Գլխավոր տեղեկություն
Համար
N 374-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2020-06.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.6
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.11.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013476

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 374-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի « Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 42-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 168-Ն որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 330-Ն որոշումը,

6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280-Ն որոշումը,

7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 351-Ն որոշումը,

8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 450-Ն որոշումը,

9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 204-Ն որոշումը,

10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 432-Ն որոշումը,

11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 174-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

     

   Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ

  

Կ Ա Ր Գ

  

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

  

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում սույն կարգով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի տրամադրման, գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, ժամանակահատվածների ամրագրման և ճշգրտման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգերը։

2. Լիցենզիան տրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։

3. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են.

1) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն, ջերմային էներգիայի արտադրություն կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն.

2) էլեկտրական էներգիայի հաղորդում, ջերմային էներգիայի փոխադրում կամ բնական գազի փոխադրում.

3) էլեկտրական էներգիայի բաշխում, ջերմային էներգիայի բաշխում կամ բնական գազի բաշխում.

4) էլեկտրական էներգիայի մատակարարում, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում.

5) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայություն.

6) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն.

7) էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուր.

8) բնական գազի ներկրում կամ բնական գազի արտահանում:

4. Կարգավորման (այդ թվում՝ լիցենզավորման) ենթակա չեն՝

1) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.

2) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.

3) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.

4) մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.

5) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով: Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:

6. Լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը (բնական գազի արտահանման կամ ներկրման լիցենզիաների դեպքում՝ համապատասխանաբար արտահանման կամ ներկրման վայրերը (երկրները) սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում տվյալ լիցենզիայում:

7. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առք ու վաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք):

8. Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տրված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, Օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ Օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը։

9. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաները տրվում են՝ հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը՝

1) մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջարկությունները՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ.

2) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև ստանալով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը:

10. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից մինչև դրա գործողության ժամկետի ավարտը, իսկ ժամանակահատված ամրագրված լինելու դեպքում՝ այդ ժամանակահատվածում։ Լիցենզիան ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

11. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել‚ օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Լիցենզիայի պայմաններով նախատեսված դեպքերում լիցենզիայի էությունը կազմող գործառույթները կարող են պատվիրակվել այլ անձանց միայն Հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո։

12. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող անձանց վրա:

13. Լիցենզիայի տրման (ժամանակահատվածի ամրագրման), լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

14. Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

15. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները։

   

ԳԼՈՒԽ 2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

   

16. Լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով է ներկայացվում հայտ, որը պետք է լրացված լինի սույն կարգի N 1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով տվյալ տեսակի լիցենզիայի համար նախատեսված փաստաթղթերը։

17. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

18. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

19. Հայտը Հանձնաժողով մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ստուգում են հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի պահանջներին։

20. (կետն ուժը կորցրել է 17.06.20 N 212-Ն)

21. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ինչպես նաև սույն կարգի 25-րդ կետում նշված հայտի մերժման հիմքեր ի հայտ գալու դեպքում։

(21-րդ կետը փոփ. 17.06.20 N 212-Ն)

22. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին իրազեկում է հայտատուին՝ հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(22-րդ կետը փոփ. 17.06.20 N 212-Ն)

23. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, կարող է կրկին դիմել Հանձնաժողով։ Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 19-22-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

(23-րդ կետը փոփ. 17.06.20 N 212-Ն)

24. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն քննարկելու գործընթացը և կայացնում համապատասխան որոշում՝ սկսած հայտատուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից 80 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության, որոնց դեպքում համապատասխան որոշումը կայացվում է սկսած հայտատուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից 25 աշխատանքային օրվա ընթացքում:

25. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում օրենքների, սույն կարգի կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը.

3) լիցենզավորվող գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության ցուցանիշների խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման, ներքին շուկայի սպառողների շահերի խախտման.

4) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.

5) բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին.

6) մինչև 30 Մվտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակները լրացել են, կամ լիցենզիան տրամադրելու պարագայում կլրանան.

7) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ չի ստացվել էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը։

(25-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն)

26. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

27. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում հանձնում է հայտատուին:

28. Հանձնաժողովը լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո լիցենզավորված անձի ներկայանալու դեպքում լիցենզիան՝ մեկ օրինակից անմիջապես առձեռն հանձնում է վերջինիս, իսկ չներկայանալու դեպքում՝ լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 6) պահվում է Հանձնաժողովում։

29. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

  

ԳԼՈՒԽ 3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ), ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

    

30. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները՝ այդ նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք:

31. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք Հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել երաշխավորված մատակարարին, այլ մատակարարներին և որակավորված սպառողներին՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել չկարգավորվող գներով:

32. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու), ջերմային էներգիա արտադրելու և Հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:

33. Կայանի կառուցումը, բացառությամբ սույն կարգով նախատեսված չլիցենզավորման դեպքերի, կարող է իրականացվել արտադրության լիցենզիայում կառուցման ժամանակահատվածի ամրագրման դեպքում։

(33-րդ կետը փոփ. 28.08.19 N 318-Ն)

33.1. էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում, բացառությամբ սույն կարգի 33.2-րդ կետում նշված դեպքի, կառուցման ժամանակահատված սահմանվում է՝

1) 2 տարի՝ մինչև 5 ՄՎտ տեղակայվող հզորությամբ արևային կայանի և մինչև 30 ՄՎտ տեղակայվող (հաշվարկային) հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ կայանի դեպքում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի և սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,

2) 3 տարի՝ փոքր հիդրոէլեկտրակայանի դեպքում, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված այլ տեսակի կայանի, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի դեպքում՝ համաձայն հայցվող ժամկետի և գործարար ծրագրի (փորձաքննություն անցած նախագծի),

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է նշված ենթակետերով սահմանված ժամկետներից։

(33.1-ին կետը լրաց. 28.08.19 N 318-Ն)

33.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրվող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում կառուցման ժամանակահատվածը ամրագրվում է համաձայն այդ գործարքի։

(33.2-րդ կետը լրաց. 28.08.19 N 318-Ն)

34. Արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում է՝

1) մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ մինչև 5 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.

3) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված դեպքում։

(34-րդ կետը փոփ. 09.10.19 N 371-Ն)

35. Սույն կարգի 34-րդ կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում արևային էլեկտրակայանների գումարային հզորությունները գերազանցում են հետևյալ սահմանաչափերը՝

1) 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ 10 ՄՎտ-ը.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 50 ՄՎտ-ը.

3) 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 100 ՄՎտ-ը.

4) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 50 ՄՎտ-ը։

(35-րդ կետը փոփ., լրաց. 09.10.19 N 371-Ն)

36. Սույն կարգի 35-րդ կետի 2-3-րդ կետերով նախատեսված հզորությունները նույն ենթակետերում նշված ժամանակահատվածներում չտրամադրվելու դեպքում չլրացված մասը գումարվում է յուրաքանչյուր հաջորդող ենթակետում նշված ժամանակահատվածի համար նախատեսված հզորություններին՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կազմելով առավելագույնը 200 ՄՎտ։

(36-րդ կետը խմբ. 09.10.19 N 371-Ն)

37. Հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է՝

1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ չի գերազանցում 8,5 ՄՎտ-ը.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ առանց գումարային հզորության սահմանափակման՝ մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:

(37-րդ կետը փոփ. 09.10.19 N 371-Ն)

38. 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ հողմային և 5 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում։

39. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները տրամադրվում են առանց գումարային հզորության սահմանափակման։

(39-րդ կետը փոփ. 09.10.19 N 371-Ն)

40. Արևային և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ամրագրված գումարային հզորության սահմանաչափի գերազանցման, հայտերը ուսումնասիրվում, քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության։

41. Սույն կարգի 35-րդ և 37-րդ կետերով սահմանված սահմանաչափերի շրջանակում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց՝ լիցենզիաներով ամրագրված հզորությունների փոփոխման դիմումները Հանձնաժողովը քննարկում է ըստ դիմումների ներկայացման հաջորդականության և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված սահմանաչափի շրջանակում։

42. Սույն կարգի 34-րդ, 35-րդ և 37-րդ կետերով ամրագրված կարգավորումները չեն տարածվում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների գործունեության վրա:

43. Կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է այդ լիցենզիայով ամրագրված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով (այսուհետ՝ Նախագիծ), մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության) պատճենները.

2) կայանի (հիդրոէլեկտրակայանների դեպքում ներառյալ գլխամասային հանգույցի) նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը.

4) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ.

5) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հայտ, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

43.1. Նախագծի (Նախագծի փոփոխությունների) հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև Նախագծի վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կարգի N 7 հավելվածի։

(43.1-ին կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)

43․2․ Նախագծի ներկայացման՝ լիցենզավորված անձի՝ սույն կարգի 43-րդ կետով նախատեսված պարտավորության պատշաճ կատարումը Հանձնաժողովը գնահատում է սույն կարգի N 7 հավելվածով սահմանված տվյալների շրջանակում։

(43.2-րդ կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)

44. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտադրության լիցենզիա ունեցող անձինք Նախագծի և 43-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով են ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, առկայության դեպքում՝ նաև տնօրինման մասին որոշումների պատճենները։

45. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացվում է Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված պայմանագրի հիման վրա:

46. Սույն կարգի 43-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է կայանի փաստացի տեղակայված հզորությունն ու կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) տվյալները արտադրության լիցենզիայում ամրագրելու վերաբերյալ որոշում (բացառությամբ արևային էլեկտրակայանների)՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածը (ժամանակահատվածները), կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:

47. Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզիայով ամրագրված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում նշված ժամկետը համարվում է երկարաձգված նախկին ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը՝ հետևյալ պայմաններով.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում՝ առանց որևէ վարչական և ֆինանսական պատասխանատվության.

2) 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքում՝ սույն կարգի N 3 հավելվածի համաձայն երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում արտադրության լիցենզիայի գործողությունը կասեցվում է:

48. Կայանի վերակառուցման այն դեպքերում, երբ կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են կայանի՝ լիցենզիայով ամրագրված հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում՝ տեղակայված) հզորության փոփոխության, արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների պարագայում.

2) Կայանի հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում՝ տեղակայված) հզորության ավելացման դեպքում՝ ավելացող հզորության չափով երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի.

3) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը։ Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս.

4) հիդրոէլեկտրակայանի վերակառուցման դեպքում՝ հաշվարկային ելքի և (կամ) ջրառի և ջրօգտագործման նիշերի փոփոխության դեպքում՝ ջրօգտագործման թույլտվություն:

49. Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու վերաբերյալ որոշում, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով:

50. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով սույն կարգի 43-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սակագնի սահմանման հայտ:

51. Սույն կարգի 50-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշում է ընդունում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով վերակառուցման ժամանակահատվածը, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:

    

ԳԼՈՒԽ 4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

   

52. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու) իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:

53. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

54. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) կամ ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:

55. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիայի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), արտադրողից ջերմային էներգիա ստանալու կամ գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը, պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին միևնույն լիցենզիայով:

  

ԳԼՈՒԽ 5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

  

56. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու) իրավունք:

57. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև մատակարարման լիցենզավորվող գործունեությամբ (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման):

58. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք:

59. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք:

      

ԳԼՈՒԽ 6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

   

60. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, և պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան՝ այն վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին, իսկ ավելցուկը՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:

61. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է մատուցելու էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով:

62. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, իսկ ավելցուկը վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:

63. Էլեկտրական էներգիայի մատակարարման և երաշխավորված մատակարարման լիցենզիաներ ունեցող անձինք պարտավոր են երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները Հանձնաժողովի սահմանած կարգով։

       

ԳԼՈՒԽ 7. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

    

64. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգում մատուցելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն՝ հետևյալ բացառիկ գործառույթներով.

1) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորում և կարգավարում.

2) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում.

3) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.

4) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:

65. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները։

66. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

67. Գազամատակարարման համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման բացառիկ իրավունքներ:

68. Գազամատակարարման համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում պետք է լիցենզիայի պայմաններին համապատասխան ապահովի բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման հուսալիությունն ու անվտանգությունը:

  

ԳԼՈՒԽ 8. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ

    

69. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն հետևյալ բացառիկ գործառույթներով.

1) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում.

2) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում.

3) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների միջև կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառման վարում.

4) էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցողներին դրանք ներկայացում.

5) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունք:

70. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում:

     

ԳԼՈՒԽ 9. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ

    

71. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձին տրվում է շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, մեծածախ շուկայում այն վաճառելու և արտահանելու իրավունք:

72. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները՝ Հանձնաժողովի սահմանած կարգով։

73. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:

     

ԳԼՈՒԽ 10. ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

     

74. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին այն վաճառելու իրավունք` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

75. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք՝ համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

  

ԳԼՈՒԽ 11. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ (ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ) ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

    

76. Լիցենզիայում ամրագրված ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս, և ոչ ուշ, քան 15 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը:

77. Հայտն իր մեջ պետք է պարունակի՝

1) կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և հիմնավորումները, պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների դեպքում նաև հայցվող ժամկետի առնչությամբ գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի դրական դիրքորոշումը.

2) հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ նաև ջրօգտագործման թույլտվությունը, իսկ խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ նաև այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն.

3) Բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզիաների երկարաձգման դեպքում՝

ա. համակարգի օպերատորի եզրակացությունը՝ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների վրա ազդեցության վերաբերյալ,

բ․ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիր (պայմանագրի փոփոխություն), իսկ դրա ներկայացման անհնարինության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներ։

(77-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն)

78. Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում՝ բայց ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտը:

79. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, սույն կարգի կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման.

3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

5) բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզիաների դեպքում լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման, կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին։

80. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այդ ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հարցը քննարկվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

81. Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում տրամադրված համապատասխան լիցենզիաների, երկարաձգվում է.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում՝ լիցենզիայում ամրագրված ժամանակահատվածից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ երկարաձգվելու դեպքում՝ նախորդ երկարաձգման ժամկետից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

3) Լիցենզավորված անձի կողմից Նախագիծը ներկայացնելու դեպքում՝ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից կամ նախորդ երկարաձգման ժամկետից կրճատելով Նախագծի ներկայացման համար լիցենզիայի պայմաններով՝ լիցենզիայի տրամադրման պահին սահմանված ժամկետը՝ հաշվի չառնելով դրա հետագա երկարաձգումները (եթե այն պակաս չէ 2 ամսից)՝ բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

4) Լիցենզավորված անձի դիմումով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է սույն կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված ժամկետից։

(81-րդ կետը խմբ. 28.08.19 N 318-Ն, լրաց., փոփ. 17.06.20 N 212-Ն)

81.1. Սույն կարգի 81-րդ կետով սահմանված կարգավորումը կիրառելի չէ կառուցման (վերակառուցման) 6 ամիս և (կամ) պակաս ժամանակահատվածի պարագայում, իսկ եթե կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը նույն կետի համաձայն կրճատվելու դեպքում կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը կկազմի 6 ամսից պակաս, ապա այն կրճատվում է այնքանով, որ տվյալ ժամանակահատվածը կազմի 6 ամիս։

(81.1-ին կետը լրաց. 28.08.19 N 318-Ն)

81.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է լիցենզավորված անձի դիմումով հայցվող և գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետով, սակայն նախկինում սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից, իսկ այն երկարաձգված լինելու պարագայում` նախորդ երկարաձգման ժամկետից ոչ ավելի ժամկետով։

(81.2-րդ կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)

    

ԳԼՈՒԽ 12. ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

     

82. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

83. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

84. Հանձնաժողովը, սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:

85. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:

86. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:

87. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

88. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև սույն կարգի 47-րդ և կարգի N 3 հավելվածի 8.1-րդ կետերով սահմանված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով:

(88-րդ կետը փոփ. 17.06.20 N 212-Ն)

89. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի՝ լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ էներգետիկայի բնագավառում հուսալիության և անվտանգության խաթարման կամ ներքին շուկայի սպառողների շահերի խախտման:

    

ԳԼՈՒԽ 13. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

    

90. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

91. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

92. Հայտը մերժվում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.

3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից։

   

ԳԼՈՒԽ 14. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    

93. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման և արտադրության ժամանակահատվածներում:

  

     

Հավելված N 1

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

ՀԱՅՏ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

(վերնագիրը խմբ. 17.06.20 N 212-Ն)

 

1. Խնդրում եմ տրամադրել ___________________________________________________

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը

________________________________________________________________ լիցենզիա

 (արտադրության լիցենզիաների դեպքում նշվում է նաև կայանի տեսակը և հզորությունը)

 

2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)

______________________________________________________________________

մարզ, համայնք (բնակավայր)

 

3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

4. Գտնվելու (բնակության) վայրը ________________________________________

5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________________________________________

 

7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը՝ ________________________________________________________________

(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները)

 

8. Հայտին կցվում են՝

1) __________________________________________________________________

2) __________________________________________________________________

3) __________________________________________________________________

4) __________________________________________________________________

5) __________________________________________________________________

6) __________________________________________________________________

7) __________________________________________________________________

8) __________________________________________________________________

9) __________________________________________________________________

10) _________________________________________________________________

 

9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։

10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։

 

___________________________________________________________________

 (Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)

 

—————————

(օրը, ամիսը, տարին)

(հավելվածը խմբ. 17.06.20 N 212-Ն)

 

     

Հավելված N 2

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

 

ՑԱՆԿ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

  

1. Կայանի կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) գործարար ծրագիր՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը։ Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիա ստանալու հայտով հայցվող ժամկետից ոչ պակաս,

3) (ենթակետն ուժը կորցրել է 28.08.19 N 318-Ն)

4) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,

5) երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

6) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

7) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,

8) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում,

9) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն։

(1-ին կետը փոփ. 28.08.19 N 318-Ն, լրաց. 17.06.20 N 212-Ն)

2. Կայանի կառուցման ժամանակահատված չներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

2) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,

3) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

4) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,

5) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում,

6) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն։

(2-րդ կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի փոխադրման, բնական գազի փոխադրման, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի բաշխման, էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) գործարար ծրագիր,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր, բացառությամբ Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների հայտերի,

3) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի։

4. Բնական գազի ներկրման, արտահանման լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) գազամատակարարման համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ,

2) բնական գազի ներկրման գործունեություն իրականացնելու համար՝ օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման պայմանագիր,

3) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի փոխադրման պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի փոխադրման լիցենզիա,

4) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա, ինչպես նաև օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման պայմանագիր:

(հավելվածը փոփ. 28.08.19 N 318-Ն, լրաց. 17.06.20 N 212-Ն)

  

     

Հավելված N 3

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

      

ԿԱՐԳ

  

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ

  

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

        

1. Կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա (այսուհետ՝ արտադրության լիցենզիա) ստանալու, կամ արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, ինչպես նաև նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով հայտատուն Հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կողմից տրամադրված երաշխիք, որով բանկը գրավոր պարտավորություն է ստանձնում հայտատուի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 3-րդ կետի համաձայն հաշվարկված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

2. Հայտատուն պարտավոր է երաշխիքը ներկայացնել արտադրության լիցենզիայի կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար իր կողմից հայցվող, իսկ ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ երկարաձգման ժամկետից առնվազն քառասունհինգ օր ավելի գործողության ժամկետով:

3. Երաշխիքով սահմանման ենթակա գումարի հաշվարկման բազա է համարվում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանման ենթակա գումարի մեծությունը (այսուհետ՝ երաշխիքով սահմանված գումար) պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային (տեղակայվող) հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:

(3-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն)

4. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե հայտատուն Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

5. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում Հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, համապատասխան որոշմամբ կամ գրությամբ երաշխիք տված անձին ազատում է երաշխիքային պարտավորություններից:

    

2. ԵՐԱՇԽԻՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

   

6. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել արտադրության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին,

2) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

3) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

7. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել արտադրության լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգելու մասին,

2) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու` լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետը Հանձնաժողովի հաստատած էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվել է:

8. Սույն կարգի 7-րդ կետում սահմանված դեպքերում` Հանձնաժողովի որոշմամբ կամ գրությամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված երաշխիք:

8.1. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան լիցենզավորված անձի կողմից երաշխիք Հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է։

(8.1-ին կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)

9. Սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված որոշման ընդունման դեպքում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է կամ դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:

(9-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն)

       

3. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

         

10. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է ֆորս մաժորի: Սույն կարգի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) լիցենզավորված անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝

1) չի գտնվում լիցենզավորված անձի վերահսկողության ներքո.

2) լիցենզավորված անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) լիցենզավորված անձը տեղեկացրել է Հանձնաժողովին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն կարգի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն կարգով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ լիցենզավորված անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

(11-րդ կետը փոփ. 17.06.20 N 212-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետը չի սահմանափակում լիցենզավորված անձի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար։ 

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 17.06.20 N 212-Ն)

 

 

Հավելված N 4

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

  

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

  

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

     (կառուցման ժամանակահատվածի համար)

     

(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)

_______________________________________

Կառուցվող օբյեկտի անվանումը

       

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

      

1. Կառուցման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:

2. Կառուցվող օբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:

3. Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:

4. Տեղեկություններ տեղադրվող գեներատորների, տուրբինների և սարքավորումների մակնիշների և հզորության վերաբերյալ:

     

 2. ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

     

5. Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:

    

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

        

6. Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:

7. Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը:

     

 4. ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔԸ

   

8. Օբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:

9. Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում՝ կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:

      

5. ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

    

10. Օբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:

11. Կառուցման ժամանակացույցը՝ ըստ փուլերի (ներառյալ՝ կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները):

(11-րդ կետը լրաց. 28.08.19 N 318-Ն)

12. Նախնական լուծումներ օբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:

   

6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    

13. Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

14. Նախնական բնապահպանական լուծումներ:

   

7. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

     

15. Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով:

16. Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները:

17. Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը։

18. Օբյեկտի նախագծման, կառուցման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները։

19. Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշների (շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ և այլն) հիման վրա կառուցվող օբյեկտի համար լավագույն տեխնիկատնտեսական ցուցանիշների ընտրություն։

20. Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

(հավելվածը լրաց. 28.08.19 N 318-Ն)

    

     

Հավելված N 5

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

    

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

   

_________________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը (անունը, ազգանունը))

     

մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝

      

_________________________________________________________________________________

(գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)

       

_________________________________________________________________________________(լիցենզավորվող գործունեության տեսակը)

   

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։

 

_________________________________________________________________________________(Լիցենզավորվող անձի գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսը, էլեկտրոնային փոստի հասցեն)

    

    

Հավելված N 6

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

   

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20__ թվականի __________ «___»-ի N____ -Ա որոշում

2. Լիցենզավորված գործունեության տեսակը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

3. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը «___»_____________20 __ թվական

4. Լիցենզիայի համարը ԼԷ N_________

5. Ստացված էջերի քանակը՝ ________________

6. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

8. Լիցենզիան ստացվել է՝ «____»________________20__ թվական

9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը _____________________________

 

Հավելված N 7

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման

կարգի

 

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ

 

1. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը) ___________________________________

2. Գործունեության տեսակը _________________________________

3. Կայանի անվանումը և տեսակը/տիպը ________________________

4. Կայանը նախագծող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (կցելով համապատասխան լիցենզիան և ներդիրը)__________________________________________________________

5. օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն իրականացնող մարմնի (մարմինների) անվանումը _________________________ ________________________________

6. Նախագծի համաձայն՝ կայանի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները (լրացվում են՝ ելնելով կայանի տեսակից)՝

1) հաշվարկային հզորություն՝ ______________________

2) տեղակայվող հզորություն՝ _______________________

3) հաշվարկային ճնշում՝ ___________________________

4) հաշվարկային ելք՝ ______________________________

5) հիդրոագրեգատների քանակը և հզորություն (տուրբին, գեներատոր)՝ ___________________

6) արևային վահանակների քանակ և հզորություն՝ _________________________

7) փոխակերպիչների քանակը և հզորություն՝ ______________________________

8) հողմային աշտարակների քանակ և հզորություն՝ _______________________ ______________________________________

9) հողմային աշտարակի բարձրություն՝ ___________________________________

10) հողմային աշտարակի ռոտորի թևի երկարություն՝ _______________________

7. Հավաստում եմ, որ Հանձնաժողով ներկայացված՝ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասը, ըստ ներկայացվող նախագծի տվյալների, բավարար է _________ կայանի կառուցման և շահագործման համար։

8. Հաստատում եմ, որ ներկայացվող նախագիծը կազմվել է համաձայն ___________________________ տեխնիկական պայմանների, անցել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություններ և ստացել ___________ (դրական/բացասական) փորձագիտական եզրակացություններ, իսկ ներկայացված տեղեկությունները հավաստի են։

 

___________________________________________________________________

(Լիցենզավորված անձի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)

 

——————————

(օրը, ամիսը, տարին)

(հավելվածը լրաց. 17.06.20 N 212-Ն)

 

(կարգը լրաց., փոփ., խմբ.  04.06.14 N 153-Ն, 25.11.15 N 389-Ն, լրաց. 07.03.17 N 57-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.05.17 N 153-Ն, 22.11.17 N 500-Ն, լրաց. 30.05.18 N 192-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.10.18 N 394-Ն, խմբ. 21.11.18 N 429-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.08.19 N 318-Ն, 09.10.19 N 371-Ն, 17.06.20 N 212-Ն)