուցիչ Է.Չինարյանի կողմից ներկայացված դիմումը՝ Վերաքննիչ քրեական դատարանում խափանման միջոցի վերաբերյալ որոշման վերաքննության դատական նիստին մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգելու մասին: Հայցվորը և վերջինիս ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը չեն առարկել դիմումի դեմ, և դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 31.01.2018 թվականին:

38. 15.03.2018 թվականի դատական նիստին Հայցվորը միջնորդել է դատական նիստը հետաձգել՝ իր կողմից որպես ապացույց Դատարանին ներկայացվող լազերային կրիչի և սղագրության օրինակները կողմերին տրամադրելու նպատակով: Դատարանը փորձել է համաձայնեցնել հաջորդ նիստի օրն ու ժամը կողմերի հետ: Ապրիլ ամսին հնարավոր չի եղել նշանակել դատական նիստը, քանի որ ուրբաթ օրերին ներկայացուցիչ Է.Չինարյանին հարմար չի եղել, եղել են նաև ոչ աշխատանքային օրեր, արդյունքում՝ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 03.05.2018 թվականին:

39. 03.05.2018 թվականի դատական նիստին Դատարանը հրապարակել է Դատարան ստացված դիմումը Գրետա Սահակյանի կողմից իր ներկայացուցիչ Գ.Մարգարյանի նկատմամբ վստահություն չունենալու պատճառով լիազորությունները դադարեցնելու և դատական նիստը հետաձգելու մասին: Կողմերը չեն առարկել դիմումի դեմ և դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է 12.06.2018 թվականին:

40. 12.06.2018 թվականի դատական նիստին Դատարանը հրապարակել է Դատարան ստացված դիմումը ներկայացուցիչ Է.Չինարյանի կողմից՝ քննչական գործողությունների մասնակցելու պատճառով դատարան չներկայանալու և դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատական նիստին ներկայացել էր Գրետա Սահակյանի նոր ներկայացուցիչ Քրիստինե Ղազարյանը և միջնորդել է դատական նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Հայցվորի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը խնդրել է թեկուզ ավելի երկար ժամանակով հետաձգել, բայց այնպիսի օր նշանակել, որ երկար աշխատեն: Նաև հայտնել է, որ գտնվելու է արձակուրդում 2018 թվականից հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 01-ը: Դատարանը, համաձայնեցնելով կողմերի հետ, դատական նիստը հետաձգել է 17.07.2018 թվականին:

41. 17.07.2018 թվականի դատական նիստին Դատարանը հրապարակել է Գրետա Սահակյանի ներկայացուցիչ Քրիստինե Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ և դիրքորոշում-առարկությունը, որոնց օրինակները Դատարանը տրամադրել է կողմերին, ովքեր ցանկություն են հայտնել ծանոթանալ դիրքորոշմանը: Հայցվորը խնդրել է հաջորդ դատական նիստի օրն ու ժամը համաձայնեցնել կողմերի հետ: Դատարանը հայտարարել է, որ օգոստոս ամսին գտնվելու է արձակուրդում և, համաձայնեցնելով դատական նիստին ներկա անձանց հետ, դատական նիստը հետաձգել և նշանակվել է 28.09.2018 թվականին:

42. 28.09.2018 թվականի դատական նիստին Դատարանը հրապարակել է Դատարան ստացված դիմումը Քրիստինե Ղազարյանի կողմից, ով հայտնել է, որ մասնակցում է Լոռու մարզում կայանալիք հարկադիր կատարողական վարույթին, և քանի որ նիստի օրը համաձայնեցված չի եղել իր հետ, այդ պատճառով չի կարող ներկայանալ, միաժամանակ, Դատարան է ներկայացրել դիրքորոշման լրացում՝ իրավական հիմնավորումներով: Ա.Հակոբյանը հայտարարել է, որ այո, Դատարանի փաստարկներն արդարացված են և Դատարանը չի կատարել ոչ մի գործողություն, որը կնպաստեր նիստերի անհարկի ձգձգմանը: Դատարանը դատական նիստը հետաձգել և նշանակել է 09.11.2018 թվականին:

43. 09.11.2018 թվականի դատական նիստին Դատարանը հրապարակել է Է.Չինարյանի կողմից Դատարան ստացված դիմումը՝ դատական նիստը հետաձգելու մասին: Դատարանը, քննարկելով դիմումը, մերժել է այն և դատական նիստը շարունակել Է.Չինարյանի բացակայությամբ: Դատական նիստի ընթացքում նաև կիրառվել է սանկցիա` նախազգուշացում Ահարոն Կիրակոսյանի նկատմամբ: 1 ժամ 30 րոպե աշխատելուց հետո այլ դատական նիստի ժամանակով պայմանավորված լինելու պատճառով Դատարանը որոշել է դատական նիստը հետաձգել մեկ այլ հերթի, քանի որ ներկայացուցիչներին ավելի շուտ օր հարմար չի եղել, խնդրել են ավելի ուշ նշանակել, որպեսզի կարողանան ներկա գտնվել դատական նիստին: Դատարանը դատական նիստը հետաձգել և նշանակել է 04.12.2018 թվականին:

44. 04.12.2018 թվականի դատական նիստին Դատարանը հրապարակել է Է.Չինարյանի կողմից Դատարան ստացված դիմումը, իր անձնական գործով նիստ ունենալու պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգելու մասին: Հայցվորի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանն առարկել է դիմումի դեմ: Դատարանն Ահարոն Կիրակոսյանի խնդրանքով հայտարարել է ընդմիջում: Ընդմիջումից հետո Ահարոն Կիրակոսյանը հայտնել է, որ կապ է հաստատել իր ներկայացուցիչ Է.Չինարյանի հետ, ով հայտնել է որ 15 րոպեից կներկայանա: Դատարանն ընդմիջել է դատական նիստը: Դատական նիստը շարունակվել է և աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.12.2018 թվականին:

45. 21.12.2018 թվականին դատավոր Գ.Խաչատրյանի` հրավիրված դատավորների ընդհանուր ժողովի մասնակցության կապակցությամբ դատական նիստը չի կայացել:

46. 01.02.2019 թվականին դատական նիստին Ահարոն Կիրակոսյանը հայտնել է՝ քանի որ իր ներկայացուցիչ Է.Չինարյանը ծանրաբեռնված է և չի կարողանում ներկա գտնվել դատական նիստերին և իր շահերը պատշաճ ներկայացնել, որի պատճառով ինքն ամեն անգամ հայտնվում է անհարմար դրության մեջ, ներկայացրել է դիմում Է.Չինարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Դատարանը հայտնել է, որ ստացվել նաև դիմում Ահարոն Կիրակոսյանի նոր ներկայացուցիչ Սերգեյ Ամիրխանյանի կողմից՝ գործի նյութերին ծանոթանալու և դատական նիստը հետաձգելու մասին: Կողմերը չեն առարկել, և դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 22.03.2019 թվականին:

47. 22.03.2019 թվականին դատական նիստին Դատարանը հրապարակել է Դատարան ստացված դիմումն Ահարոն Կիրակոսյանի ներկայացուցիչ Սերգեյ Ամիրխանյանի կողմից, ով հայտնել է, որ աշխատանքային գերծանրաբեռնվածությունից և անձնական նկատառումներից ելնելով չի կարող ներկայացնել Ահարոն Կիրակոսյանի շահերը: Ահարոն Կիրակոսյանը հայտարարել է, որ դիմումի հանգամանքներից ելնելով՝ իր շահերի պաշտպանության նպատակով, այսօր լիազորել է Արման Արզումանյանին: Արման Արզումանյանը Դատարանին ներկայացրել է լիազորագիր և խնդրել է գործի նյութերին ծանոթանալու համար դատական նիստը հետաձգել: Հայցվոր կողմն առարկել է դիմումի դեմ, իսկ Դատարանը, քննարկելով միջնորդությունը, որոշել է այն մերժել:

48. Ահարոն Կիրակոսյանը խնդրել է դատական նիստն ընդմիջել ներկայացուցչի հետ քննարկելու համար: Ընդմիջումից հետո Ահարոն Կիրակոսյանը հայտնել է, որ Սերգեյ Ամիրխանյանի դիմումը ստացել է մոտ 2 շաբաթ առաջ և երեկ է ծանոթացել նոր փաստաբանի հետ: Հայտնել է նաև, որ ինքը չի հրաժարվել ներկայացուցչի ծառայություններից, այլ ներկայացուցիչն է հրաժարվել իր շահերը ներկայացնելուց: Հայտնել է նաև, որ շատերին է դիմել այս ընթացքում, բայց հրաժարվել են պաշտպանել իր շահերը, թվով 4-րդ փաստաբանն է փոխում, բայց այս վճռորոշ փուլում խնդրել է իրեն չզրկել պաշտպանվելու իրավունքից, և հայտնել է, որ միտում չունի անհարկի հետաձգել դատական նիստերը, իր կամքից անկախ է այդպես ստացվել, խնդրել է դատական նիստը հետաձգել:

49. Նույն դատական նիստում հայցվոր Ա.Հակոբյանը հայտարարել է, որ հյուպատոսի մոտ ընդունելության է և խնդրել է թույլատրել դուրս գալ, միաժամանակ հայտնել է, որ քաղաքում չի լինելու և վերադառնալու է 2019 թվականի ապրիլի 26-ից հետո: Դատարանը որոշել է դատական նիստը հետաձգել և նշանակել 24.05.2019 թվականին:

50. 24.05.2019 թվականի դատական նիստին Դատարանը հրապարակել է Ահարոն Կիրակոսյանի ներկայացուցչի կողմից Դատարան ներկայացրած դիմումը և էպիկրիզը:

51. Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը հայտարարել է, որ Ա.Հակոբյանը քաղաքում է, սակայն հայրն է մահացել: Չներկայանալու համար չի միջնորդել հետաձգել, ուղղակի հայտնել է, որ դիմումի վերաբերյալ թողնում է դատարանի հայեցողությանը: Դատարանը դատական նիստը հետաձգել և նշանակել է 28.06.2019 թվականին:

52. 28.06.2019 թվականի դատական նիստին Ահարոն Կիրակոսյանը ներկայացրել է միջնորդություն՝ գործի վարույթը կարճելու մասին, որը չէր ներկայացրել մյուս մասնակիցներին: Նաև պարզվել է, որ ներկայացրած սնանկության գործով վճռի մեջ վրիպակ է տեղի ունեցել, (մասնավորապես դիմողի և սնանկ ճանաչվողի միջև հակասություններ կան): Ահարոն Կիրակոսյանի կողմից դատական ակտի բնօրինակը Դատարանին ներկայացնելու և միջնորդությունը պատշաճ ձևով ներկայացնելու համար հնարավորություն է տրվել և դատական նիստը հետաձգվել է 12.09.2019 թվականին:

53. 12.09.2019 թվականի դատական նիստին Ահարոն Կիրակոսյանը Դատարանին է ներկայացրել դատական ակտի ուղղված տարբերակը: Հայցվոր Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը հայտնել է, որ ծանոթ է դատական ակտին և բողոք է բերվել, որն ընդունվել է վարույթ, բայց տվյալ պահին չի կարող այն ներկայացնել: Դատարանը որոշել է Ա.Հակոբյանի կողմից որոշումը Դատարան ներկայացնելու նաև բողոքի ընթացքը պարզ լինելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել 16.10.2019 թվականին:

54. 16.10.2019 թվականի դատական նիստին Հայցվորի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը Դատարանին է ներկայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը և խնդրել է դատական նիստը հետաձգել՝ վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 03.12.2019 թվականին:

55. 03.12.2019 թվականի դատական նիստին Ա.Հակոբյանը հայտնել է, որ բողոքը մերժվել է, դեռ ժամկետի մեջ է և այն պետք է բողոքարկի վճռաբեկության կարգով: Դատարանը հայտնել է, որ Դատարան է ստացվել Գրետա Սահակյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ խնդրել են այդ միջնորդությանն անդրադարձ կատարվի տվյալ պահին, և դատական ակտ կայացվի: Դատարանը որոշել է տվյալ պահին հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանն անդրադառնալու և այդ միջնորդության քննարկման արդյունքում դատական ակտ կայացնելու մասով դիմումը մերժել: Դատարանը որոշել է Հայցվորի կողմից դատական ակտը՝ Ահարոն Կիրակոսյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ բողոքարկելու, վաղեմության միջնորդության վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու համար դատական նիստը հետաձգել և նշանակվել է 27.01.2020 թվականին:

56. 27.01.2020 թվականի դատական նիստը չի կայացել, քանի որ դատավոր Գ.Խաչատրյանը 20.01.2020 թվականից մինչև 01.02.2020 թվականը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:

57. 26.03.2020 թվականի դատական նիստը հետաձգելու վերաբերյալ Դատարան են ներկայացվել դիմումներ՝ Ա.Հակոբյանի և Ա.Կիրակոսյանի ներկայացուցչի կողմից կորոնավիրուսով պայմանավորված: Դատարանի կողմից դատական նիստում քննության են առնվել ներկայացված դիմումները, և դրանց բավարարման արդյունքում դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 29.04.2020 թվականին:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի1 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում: Նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է, որ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում առաջադրել և քննարկել հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք 7 տարի Դատավորի կողմից գործի քննությունը հանդիսանում է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում,

2. արդյո՞ք թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու օրենսդրական պահանջը,

3. արդյո՞ք թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս, և եթե Դատավորի կողմից թույլ է տրվել նման խախտում, արդյո՞ք դա կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Առաջին հարցի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ իր մի շարք որոշումներում (տե՛ս 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4) Բարձրագույն դատական խորհուրդը կարևորել է ողջամիտ ժամկետում գործի քննության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ այդպիսի խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այլ իրավունքների խախտման:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մինչ հարցին ամբողջական պատասխան տալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում քննարկել ողջամիտ ժամկետում գործի քննության առանձնահատկությունները։

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն դատավարության ընթացքի և դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության միջև։

Գործի քննությունը ողջամիտ ժամկետում՝ նպաստում է խախտված իրավունքների արագ վերականգնմանը, ապահովում է նվազ ծախսեր, ձևավորում է կանխատեսելիության մթնոլորտ: Սակայն, միևնույն ժամանակ, խախտված իրավունքների վերականգնումը պետք է հիմնված լինի գործի հանգամանքների լրիվ և բազմակողմանի ուսումնասիրության վրա, ինչն իր հերթին ենթադրում է բավարար տևողությամբ այնքան ժամանակի ծախսում, որքան կպահանջի գործի արդյունավետ լուծումը:

Իրավունքները խախտված անձի արդարադատական կենտրոնական ակնկալիքը ոչ այնքան գործի արագ և նվազ ծախսերի գնով լուծումն է, որքան գործի արդար լուծումն է՝ հիմնված հանգամանքների լրիվ և բազմակողմանի ուսումնասիրման վրա:

Ողջամիտ ժամկետներում գործի քննության կոնկրետ չափանիշներ լինել չեն կարող, կարող են լինել միայն ողջամիտ ժամկետներում գործի քննության ուղենիշեր, որոնց հաշվառմամբ՝ կապահովվի գործի քննության ժամկետների ողջամիտ տևողություն և հաշվի կառնվեն յուրաքանչյուր կոնկրետ գործով առկա հանգամանքները և առանձնահատկությունները:

Ողջամիտ ժամկետներում գործի քննության կոնկրետ չափանիշներ սահմանելու պարագայում կարող են վտանգվել դատավորի անկախությունը և գործի բազմակողմանի ու լրիվ քննություն իրականացնելու հնարավորությունը:

Ողջամիտ ժամկետներում գործի քննության ուղենիշերը կնպաստեն գործի քննության ընթացքում ժամանակի արդյունավետ կառավարմանը, մասնագիտական և կազմակերպական արդյունավետ կենտրոնացմանը գործի լրիվ և բազմակողմանի ուսումնասիրմանը, ինչի արդյունքում հնարավորինս կապահովվի օպտիմալ հավասարակշռություն դատավարության ընթացքի և դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության միջև:

Դատարանների կողմից ժամանակի արդյունավետ կառավարման և ողջամիտ ժամկետների պահպանման խնդրի առնչությամբ՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը 2004 թվականի Թիվ 6 Կարծիքի (այսուհետ՝ ԵԴԽԽ Կարծիք) 19-րդ կետում առաջարկում է, որ «դատավարության կողմերը՝ փաստաբանների և դատարանների կամ տրիբունալների միջոցով նույնիսկ նախքան հայցադիմում ներկայացնելը լիովին տեղեկացված լինեն հնարավոր ծախսերի բնույթի և չափի մասին: Նրանց պետք է նաև տեղեկացնել, թե որքան կտևի վարույթը՝ մինչև վերջնական դատական ակտ կայացնելը»: Ակնհայտ է, որ մինչև վարույթը սկսելը՝ դատարանը կարող է տեղեկացնել միայն ուղենիշային ժամկետի մասին, որը դեռևս ողջամիտ ժամկետը չէ, այլ ողջամիտ ժամկետը որոշելու ուղենիշերից մեկը կարող է հանդիսանալ, իսկ ողջամիտ ժամկետը կարող է որոշակիանալ միայն վարույթի ընթացքում՝ մասնավորապես, հաշվի առնելով նաև գործի կոնկրետ հանգամանքները:

Ողջամիտ ժամկետը դիտարկվում է արդար դատաքննության համատեքստում, որի առնչությամբ ԵԴԽԽ Կարծիքի 4-րդ կետում սահմանվում է, որ «Արդար դատաքննության իրավունքը Եվրոպայի քաղաքացիների համար դառնում է իրապես նյութական իրավունք, որի իրականացումն ապահովվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) և, համապատասխանաբար, ներպետական դատարանների կողմից, օրինակ՝ փոխհատուցելով դատավարության այն կողմերին, որոնց գործը չի քննվել ողջամիտ ժամկետում»:

ԵԴԽԽ-ն ողջամիտ ժամկետների ապահովման համատեքստում՝ ԵԴԽԽ Կարծիքի 5-րդ կետում նաև նշել է, որ «Մի քանի տարի շարունակ Եվրոպայի խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել հասարակության համար արդարադատության մատչելիությունը բարելավելու հարցի առնչությամբ, ինչն արտացոլվել է իրավական օժանդակություն տրամադրելու, ընթացակարգերը պարզեցնելու, վարույթի ծախսերը կրճատելու, նոր տեխնոլոգիաներ օգտագործելու, դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և վեճերի այլընտրանքային լուծման միջոցների մասին իր մի շարք որոշումներում և հանձնարարականներում»«

ԵԴԽԽ-ն Կարծիքում առանձնացնում է թվով 9 սկզբունքներ և նշում, որ ընդհանուր առմամբ կիրառելու դեպքում սա իրական երաշխիք կարող է հանդիսանալ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի ներքո քաղաքացիական գործերով «ողջամիտ ժամկետում արդար և հրապարակային դատաքննություն իրականացնելու» պետությունների պարտավորությունների կատարման համար:

Մինչ այդ սկզբունքներին անդրադառնալը, նախ արձանագրենք, որ ԵԴԽԽ-ն գտնում է, որ «ընդհանուր առմամբ կիրառելու դեպքում սա իրական երաշխիք կարող է հանդիսանալ», այսինքն՝ այս սկզբունքները պետք է հանդիսանան ոչ թե որպես չափանիշ, այլ պետք է հանդիսանան որպես ուղենիշ՝ համադրվելով գործի կոնկրետ հանգամանքների և առանձնահատկությունների հետ:

Այս բոլոր սկզբունքների ընդհանուր տրամաբանությունն այն է, որ վտանգ կա, որ քաղաքացիական գործերով դատավարությունը կարող է դառնալ այնքան խրթին և ժամանակատար, որ հնարավոր չի լինի պահպանել ընդհանրապես բոլոր գործերով, որոնց արագ և արդյունավետ քննությունն անուղղակիորեն կապված է նախորդ գործ(եր)ի վրա ծախսված ժամանակի և ռեսուրսների հետ (ԵԴԽԽ Կարծիքի 102-րդ կետ):

Կողմերն իրավունք ունեն ստանալու դատարանի ժամանակի և ուշադրության համարժեք բաժին, բայց որոշելու համար, թե ինչն է համարժեք, դատավորը պարտավոր է հաշվի առնել այլ գործերով ծանրաբեռնվածությունը և կարիքները, այդ թվում՝ դատական համակարգը ֆինանսավորող պետության և արդարադատությունից օգտվել ցանկացող այլ կողմերի կարիքները (ԵԴԽԽ Կարծիքի 105-րդ կետ):

Տարբեր երկրներում հիշյալ սկզբունքները տարբեր չափով են իրականացվում: Վերջին տարիներին իրականացվող քաղաքացիական դատավարության իրավական բարեփոխումները, ընդհանուր առմամբ, այս ուղղվածությունն ունեն: Դատավորներին ավելի շատ իրավասություն են տվել քաղաքացիական վարույթների «ֆորմալ իրականացման» համար, չնայած նման իրավասություններ բացակայում են դրանց էական առաջընթացի առումով. օրինակ՝ նրանք չեն կարող քայլեր ձեռնարկել՝ ներմուծելու գործում փաստական հանգամանքներ, որոնք կողմերը չեն վկայակոչել: ԵԴԽԽ-ն գտնում է, որ դատավորի վերահսկողական իրավասությունների և նախաձեռնությունների սահմանափակումները դատավարության ընթացքում չեն համապատասխանում արդարադատության արդյունավետության հրամայականին (ԵԴԽԽ Կարծիքի 106-րդ կետ):

Այսպիսով՝ ԵԴԽԽ թվով 9 սկզբունքները հետևյալն են.

- 1-ին սկզբունքով առաջարկվում է վարույթը սահմանափակել «երկուսից ոչ ավելի դատական նիստերով», որից մեկը՝ նախնական, մյուսը՝ ապացույցներ, փաստեր, և եթե հնարավոր է՝ դատական ակտը լսելու համար, որի պարագայում հետաձգումներ չեն թույլատրվում, «բացառությամբ, եթե ի հայտ են եկել նոր փաստեր և այլ բացառիկ և կարևոր հանգամանքներ»: Կիրառելի են սանկցիաներ կողմերի, վկաների և փորձագետների նկատմամբ, եթե նրանք չեն պահպանում դատարանի կողմից սահմանված ժամկետները կամ չեն ներկայանում:

ԵԴԽԽ-ն գտնում է, որ այս սկզբունքն ընդհանուր ձևաչափ է: Որոշ համակարգերում ապացույցներ ապահովվում են մի քանի դատական նիստերի ընթացքում: Այլ համակարգեր վարում են դատական մեծածավալ գործեր, որոնք հնարավոր չէ իրականացնել մեկ նախնական և մեկ եզրափակիչ դատական նիստի շրջանակում: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ դատավորները պետք է հենց սկզբից վերահսկեն ժամանակացույցը և վարույթի տևողությունը՝ սահմանելով խիստ ժամկետներ և իրավասություն ունենալով (կամ եթե ցանկանում են) արգելելու հետաձգումները, նույնիսկ եթե դա դեմ է կողմերի ցանկություններին:

- 2-րդ սկզբունքի համաձայն՝ դատավորները պետք է իրավասություն ունենան վերահսկելու ընթացակարգի չարաշահումը՝ կողմի կամ փաստաբանների նկատմամբ սահմանելով սանկցիաներ:

- 3-րդ սկզբունքն արտացոլում է գործերի ժամանակակից կառավարման էությունը: «Դատարանը պետք է (...) ակտիվ դեր խաղա՝ ապահովելու վարույթի զարգացումը կարճ ժամկետներում, պահպանելով կողմերի իրավունքները, այդ թվում՝ հավասար վերաբերմունքի արժանանալու իրավունքը: Մասնավորապես, դատարանը պետք է ունենա proprio motu իրավասություններ՝ կարգադրելու կողմերին՝ տրամադրել անհրաժեշտ բացատրություններ, անձամբ ներկայանալ դատարան, բարձրացնելու օրենքին վերաբերող հարցեր, պահանջելու ապացույցներ առնվազն այն դեպքերում, երբ հարցականի տակ են դրված կողմերից բացի այլոց շահերը, վերահսկելու ապացույցների հավաքումը, թույլ չտալու վկայություն տալ այն անձանց, որոնց վկայությունը գործին չի առնչվում, սահմանափակելու կոնկրետ փաստի առիթով վկաների թիվը, եթե նման թիվը կարող է չափազանց մեծ լինել (…)»:

- 4-րդ սկզբունքը լրացնում է վերոնշյալը՝ սահմանելով, որ դատարանը, բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի, պետք է կարողանա որոշել՝ գործը քննի գրավոր, թե բանավոր ընթացակարգով:

- 5-րդ սկզբունքով, ԵԴԽԽ-ի կարծիքով, բարձրացվում է գործերի արդյունավետ կառավարման առանցքային հարց. հստակեցնել կողմերի պահանջները և ապացույցների բնույթը հնարավորինս շուտ, բացառել նոր փաստերի ընդունումը բողոքարկման ժամանակ, բացառությամբ, եթե դրանք հայտնի չէին (կամ ԵԴԽԽ-ն առաջարկում է՝ չէին կարող հայտնի լինել) առաջին ատյանի դատարանում, կամ եթե առկա են հատուկ այլ պատճառներ:

Որոշ երկրներում դատավարությունը կարգավորող կանոնները կամ մշակույթը թույլ են տալիս կողմերին՝ գրեթե առանց սահմանափակման ուղղումներ անել իրենց գործերում և լրացնել իրենց գործերը և ապացույցները նույնիսկ բողոքարկման փուլում: ԵԴԽԽ-ն գտնում է, որ սա այլևս ընդունելի չէ, և որ եկել է ժամանակը՝ վերանայելու նման կանոնները և փոխելու նման մշակույթը: Կողմերն ունեն իրենց հայցի կամ պաշտպանության «արդար... դատաքննության իրավունք ողջամիտ ժամկետում», այլ ոչ թե՝ անսահմանափակ հնարավորություններ, որոնց ուժով նրանք կարող են լրացուցիչ և տարբեր գործեր ներկայացնել: Սա հատկապես վերաբերում է բողոքարկման դեպքում երկրորդ ատյանում դատական քննությանը:

- 6-րդ սկզբունքով սահմանվում է կարևոր դատական արգելք, որ «դատական ակտը պետք է տրամադրվի վարույթի ավարտին կամ հնարավորության դեպքում՝ դրանից հետո: Դատական ակտը պետք է լինի հնարավորինս հստակ: Դատական ակտը կարող է վկայակոչել ցանկացած օրենք, բայց հստակ պետք է լուծի, պարզ և անառարկելիորեն, բոլոր պահանջները, որոնք բարձրացրել են կողմերը»:

- 7-րդ սկզբունքը «քայլեր պետք է ձեռնարկվեն՝ կանխելու դատական ակտը հրապարակելուց հետո իրավական պաշտպանության միջոցների չարաշահումը»:

- 8-րդ սկզբունքով սահմանվում են գործերի կառավարման որոշ հայեցակետեր, ներառյալ՝ ա) հրատապ գործերի, բ) չվիճարկվող գործերի, համաձայնեցված պահանջով հայցերի և փոքր հայցագնով հայցերի, գ) գործերի հատուկ տեսակների հատուկ ընթացակարգերը: Դրանց թվում նշվում են հետևյալները:

Դատավարությունը սկսելու պարզեցված մեթոդներ, դատական նիստ չհրավիրելը կամ միայն մեկ դատական նիստ հրավիրելը կամ (...) նախապատրաստական բնույթի նախնական դատական նիստ հրավիրելը, բացառապես գրավոր կամ բանավոր վարույթի իրականացում (...), որոշակի բացառությունների և պաշտպանության միջոցների արգելում կամ սահմանափակում, ապացույցների ներկայացման ավելի ճկուն կանոններ, դատական նիստը հետաձգելու արգելք կամ միայն կարճատև հետաձգումներ, դատական փորձագետի նշանակում (...), դատարանի ակտիվ դերը գործը վարելու և ապացույցներ պահանջելու ու հավաքելու հարցում:

- 9-րդ սկզբունքը շեշտադրում է «ամենաարդիական տեխնիկական միջոցների առկայության անհրաժեշտությունը, որոնք պետք է հասանելի լինեն դատական մարմիններին»: ԵԴԽԽ-ն պաշտպանում և շեշտում է, որ գոյություն ունի փոխհարաբերություն արդյունավետ տեխնոլոգիայի և իրենց ու իրենց դատարանների ռեեստրներում դատական գործերի ընթացքին հետևելու և վերահսկելու՝ դատավորների կարողության միջև:

Սահմանադրությամբ երաշխավորված ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կարևորությունը բազմիցս նշվել է Եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում:

Այսպես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում վարույթի տևողության ողջամտությունը յուրաքանչյուր դեպքի համար պետք է գնահատվի ըստ հատուկ հանգամանքների (Frydlender-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], § 43): Յուրաքանչյուր ոք ունի իր քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետում վերջնական որոշում ստանալու իրավունք: Պայմանավորվող պետությունները պարտավոր են իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ դատարանները կարողանան բավարարել այդ պահանջը (Vocaturo-ն ընդդեմ Իտալիայի, § 17):

Անդրադառնալով գործի քննության ժամկետի ողջամտության գնահատման միջազգային փորձին ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ դատարանի մատչելիությունը կարող է ունենալ որոշակի ընթացակարգային և ժամանակային սահմանափակումներ, որոնք, սակայն, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, և որ դատավարական ժամկետների սահմանումը գործով վարույթի կանոնակարգման և հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացման նպատակ է հետապնդում (տե՛ս ՍԴ 18 հունիսի 2019թ. թիվ ՍԴՎ-1464 որոշումը):

Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ գործի քննության 7 տարվա ժամկետն ինչպես անկանխակալ դիտորդի դիտանկյունից, այնպես էլ դատավարության կողմերի օրինական իրավունքների իրացման տեսանկյունից չի կարող առերևույթ դիտվել որպես ողջամիտ ժամկետ։

Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ գործի քննության ժամկետի ողջամտությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր գործի համար առանձին՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով նախանշված ուղենիշերը, մասնավորապես՝ գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը և գործի քննության ընդհանուր տևողությունը։

Ընդունելով հանդերձ, որ Դատավորի վարույթում թիվ ԵԷԴ/1009/02/12 գործը, քննվելով 7-ից ավել տարի, անկողմնակալ դիտորդի մոտ կարող է օբյեկտիվորեն առաջացնել տպավորություն, որ Դատարանը խախտել է գործի քննության ողջամտության ժամկետները, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի պահանջները, ուստի անհրաժեշտ է համարում Դատավորի պատասխանատվության հարցը քննարկել սույն որոշմամբ առաջադրված 2-րդ և 3-րդ հարցերի համատեքստում։

Այսպիսով՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում քննարկել գործի իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով Դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը։

Ինչպես ակնհայտ է գործի նյութերից, առկա է կողմերի բազմաթիվություն, կա երկու հայցադիմում։ Պահանջները ներառում են գրավի և փոխառության պայմանագրերի անվավերություն, գրավի իրավունքի պետական գրանցման անվավերություն՝ մի հայցով, փոխառության գումարի բռնագանձում և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածում՝ մյուս հայցով։

7 տարիների ընթացքում անցկացվել է 66 նիստ, որից 15-ը հետաձգվել է կողմերի միջնորդությամբ՝ հաշտության համաձայնություն կնքելու նպատակով։ Չնայած նիստերի բազմաթիվությանը, Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ նիստերը մեծամասամբ հետաձգվել են կողմերի միջնորդություններով՝ ներկայացուցիչներ փոխելու, ապացույց պահանջելու, միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու, հաշտության համաձայնություն կնքելու համար։ Ճիշտ է, 15 անգամ դատական նիստերը հետաձգելը կողմերին հաշտության համաձայնության գալու հնարավորություն տալու համար առերևույթ կարող է թվալ ոչ ողջամիտ, սակայն պետք է արձանագրել, որ բոլոր դեպքերում հաշտության նպատակով նիստերի հետաձգումը եղել է կողմերի նախաձեռնությամբ և, հաշվի առնելով գործի բարդությունը, ողջամտորեն կարելի է ընդունել, որ Դատարանն ընդառաջ է գնացել վեճը հաշտությամբ լուծելու կողմերի ցանկությանը։

Կարևոր ենք համարում արձանագրել նաև, որ հաջորդող դատական նիստերը նշանակվել են կարճ ժամկետներում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Դատարանը չի հետապնդել գործն արհեստականորեն ձգձգելու նպատակ։

Սույն գործով օբյեկտիվ եզրահանգման գալու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ գործի քննության ընթացքում գործի վարույթը մեկ անգամ կասեցվել է հայցվորի միջնորդությամբ՝ փորձաքննություն նշանակելու պատճառով։ Այնուհետև՝ կրկին հայցվորի միջնորդությամբ գործի վարույթը կասեցվել է մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որտեղ այն վերացվել է, այնուհետև Վճռաբեկ դատարան, որն առանց քննության է թողել վճռաբեկ բողոքը։

Այնուհետև, գործի փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դատական նիստերը հետաձգվել են և՛ Հայցվորի, և Պատասխանողների կողմից, տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ պարբերաբար նոր ներկայացուցիչներ ներգրավելու համար։ Գնահատելով ներկայացուցիչ ներգրավելու համար դատական նիստերը հետաձգելուն ուղղված Դատարանի գործողությունները, ինչպես նաև ներկայացուցիչների կողմից այլ դատարաններում դատական նիստեր ունենալու պատճառով նիստերի հետաձգման միջնորդություններ ներկայացնելու և դրանք բավարարելու հետ կապված, Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Անձի համար դատարանում իր իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքը կարող է իրացվել նաև փաստաբանի միջոցով, որը ավելի արդյունավետ է դարձնում անձի դատական պաշտպանությունը։ Այս տեսանկյունից՝ ներկայացուցիչ ներգրավելու և ներկայացուցչին գործի նյութերին ծանոթանալու համար դատարանի կողմից՝ կողմին ողջամիտ ժամանակ տալը չի կարող դիտվել որպես խախտում։ Սակայն սա չի նշանակում, որ կողմն իրավունք պետք է ունենա, չարաշահելով նման հնարավորությունը, անընդհատ փոխելով ներկայացուցիչների, ձգձգել գործի քննությունը։ Նման գործընթացի հսկողությունը պետք է իրականացվի Դատարանի կողմից՝ հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, կողմի բարեխղճությունը և այլ անհրաժեշտ հանգամանքներ։ Վերոգրյալի համատեքստում կարևոր է արձանագրել, որ Դատարանը չի բավարարվել միայն կողմերի միջնորդությունները բավարարելով, այլև 09.11.2018 թվականի դատական նիստի ժամանակ մերժել է բացակայության պատճառով դատական նիստը հետաձգելու՝ ներկայացուցչի միջնորդությունը, կիրառվել է դատական սանկցիա կողմի նկատմամբ։ Հաջորդ նիստին կրկին Դատարանի գործողությունների արդյունքում կողմը ստիպված է եղել, թեկուզև ուշացումով, սակայն ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը նիստին։

Այսպիսով, վերոգրյալի համատեքստում, քննարկելով գործի իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, մտահոգություն հայտնելով գործի քննության տևական ժամկետի կապակցությամբ, միաժամանակ գնահատելով Դատավորի գործողությունները, գտնում է, որ թիվ ԵԷԴ/1009/02/12 քաղաքացիական գործով Դատավորը չի կատարել այնպիսի գործողություններ կամ զերծ չի մնացել այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք կխախտեին Դատավորի կողմից ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու օրենսդրական պահանջը, ուստի արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ չի տրվել դատավորի վարքագծի կանոնի այնպիսի խախտում, որը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

_______________________

1 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին հղումները կկատարվեն մինչև ԱԺ կողմից ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքի 02.05.2020թ. ուժի մեջ մտնելու խմբագրությամբ։

 

Բարձրագույն դատական

խորհրդի անդամներ՝

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Ա. Հայկյանց

Լ. Մելիքջանյան

Ս. Չիչոյան

 

Հատուկ կարծիք

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

18 հունիսի 2020 թ.

ք. Երևան

 

Սույն թվականի հունիսի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) որոշում կայացրեց (այսուհետ՝ Որոշում) դատավոր Գայանե Խաչատրյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության չենթարկելու մասին: Համաձայն չլինելով Խորհրդի որոշման հետ՝ սույն հատուկ կարծիքի շրջանակում ցանկանում ենք հիմնավորել մեր կարծիքը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության մասին:

 Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (…) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսում է, թե ինչպիսի հանգամանքներ պետք է հաշվի առնել դատական գործի լուծման ողջամիտ ժամկետի որոշման համար, մասնավորապես, Օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝

« (․․․) Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի քննության միջին ուղենիշային տևողությունը:

 (․․․) »:

Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին, որտեղ նույնպես համանման դիրքորոշում է արտահայտվել սույն հարցի վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը նշում է, որ գործի տևողության ողջամիտ լինելը պետք է որոշվի՝ հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները և ՄԻԵԴ-ի կողմից սահմանված չափանիշները, մասնավորապես՝ գործի բարդությունը, դիմումատուի և համապատասխան մարմինների դրսևորած վարքագիծն ու այն, թե ինչպիսի նշանակություն կունենա գործի ելքը կողմի համար։

Գործի բարդությունը, այն է՝ գործի փաստական և իրավական առանձնահատկությունները1, այդ թվում՝ գործում մի քանի կողմ ներգրավելու2, տարբեր ապացույցներ ձեռք բերելու3, փորձագիտական եզրակացություն ստանալու4, մեծ թվով վկաների հարցաքննելու անհրաժեշտությունը, վկաների գտնվելու վայրը պարզելու հետ կապված դժվարությունները և այլն5։

Այսպիսով, գործի բարդությունը որոշ դեպքերում կարող է արդարացնել դատական գործընթացի ձգձգումները և, ինչպես արդեն նշեցինք, այն կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքներով՝ փաստական և իրավական:

Հետևաբար, հաշվի առնելով առաջին ատյանում գործի քննության ինքնին երկար ժամկետը՝ գրեթե 8 տարի, ողջամիտ ժամկետի պահպանման կամ խախտման և, համապատասխանաբար, դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ հարցը լուծելու համար անհրաժեշտ է դիտարկել կոնկրետ դատական գործի իրավական և փաստական հանգամանքները։

Իրավական առումով գործի բարդությունը սովորաբար որոշվում է՝ գործի իրավական բնույթից, կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի առանձնահատկություններից ելնելով։ Այն կարող է պայմանավորված լինել օրենսդրական փոփոխություններով, վարչական և դատական վարույթների միջև փոխգործակցությամբ կամ սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությամբ և այլ պատճառներով:

Տվյալ դեպքում դատական վեճը, հաշվի առնելով համապատասխան օրենսդրական կարգավորումները, ինքնին աչքի չի ընկնում առանձնակի բարդությամբ:

Անհրաժեշտ ենք համարում նաև անդրադարձ կատարել գործում առկա փաստական հանգամանքների բարդությանը և տվյալ համատեքստում դիտարկել դատական նիստերի հետաձգումները և դրանց հիմնավորվածությունը:

Կարգապահական վարույթի հիմք հանդիսացած քաղաքացիական գործը դատավորի կողմից վարույթ է ընդունվել 02.04.2013թ., և մինչ կարգապահական վարույթը հարուցելը չի կայացվել գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ:

Առաջին հերթին քննարկենք հաշտություն կնքելու նպատակով բանակցություններ վարելու համար կողմերի խնդրանքով դատական նիստերի հետաձգման հարցը: Այսպես, 10.04.2015թ. մինչև 16.03.2016թ., ինչպես նաև 26.07.2017թ., 26.09.2017թ., և 31.01.2018թ. դատական նիստերը հետաձգվել են հաշտության բանակցություններ վարելու նպատակով: Թեև քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս կողմերին դատավարության ցանկացած փուլում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, ինչը հանդիսանում է տնօրինչականության սկզբունքի դրսևորում, այնուամենայնիվ միայն հաշտության բանակցություններ վարելու նպատակով հետաձգել ավելի քան 14 նիստ, որի տևողությունը ընդհանուր առմամբ կազմում է մոտավորապես մեկուկես տարի, ակնհայտորեն և այդպիսով` ողջամտորեն արդարացված չէ:

Դատավորը, հետաձգելով մի քանի նիստեր հաշտության բանակցությունների համար, առնվազն պետք է գիտակցեր բանակցությունների ապարդյուն լինելը և չհետաձգեր այդքան մեծ թվով դատական նիստեր:

Դատական նիստերի մի ստվար հատված հետաձգվել է կողմերի միջնորդությամբ կողմի կամ ներկայացուցչի դատական նիստին ներկա գտնվել չկարողանալու պատճառաբանությամբ, ինչը պայմանավորված է եղել նույն ժամին նշանակված այլ նիստեր ունենալով, հիվանդությամբ և այլ պատճառներով: Բնականաբար դատարանը պետք է ձգտի ապահովել կողմերի ներկայությունը դատական նիստին, սակայն, այս պարագայում, հաշվի առնելով նման հանգամանքներով պայմանավորված հետաձգումների պարբերական բնույթը, Դատավորը պետք է առնվազն ձեռնարկեր գործողություններ՝ խուսափելու նման իրավիճակի առաջացումից, ինչը տեղի չի ունեցել:

Դատական նիստերի հետաձգումների պատճառներից մեկն է նաև այն, որ կողմերի ներկայացուցիչների փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հետաձգել դատական նիստերը ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից անհրաժեշտ է ներկայացուցչին տալ հնարավորություն՝ պատշաճ կերպով ծանոթանալու գործի նյութերին: Այնուամենայնիվ, նման պարագայում կարող է օբյեկտիվորեն հարց առաջանալ, թե արդյոք կողմերը չեն օգտագործի այս հնարավորությունը դատավարությունը անհարկի ձգձգելու նպատակով՝ միևնույն ժամանակ թույլ տալով իրավունքի չարաշահում: Այս գործով կողմերից մեկը առնվազն չորս անգամ փոխել է իր ներկայացուցչին և համապատասխանաբար միջնորդել է հետաձգել դատական նիստը գործի նյութերին ծանոթանալու համար: Կարծում ենք՝ նման պարագայում դատավորը կրում է պոզիտիվ պարտականություն՝ թույլ չտալու կողմին անտեղի ձգձգել գործի վարույթը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Դատավորը ոչ միայն չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ կանխելու դատական նիստերի անհարկի հետաձգումները, այլև որոշ դեպքերում հենց ինքն է նպաստել նիստերի հետաձգումներին։

ՄԻԵԴ-ը իր նախադեպային որոշումներում անդրադարձել է դատական նիստերը վարույթի մասնակիցների կողմից հետաձգելու խնդրին՝ նշելով, որ կողմի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց՝ անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար։ Չնայած նրան, որ ներպետական մարմինները չեն կարող պատասխանատվություն կրել կողմի վարքագծի համար, այնուամենայնիվ կողմերից որևէ մեկի կողմից գործի վարույթը ձգձգելու հնարքների գործադրումը համապատասխան մարմիններին չի ազատում վարույթի՝ ողջամիտ ժամկետում իրականացումն ապահովելու պարտականությունից6։

Սահմանադրական դատարանը իր որոշումներում նույնպես կարևորել է ՄԻԵԴ-ի կողմից հաստատագրած չափանիշները գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման վերաբերյալ՝ նշելով, որ կողմի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար7։

ՄԻԵԴ-ը, անդրադառնալով դատավարության անհարկի ձգձգումների կանխման անհրաժեշտությանը, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը․ քաղաքացիաիրավական հարցերում, Քյոնիգն ընդդեմ ԳԴՀ-ի որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ որոշ դեպքերում դատարանը նույնպես կարող է դատական նիստերի ձգձգումներ առաջացնել, ուստի պոզիտիվ պարտականություն է սահմանել դատավորների համար՝ գործերը վարել այնպես, որ ապահովվի դատավարության ողջամիտ տևողությունը8: ՄԻԵԴ-ը վճռականորեն հաստատել է այս դիրքորոշումը հետագա երկու որոշումներում, մասնավորապես՝ Փոլմանսն ընդդեմ Բելգիայի և Լեոնարդին ընդդեմ Բելգիայի գործերով ևս մեկ անգամ նշել է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիական դատավարությունը կարգավորվում է՝ կողմերի տնօրինչականության սկզբունքից ելնելով, որով նախաձեռնության հնարավորությունը տրվում է կողմերին, պետությունը պարտավոր է կազմակերպել դատական համակարգի գործունեությունը այնպես, որ ապահովվի գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի պահպանումը9: ՄԻԵԴ-ը համանման դիրքորոշում է արտահայտել նաև Էրֆար-Ավեֆն ընդդեմ Հունաստանի գործով կայացրած որոշման մեջ10։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ Խորհրդի Որոշման մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպմանը՝

« (...) Կարևոր ենք համարում արձանագրել նաև, որ հաջորդող դատական նիստերը նշանակվել են կարճ ժամկետներում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Դատարանը չի հետապնդել գործն արհեստականորեն ձգձգելու նպատակ (...)»։

Մեջբերված հատվածում Խորհրդի դիրքորոշումն այն է, որ քանի որ Դատավորի վարքագծից ինքնին չի հետևում, որ նա նպատակ է ունեցել արհեստականորեն ձգձգելու գործի վարույթը, հետևաբար առկա չեն նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Խորհրդի այս դիրքորոշումից ենթադրվում է, որ դատավորը ուղղակի դիտավորությամբ չի խախտել գործի ողջամիտ ժամկետում քննելու իր պարտականությունը, այնուամենայնիվ ակնհայտ է նաև այն փաստը, որ գործի քննությունը ողջամիտ ժամկետում չի իրականացվել, հետևաբար Դատավորը, եթե ոչ ուղղակի դիտավորությամբ, ապա կոպիտ անփութությամբ թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն կարգապահական վարույթի նյութերի հետ՝ կարծում ենք, որ տվյալ պարագայում գործի հանգամանքները փաստական առումով բարդ չեն, ուստի դատական գործի քննությունը չպետք է տևեր գրեթե 8 տարի: Դատական նիստերի հետաձգումները մեծամասամբ ոչ մի առնչություն չեն ունեցել գործի փաստական հանգամանքներով պայմանավորված դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Ողջամիտ ժամկետում գործի քննությունը արդար դատաքննության կարևորագույն տարրն է։ Տվյալ դեպքում Դատավորը չի կատարել գործը ողջամիտ ժամկետում քննելու իր պարտականությունը, հետևաբար թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որը կատարվել է կոպիտ անփութությամբ:

 

________________

1 Տե՛ս Katte Klitshe de la Grande v. Italy գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

2 Տե՛ս H. v United Kingdom գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

3 Տե՛ս Humen v. Poland գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

4 Տե՛ս Pandolfelli and Palumbo v. Italy գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

5 Տե՛ս Mitev v. Bulgaria գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

6 Տե՛ս Mincheva v. Bulgaria գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

7 Տե՛ս ՍԴՈ-1464 18․06․2019թ․ Սահմանադրական դատարանի որոշումը։

8 Տե՛ս KՓnig v. FRG գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

9 Տե՛ս Poelmans v. Belgium և Leonardi v. Belgium գործերով կայացրած ՄԻԵԴ որոշումները ։

10 Տե՛ս Erfar-Avef v. Greece գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան