Գլխավոր տեղեկություն
Համար
N 878-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.08.17/62(1420) Հոդ.873.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 878-Ն

 

ԱՌԱՆՁԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՁԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետների ներգրավման հետ կապված հարաբերությունները:

2. Փորձագետները պետական մարմնի կողմից կարող են ներգրավվել տվյալ մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրերի կամ կոնկրետ հանձնարարականների իրականացման կամ պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքերում։

3. Պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքում փորձագետ ներգրավվում է մինչև մեկ տարի ժամանակահատվածով, ընդ որում, տվյալ դեպքում փորձագետի հիմնական աշխատավարձը սահմանվում է այդ գործառույթն իրականացնող քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի նվազագույն չափով (քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբին համապատասխանող սանդղակի նվազագույն գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալ)։

4. Փորձագետների առավելագույն թիվը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ տվյալ մարմնին հատկացված հաստիքների առավելագույն քանակի 5 տոկոսը։ Փորձագետների թիվը, Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, կարող է գերազանցել սույն կետում նշված հաստիքների  առավելագույն  թվի 5, բայց ոչ ավելի, քան 10 տոկոսը՝ հաշվի առնելով պետական մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրած առաջարկությունը։

(4-րդ կետը լրաց. 12.12.19 N 1771-Ն)

5. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվող առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետ կարող է ներգրավվել՝ հաշվի առնելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի պահանջները։

6. Փորձագետի համար աշխատանքային ստաժի և (կամ) փորձի, կրթության, որակավորման և այլն չափանիշները համապատասխանաբար նախատեսում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձինք, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

7. Փորձագետ ներգրավելու համար համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում փորձագետների կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի), որում ներառվում են փորձագետ ներգրավելու դեպքը և հիմնավորումները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքը, հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները, աշխատանքների գնահատման չափանիշները, աշխատանքների գնահատման արդյունքների ամփոփման ժամկետները և այդ աշխատանքները կատարելու համար փորձագետին ներկայացվող պահանջները։ Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերում փորձագետի կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը հաստատում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի ղեկավարները: Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի ղեկավարներն իրականացնում են նաև սույն կարգով սահմանված գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները: Գլխավոր քարտուղար չունեցող պետական մարմիններում այդ մարմնի ղեկավարն իրականացնում է սույն կարգով սահմանված գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:

(7-րդ կետը լրաց. 27.06.19 N 809-Ն)

8. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գրասենյակներում փորձագետ ներգրավելու համար գրասենյակի ղեկավարը փորձագետների կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը ներկայացնում է համապատասխան փոխվարչապետի հաստատմանը։

9. Փորձագետ ներգրավելու նպատակով գլխավոր քարտուղարը, իսկ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ գրասենյակի ղեկավարը համապատասխան պետական մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն, իսկ դրա անհնարինության դեպքում տվյալ մարմնի վերադաս մարմնի պաշտոնական կայքում։ Հայտարարությունը հրապարակվում է աշխատանքների ծրագիրը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) համապատասխան մարմնի անվանումը.

2) ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.

3) փորձագետ ներգրավելու ժամկետը.

4) փորձագետի պարտականությունները.

5) փորձագետին ներկայացվող պահանջները.

6) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը.

7) աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

8) հայտարարություն սույն կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.

8.1) սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը.

9) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

(9-րդ կետը լրաց., փոփ. 27.06.19 N 809-Ն)

9.1. Քաղաքացին դիմումը՝ համաձայն N 2 ձևի, և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ համապատասխան մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումն ստանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(9.1-ին կետը լրաց. 27.06.19 N 809-Ն)

10. Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը կատարում է ընտրություն և առաջարկում է կնքել պայմանագիր: Ընտրություն կատարելու եղանակը (դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց, խմբային քննարկում և այլն) որոշում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը: Եթե հավակնորդը պայմանագիր կնքելու առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա գլխավոր քարտուղարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է փորձագետ ներգրավելու համար դիմած այլ հավակնորդների:

(10-րդ կետը խմբ. 27.06.19 N 809-Ն)

10.1. Եթե փորձագետ ներգրավելու համար հրապարակված հայտարարության պահանջները բավարարող հավակնորդի կողմից դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած հավակնորդը չի բավարարում տվյալ հրապարակած հայտարարության պահանջները կամ փորձագետ չի ընտրվում, ապա համապատասխան մարմինը սույն կարգի 10-րդ կետով նախատեսված ժամկետի հաջորդ աշխատանքային օրը դրա մասին տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական կայքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր վերադաս մարմնի պաշտոնական կայքում և հրապարակում է նոր հայտարարություն: Եթե երեք անգամ անընդմեջ հրապարակված հայտարարության պահանջները բավարարող հավակնորդի կողմից դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած հավակնորդը չի բավարարում տվյալ հրապարակած հայտարարության պահանջները կամ երեք անգամ անընդմեջ փորձագետ չի ընտրվում, ապա համապատասխան մարմինն իր պաշտոնական կայքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր վերադաս մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է նոր հայտարարություն՝ վերջին հայտարարության հրապարակումից մեկ ամիս հետո:

(10.1-ին կետը լրաց. 27.06.19 N 809-Ն, փոփ. 25.06.20 N 1050-Ն)

11. Ներգրաված փորձագետի վերաբերյալ տեղեկությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական կայքում, իսկ դրա անհնարինության դեպքում տվյալ մարմնի վերադաս մարմնի պաշտոնական կայքում։ Այն հավակնորդը, որը չի ընտրվել փորձագետ, կարող է դիմել համապատասխան պետական մարմին՝ ստանալու գրավոր տեղեկատվություն իր չընտրվելու վերաբերյալ:

(11-րդ կետը լրաց. 27.06.19 N 809-Ն, փոփ. 25.06.20 N 1050-Ն)

12. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ընտրություն կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձագետ ներգրավելու նպատակով փորձագետի և համապատասխան պետական մարմնի միջև կնքվում է պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ համաձայն N 1 ձևի:

(12-րդ կետը խմբ. 27.06.19 N 809-Ն)

13. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

14. Փորձագետի վարձատրության չափը և պայմանները սահմանվում են պայմանագրով։ Վարձատրությունն իրականացվում է համապատասխան մարմնի տնտեսված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցներից։ Փորձագետի համար հավելավճարներ, պարգևատրումներ, լրավճարներ չեն սահմանվում՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով փորձագետ ներգրավելու դեպքի: Այս դեպքում ներգրաված փորձագետին կարող է տրվել պարգևատրում: 

(14-րդ կետը փոփ. 27.06.19 N 809-Ն, լրաց. 25.06.20 N 1050-Ն)

15. Փորձագետի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները, ըստ ծրագրի փուլերի, հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական կայքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տվյալ մարմնի վերադաս մարմնի պաշտոնական կայքում։

(15-րդ կետը լրաց. 27.06.19 N 809-Ն)

16. Համապատասխան պետական մարմնում փորձագետները պետք է ենթարկվեն տվյալ պետական մարմնում ընդունված աշխատանքային կարգապահական ներքին կանոններին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

17. Փորձագետ ներգրավելու դեպքում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում փորձագետի հետ պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են փորձագետի կողմից իրականացվող աշխատանքային ծրագիրը, պայմանագրի պատճենը: Աշխատանքի գնահատման արդյունքները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրվում են արդյունքներն ամփոփելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Մինչև օրենքով նախատեսված տեղեկատվական հարթակի գործարկումը համապատասխան մարմինները փորձագետի հետ պայմանագիր կնքելուց հետո, սույն կետով նախատեսված ժամկետում, տեղեկատվական հարթակում տեղադրվող փաստաթղթերն ուղարկում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ:

(17-րդ կետը խմբ. 27.06.19 N 809-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև N 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

ք.__________

«____» _____________ 20  թ.

 

_______________________________-ը` (այսուհետ՝ համապատասխան մարմին) ի դեմս _______________________________ , որը գործում է կանոնադրության հիման վրա մի կողմից, և ____________________________ գրանցված ________________________________________________ անձնագիր թիվ _________________, տրված ___________ թ. (այսուհետ` փորձագետ) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Համապատասխան մարմինը փորձագետին հանձնարարում է իրականացնել որոշակի աշխատանքներ, որոնց նկարագրությունը նշված է սույն պայմանագրի 1.3-րդ կետում և պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի համար, իսկ փորձագետը պարտավորվում է կատարել հանձնարարված աշխատանքները սույն պայմանագրով սահմանված պայմաններով:

1.2. Փորձագետն անմիջականորեն ենթարկվում է _______________________ : Աշխատանքների կատարման վայրն է` համապատասխան մարմնի գտնվելու վայրը:

1.3. Սույն պայմանագրով փորձագետին առաջադրվող աշխատանքը ներառում է՝

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

1.4. Փորձագետի համար սույն պայմանագրով նախատեսված աշխատանքը համարվում է __________________________ (հիմնական, համատեղությամբ)։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Փորձագետը պարտավորվում է`

2.1.2. Բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած աշխատանքները:

2.1.3. Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:

2.1.4. Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:

2.1.5. Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

2.2. Փորձագետն իրավունք ունի`

2.2.1. Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն ստանալու վարձատրություն:

2.2.2. Պահանջելու համապատասխան մարմնից ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր հանգստի իրավունքը:

2.2.3. Իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2.3. Համապատասխան մարմինը պարտավորվում է`

2.3.1. Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն վճարել փորձագետի աշխատավարձը:

2.3.2. Սահմանված կարգով փորձագետին տրամադրել ամենամյա և նպատակային արձակուրդ։

2.3.3. Ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:

2.3.4. Փորձագետին ծանոթացնել կազմակերպությունում գործող ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին:

2.3.5. Ժամանակին ապահովել փորձագետին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով։

2.3.6. Փորձագետի անձնական տվյալները մշակելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջները:

2.3.7. Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականություններ:

2.4. Համապատասխան մարմինն իրավունք ունի`

2.4.1. Ցանկացած պահին ստուգելու փորձագետին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքը:

2.4.2. Փորձագետին ներգրավելու արտաժամյա աշխատանքների, որի տևողությունն իրար հաջորդող երկու օրերի ընթացքում չի կարող անցնել 4 ժամը:

2.4.3. Իրականացնելու աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

3.1. Փորձագետի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն: Աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է ժամը ___, ավարտը` ժամը ___։

3.2. Փորձագետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ:

 

4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար համապատասխան մարմինը փորձագետին յուրաքանչյուր ամիս վճարում է հիմնական աշխատավարձ ___________________ դրամ։

4.2. (կետն ուժը կորցրել է 25.06.20 N 1050-Ն)

4.3. Փորձագետին արտաժամյա, գիշերային, հանգստյան և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին աշխատանքների ներգրավելու դեպքում վարձատրությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

5.1. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի: Սույն պայմանագրի փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացուցիչ համաձայնագրերով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժան մասը:

5.2. Սույն պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում, ինչպես նաև առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգի խախտմամբ կնքված լինելու դեպքերում:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ___________________:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Սույն պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունների չկատարման, կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

 Համապատասխան մարմինը

 Փորձագետը

 

________________________

 (ստորագրությունը)

________________________

 (ստորագրությունը)

(ձևը փոփ., լրաց. 27.06.19 N 809-Ն, փոփ., խմբ. 25.06.20 N 1050-Ն)

 

Ձև N 2

 

------------------------------—————————-

(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի

պաշտոնը, անունը, ազգանունը)

 

քաղաքացի ---------------------------------------------------ից

 (անունը, ազգանունը)

 

---------------------------------- հեռախոսահամարը

 

------------------------------------ էլեկտրոնային հասցեն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.

2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.

3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.

4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.

5. Այլ ____________________________________________________________ էջ:

Առդիր ----- էջ:

 

------------------------------------------------------------------

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

___________________________________

 (դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

 

Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

(ձևը լրաց. 27.06.19 N 809-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.06.19 N 809-Ն, լրաց. 12.12.19 N 1771-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.06.20 N 1050-Ն)