ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 7-ին
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ` հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
Հոդված 2. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ |
Ակցիզային հարկը սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
Հոդված 3. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ և ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ |
1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, գինենյութը, սպիրտը և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):
4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:
5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:
Հոդված 4. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ և ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ |
1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում`
ա) «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ` շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում` անհատույց):
Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ` ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):
2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:
Հոդված 5. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի | Ապրանքախմբի անվանումը | Հարկման բազայի միավորը | Ակցիզային հարկի դրույքաչափը(դրամ) |
2203 | գարեջուր | 1 լիտր |
70 |
2204 | խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
100 | |
220410 | այդ թվում` | 1 լիտր | |
փրփրուն գինիներ, |
180 | ||
շամպայն |
300 | ||
2205 | վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ | 1 լիտր |
500 |
2206 | խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) | 1 լիտր |
180 |
2207 | էթիլային սպիրտ | 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600 |
2208 | սպիրտային խմիչքներ |
1,500 | |
այդ թվում` | |||
220820 | խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) | 1 լիտր | 1,200 |
220860, 220870 | օղի, լիկյորներ և մրգօղիներ | 300 | |
2403 | ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ | 1 կիլոգրամ | 1,500 |
2709 | հում նավթ և նավթամթերքներ | 1 տոննա | 27,000 |
2710 00 690 | դիզելային վառելիք | 1 տոննա | 11,500 |
2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21) | նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) | 1 տոննա | 1,000 |
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով:
3. Ծխախոտի արտադրանքի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:
4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
Հոդված 6. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Ակցիզային հարկով չեն հարկվում`
ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանումը, եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.
բ) «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված` ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:
2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:
Հոդված 7. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:
2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին:
Հոդված 8. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ և ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, վճարում են ակցիզային հարկը և համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:
4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`
ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման` սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.
բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն:
6. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
7. Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում`
ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով:
2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում, կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին`
ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար` սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.
բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում:
Հոդված 10. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով:
3. Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:
Հոդված 11. |
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հոդված 12. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի հունիսի 24-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|