Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-41
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2000-01.02.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի մարտի 20-ին
Հանրապետության Նախագահի
առաջարկությամբ  

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքով կարգավորվում են ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ա Ս

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

 

Ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ` ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նույնատիպ ապրանքներից և ծառայություններից (այսուհետ` ապրանքներ):

 

Հոդված 2. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանի պետական գրանցման (այսուհետ` գրանցում) հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը պահպանվում է օրենքով:

 

Հոդված 3. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ

 

1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ` ապրանքային նշանի վկայագիր):

3. Ապրանքային նշանի վկայագիրը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայագրում նշված ապրանքների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունքը:

 

Հոդված 4. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքն առաջանում է դրա գրանցման պահից:

2. Ապրանքային նշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք: Առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը:

3. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց առևտրային գործունեության ընթացքում արգելել առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով նշված ապրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի նույն նպատակով պահեստավորումը և սույն օրենքի 22 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների իրականացումը, եթե այդ ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է իր ապրանքային նշանին և օգտագործված է այն ապրանքների նկատմամբ`

ա) որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը.

բ) որոնք նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը:

4. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում օգտագործել որևէ նշան, որը Հայաստանի Հանրապետությունում որոշակի ապրանքների նկատմամբ հանրահայտ համարվող ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունն է և առանց վերջինիս սեփականատիրոջ թույլտվության օգտագործվում է`

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների նկատմամբ.

բ) ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, ինչը մոլորեցնելով ստիպում է այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, պայմանով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

5. Սույն դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նշանի էական մասն այդպիսի հանրահայտ ապրանքային նշանի վերարտադրությունն է կամ դրա շփոթելու աստիճանի նմանակումը:

6. Եթե ապրանքային նշանը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում Արդյունաբերական սեփականության պահպանության մասին փարիզյան կոնվենցիայի (այսուհետ` Փարիզյան կոնվենցիա) անդամ - երկրներից որևէ մեկում պահպանվող ապրանքային նշանի սեփականատիրոջ գործակալի կամ ներկայացուցչի անունով` առանց այդ սեփականատիրոջ համաձայնության, ապա վերջինս իրավունք ունի արգելելու առանց իր թույլտվության այդ ապրանքային նշանի օգտագործումը գործակալի կամ ներկայացուցչի կողմից, եթե նա իր գործողություններն արդարացնող ապացույցներ չի ներկայացնում:

 

Հոդված 5. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային (ներառյալ` բառեր, թվեր, տառեր, անուններ), պատկերային, ծավալային, ձայնային և այլ գրառմամբ ներկայացվող նշաններ կամ դրանց համակցությունը:

2. Ապրանքային նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային համակցությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 6. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ

 

1. Ապրանքային նշանի գրանցման հայտը (այսուհետ` հայտ) Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչություն (այսուհետ` գերատեսչություն) է ներկայացնում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ մինչև սույն մասի ավարտը` հայտատու), որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:

2. Հայտը կարող է ներկայացվել նաև գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

3. Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով: Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիազորագրով, որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:

4. Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգը սահմանում է գերատեսչությունը:

5. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:

6. Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի`

ա) դիմում` ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը.

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:

7. Հայտին կցվում են`

ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը.

բ) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ.

գ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով:

8. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը:

 

Հոդված 7. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու տարով, ամսաթվով (այսուհետ` թվական):

2. Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), եթե հայտը գերատեսչություն է ներկայացվել այդ թվականից վեց ամսվա ընթացքում:

3. Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադրված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը գերատեսչություն է ներկայացվել այդ թվականից վեց ամսվա ընթացքում:

4. Կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում` կցելով այդ պահանջի իրավունքը հաստատող փաստաթղթերը, կամ այդ փաստաթղթերը գերատեսչություն ներկայացնել հայտի ներկայացման թվականից երեք ամսվա ընթացքում:

5. Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանի առաջնության թվականով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

6. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա, հայտատուների միջև կնքված համաձայնագրին համապատասխան, համընկնող ապրանքների համար նշանը (կամ շփոթելու աստիճան նման նշաններից որևէ մեկը) կարող է գրանցվել նրանցից մեկի անունով:

Այդ մասին գերատեսչության ծանուցագիրն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, համընկնող ապրանքների համար նշանի գրանցման հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող ապրանքների մասով հայտերը համարվում են հետկանչված:

 

Հոդված 8. ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական փորձաքննություն և հայտարկված նշանի փորձաքննություն, իրականացնում է գերատեսչությունը:

2. Հայտի ներկայացման օրվանից երկու ամսվա ընթացքում, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում:

3. Փորձաքննության ընթացքում, մինչև նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի դիմում ներկայացնել տվյալ հայտով հայտատուի փոփոխության մասին:

4. Եթե լրացուցիչ նյութերն էապես փոփոխում են գրանցման ներկայացված նշանը, կամ եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառվել են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:

5. Փորձաքննության ընթացքում գերատեսչությունը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր` առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն դրա մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

7. Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

 

Հոդված 9. ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն օրենքի 8 հոդվածի 5-րդ կետին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունվելու կամ չընդունվելու մասին:

3. Հայտը քննարկման ընդունվելու դեպքում հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի ներկայացման թվականի մասին:

 

Հոդված 10. ՀԱՅՏԱՐԿՎՈՂ ՆՇԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացվում է նախնական փորձաքննությունն ավարտվելուց հետո վեցամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը և ստուգվում հայտարկվող ապրանքային նշանի համապատասխանությունն առնվազն սույն օրենքի 11 հոդվածով և 12 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին:

2. Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում` հայտարկված նշանը որպես ապրանքային նշան գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:

3. Նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

4. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:

5. Նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել գերատեսչության կողմից նույնատիպ ապրանքների համար ավելի վաղ առաջնությունից օգտվող նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանի հայտի ստացման կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ:

 

Հոդված 11. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԻՄՔԵՐԸ

 

 1. Ապրանքային նշանը չի գրանցվում, եթե այն բաղկացած է միայն այնպիսի նշաններից, որոնք`

ա) չունեն տարբերակիչ հատկանիշ.

բ) պետական զինանշաններ են, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Այդպիսի նշանները, որպես չպաշտպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ` դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ,

գ) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ,

դ) համընդհանուր ճանաչում ստացված խորհրդանիշներ և տերմիններ են.

ե) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը.

զ) բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`

- բխում է զուտ ապրանքի բնույթից,

- անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար,

- ապրանքին տալիս է էական արժեք:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե չեն կազմում դրա գերիշխող մասը:

3. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում են կամ պարունակում են`

ա) կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադրողի մասին.

բ) աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում.

գ) գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղեկանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար, կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

4. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորություններին):

5. Սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի պահանջներն ապրանքի արտադրության վայրի (աշխարհագրական նշման) մասով, սույն օրենքի 21 հոդվածի համաձայն գրանցվող կոլեկտիվ նշանների նկատմամբ չեն տարածվում:

 

Հոդված 12. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԱՅԼ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույն կամ նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող` այլ անձանց ապրանքային նշաններին.

գ) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ համարվող ապրանքային նշաններին, որոնք որոշվում են գերատեսչության կողմից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենքով պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը, բացառությամբ այն դեպքերի, երբ որպես չպահպանվող տարր այն ներառված է տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.

ե) սահմանված կարգով գրանցված հավաստագրային նշաններին:

2. Որպես ապրանքային նշան չեն գրանցվում նաև այն նշանները, որոնք վերարտադրում են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հայտնի և այլ անձանց պատկանող ֆիրմային անվանումները (կամ դրանց մի մասը), եթե դրանց նկատմամբ իրավունքը նրանք ստացել են մինչև նույնատիպ ապրանքների համար ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը.

բ) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշները, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.

գ) Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հանրահայտ ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումները` առանց դրանց հեղինակների կամ նրանց ժառանգների համաձայնության.

դ) հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանցից ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները` առանց այդ անձանց, նրանց ժառանգների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված թույլտվության:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջին համապատասխան ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու համար հաշվի է առնվում Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ երկրում տվյալ ապրանքային նշանի բարեխիղճ օգտագործման կամ Հայաստանի Հանրապետությունում գովազդային գործունեության հետևանքով հասարակության համապատասխան շրջանակներին նրա հայտնի դառնալու հանգամանքը:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն ապրանքային նշանների վրա, որոնք գրանցման են ներկայացվել ոչ նույնատիպ ապրանքների համար, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ այդ ապրանքների և գրանցված կամ առանց գրանցման պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ համարվող ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում գինիների անհատականացման նույնական աշխարհագրական նշումների նկատմամբ, եթե դրանք զուգակցված են համապատասխան տարբերակիչ լրացումներով, պայմանով, որ պահպանված են սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:

 

Հոդված 13. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ և ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

1. Նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ (այսուհետ` բողոքարկման խորհուրդ):

2. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:

3. Նախնական կամ կրկնական փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

4. Հայտատուն իրավունք ունի ծանոթանալ փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին: Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները:

5. Գերատեսչությունը սույն օրենքի 8 հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում:

 

Հոդված 14. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Գերատեսչությունը, ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո, մեկամսյա ժամկետում, ապրանքային նշանը գրանցում է ապրանքային նշանների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ մինչև սույն մասի ավարտը` գրանցամատյան): Գրանցամատյանում գրանցվում են ապրանքային նշանը, դրա սեփականատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանքների ցանկը, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և գերատեսչության կողմից հաստատված այլ տեղեկություններ, ինչպես նաև դրանց հետագա փոփոխությունները:

 

Հոդված 15. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Ապրանքային նշանի վկայագիրը հանձնում է գերատեսչությունը` գրանցամատյանում ապրանքային նշանի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայագրի ձևն ու դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը:

 

Հոդված 16. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչև գերատեսչություն հայտ ներկայացնելու թվականից տաս տարին լրանալը:

2. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել բազմակի անգամ` տասական տարի ժամկետով: Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվում է գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

3. Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում` լրացուցիչ տուրք վճարելու դեպքում:

4. Գերատեսչությունն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում, իսկ դրա սեփականատիրոջ խնդրանքով` ապրանքային նշանի վկայականում:

 

Հոդված 17. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Ապրանքային նշանի սեփականատերն իր անվանվան կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխման, այն ապրանքների ցանկի  կրճատման, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փոփոխման և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների մասին տեղեկացնում է գերատեսչությանը:

2. Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում փոփոխությունները կատարվում են ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն` սահմանված տուրքի վճարման դեպքում:

 

Հոդված 18. ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Գերատեսչությունն ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող և սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկությունները գրանցման օրվանից երեք ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

 

Հոդված 19. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցել օտարերկրյա պետություններում կամ կատարել դրա միջազգային գրանցում:

2. Ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը ներկայացվում է գերատեսչության միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆ

 

Հոդված 20. ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ

 

1. Կոլեկտիվ նշան է համարվում որևէ տնտեսական ընկերակցության ապրանքային նշանը, որը նախատեսված է միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող և իրենց կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանքները նշելու համար:

2. Կոլեկտիվ նշանն ու դրա օգտագործման իրավունքը փոխանցման ենթակա չեն:

 

Հոդված 21. ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Կոլեկտիվ նշանի գրանցման հայտին կցվում են` կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, որը պարունակում է տնտեսական ընկերակցության անվանումը, կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու լիազորված իրավաբանական անձի անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար:

2. Ի լրումն սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկությունների` գրանցամատյանում նշվում են նաև տեղեկություններ կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց մասին: Այդ տեղեկությունները, ինչպես նաև կանոնադրությունից քաղվածքը, միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող այն ապրանքների մասին, որոնց համար գրանցված է տվյալ կոլեկտիվ նշանը, հրատարակվում են գերատեսչության պաշտոնական տեղեկագրում:

3. Կոլեկտիվ նշանի սեփականատերը տեղեկացնում է գերատեսչությանը կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

4. Միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում, ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, գրանցման գործողությունը կարող է դադարեցվել վաղաժամկետ` ամբողջովին կամ մասնակիորեն:

5. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը գերատեսչության կողմից սահմանված կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 22. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա:

2. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաև դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցանմուշները ցուցադրելիս միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է:

3. Միջնորդական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պայմանագրային հիմունքներով կարող են իրենց ապրանքային նշանն օգտագործել ապրանքն արտադրողի ապրանքային նշանի հետ համատեղ կամ դրա փոխարեն:

4. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից կամ դիմումին նախորդող 5 տարվա ընթացքում ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ սույն օրենքի 26 հոդվածի համաձայն, լիցենզային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից այն անընդհատորեն չի օգտագործվել:

5. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե`

ա) ապրանքային նշանի սեփականատերը կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձը փաստարկներ է ներկայացնում, որ նշանի չօգտագործումը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.

բ) ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից` դրա տարբերակիչ բնույթի չփոփոխող միայն առանձին տարրերով.

գ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում զետեղվել է ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա` բացառապես արտահանման նպատակով:

6. Դեղագործական, սննդամթերքի և արդյունաբերական որոշ ապրանքներ ու տեսակներ, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները պետք է մակնշվեն գրանցված ապրանքային նշաններով: Այդ ապրանքների լրիվ ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 23. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի երրորդ անձանց արգելել առևտրային գործունեության ընթացքում օգտագործել`

ա) իրենց անվանումը (անունը, կեղծանունը) կամ հասցեն.

բ) ապրանքի տեսակը, որակը, քանակը, արժեքը, ստեղծման (մատուցման) նպատակը և այլ հատկությունները, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման (մատուցման) տեղը և ժամանակը բնորոշող նշանները.

գ) ապրանքային նշանը, եթե դա անհրաժեշտ է ապրանքի ստեղծման (մատուցման) նպատակը նշելու համար, մասնավորապես` որպես օժանդակ կամ պահեստային մասեր`

եթե դրանք օգտագործվում են առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ և երրորդ անձանց օրինական շահերին վնաս պատճառելու և սպառողին մոլորության մեջ գցելու:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի արգելել այլ անձանց կողմից տվյալ նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում` նշանի սեփականատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ փոփոխության չեն ենթարկվել:

 

Հոդված 24. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄԸ

 

Ապրանքային նշանի սեփականատերը կարող է դրա կողքին զետեղել Հայաստանի Հանրապետությունում տվյալ ապրանքային նշանի գրանցված լինելը վկայող նախազգուշական գրառում` շրջանագծի մեջ ներառված (R) կամ առանձին լատիներեն R տառի, ինչպես նաև «ապրանքային նշան» կամ «գրանցված ապրանքային նշան» արտահայտությունների տեսքով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 25. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՈՒՄԸ

 

Ապրանքային նշանը պայմանագրով կարող է զիջվել այլ անձանց` բոլոր այն ապրանքների կամ դրանց մի մասի համար, որոնք նշված են ապրանքային նշանի վկայագրում: Ապրանքային նշանը զիջել չի թույլատրվում, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ` ապրանքային կամ դրա արտադրողին վերաբերող հարցերում:

 

Հոդված 26. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ապրանքային նշանի սեփականատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրի հիման վրա կարող է այլ անձի (լիցենզառու) տալ ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն:

2. Լիցենզային պայմանագրում պետք է նշվի, որ լիցենզառուի ապրանքը որակապես չպետք է զիջի լիցենզատուի ապրանքին, և վերջինս վերահսկողություն պետք է իրականացնի այդ պահանջի կատարման նկատմամբ:

3. Ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն չի տրվում, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ` ապրանքի արտադրության վայրին վերաբերող հարցում:

 

Հոդված 27. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՄԱՆ և ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Ապրանքային նշանի զիջման և լիցենզային պայմանագրերը գրանցվում են գերատեսչությունում: Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 28. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Ապրանքային նշանի գրանցումը դրա գործողության ամբողջ ժամկետի ընթացքում կարող է ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչվել, եթե դա կատարվել է սույն օրենքի 3 և 11 հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ կամ օգտագործվել է անբարեխիղճ, մասնավորապես` Փարիզյան կոնվենցիայի 6 septies հոդվածի համաձայն, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից հինգ տարվա ընթացքում` սույն օրենքի 12 հոդվածի պահանջներից ելնելով:

2. Ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին բողոքը կարող է բողոքարկման խորհուրդ ներկայացնել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:

3. Բողոքարկման խորհրդի որոշումը դրա ընդունման օրվանից վեցամսյա ժամկետում կարող է վիճարկվել դատական կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքային նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն կարող է ճանաչվել անվավեր նաև գերատեսչության նախաձեռնությամբ` իր կողմից հաստատված կարգով:

 

Հոդված 29. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԿՐԿՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Գերատեսչությունն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարում հետևյալ դեպքերում`

ա) ավարտվել է սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը.

բ) սույն օրենքի 21 հոդվածի 4-րդ կետի համաձայն, դատարանի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է կոլեկտիվ նշանի գրանցումը` միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանն օգտագործելու պատճառով.

գ) սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի համաձայն, դատարանի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է ապրանքային նշանի գործողությունը` ապրանքային նշանի չօգտագործման պատճառով.

դ) ապրանքային նշանի գրանցումը ճանաչվել է անվավեր` սույն օրենքի 28 հոդվածի համաձայն.

ե) լուծարվել է ապրանքային նշանի սեփականատերը.

զ) ցանկացած անձի դիմումի համաձայն, դատարանի որոշմամբ ապրանքային նշանը ճանաչվել է որոշակի տեսակի ապրանքների նշման վերացված և համընդհանուր կիրառում ստացած նշան.

է) ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու կապակցությամբ, հաշվի առնելով սույն օրենքի 41 հոդվածի 7-րդ կետի պահանջը.

ը) ապրանքային նշանից հրաժարվել է դրա սեփականատերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու դեպքերում (բացառությամբ «դ» ենթակետում նշվածի), գրանցման գործողության դադարեցման օրվանից 3 տարվա ընթացքում ապրանքային նշանը, նախկին սեփականատիրոջից կամ նրա իրավահաջորդից բացի, այլ անձանց անունով չի կարող գրանցվել:

 

Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30. ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

 

1. Ապրանքի ծագման տեղանունը (այսուհետ` տեղանուն) երկրի, բնակավայրի, տեղանքի կամ աշխարհագրական այլ օբյեկտի (այսուհետ` աշխարհագրական օբյեկտ) անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

2. Տեղանունը կարող է լինել աշխարհագրական օբյեկտի պատմական անվանում:

3. Տեղանուն չի համարվում այն անվանումը, որը, լինելով կամ իր մեջ բովանդակելով աշխարհագրական օբյեկտի անվանում, Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր գործածության մեջ է մտել որպես արտադրության տեղի հետ չկապված որոշակի տեսակի ապրանքի արտահայտչամիջոց:

 

Հոդված 31. ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում տեղանվան իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` դրա գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Տեղանունը պահպանվում է օրենքով:

3. Տեղանունը կարող են գրանցման ներկայացնել`

ա) մեկ կամ մի քանի իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ովքեր հայտում նշված տեղանքում արտադրում են տվյալ ապրանքը.

բ) սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները.

գ) տվյալ ապրանքի արտադրությանն առնչություն ունեցող այլ իրավասու մարմիններ:

4. Տեղանունը գրանցման ներկայացրած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք է ստանում օգտագործել այն, եթե նրա կողմից արտադրվող ապրանքը համապատասխանում է սույն օրենքի 30 հոդվածի 1-ին կետի պահանջներին:

5. Սահմանված կարգով գրանցված տեղանվան օգտագործման իրավունքը կարող է տրվել նույն աշխարհագրական տեղանքում նույն հատկանիշներով ապրանք արտադրող ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ:

6. Տեղանվան գրանցումը գործում է անժամկետ:

7. Որպես ապրանքի ծագման տեղանուն իրավական պահպանության ենթակա չէ այն անվանումը, որը լինելով ապրանքի իրական ծագման աշխարհագրական օբյեկտի անվանում, սպառողին տալիս է կեղծ պատկերացում այն մասին, իբր ապրանքը ծագել է մեկ այլ նույնանուն աշխարհագրական օբյեկտից:

8. Գինիների անհատականացման նույնանուն աշխարհագրական նշումների դեպքում դրանցից յուրաքանչյուրին տրվում է իրավական պահպանություն, եթե դրանք պարունակում են համապատասխան տարբերակիչ լրացումներ, պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 6-րդ կետի դրույթները և արտադրողների արդարացի շահերը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ

 

Հոդված 32. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏԸ

 

1. Տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը (այսուհետ` հայտ) գերատեսչություն են ներկայացնում սույն օրենքի 31 հոդվածի 3-րդ կետում նշված իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

2. Հայտը կարող է ներկայացվել սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով` 3-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

 3. Հայտը պետք է վերաբերի մեկ տեղանվան և պարունակի`

ա) դիմում` տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող տեղանունը.

գ) այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռումը` նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական օբյեկտի) անվանումը.

դ) փաստաթղթեր, որոնք հստակ նույնականացնում են աշխարհագրական օբյեկտի սահմանները, որի նկատմամբ կիրառվում է տեղանունը.

ե) ապրանքի (անհրաժեշտության դեպքում` նաև հումքանյութի) յուրահատկությունների նկարագրությունը (հիմնական ֆիզիկական, քիմիական, մանրէաբանական և (կամ) օրգանոլեպտիկ բնութագրերը).

զ) անհրաժեշտության դեպքում` ապրանքի արտադրության տեղական յուրահատուկ եղանակի նկարագրությունը.

է) տեղանվան հետ կապված յուրահատուկ մակնշման մանրամասները:

4. Հայտին կցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության հայտատուների համար` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով (սույն օրենքի 31 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված հայտատուների համար).

բ) օտարերկրյա հայտատուների համար` ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.

գ) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը.

դ) արտոնագրային հավատարմատար իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

5. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6. Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը:

 

Հոդված 33. ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական և հայտարկված տեղանվան փորձաքննությունները, իրականացնում է գերատեսչությունը:

 2. Գերատեսչություն հայտ ներկայացնելու օրվանից, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում:

3. Եթե լրացուցիչ նյութերը փոփոխում են գրանցման ներկայացված տեղանունն ըստ էության, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:

4. Փորձաքննության ընթացքում գերատեսչությունը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5. Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված:

6. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է գերատեսչություն հայտ ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխան ստանալը:

7. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին:

8. Քննարկման ընդունված հայտով անցկացվում է հայտարկված տեղանվան փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը սույն օրենքի 30 հոդվածով սահմանված պահանջներին:

9. Փորձաքննությունից հետո գերատեսչությունը որոշում է ընդունում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունք տալու, կամ տեղանվան գրանցումը մերժելու և դրա օգտագործման իրավունք չտալու, կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու կամ չտալու մասին:

10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

11. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:

12. Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

 

Հոդված 34. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ և ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

1. Նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:

2. Նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

Գերատեսչությունը սույն օրենքի 33 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում:

 

Հոդված 35. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Որպես ապրանքի ծագման տեղանուն չի կարող գրանցվել այն անվանումը, որը`

ա) գրանցման է ներկայացվել ոչ իրավասու անձանց կողմից.

բ) չի համապատասխանում սույն օրենքի 30 հոդվածի պահանջներին.

գ) նույնական կամ շփոթելու աստիճան նման է նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված տեղանվանը.

դ) հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ բարեխիղճ մրցակցության (գործարար շրջանառության) սովորություններին.

ե) կարող է խախտվել այլ երրորդ անձանց իրավունքները (հեղինակային իրավունք, արդյունաբերական սեփականության նկատմամբ իրավունք և այլն).

զ) չի պահպանվում, պահպանությունը դադարեցվել է կամ գործածությունը չի թույլատրվում ծագման երկրում.

է) մոլորության մեջ է գցում, մասնավորապես` ապրանքի բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման վերաբերյալ, նույնիսկ երբ տեղանունը բառացիորեն հավաստի է ապրանքի ծագման աշխարհագրական տեղանքի իմաստով (նույնանուն տեղանունների դեպքում), բայց սպառողին տալիս է կեղծ պատկերացում` իբրև ապրանքը ծագում է այլ աշխարհագրական տեղանքից: Նույնանուն անվանումների դեպքում տեղանունը կարող է գրանցվել, եթե ապրանքի մակնիշի վրա պարզ և տեսանելի արտահայտված է սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարր, օրինակ` ծագման երկրի կամ շրջանի անունը:

 

Հոդված 36. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

1. Գերատեսչությունը, տեղանունը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում տեղանունը գրանցում է ապրանքների ծագման տեղանունների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` գրանցամատյան): Գրանցամատյանում գրանցվում են տեղանունը, դրա օգտագործման իրավունքի վկայագրի (այսուհետ` վկայագիր) սեփականատիրոջ մասին տեղեկությունները, այն ապրանքի նշումը, որի համար գրանցված է տվյալ տեղանունը, դրա առանձնահատկությունների նկարագրությունը, գերատեսչության կողմից սահմանված ցանկով այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են տեղանվան գրանցմանն ու օգտագործման իրավունք տալուն, ինչպես նաև այդ տեղեկությունների հետագա փոփոխությունները:

2. Վկայագիրը հանձնում է գերատեսչությունը` տեղանվան գրանցամատյանում գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Վկայագրի ձևն ու դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը:

 

Հոդված 37. ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Վկայագիրը գործում է մինչև գերատեսչություն հայտ ներկայացնելու թվականից տաս տարին լրանալը:

2. Վկայագրի գործողության ժամկետը, դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, կարող է երկարաձգվել բազմակի անգամ` տասական տարի ժամկետով, եթե դիմումին կից ներկայացվել են տվյալ աշխարհագրական տեղանքում վկայագրի սեփականատիրոջ գտնվելու և վկայագրում նշված հատկություններով ապրանք արտադրելու մասին համապատասխան իրավասու մարմինների տեղեկանքները: Վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը տրվում է դրա գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

3. Վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է վկայագրի գործողության ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում` լրացուցիչ տուրք վճարելու դեպքում:

4. Գերատեսչությունը վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում, իսկ վկայագրի սեփականատիրոջ խնդրանքով` վկայագրում:

 

Հոդված 38. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Վկայագրի սեփականատերն իր անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության, ինչպես նաև տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկացնում է գերատեսչությանը:

2. Գրանցամատյանում և վկայագրում փոփոխությունները կատարվում են վկայագրի սեփականատիրոջ դիմումի համաձայն` սահմանված տուրքի վճարման դեպքում:

 

Հոդված 39. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Գերատեսչությունը տեղանվանը և սույն օրենքի 36 հոդվածին համապատասխան գրանցամատյանում գրանցված տեղեկությունները (բացառությամբ ապրանքի առանձնահատկություններին վերաբերող տեղեկությունների) գրանցման օրվանից երեք ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

 

Հոդված 40. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության անձինք և անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն տեղանունը գրանցելու օտարերկրյա պետություններում:

2. Օտարերկրյա պետություններում տեղանվան գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում այն գրանցվելուց և օգտագործման իրավունք ստանալուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 41. ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Տեղանվան օգտագործում է համարվում դրա կիրառումն ապրանքի և փաթեթավորման վրա, գովազդներում, ազդագրերում, հաշիվներում, ձևաթղթերում, ինչպես նաև ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելու հետ կապված այլ փաստաթղթերում:

2. Չի թույլատրվում տեղանվան ցանկացած օգտագործում, որը Փարիզյան կոնվենցիայի 10 bis հոդվածի համաձայն կարող է որակվել որպես անբարեխիղճ մրցակցության ակտ:

3. Չի թույլատրվում ապրանքների նշման կամ ներկայացման համար օգտագործել որևէ միջոց, որը մատնանշում է կամ սպառողի մոտ ենթադրություն է առաջացնում այն մասին, իբր տվյալ ապրանքը ծագել է այլ աշխարհագրական օբյեկտից, քան դրա ծագման իրական աշխարհագրական օբյեկտն է:

4. Չի թույլատրվում գրանցված տեղանվան օգտագործումը համապատասխան վկայագիր չունեցող անձանց կողմից, եթե նույնիսկ նշվում է ապրանքի ծագման ճշգրիտ վայրը, կամ տեղանունն օգտագործվում է թարգմանաբար կամ այնպիսի արտահայտությունների զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «նմանակում» և այլն, ինչպես նաև ապրանքի ծագման տեղի և առանձնահատկությունների մասին սպառողներին մոլորության մեջ գցելու ընդունակ համանման նշանի օգտագործումը ցանկացած ապրանքի համար:

5. Նույնանուն անվանումների դեպքում ապրանքի ծագման տեղանունը կարող է օգտագործվել, եթե այն զուգակցված է պարզ և տեսանելի արտահայտված, սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարրով, օրինակ` ծագման երկրի կամ շրջանի անվանմամբ:

6. Ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր իրավունք ունի առևտրային գործունեության ընթացքում օգտագործել`

ա) գրանցված տեղանունն այն ապրանքների նկատմամբ, որոնք տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում տեղանունն օգտագործելու վկայագիր ունեցող անձի կողմից, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ չեն փոփոխվել.

բ) իր անունը կամ իր գործարարական իրավանախորդի անունը կամ հասցեն, եթե դա չի մոլորեցնում հասարակությանը` ապրանքի աշխարհագրական ծագման հարցում:

7. Հայաստանի Հանրապետությունում տեղանվան գրանցման օրվանից երեք տարվա ընթացքում այն կարող է օգտագործվել դրա հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից, եթե դա գրանցվել է տեղանունը գրանցելու օրվանից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ: Նշված ժամանակահատվածում ցանկացած անձ իրավունք ունի առևտրային գործունեության ընթացքում օգտագործել գրանցված տեղանունն այն ապրանքների նկատմամբ, որոնք տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևիցե երկրում նշված ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայի հետազոտման (մարքեթինգի) ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ չեն փոփոխվել:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ապրանքների և ծառայությունների հետ կապված գինիներ կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող այլ երկրի աշխարհագրական նշումները Հայաստանի Հանրապետությունում օգտագործել են`

ա) անընդհատ` 1994 թվականի ապրիլի 15-ին նախորդող առնվազն տաս տարվա ընթացքում, կամ`

բ) բարեխիղճ կերպով` մինչև 1994 թվականի ապրիլի 15-ը` իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում նույնատիպ ապրանքների և ծառայություններին նկատմամբ շարունակել կամ նման կերպ օգտագործել տվյալ աշխարհագրական նշումները:

9. Այլ երկրի աշխարհագրական նշում պարունակող խաղողագործության արտադրանքների, այդ թվում` գինիների համար նախատեսված, և մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումներ օրինական կարգով կամ բարեխիղճ կերպով օգտագործող անձանց իրավունք է տրվում շարունակել տվյալ աշխարհագրական նշման օգտագործումը, եթե այն նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքում աճող խաղողի տարատեսակի սովորական անվանմանը:

10. Ապրանքի ծագման տեղանվանը նման կամ նույնական ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները շարունակում են պահպանվել, եթե վերջինս բարեխղճորեն գրանցման է ներկայացվել կամ գրանցվել է`

ա) մինչև Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի Առևտրին վերաբերող մտավոր սեփականության իրավունքների ասպեկտների մասին (TRIPs) համաձայնագրի դրույթների կիրառման թվականը, կամ`

բ) մինչև այդ տեղանվան պահպանության ձեռքբերումն իր ծագման երկրում:

11. Սույն օրենքի 31 հոդվածի 3-րդ կետում նշված իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և իրավասու մարմինների պահանջներն ապրանքային նշանի օգտագործման կամ գրանցման վերաբերյալ պետք է ներկայացվեն պահպանվող տեղանվան անօրինական օգտագործման մասին Հայաստանի Հանրապետությունում լայնորեն հայտնի դառնալուց հինգ տարվա ընթացքում, պայմանով, որ այդ անվանումը գրանցվել է բարեխղճորեն:

12. Վկայագրի սեփականատերն իրավունք չունի տեղանվան օգտագործման իրավունքը փոխանցել այլ անձանց:

 

Հոդված 42. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄ

 

Վկայագրի սեփականատերը կարող է տեղանվան կողքին զետեղել Հայաստանի Հանրապետությունում տվյալ տեղանվան գրանցված լինելը վկայող նախազգուշական գրառում` «գրանցված ապրանքի ծագման տեղանուն» կամ «գրանց. ԱԾՏ» արտահայտությունների տեսքով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 43. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Տեղանվան գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե դա կատարվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

2. Վկայագիրը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն տրվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

3. Ցանկացած անձ սույն օրենքի 30, 31 և 35 հոդվածներում նշված հիմքերով կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ կամ դատարան` տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու դեմ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:

4. Բողոքարկման խորհրդի որոշումը, այն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, կարող է վիճարկվել դատական կարգով:

 

Հոդված 44. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Գերատեսչությունը տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչում, եթե`

ա) տեղանվան գրանցումն անվավեր է ճանաչվել սույն օրենքի 43 հոդվածի համաձայն.

բ) վերացել են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ պայմանները, և անհնար է դարձել պետական գրանցամատյանում նշված հատկություններով ապրանքի արտադրությունը: Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող անհատ ձեռնարկատերերի և օտարերկրյա իրավաբանական անձանց անունով տեղանվան գրանցումը, բացի նշված հիմքերից, ուժը կորցրած է ճանաչում նաև ապրանքի ծագման երկրում նրանց կողմից տվյալ անվանման օգտագործման իրավունքը կորցնելու դեպքում:

2. Գերատեսչությունը տեղանվան վկայագիրն ուժը կորցրած է ճանաչում, եթե`

ա) այն անվավեր է ճանաչվել սույն օրենքի 43 հոդվածի համաձայն.

բ) ապրանքը կորցրել է գրանցամատյանում նշված առանձնահատկությունները.

գ) տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչվել` սույն հոդվածի 1-ին կետի համաձայն.

դ) լուծարվել է վկայագրի սեփականատերը.

ե) վկայագրի սեփականատերը վկայագրից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել գերատեսչություն:

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

 

Ապրանքային նշանի գրանցման, տեղական գրանցման կամ օգտագործման իրավունքի վկայագրի հայտ ներկայացնելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար գանձվում են տուրքեր, որոնց տեսակները, չափերը և վճարման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 46. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Դատական կարգով լուծվում են սույն օրենքի կիրառման հետ կապված վեճերը, այդ թվում` այն վեճերը, որոնք վերաբերում են`

ա) ապրանքային նշանի բացառիկ իրավունքի խախտմանը.

բ) լիցենզային պայմանագրի կնքմանը և կատարմանը, ինչպես նաև ապրանքային նշանի զիջման պայմանագրին.

գ) տեղանվան ապօրինի օգտագործմանը:

 

Հոդված 47. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ և ՏԵՂԱՆՎԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի, ինչպես նաև տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը, որը հակասում է սույն օրենքի 4 և 41 հոդվածների պահանջներին, առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, բացի ապօրինի օգտագործման դադարեցման և վնասների փոխհատուցման պահանջից, իրականացվում է նաև հետևյալ եղանակներով.

ա) խախտողի կողմից դատարանի որոշման հրապարակումով` տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.

բ) ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքից կամ նրա փաթեթավորումից այնպիսի եղանակով հանելով, որը կբացառի ապրանքի կամ նրա փաթեթավորման վրա այն նորից զետեղելու վտանգը.

գ) ոչնչացնելով ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի պատկերները.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նախատեսված եղանակներն իրականացնելու անհնարինության դեպքում, բացառելով ապրանքային նշանի սեփականատիրոջը հետագայում որևէ վնաս պատճառելու հնարավորությունը, առանց որևիցե փոխհատուցման առգրավելով կամ նաև ոչնչացնելով ապօրինի ապրանքային նշանով մակնշված ապրանքը և (կամ) փաթեթը:

3. Գրանցված տեղանունը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապօրինի օգտագործող անձն ապրանքների ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի սեփականատիրոջ, հասարակական կազմակերպության պահանջով պարտավոր է`

ա) դադարեցնել դրա օգտագործումը և բոլոր տուժածներին փոխհատուցել հասցված վնասները, ինչպես նաև տեղական բյուջե մուծել տեղական ապօրինի օգտագործումից ստացված շահույթից վնասների հատուցումը գերազանցող գումարը.

բ) հրապարակել դատական որոշումը` տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.

գ) ապրանքի, դրա փաթեթավորման, ձևաթղթի և այլ փաստաթղթերի վրայից այնպես վերացնել ապօրինի օգտագործվող տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը (արտահայտչամիջոցը), որպեսզի բացառվի ապրանքի կամ նրա փաթեթավորման վրա այն նորից զետեղելու վտանգը.

դ) ոչնչացնել պատրաստված տեղանվան պատկերները.

ե) սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված պահանջները կատարելու անհնարինության դեպքում` ապօրինի տեղանվամբ մակնշված ապրանքը և (կամ) փաթեթն առանց որևիցե փոխհատուցման ենթակա են առգրավման կամ ոչնչացման:

4. Ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան ապօրինի օգտագործման դեպքում, հետագա խախտումների վտանգը նվազեցնելու նպատակով, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել խախտման համար հիմք ծառայած նյութական օբյեկտների (նյութերի, սարքերի, գովազդային միջոցների և այլնի) առգրավմամբ, եթե դրանք գերակշռորեն օգտագործվել են նշված նպատակով:

5. Ցանկացած անձ, որի իրավունքներն ապրանքային նշանի կամ տեղանվան նկատմամբ խախտվում կամ կարող են խախտվել, իրավասու է դիմել դատարան` ապօրինի օգտագործվող ապրանքային նշան կամ տեղանուն կրող ապրանք տիրապետողից այդպիսի ապրանքների արտադրությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև դրանց ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին տեղեկատվություն պահանջելու խնդրանքով:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում`

ա) ապօրինի օգտագործվող ապրանքային նշան կամ տեղանուն կրող ապրանք տիրապետող անձը, որը հրաժարվում է հայտնել այդպիսի ապրանքների ձեռքբերման աղբյուրի մասին.

բ) ցանկացած անձ, որն ապրանքային նշանի կամ տեղանվան իրական իրավատիրոջ վերաբերյալ կեղծ հայտարարություն է անում, կամ ապրանքի (կամ դրա փաթեթավորման) վրայից ապօրինաբար հեռացնում է ապրանքային նշանը կամ տեղանունը, կամ խաբեությամբ իրեն ներկայացնում է իբրև ապրանքային կամ տեղանվան իրավատեր.

գ) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան հետ նախազգուշական գրառում կիրառող անձը, եթե այդ գրառումը չի արտահայտում որևէ վկայակոչում այլ երկրում գրանցված լինելու մասին, կամ տվյալ ապրանքների համար այդ ապրանքային նշանը կամ տեղանունն իրականում գրանցված չէ նշված երկրում:

 

Հոդված 48.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Օտարերկրյա անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց հավասար:

2. Հայաստանի Հանրապետությունում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքը տրվում է այն պետությունների անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք նույնանման իրավունք են տալիս Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց:

 

Հոդված 49. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 50. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցման գործողությունը, ինչպես նաև ապրանքների ծագման տեղանունների գրանցումը և դրանց օգտագործման իրավունքի վկայագրերը մնում են ուժի մեջ:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գերատեսչություն ներկայացված ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման այն հայտերով, որոնց քննարկումը չի ավարտվել, փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

 3. Ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մայիսի 12-ին ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
31 մարտի 2000 թ.
 ՀՕ-41