Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/63(1618) Հոդ.763.4
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2020
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան  

Դատավորներ՝

Ա. Սմբատյան

 

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունվարի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռուզան Ադանալյանի ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.03.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդերից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Գինոսյանը պահանջել է Ռուզան Ադանալյանից բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլարին և 6.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռուզան Ադանալյանը պահանջել է Լուսինե Գինոսյանից հաշվանցել իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդերից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և պարտավորեցնել վերադարձնել մնացած զարդերը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) 20.05.2014 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն՝ Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձվել է 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար։ Հայցը՝ մնացած մասով, մերժվել է։ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության համար՝ 34.580 ԱՄՆ դոլարին և 6.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամից հաշվանցվել է 2.596,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։ Հակընդդեմ հայցը՝ մնացած մասով, մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014 թվականի որոշմամբ Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.12.2014 թվականի որոշմամբ Լուսինե Գինոսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 17.11.2017 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.03.2018 թվականի որոշմամբ Լուսինե Գինոսյանի և Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 17.11.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի բաշխման մասով որոշել է. «Հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.037,4 ԱՄՆ դոլարին և 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար: Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.037,4 ԱՄՆ դոլարին և 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար: Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզան Ադանալյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 73-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 7-րդ հոդվածները, 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշել է Ռուզան Ադանալյանից բռնագանձել պետական տուրքի գումար թե՛ հայցի, թե՛ հակընդդեմ հայցի վերաբերյալ բողոքի համար, սակայն չի նշել, թե ինչ պատճառաբանությամբ է եկել այն եզրահանգման, որ բողոքը ներկայացվել է դատական ակտի ոչ միայն անբարենպաստ, այլ նաև բարենպաստ մասի դեմ:

Տվյալ դեպքում անձի վրա պետական տուրքի այս ծավալի բեռ դնելիս Վերաքննիչ դատարանը պետք է հիմնավորեր, թե որ ապացույցների վրա հիմնվելով է հանգել այն եզրակացության, որ ակտը բողոքարկվել է բողոք բերած անձի համար բարենպաստ մասով ևս: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, սակայն այն չի կարող լինել կամայական, այլ դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիադատավարական օրենսդրությունը չէր ապահովում բարենպաստ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, ուստի Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ քննել բարենպաստ ակտի դեմ ներկայացված բողոք, քանի որ չուներ այնպիսի լիազորություն, որը տեսականորեն և գործնականում կհամընկներ բարենպաստ դատական ակտի դեմ ներկայացված բողոքի բավարարմանը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով զուտ միայն այն փաստը, որ դատական ակտի սկզբնական հայցը մերժելու մասը բարենպաստ է Ռուզան Ադանալյանի համար, պետք է եզրահանգեր, որ բողոքաբերը չի վիճարկել դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշումը՝ Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 1.037,4 ԱՄՆ դոլարին և 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասով, և այդ մասով այն փոփոխել՝ պետական տուրքի հարցն այդ մասով համարել լուծված:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված սկզբնական հայցի համաձայն՝ հայցագինը կազմել է 34.580 ԱՄՆ դոլարին և 6.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 3-4):

2) Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի համաձայն՝ վերջինս պահանջել է 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը հաշվանցել սեփականության իրավունքով իրեն պատկանող թվով 31 զարդերից և պարտավորեցնել վերադարձնել մնացած զարդերը (հատոր 1-ին, գ.թ. 141-143):

3) Դատարանի 17.11.2017 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են (հատոր 7-րդ, գ.թ. 72-102):

4) Ռուզան Ադանալյանը վերաքննիչ բողոքի հիմքերում և հիմնավորումներում անդրադարձել է իր պահանջի հիմքում դրված թվով 31 զարդերի վերադարձման հարցին՝ նշելով, որ հակընդդեմ հայցով պատասխանողի կողմից Դատարանին չեն ներկայացվել բոլոր իրական զարդերը, ներկայացված փորձագիտական եզրակացությունը որևէ առնչություն չունի իր կողմից ներկայացված զարդերի հետ, իսկ Դատարանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ստացականում բնութագրված իրական զարդերը Դատարան ներկայացնելու համար: Միաժամանակ բողոքի եզրափակիչ մասում Ռուզան Ադանալյանը խնդրել է բեկանել Դատարանի 17.11.2017 թվականի վճիռը(հատոր 8-րդ, գ.թ. 79-87):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք Նախկին օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներն անձին հնարավորություն էին ընձեռում վերաքննության կարգով բողոքարկելու իր համար բարենպաստ դատական ակտը (դատական ակտի բարենպաստ մասը) և ըստ այդմ՝ ինչպես պետք է լուծվեր նման բողոքի համար պետական տուրքի հարցը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Նախկին օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Նախկին օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից: Նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն՝ հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:

Նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է հայցադիմումների (...), դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նախկին օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա», «բ», «գ» կետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է՝ գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով, հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի ութապատիկի չափով:

Համանման կարգավորումներ են բովանդակում ներկայիս խմբագրությամբ գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է՝ հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս՝ բողոքարկման ծավալը: Ըստ այդմ, օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը՝ այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ՝ ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի, (դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում, օրենսդրի կողմից կարևորվել է նաև այն հանգամանքը, որ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն՝ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձը, օգտվելով իր տնօրինչական իրավունքից, ինչ ծավալով որ բողոքարկում է դատական ակտը՝ այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը (տե՛ս, Կարեն Գևորգյանն, Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում իր արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը. Նախկին օրենսգրքի «Վարույթը վերաքննիչ դատարանում» 4-րդ բաժնով, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանուն 3-րդ բաժնով սահմանված իրավակարգավորումների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջի, իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիադատավարական օրենսդրությամբ անձի կողմից իր համար բարենպաստ դատական ակտի (դատական ակտի բարենպաստ մասի) դեմ վերաքննիչ բողոք բերելու ուղղակի սահմանափակում նախատեսված չի եղել: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ դատարանի լիազորությունների վերաբերյալ հին և նոր իրավակարգավորումների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ներկա իրավակարգավորմամբ ՀՀ վերաքննիչ դատարանը նաև իրավասու է բավարարելու վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետ), մինչդեռ նախկին իրավակարգավորմամբ ՀՀ վերաքննիչ դատարանն իրավասու չէր բեկանել կամ փոփոխել բողոքարկվող վճռի առանձին կառուցվածքային (բովանդակային) մասերը (Նախկին օրենսգրքի 221-րդ հոդված): Այսինքն, եթե գործող իրավակարգավորումը նախատեսում է իրավիճակներ, երբ հնարավոր է, որ դատական ակտի եզրափակիչ մասն անձի համար լինի բարենպաստ, իսկ պատճառաբանական մասն անբարենպաստ, ապա նախկին իրավակարգավորման համաձայն՝ դատական ակտը միայն իր կառուցվածքային ամբողջության մեջ կարող էր անձի համար լինել բարենպաստ կամ անբարենպաստ: Ընդ որում, հնարավոր էր անձի համար անբարենպաստ դատական ակտի կայացում երկու եղանակով՝ ա) երբ մերժվել կամ մասնակիորեն մերժվել էր նրա պահանջը, բ) երբ բավարարվել կամ մասնակիորեն բավարարվել էր նրա դեմ ներկայացված պահանջը: Այլ կերպ ասած՝ դատական ակտի բարենպաստ կամ անբարենպաստ լինելու մասին կարելի էր եզրակացնել միայն դրա եզրափակիչ մասով գործին տրված լուծմամբ:

Միաժամանակ, ի տարբերություն վերաքննիչ վարույթի, Նախկին օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում էր, որ անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ իր համար անբարենպաստ մասի դեմ: Վճռաբեկ վարույթի համար նույնպիսի իրավակարգավորում է սահմանված նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 4-րդ մասով: Նշված իրավակարգավորումների վերլուծությունից բխում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու ուղղակի սահմանափակում նախատեսված չլինելը նախկին իրավակարգավորման պարագայում ամենևին չի նշանակել, որ անձը կարող էր վերաքննության կարգով բողոքարկել նաև դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասը, քանի որ վերաքննիչ և վճռաբեկ վարույթներում իրավակարգավորումների նման տարբերություն սահմանելը չի ունեցել որևէ օբյեկտիվ հիմք, այլ պայմանավորված է եղել ժամանակին տեղ գտած իրավունքի բացով:

Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ բարենպաստ դատական ակտի (դատական ակտի բարենպաստ մասի) դեմ վերաքննիչ բողոք բերելու հնարավորություն նախատեսելու դեպքում օրենսդիրը վերաքննիչ դատարանի համար պետք է սահմաներ նաև վերաքննիչ բողոքի քննության արդյունքում համապատասխան բարենպաստ դատական ակտը (դատական ակտի բարենպաստ մասը) բեկանելու կամ փոփոխելու լիազորություն, մինչդեռ վերը կատարված վերլուծությամբ հիմնավորվում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նման որևէ լիազորություն չի ունեցել:

Այսպիսով, կատարված վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ չնայած ուղղակի իրավակարգավորման բացակայությանը, Նախկին օրենսգրքի գործողության ժամանակ ևս անձը կարող էր վերաքննիչ բողոք բերել առաջին ատյանի դատարանի դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: Նշվածի հաշվառմամբ էլ ենթակա էր լուծման վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցը, քանի որ անձից պետական տուրքը գանձվում է նրա բերած վերաքննիչ բողոքի համար, իսկ դատական ակտի (նրա մասի) դեմ վերաքննիչ բողոք չներկայացրած անձից պետական տուրք գանձվել չի կարող: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե վերաքննիչ բողոքի պահանջից հստակ չի երևում, թե առաջին ատյանի դատական ակտն ինչ ծավալով է բողոքարկվել, մասնավորապես՝ բողոքի պահանջում հստակ չի նշվել՝ վճիռը պահանջվում է բեկանել կամ փոփոխել ամբողջությամբ, թե մասնակիորեն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է այդ հարցը պարզել և գնահատել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների ուսումնասիրությամբ՝ ելնելով այն կանխավարկածից, որ անձը բողոքարկել է դատական ակտի՝ իր համար անբարենպաստ մասը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված սկզբնական հայցի համաձայն՝ հայցագինը կազմել է 34.580 ԱՄՆ դոլարին և 6.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի համաձայն՝ վերջինս պահանջել է 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը հաշվանցել սեփականության իրավունքով իրեն պատկանող թվով 31 զարդերից և պարտավորեցնել վերադարձնել մնացած զարդերը:

Դատարանի 17.11.2017 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

Ռուզան Ադանալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի համաձայն` վերջինս բողոքի եզրափակիչ մասում խնդրել է բեկանել Դատարանի 17.11.2017 թվականի վճիռը:

Վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշմամբ Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է սկզբնական հայցի մասով 1.037,4 ԱՄՆ դոլարին և 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ հակընդդեմ հայցի մասով Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար: Վերաքննիչ դատարանը պետական տուրքի գումարը բռնագանձելիս պատճառաբանել է հետևյալը. «Վերաքննիչ դատարանը 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել է: Նշվածը նկատի ունենալով, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկվել է ամբողջությամբ` գտել է, որ սկզբնական հայցի մասով Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլարի 3 տոկոսին` 1.037,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 6.000 եվրոյի 3 տոկոսին` 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ հակընդդեմ հայցի մասով Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար»:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները պետական տուրքի բռնագանձման վերաբերյալ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու պահանջը հստակ չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների ուսումնասիրությամբ և գնահատմամբ արձանագրեր, որ վերջինս վճիռը բողոքարկել է միայն իր համար անբարենպաստ մասով, քանի որ չէր կարող վճիռը բողոքարկել իր համար բարենպաստ՝ իր դեմ ուղղված սկզբնական հայցի մերժման մասով: Մասնավորապես՝ Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վերջինս Դատարանի վճիռը բողոքարկել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդերի հաշվանցման և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու հակընդդեմ հայցապահանջը մերժելու մասով: Ըստ այդ, լուծման էր ենթակա Ռուզան Ադանալյանի կողմից վճարման ենթակա պետական տուրքի հարցը, և քանի որ հակընդդեմ հայցի մերժման մասով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի հարցը Վերաքննիչ դատարանը լուծել է (սույն վճռաբեկ բողոքով պետական տուրքի այդ մասով որևէ պահանջ չի ներկայացվել), ապա սկզբնական հայցի մերժման մասով Ռուզան Ադանալյանից վերաքննիչ բողոքի համար պետական տուրք այլևս չպետք է բռնագանձվեր, քանի որ վերջինս այդ մասով վերաքննիչ բողոք չէր կարող ներկայացնել և չի ներկայացրել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռուզան Ադանալյանից սկզբնական հայցի մերժման մասով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումար բռնագանձելու մասով, բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի՝ այդ մասով, նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ևս արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուզան Ադանալյանի կողմից Վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշումը բողոքարկվել է մասնակիորեն` միայն պետական տուրքի գումարը բռնագանձելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը շարադրված պատճառաբանության հիմքով վերջինս չի կրում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականություն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման հարցը պետք է համարել լուծված: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացի պետական տուրքից սույն գործով այլ դատական ծախսեր առկա չեն:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.03.2018 թվականի որոշման՝ Ռուզան Ադանալյանից 34.580 ԱՄՆ դոլարի 3 տոկոսին` 1.037,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև` 6.000 եվրոյի 3 տոկոսին` 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` պետական տուրքի բռնագանձման մասը, և այդ մասով այն փոփոխել՝ այդ մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

2. Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան