Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-80
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2000-24.01.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը կարգավորում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մեկենասային վիճակախաղերի վրա:

 

Հոդված 2.

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ա) վիճակախաղ` հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահման ֆոնդի խաղարկություն, ընդ որում շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.

բ) վիճակախաղերի կազմակերպում ու անցկացում` վիճակախաղերի տոմսերի պատրաստման կամ ներմուծման, իրացման, շահումների հանձնման (խաղարկությունով վիճակախաղերի դեպքում` նաև շահումների խաղարկության անցկացման) գործընթաց.

գ) տոտալիզատոր (այսուհետ` նույնպես վիճակախաղ)` խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով.

դ) մեկենասային վիճակախաղ` կազմակերպվում է ապրանքներ կամ ծառայություններ գովազդելու նպատակով, ընդ որում շահման ֆոնդն ամբողջությամբ ձևավորվում է մեկենասի (հովանավորի) կողմից.

ե) խաղարկությունով վիճակախաղ` տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց և շահումների ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.

զ) ոչ խաղարկությունով վիճակախաղ` տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո.

է) վիճակախաղի տոմս` սույն օրենքին և վիճակախաղի պայմաններին համապատասխան տեղեկատվության կրիչ, որն անհրաժեշտ է շահող կամ չշահող համարվելու փաստը որոշելու համար: Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը` թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա.

ը) վիճակախաղի մասնակիցներ` վիճակախաղի տոմս ձեռք բերած անձինք.

թ) շահումների ֆոնդ` արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից և բաշխվում է նրանց միջև` վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կանոնակարգին համապատասխան.

ժ) շահումների ֆոնդի խաղարկություն` հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը.

ժա) կազմակերպիչ` սույն օրենքին համապատասխան վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն իրականացնելու լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստացած կազմակերպություն.

ժբ) լիազոր մարմին` վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման ու վերահսկման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին:

 

Հոդված 3.

«ՎԻՃԱԿԱԽԱՂ» ԲԱՌԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

«Վիճակախաղ» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանություններն իր անվանման մեջ կարող է օգտագործել միայն լիցենզիա ունեցող կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ բառի օգտագործման իմաստից ակներև է, որ խոսքը չի վերաբերում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 4.

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա:

2. Օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:

 

Հոդված 5.

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Կազմակերպիչը`

ա) բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումների ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը.

բ) մեկ լիցենզիայի հիման վրա կարող է կազմակերպել միայն մեկ վիճակախաղ.

գ) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդում պարունակվում են թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.

դ) իրային շահումների խաղարկման դեպքում հայտարարում է դրանց համարժեք դրամական շահումը և շահողի ցանկությամբ տրամադրում է այն.

ե) խաղարկությունով վիճակախաղի պայմաններով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է հաջորդ խաղարկության շահման ֆոնդը.

զ) վիճակախաղի պայմաններով այլ բան նախատեսված չլինելու դեպքում շահողի ցանկությամբ պահպանում է նրա շահման փաստի և արժեքի գաղտնիությունը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառում և ոչնչացնում է չիրացված վիճակախաղերի տոմսերը.

ը) չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակով.

թ) լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` նախքան այդ ժամկետի սկիզբը:

2. Վիճակախաղի տոմսերի վավերապայմանները սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 6.

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

1. Վիճակախաղերը կազմակերպվում և անցկացվում են կազմակերպչի սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան:

2. Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում լիցենզիա ստանալու դիմումի հետ:

3. Լիցենզիայի գործողության ընթացքում վիճակախաղի անցկացման կանոնակարգի փոփոխման դեպքում կազմակերպիչը փոփոխված կանոնակարգը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրա կիրառումը:

4. Լիազոր մարմնի կողմից վիճակախաղի անցկացման կանոնակարգին համաձայնություն տալու կարգը սահմանվում է սույն օրենքի 7 հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7.

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Որպես լիցենզիա տալու նախապայման սույն հոդվածի 1-ին կետում նշված կարգով կարող է նախատեսվել դիմող կազմակերպության կողմից վիճակախաղերի կազմակերպման գործունեության իրականացման բիզնես-ծրագրի ներկայացում: Նման նախապայմանի նախատեսման դեպքում սահմանվում են նաև բիզնես-ծրագրի նկատմամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրա գնահատման չափանիշները:

3. Լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է`

ա) եթե դիմումն ու կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) եթե լիցենզիայի հայցորդն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ) եթե վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթները չեն համապատասխանում 7 հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգի պահանջներին.

դ) սույն օրենքի 15 հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում:

4. Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը դրա կայացման հիմքերի հետ եռօրյա ժամկետում տրամադրվում կամ փոստով ուղարկվում է դիմողին:

5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումն ու այդ որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

6. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների` վրիպումների, ոչ իրավաբանական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով, որ դիմողը մեկամսյա ժամկետում կվերացնի նկատված թերությունները: Լիազոր մարմինը լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով բավարարելու մասին որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

7. Լիցենզիա ստանալու դիմումը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան դիմողին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

8. Եթե սույն հոդվածի 6-րդ կետում նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը լիազոր մարմին են ներկայացվում սահմանված ժամկետներից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, դիմողից հայտարարագիր է պահանջում այն մասին, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու դիմումին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

9. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում կամ դիմողը հայտնում է, որ դիմումին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով, ապա լիցենզիայի տրման մասին լիազոր մարմնի որոշումը համարվում է չեղյալ, եթե միաժամանակ դիմողը չի ներկայացնում այնպիսի փաստաթղթեր, որոնք կապահովեն սույն հոդվածի 5-րդ կետի պայմանը:

10. Լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

11. Լիցենզիան տրվում է անժամկետ:

12. Լիցենզիան չի կարող գրավադրվել կամ օտարվել: Լիցենզիան այլ անձի կարող է փոխանցվել միայն անձի` առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգի համաձայն:

13. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյան:

 

Հոդված 8.

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 1. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետևանքով սույն օրենքի 9 հոդվածում նշված խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 10 հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

2. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) վերլուծության միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 9.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով խախտումներ են համարվում, եթե կազմակերպիչը`

ա) չի կատարել սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները.

բ) խախտել է վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթները.

գ) խախտել է սույն օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգը, ներկայացրել է կեղծ տվյալներ.

դ) լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիան ստանալու պահը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու դիմումի մերժման:

 

Հոդված 10.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Սույն օրենքի 9 հոդվածով նախատեսված խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու մասին հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

 

Հոդված 11.

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ ՈՒ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ 

 

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումն ու նախազգուշացնում է կազմակերպչին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է սույն օրենքի 9 հոդվածի «գ» ենթակետով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտման դեպքում:

 

Հոդված 12.

ՏՈՒԳԱՆՔԸ

 

1. Տուգանքը գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ, իսկ եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է հետևյալ չափերով, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված շահումների ֆոնդի մեծության նվազագույն չափը` դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «գ» կամ «դ» ենթակետերով սահմանված պահանջը` հիսուն հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պահանջը` չտեղափոխված մասի կրկնակի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

ե) սույն օրենքի 11 հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո երկու տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո 2 տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում (բացառությամբ նույն կետի «ա» ենթակետում նշված խախտման) թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում ոչ արժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

 

Հոդված 13.

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «է», «ը» կամ «թ» ենթակետերով սահմանված պահանջները.

բ) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի պահանջները.

գ) ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ:

2. Լիցենզիայի գործողության կասեցման լիազոր մարմնի սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպչի կողմից նման գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմինն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ կազմակերպչի կողմից լիազոր մարմնին տեղեկացնելուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, իսկ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացնելու դեպքում` լիցենզիայի գործողության կասեցման ժամկետից հետո` տասնհինգ օրվա ընթացքում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում` մինչև լիազոր մարմնի կողմից դրան անդրադառնալը, բայց ոչ ուշ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետից: Այդ ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմնի կողմից չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված:

 

Հոդված 14.

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե կազմակերպիչը`

ա) սույն օրենքի 9 հոդվածի «գ» ենթակետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) թույլ է տվել սույն օրենքի 9 հոդվածի «դ» ենթակետում նշված խախտումը.

գ) սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

դ) սույն օրենքի 13 հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:

2. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում կազմակերպչի պատշաճ ծանուցմամբ իրականացվող քննարկման արդյունքներով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկը:

3. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մտադրության մասին կազմակերպչին տեղեկացնում է քննարկումից առնվազն տասնհինգ օր առաջ` գրության մեջ նշելով`

ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերն ու հետևանքները.

բ) այն փաստերը և փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար (կցելով դրանց պատճենները).

գ) քննարկման վայրը, ամսաթիվը և ժամը.

դ) լիազոր մարմնի այն պաշտոնատար անձի անունը և պաշտոնը, որին կարող են դիմումներ և միջնորդություններ ներկայացվել:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված գրության մեջ նախատեսված օրը, ժամին և վայրում լիազոր մարմինը քննում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը` անկախ կազմակերպչի ներկայացուցչի ներկայությունից:

 

Հոդված 15.

ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը լիազոր մարմինը հնգօրյա ժամկետում հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով և դրա կայացման հիմքերի հետ եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է կազմակերպչին:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե դրանով այլ ժամկետ չի սահմանված:

3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել նաև կազմակերպչի միջնորդության հիման վրա, եթե լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով նա ի վիճակի է կատարել շահումներից բխող իր բոլոր պարտավորությունները:

4. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից կազմակերպիչը`

ա) դադարեցնում է վիճակախաղի կազմակերպման և անցկացման գործունեությունը.

բ) հնգօրյա ժամկետում լիազոր մարմին է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը.

գ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է շահումների տրամադրումը.

դ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է իրացված` խաղարկության չմասնակցած (չխաղարկված) տոմսերի հետգնումը:

5. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո` մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմել`

ա) կազմակերպությունը, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը.

գ) կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցությամբ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցություն:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաներն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը` տրամադրման պահին գործող պայմաններով, բայց ոչ ավելի, քան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-80