«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 սեպտեմբերի 2008 թ. |
N 486-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 10-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնները (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` ՀԾԿՀ) կողմից ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման ընթացակարգը:
1. Յուրաքանչյուր մրցույթի կազմակերպման վերաբերյալ ՀԾԿՀ-ն համապատասխան որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանում է ոչ խտրական, ողջամիտ կանոններ՝ ամրագրելով դիմումատուին ներկայացվող (ներառյալ նախաորակավորման) պահանջները, այդ թվում՝ կատարման ենթակա վճարները, որոնց ապահովման դեպքում միայն անձը կարող է մասնակցել մրցույթին, ինչպես նաև հաստատում է մրցութային փաթեթը։
(1-ին կետը խմբ. 17.06.20 N 216-Ն)
2. Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից, որի կազմը և աշխատակարգը հաստատում է ՀԾԿՀ-ն:
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀԾԿՀ-ի և իրավասու մարմնի ներկայացուցիչները (համաձայնությամբ): Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև շահագրգիռ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), ինչպես նաև անկախ փորձագետներ:
(3-րդ կետը խմբ. 17.06.20 N 216-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 17.06.20 N 216-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձը Որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում հետաքրքրության վերաբերյալ հայտ, որը պետք է ներառի ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նախաորակավորման չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավորումներ։
(5-րդ կետը խմբ. 17.06.20 N 216-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 17.06.20 N 216-Ն)
7. Սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 20 օրվա ընթացքում հանձնաժողովն իրականացնում է նախաորակավորում և առաջարկում է ՀԾԿՀ-ին հրապարակել սույն կանոնների 1-ին կետով սահմանված պահանջներին և փաստաթղթերին համապատասխանող նախաորակավորված անձանց ցանկը: ՀԾԿՀ-ն հրապարակում է նախաորակավորված անձանց ցանկը՝ նախաորակավորման իրականացման համար սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում:
(7-րդ կետը խմբ. 17.06.20 N 216-Ն)
8. ՀԾԿՀ-ն՝ նախաորակավորված անձանց ցանկի հրապարակումից հետո, վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրում է մրցութային փաթեթը՝ Որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով։
(8-րդ կետը խմբ. 17.06.20 N 216-Ն)
9. Նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար սույն կանոնների 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում հետաքրքրված կողմերը կարող են իրականացնել իրավիճակի գնահատում (due diligence): ՀԾԿՀ-ի աշխատակազմը մասնակիցներին ցուցաբերում է համապատասխան աջակցություն:
(9-րդ կետը փոփ. 17.06.20 N 216-Ն)
10. Նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար սույն կանոնների 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում վերջիններս ներկայացնում են 1 թերթից կազմված հայտ-առաջարկ, որում նշվում է միայն մասնակցի անուն-ազգանունը (անվանումը) և մրցույթում առաջարկվող գումարը: Այն հանձնաժողովին է հանձնվում մասնակցի անուն-ազգանունը (անվանումը) կրող ծրարով:
(10-րդ կետը փոփ. 17.06.20 N 216-Ն)
11. Սույն կանոնների 10-րդ կետում նշված գումարի նվազագույն չափը և արժույթը սահմանում է ՀԾԿՀ-ն:
12. Հանձնաժողովը ամփոփում է մրցույթի արդյունքները և ներկայացնում ՀԾԿՀ` սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու պահից 3 օրվա ընթացքում:
13. Սույն կանոնների 12-րդ կետում նշված արդյունքները ՀԾԿՀ ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն հրապարակում է նախնական տվյալներ ամենաբարձր հայտ-առաջարկ ներկայացրած որակավորված դիմողի մասին, որը նախնական տվյալների համաձայն շահել է թույլտվությունը, և ընդունում է հաղթողի ընտրության մասին նախնական որոշում:
14. Հայտատուներն իրավունք ունեն ներկա գտնվելու ՀԾԿՀ-ի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ նախնական որոշման հրապարակմանը: ՀԾԿՀ-ն, իր հայեցողությամբ, իրավասու է հրավիրել նաև այլ անձանց:
15. Այլ հայտատուներն իրավունք ունեն բողոքարկել մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը` այդ որոշումն ընդունելու պահից 4 շաբաթվա ընթացքում:
16. Բողոքարկման բացակայության կամ հաղթողի ընտրության վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը բողոքարկման արդյունքում չվերանայվելու դեպքում ՀԾԿՀ-ն սույն կանոնների 13-րդ կետում նշված որոշման հրապարակումից հետո վեց շաբաթվա ընթացքում տրամադրում է վերջնական թույլտվություն:
17. Վերջնական թույլտվությունը տրամադրելուց հետո մեկ բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված անձը հայտ-առաջարկով ներկայացրած գումարը փոխանցում է ՀԾԿՀ-ի կողմից նշված բանկային հաշվեհամարին:
18. Մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու դեպքում ՀԾԿՀ-ն հաղթող է ճանաչում հաջորդ ամենաբարձր հայտ-առաջարկը ներկայացրած նախաորակավորված անձին՝ համաձայն սույն կանոններով սահմանված պայմանների:
19. Մեկ հայտատուի դեպքում սույն կանոնների 15-րդ և 16-րդ կետերով սահմանված բողոքարկման ժամկետները չեն գործում, և ՀԾԿՀ-ն հաղթողին տրամադրում է վերջնական թույլտվություն սույն կանոնների 10-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 10 օրվա ընթացքում։
(19-րդ կետը լրաց. 17.06.20 N 216-Ն)
20. Մրցույթի շրջանակում հետաքրքրության որևէ հայտ չներկայացվելու, մասնակիցներից որևէ մեկի նախաորակավորման փուլը չանցնելու, սույն կանոնների 10-րդ կետով սահմանված հայտ-առաջարկ չներկայացվելու, մրցույթի արդյունքում որևէ հաղթող չճանաչվելու, մեկ նախաորակավորված մասնակցի դեպքում վերջինիս կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու, իսկ մեկից ավելի նախաորակավորված մասնակիցների պարագայում՝ սույն կանոնների 18-րդ կետի համաձայն հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու դեպքում՝ մրցույթը համարվում է չկայացած։
(20-րդ կետը լրաց. 17.06.20 N 216-Ն)
21. Մրցույթը համարվում է ավարտված ՀԾԿՀ-ի կողմից վերջնական թույլտվության տրամադրման արդյունքում մրցույթում առաջարկված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պահից։
(21-րդ կետը լրաց. 17.06.20 N 216-Ն)
(կանոնները խմբ., փոփ., լրաց. 17.06.20 N 216-Ն)