ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 970-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ (ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՏԵՐՖԵՅՍԸ) ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 7.3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (այսուհետ՝ բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) բջջային հավելվածից օգտվելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բջջային հավելվածը շահագործման հանձնելու օրվանից, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 970-Ն որոշման |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
(ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՏԵՐՖԵՅՍԸ)
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ
(ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ)
ԲԱԺԻՆ 1. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտատերերի կողմից բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու և դրանք խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու, կենտրոնում նյութի մշակման, վարչական տույժ նշանակելու մասին որոշման նախագծի կազմման, որոշումները համակարգելու ավտոմատացված տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ hամակարգ) կազմված է երեք ենթահամակարգից`
1) բջջային հավելված.
2) խախտումների արձանագրման կենտրոն.
3) որոշումների կառավարում:
ԲԱԺԻՆ 2. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳ
2. ANDROID, IOS ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
2. Android և iOS հավելվածների դիզայնն ամբողջությամբ պետք է համապատասխանի Google Material Design-ի և Apple Human Interface Guidelines-ի ստանդարտներին։
3. Android հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝
1) Java/Js.
2) MVVM.
3) DataBinding.
4) Dagger 2.
5) RxJava/ RxAndroid.
6) Android Jetpack:
4. iOS հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝
1) Swift/Js.
2) Apple MVC.
3) Socket.
4) GCD Multithreading.
5) Networking rest:
5. Ցանկալի է, որ վեբ հավելվածների դիմային մասը (Frontend) հնարավորինս համապատասխանեցված լինի Համացանցի կոնսորցիումի (W3C) հետևյալ ստանդարտներին՝ ներկայումս շրջանառվող փաստաթղթերի համապատասխան՝
1) վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց (WCAG 2.0, https://www.w3.org/TR/WCAG20/)` նպատակ ունենալով ստեղծվող գործիքները հնարավորինս մատչելի դարձնել հանրության լայն խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար.
2) մոբայլ վեբ հավելվածների ճանապարհային քարտեզ (https://www.w3.org/2019/11/web-roadmaps/mobile/).
3) մոբայլ վեբ հավելվածների լավագույն փորձեր (https://www.w3.org/TR/mwabp/).
4) մոբայլ մատչելիություն՝ ինչպիսիք են WCAG 2.0-ն և W3C/WAI ուղեցույցները, որոնք կիրառվում են հեռախոսների դեպքում (https://www.w3.org/TR/mobile-accessibility-mapping/)։
3. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. «Տեսանկարահանում», «Լուսանկարահանում», «Անընդհատ նկարահանման ռեժիմ» բաժիններում արձանագրված խախտումներով հավելվածի կողմից ավտոմատ կերպով իրականացվող գործողություններ՝
1) սկիզբ/ավարտ ամսաթիվը, ժամը, րոպեն և վայրկյանը պետք է վերցվեն համակարգի սերվերից՝ բացառելով օգտատիրոջ կողմից հեռախոսի ժամի/ամսաթվի փոփոխության միջոցով սխալ տվյալների ներկայացումը.
2) օրվա, ամսվա և տարեթվի, ժամանակի (ժամի, րոպեի, վայրկյանի), իսկ տեսանյութերի դեպքում նաև տեսանյութի սկզբի և ավարտի տևողության ցուցիչի (էլեկտրոնային ժամացույցի սկզբունքով) արտացոլումը տեսանյութի կամ լուսանկարի վրա.
3) GPS կոորդինատների ֆիքսումը պետք է կատարվի ավտոմատ` բացառելով ոչ իրական (fake) կոորդինատների օգտագործումը՝ արտացոլելով տեսանյութի կամ լուսանկարի վրա.
4) խախտում գրանցելու և ուղարկելու հրահանգների դեպքում համակարգը պետք է գեներացնի հատուկ նույնականացուցիչներ, որոնք ավտոմատ ներառվելու են ուղարկվող տվյալների մեջ՝ հավաստելով բջջային հավելվածից խախտումն արձանագրված լինելու փաստը.
5) գրանցման և հավելվածից օգտվելու յուրաքանչյուր հաջորդող գործողության, այդ թվում՝ սխալի կամ դրա ճիշտ կատարման մասին անձն ստանում է հաղորդագրություն/ծանուցում.
6) համակարգը, խախտումների արձանագրման ստացիոնար տեսախցիկների մերձակայքում (մինչև 100 մ), օգտագործելով աշխարհագրական դիրքի ճանաչում (geofances), կարող է թույլ չտալ իրականացնել տեսանկարահանում.
7) համակարգի միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունն իրականացվում է SSL սերտիֆիկատի միջոցով։
4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵԲ ՀԱՎԵԼՎԱԾ
7. Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում՝ eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։
8. Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:
9. Օգտատերն ընտրում է նույնականացման տեսակը:
10. Օգտատերը նշում է այն հեռախոսահամարը, որի վրա կարգաբերվում է բջջային հավելվածը (հետագայում փոփոխելու հնարավորությամբ) և որին փոխանցվում է հաստատման կոդը։
11. Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշված հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ և բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։
12. Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում և ակտիվացում անցնելուց հետո բոլոր տվյալները կվերականգնվեն։
5. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
13. Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։
14. Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։
15. Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը և անցնում է կոդի ակտիվացման էջ։
16. Բջջային հավելվածն ակտիվացնելու համար օգտատերը մուտքագրում է Հանրային ծառայությունների համարանիշը, որից հետո վեբ հավելվածում նշված հեռախոսահամարին ստանում է ակտիվացման PIN կոդը և ինքնաշխատ եղանակով ակտիվանում:
6. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
17. Հավելվածի գլխավոր էջը կազմող բաժիններն են՝
1) տեսանկարահանում.
2) լուսանկարահանում.
3) անընդհատ տեսանկարահանման ռեժիմ.
4) պատմություն.
5) հաշիվ.
6) ծանուցումներ.
7) կանոններ.
8) հետադարձ կապ:
7. ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
18. «Տեսանկարահանում» բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել նկատված խախտումը։ Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։
19. Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։
20. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև մուտքագրում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):
21. Տեսանյութի տիպը կոդավորվում է mp4 ընդլայնումով։
22. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերն ստեղծված նյութը կարող է ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։ Օգտատերը մինչև ստեղծված խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։
8. ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
23. «Լուսանկարահանում» բաժինը ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է լուսանկարել նկատված խախտումը, բայց ոչ ավելի, քան 5 լուսանկար:
24. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):
25. Նկարի տիպը պետք է կոդավորվի jpg կամ jpeg ընդլայնումով։
26. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո, 1 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Լուսանկարում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։
9. ԱՆԸՆԴՀԱՏ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՌԵԺԻՄ
27. «Անընդհատ տեսանկարահանման ռեժիմ բաժինը» ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել իր շարժման ընթացքը:
28. Տեսախցիկի տեսադաշտում խախտում հայտնվելու դեպքում կարող է տալ հրահանգ արձանագրել այն, որից հետո համակարգը սկսում է առանձնացնել տեսաձայնագրությունը հրահանգը տալուն նախորդող 10 վայրկյանից սկսած: Առանձնացվող տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։
29. Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։
30. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):
31. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Հավելվածը, մինչև օգտատիրոջ կողմից որոշում կայացնելը, պետք է թույլ տա կրկին դիտել առանձնացված և ուղարկվող տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։
10. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
32. «Պատմություն» բաժնում ցուցադրվում է տվյալ օգտատիրոջ կողմից սահմանված ժամանակահատվածում արձանագրված և ուղարկված ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ նյութերի քաղվածքը և դրանց կարգավիճակները։
33. Նյութերի քաղվածքը պետք է պարունակի տեղեկատվություն տեսանյութի կամ լուսանկարի արձանագրման ժամանակի, ընտրված իրավախախտման տեսակի, արձանագրման վայրի և այն խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու ժամանակագրության մասին։ Համակարգի կողմից արդեն իսկ արխիվացված տվյալները չեն ցուցադրվում:
11. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎ
34. Օգտատիրոջ հաշիվ բաժնում ցուցադրվում են օգտատիրոջ անձնական տվյալները, որոնք համակարգում գրանցվել են նույնականացման գործընթացի ժամանակ (անուն, id, ազգանուն, հայրանուն և այլն)։
35. Օգտատիրոջ անձնական տվյալները ենթակա չեն փոփոխման։
36. Եթե օգտատերը դուրս է եկել սեփական հաշվից, ապա մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման և ակտիվացման գործընթացը՝ նշելով «Գրանցված օգտատեր» դաշտը։
37. Օգտատերը կարող է իր անձնական հաշիվն ապաակտիվացնել օգտագործելով վեբ (web) հավելվածը։
12. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
38. «Ծանուցումներ» բաժնում ցուցադրվում է համակարգի և խախտումների արձանագրման կենտրոնի կողմից ուղարկված ծանուցումների ցուցակը։
13. ԿԱՆՈՆՆԵՐ
39. «Կանոններ» բաժնում օգտատերերին տրվում է հակիրճ տեղեկատվություն համակարգի աշխատանքի և նպատակի մասին, ինչպես նաև համակարգից օգտվելու կանոնների և դրույթների մասին։
14. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
40. «Կապ» բաժնում օգտատերերին տրամադրվում է խնդիրների դեպքում համակարգի սպասարկողների հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները։
ԲԱԺԻՆ 3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
15. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
41. Խախտումների արձանագրման կենտրոնում կիրառվող ծրագրային ապահովումների, օպերացիոն համակարգերի, համակարգչային ցանցի կազմակերպման, ցանցի և տվյալների անվտանգության ապահովման, սերվերների, տվյալների պահոցի, արխիվացման և կրկնօրինակման տեխնիկական լուծումների ընտրությունն իրականացվում է ներդրողի հայեցողությամբ՝ ապահովելով սույն տեխնիկական բնութագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավական նորմերով և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարումը։
42. Խախտումների արձանագրման կենտրոնի գործառույթներն իրականացնող ծրագրային ապահովումը մշակվում է վեբ հենքի վրա, իսկ այլ համակարգերի և ենթահամակարգերի հետ տվյալների փոխանակումը՝ վեբ ծառայություններով։
16. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
43. Համակարգում կիրառվող լուծումները պետք է ապահովեն շրջանառվող տվյալների անվտանգությունը, մասնավորապես՝
1) տվյալների գաղտնիությունը՝ ապահովելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը՝ սահմանելով հասանելիության և դրանց իրավաչափության հսկողության բազմաստիճան մեխանիզմներ.
2) տվյալների ամբողջականությունը՝ կիրառելով համակարգում տվյալների մշակման, հավաստիության ապահովման, կատարվող փոփոխությունների, կրկնօրինակման, արխիվացման և վերականգնման համապատասխան ընթացակարգեր և դրանց կատարման իրավաչափության հսկողության մեխանիզմներ.
3) տվյալների հասանելիությունը՝ սահմանելով առցանց և պահուստային ենթակառուցվածքների գործարկման, միջադեպերի կառավարման և անվտանգության ապահովման համաչափ մեխանիզմներ:
44. Խախտումների արձանագրման կենտրոնը պետք է համակցվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համակարգին առանձնացված կապուղով՝ նվազագույնը 1 ԳԲիթ/վրկ արագագործությամբ։
45. Խախտումների արձանագրման կենտրոնը պետք է արխիվացնի և պահպանի վարչական վարույթի հիմք հանդիսացող գործով բոլոր անհրաժեշտ նյութերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
46. Խախտումների արձանագրման կենտրոնը պետք է ստանա ԻՍՕ/ԻԷԿ 27001 միջազգային ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ շահագործման հանձնելուց հետո վեց ամսյա ժամկետում։
17. ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ
47. Ղեկավարման վահանակը նախատեսված է «Բջջային հավելված» և «Խախտումների արձանագրման կենտրոն» ենթահամակարգերի, դրանցում գրանցված օգտատերերի և աշխատակիցների աշխատանքի կազմակերպման և կառավարման համար, որն ունի հետևյալ վահանակները՝
1) hիմնական.
2) oգտատերերի կառավարում.
3) աշխատակիցներ.
4) ծանուցումների վահանակ.
5) օրինախախտման տիպեր.
6) խախտումների նախնական դասակարգում.
7) խախտումների դասակարգում և խմբավորում.
8) որոշումների նախագծեր.
9) առաքված որոշումներ.
10) մերժված որոշումներ.
11) սահմանափակումներ.
12) կարգավորումներ.
13) թվային քարտեզ.
14) կանոններ:
48. Համակարգի ղեկավարումն իրականացնում է խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորը, ով ղեկավարման վահանակի միջոցով հնարավորություն ունի ստեղծել աշխատակցի անձնական հաշիվ և տրամադրել տարբեր տիպերի հասանելիություն համակարգի վահանակներին։
18. «ՀԻՄՆԱԿԱՆ» ՎԱՀԱՆԱԿ
49. «Հիմնական» վահանակը նախատեսված է օգտատերերի կողմից տեսանկարահանված կամ լուսանկարահանված խախտումների, դրանց հետ կապված տվյալների ցուցադրման համար (տվյալ աշխատակցի հասանելիության տիրույթում), համակարգում գրանցված օգտատերերի և նրանց կողմից կատարվող գործողությունների կառավարման համար։
50. «Հիմնական» վահանակում, ըստ աշխատակցի հասանելիության իրավասության, ցուցադրվում է իրական ժամանակում խախտման մասին հակիրճ տեղեկատվությունը (նկար, հաշվառման համարանիշ, խախտման տեսակ, ամսաթիվ, ժամ, կոորդինատներ, կարգավիճակ, օգտատիրոջ նույնականացուցիչ և այլն):
19. «ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՎԱՀԱՆԱԿ
51. «Օգտատերերի կառավարում» բաժնում ցուցադրվում է համակարգում գրանցված օգտատերերի նույնականացուցիչը և հնարավորություն է տրվում աշխատակցին տեսնել կոնկրետ օգտատիրոջ կողմից ուղարկված խախտումների պատմությունը։ Առկա է ակտիվացման և ապաակտիվացման համար նախատեսված կոճակ, որով խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորը հնարավորություն ունի փոփոխել տվյալ օգտատիրոջ կարգավիճակը համակարգում, պարտադիր նշելով պատճառները։
20. «ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
52. «Ծանուցումներ» վահանակը նախատեսված է համակարգում գրանցված օգտատերերին համակարգում կատարված փոփոխությունների, օգտատիրոջ կարգավիճակի, օգտագործման կանոնների հետ կապված նախազգուշացումների, սահմանափակումների և այլնի մասին ծանուցումներ ուղարկելու համար:
21. «ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
53. «Աշխատակիցներ» վահանակում խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորին հնարավորություն է տրված ստեղծել աշխատակիցների անձնական հաշիվներ և դրանց տալ հասանելիություն՝ ըստ իրավասությունների, խախտման տեսակի, տարածքի և այլն։
54. Աշխատակցի անձնական հաշիվ ստեղծելու համար համակարգի գլխավոր ադմինիստրատորը լրացնում է համապատասխան դաշտերը, այդ թվում՝ աշխատակցի էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը, որով հետագայում տվյալ աշխատակիցը մուտք է գործելու խախտումների արձանագրման կենտրոնի ենթահամակարգ, մուտքից հետո տվյալ աշխատակիցն ունենալու է գրելու և (կամ) կարդալու հասանելիություն այն բաժիններին, որոնց համար ունի թույլտվություն։
55. Եթե համակարգի որևէ աշխատակից կորցնում կամ մոռանում է իր մուտքանունը կամ գաղտնաբառը, ապա հաշիվը վերականգնվում է միայն խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի միջամտությամբ։ Վերջինս կարող է ավելացնել անսահմանափակ քանակությամբ աշխատակիցներ, աշխատակիցների մուտքանունները համակարգում չեն կրկնվում։
56. Համակարգում գրանցված աշխատակցի գործունեությունը դադարեցնելու համար խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորը կամ հեռացնում է այդ աշխատակցին համակարգից կամ ապաակտիվացնում է նրա անձնական հաշիվը։
22. «ՕՐԻՆԱԽԱԽՏՄԱՆ ՏԻՊԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
57. Բջջային հավելվածում ցուցադրվող բաժնում համակարգի խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորը կառավարում է բջջային հավելվածում ցուցադրվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների տիպերը/անվանումները, որոնք հասանելի են օգտատերերին իրենց կողմից արձանագրվող խախտումները դասակարգելու համար։ Նշված խախտումների անվանումները կրում են ընդհանրական բնույթ և կարող են բառացի չհամապատասխանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված իրավախախտումների անվանումներին։
58. Վարչական իրավախախտումների վերաբերյալ նորմեր բաժնում ներկայացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավախախտումների տեղեկատուն, որը հասանելի է խախտումների արձանագրման կենտրոնի աշխատակիցներին։ Տեղեկատուի մեջ ներկայացված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածը, մասը, դիսպոզիցիան, սանկցիան (տուգանքի չափը, կիրառվող սահմանափակման չափը, հանվող տուգանային միավորը), խախտված իրավանորմը, հաստատված հանգամանքը, վավերապայմանները։ Տեղեկատուն պետք է սինխրոնիզացված լինի վարչական մարմնի (Ճանապարհային ոստիկանության) գլխավոր ադմինիստրատորի կողմից կառավարվող որոշումների կառավարման ենթահամակարգի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ նորմեր» տեղեկատուի հետ վեբ ծառայությամբ:
23. «ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՎԱՀԱՆԱԿ
59. «Խախտումների նախնական դասակարգում» վահանակի միջոցով իրականացվում է իր հասանելիության տիրույթում ստացված տեսանկարահանված և լուսանկարահանված նյութի ուսումնասիրություն, որակի և պիտանելիության ստուգում, նախնական գնահատում (ենթակա է վարույթ իրականացնելու կամ ոչ)։ Այն տեսանյութերը, որոնցում ընթեռնելի չէ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, վարույթ սկսելու համար չեն կարող հիմք հանդիսանալ։ Ոչ պիտանի նյութերի վերաբերյալ տեղեկատուից մուտքագրվում է համապատասխան պատճառը։
24. «ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ» ՎԱՀԱՆԱԿ
60. Վարույթ իրականացնելու ենթակա նյութի մշակում՝
1) նույն իրավախախտման վերաբերյալ ստացված նյութերի խմբավորում.
2) նյութի հետ ստացված GPS կոորդինատի փոխակերպում քարտեզագրական և հասցեագրական տվյալների.
3) տրանսպորտային միջոցի նույնականացում՝ համարանիշով հարցում վեբ սերվիսի միջոցով.
4) ստուգում հաստատված որոշումների շտեմարանով նշված վայրում տվյալ տրանսպորտային միջոցի հետ կապված Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու այլ ստորաբաժանման (Ճանապարհապարեկային ծառայություն, այլ խախտումների արձանագրման կենտրոններ) կողմից կայացված որոշումների առկայություն.
5) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի տվյալների բեռնում.
6) արարքի որակում ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի.
7) եթե առկա է տվյալ վայրում իրավախախտմանը հավասարազոր տուգանքի չափով Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու այլ ստորաբաժանման կողմից կայացված և հաստատված որոշում, ապա դադարեցվում է նյութի մշակումը՝ տեղեկատուից նշելով պատճառը.
8) եթե տվյալ վայրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու այլ ստորաբաժանման կողմից կայացված և հաստատված որոշումը վերաբերում է այլ իրավախախտման դեպքի արձանագրմանը, ապա նյութի մշակումը շարունակվում է.
9) առանձնացված տեսանյութից լուսանկարի ստեղծում.
10) տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերների մթնեցում:
25. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
61. Վարչական իրավախախտման մասին որոշման նախագծի պատրաստում:
62. Որոշման նախագծի հերթական համարի ստացում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումների կառավարման սերվերից՝ հարցում վեբ ծառայության միջոցով:
63. Որոշման նախագծի առաքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վեբ ծառայության միջոցով:
26. «ԱՌԱՔՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
64. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության առաքված որոշումների ցանկն ըստ կարգավիճակի (քննարկվող, հաստատված, մերժված, բողոքարկվող, վճարված և այլն):
27. «ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ» ՎԱՀԱՆԱԿ
65. Թվային քարտեզի վրա ստացված խախտումների քարտեզագրական ցուցադրում՝ ըստ դրանց կարգավիճակների:
28. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
66. «Սահմանափակումներ» վահանակը նախատեսված է օգտատիրոջ հավելվածից օգտվելու իրավունքը 2 ամիս ժամկետով սահմանափակելու համար, եթե՝
1) մեկ ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ 2 անգամ ներկայացված տվյալներով վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվել է (խախտումը չի հիմնավորվել).
2) մեկ ամսվա ընթացքում 5 և ավելի անգամ ներկայացրած տվյալների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվել է (խախտումը չի հիմնավորվել կամ հնարավոր չէ նույնականացնել խախտումը կատարող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը):
29. «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
67. «Կարգավորումներ» վահանակը նախատեսված է համակարգում օգտագործվող տեղեկատուները կառավարելու և բջջային հավելվածի ֆունկցիոնալ կարգավորումներն իրականացնելու համար։ Արխիվացնել և պահպանել վարչական վարույթի հիմք հանդիսացող գործով բոլոր անհրաժեշտ նյութերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
68. Այն հասանելի է միայն խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորին։ Բացի դրանից այն ունի նաև 2 բաժին՝
1) «Կանոններ» բաժնում խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից մուտքագրվում/խմբագրվում են բջջային հավելվածի «Կանոններ» բաժնում ցուցադրվող տվյալները՝ հակիրճ տեղեկատվություն համակարգի աշխատանքի և նպատակի մասին, ինչպես նաև համակարգից օգտվելու կանոնների և դրույթների մասին.
2) «Հետադարձ կապ» բաժնում խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից մուտքագրվում են բջջային հավելվածի «Հետադարձ կապ» բաժնում ցուցադրվող տվյալները։
ԲԱԺԻՆ 4. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳ
30. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
69. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կազմակերպել որոշումների համարների գեներացման և կառավարման առանձնացված միասնական սերվերային ծրագրային հավելված, որով կազմակերպվելու են վեբ ծառայությունով հետևյալ մոդուլները՝
1) խախտումների արձանագրման կենտրոններին որոշման նախագծերի հերթական համարի գեներացումը և տրամադրումը.
2) հաստատված որոշումների հերթական համարի և PIN կոդի գեներացում, որոշման նախագծի համարի հետ փոխկապակցում.
3) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ նորմեր» տեղեկատու, որում վարչական մարմնի գլխավոր ադմինիստրատորի կողմից մուտքագրվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածը, մասը, դիսպոզիցիան, սանկցիան (տուգանքի չափը, կիրառվող սահմանափակման չափը, հանվող տուգանային միավորը), խախտված իրավանորմը, հաստատված հանգամանքը, վավերապայմանները.
4) վճարահաշվարկային համակարգերի հետ համատեղելի ենթածրագրային մոդուլ, ինչի աշխատանքի սկզբունքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից.
5) դատական ակտերի հարկադիր կատարման և Դատական դեպարտամենտի տեղեկատվական համակարգերի հետ փոխկապակցում.
6) «Տուգանային միավոր» համակարգի հետ փոխկապակցում.
7) ճանապարհապարեկային ծառայության ակտերի համակարգի հետ փոխկապակցում.
8) ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման կենտրոններին սահմանված կարգով հասանելիության տրամադրում.
9) որոշումների կառավարում և արխիվացում:
31. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՎԵԲ ՀԱՎԵԼՎԱԾ
70. Որոշումների կառավարման և արխիվացման վեբ հավելվածը նախատեսված է Ոստիկանության աշխատակիցների աշխատանքի կազմակերպման և կառավարման համար, որն ունի հետևյալ վահանակները՝
1) որոշումների նախագծեր.
2) առաքվող որոշումներ.
3) բողոքարկվող որոշումներ.
4) գանձումներ.
5) բողոքարկված որոշումներ.
6) դատական հայտեր.
7) սահմանափակումներ.
8) հաշվետվություններ.
9) թվային քարտեզ.
10) աշխատակիցներ.
11) կարգավորումներ:
32. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
71. «Որոշումների նախագծեր» վահանակը նախատեսված է որոշումների նախագծերի և դրանց հետ կապված տվյալների ցուցադրման համար (տվյալ աշխատակցի հասանելիության տիրույթում)։
72. Աշխատակիցն ընտրելով որոշման նախագիծը՝ ուսումնասիրում է դրանում առկա նյութերը, ստուգում տվյալ վայրում և ժամանակահատվածում նույն տրանսպորտային միջոցով հաստատված որոշումների կամ դրանց նախագծերի առկայությունը, որից հետո կարող է իրականացնել հետևյալ 3 գործողություններից մեկը՝
1) հաստատել՝ մուտքագրելով համապատասխան վավերապայմանները և համակարգից ստանալով որոշման չկրկնվող նոր հերթական համար և PIN կոդ, այդ թվում՝ նախազգուշացումների համար, որի միջոցով հնարավոր կլինի առցանց դիտել տեսանյութը։ Նախազգուշացում կիրառելու դեպքում, այն չի ներառվում գանձումների ենթահամակարգում.
2) մերժել՝ մուտքագրելով վավերապայմանները՝ տեղեկատուից ընտրելով պատճառը.
3) կայացնել նոր որոշում, որի արդյունքում պետք է նախորդ որոշումը ճանաչվի ուժը կորցրած և կայացվի նոր որոշում նոր վավերապայմաններով (որոշման հասցեատիրոջ փոփոխություն)՝
ա. առանձնացված տեսանյութից լուսանկարի փոփոխում,
բ. տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերների մթնեցում,
գ. տրանսպորտային միջոցի նույնականացում՝ համարանիշով հարցում վեբ սերվիսի միջոցով,
դ. տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի տվյալների բեռնում՝ հարցում վեբ սերվիսի միջոցով,
ե. այլ վավերապայմանների մուտքագրում,
զ. սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված գործողությունները։
73. Համակարգը պետք է պահպանի բոլոր որոշումների նախապատմությունը՝ կապը:
33. «ԱՌԱՔՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
74. Առաքվող որոշումների և դրանց հետ կապված տվյալների ցուցադրում (տվյալ աշխատակցի հասանելիության տիրույթում)։
75. Հաստատված որոշումները «Հայփոստ» ծանուցման համակարգով առաքելու համար առաքանու ռեգիստրի ավտոմատ ձևավորում և որոշումների ավտոմատ տպագրում, ինչը կազմակերպվում է «Հայփոստ» ծանուցման համակարգի համապատասխան վեբ ծառայության միջոցով։
34. «ԲՈՂՈՔԱՐԿՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
76. Բողոքարկվող որոշումների և դրանց հետ կապված տվյալների մուտքագրում և ցուցադրում (տվյալ աշխատակցի հասանելիության տիրույթում)։
35. «ԳԱՆՁՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
77. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարահաշվարկային համակարգերի հետ համատեղելի ենթածրագրային մոդուլ գանձված գումարների վերաբերյալ տվյալների ցուցադրում՝ ըստ որոշման համարների:
78. Տուգանված օգտատերերի դիմումների հիման վրա վճարման ժամանակացույցի ստեղծման հնարավորություն:
36. «ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՏԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
79. Ուշացված վճարումների ցուցադրում և դրանցով դատական հայցադիմումների պատրաստում՝ համապատասխան տվյալների մուտքագրման և փաստաթղթերի կցման հնարավորությամբ։ Համակարգը պետք է նախատեսի նաև հետագայում այդ տվյալների փոխանցում Դատական դեպարտամենտ համապատասխան վեբ ծառայության միջոցով։
37. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
80. Սահմանափակումների և դրանց հետ կապված տվյալների ցուցադրում (տվյալ աշխատակցի հասանելիության տիրույթում), հիմքերի կցում։
81. Դատարանի որոշումներով կիրառված սահմանափակումները և դրանց կարգավիճակները պետք է ներկայացվեն ԴԱՀԿ համակարգի հետ վեբ ծառայության միջոցով։
38. «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
82. Կայացված կամ մերժված որոշումների վերաբերյալ բազմակողմանի և համապարփակ հաշվետվությունների գեներացման հնարավորություն (տվյալ աշխատակցի հասանելիության տիրույթում):
83. Հաշվետվությունների գեներացում՝ նվազագույնը 20 ձևաչափ։
39. «ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
84. «Աշխատակիցներ» վահանակում համակարգի վարչական մարմնի գլխավոր ադմինիստրատորին հնարավորություն է տրված ստեղծել աշխատակիցների անձնական հաշիվներ և դրանց տալ հասանելիություն՝ ըստ իրավասությունների, խախտման տեսակի, տարածքի և այլն։
85. Աշխատակցի անձնական հաշիվ ստեղծելու համար համակարգի վարչական մարմնի գլխավոր ադմինիստրատորը լրացնում է համապատասխան դաշտերը, այդ թվում՝ աշխատակցի էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը, մուտքից հետո տվյալ աշխատակիցն ունենում է գրելու և (կամ) կարդալու հասանելիություն այն բաժիններին, որոնց համար ունի թույլտվություն։
86. Եթե համակարգի որևէ աշխատակից կորցնում կամ մոռանում է իր մուտքանունը կամ գաղտնաբառը, ապա հաշիվը վերականգնվում է միայն վարչական մարմնի գլխավոր ադմինիստրատորի միջամտությամբ։ Վարչական մարմնի գլխավոր ադմինիստրատորը կարող է ավելացնել անսահմանափակ քանակությամբ աշխատակիցներ: Աշխատակիցների մուտքանունները համակարգում չեն կրկնվում։
87. Համակարգում գրանցված աշխատակցի գործունեությունը դադարեցնելու համար վարչական մարմնի գլխավոր ադմինիստրատորը կամ հեռացնում է այդ աշխատակցին համակարգից կամ ապաակտիվացնում է նրա անձնական հաշիվը։
40. «ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ» ՎԱՀԱՆԱԿ
88. Թվային քարտեզի վրա ստացված խախտումների քարտեզագրական ցուցադրում՝ ըստ դրանց կարգավիճակների:
41. «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ» ՎԱՀԱՆԱԿ
89. «Կարգավորումներ» բաժինը նախատեսված է ենթահամակարգում օգտագործվող տեղեկատուների ցուցադրման և կառավարման համար, այդ թվում՝ նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ նորմեր» տեղեկատուն:
90. Արխիվացման կազմակերպման համար տեղեկատուների և ժամանակացույցի սահմանում։ Ընդ որում տեսանյութերը պահպանվում և արխիվացվում են խախտումների արձանագրման կենտրոնում։
91. Վահանակը հասանելի է միայն վարչական մարմնի գլխավոր ադմինիստրատորին։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 970-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը հանդիսանում է «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում մշակված բջջային հավելվածից օգտվելու ուղեցույց։
2. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
2. Բջջային հավելվածը (այսուհետ՝ հավելված) տեխնիկական միջոցում ներբեռնելուց հետո, դրա օգտատեր դառնալու համար անձը պետք է անցնի գրանցում (նույնականացում)։ Գրանցումը կարող է իրականացվել eID կամ MOBILEID եղանակով՝ համապատասխան համացանցային կայքի միջոցով։
3. Մինչև նույնականացում անցնելն oգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը: Օգտատերն ընտրում է նույնականացման տեսակը, նշում է այն հեռախոսահամարը, որի վրա կարգաբերվելու է բջջային հավելվածը (հետագայում փոփոխելու հնարավորությամբ) և որին փոխանցվում է հաստատման կոդը։
4. Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշված հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ և բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։
5. Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում և ակտիվացում անցնելուց հետո բոլոր տվյալները կվերականգնվեն։
6. Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։
7. Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։
8. Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը և անցնում է կոդի ակտիվացման էջ։
9. Բջջային հավելվածն ակտիվացնելու համար օգտատերը մուտքագրում է Հանրային ծառայությունների համարանիշը, որից հետո վեբ հավելվածում նշված հեռախոսահամարի վրա ստանում է ակտիվացման PIN կոդը և ինքնաշխատ եղանակով ակտիվանում է հավելվածը:
3. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
10. Հավելվածը գործարկելուց բացվում է գլխավոր էջը, որն ունի հետևյալ բաժինները՝
1) տեսանկարահանում.
2) լուսանկարահանում.
3) անընդհատ տեսանկարահանման ռեժիմ.
4) պատմություն.
5) հաշիվ.
6) ծանուցումներ.
7) կանոններ.
8) հետադարձ կապ:
4. ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
11. Տեսանկարահանում բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել նկատված խախտումը։ Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։
12. Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալուց համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։
13. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև մուտքագրում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):
14. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերն ստեղծված նյութը կարող է ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Օգտատերը մինչև ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։
5. ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
15. Լուսանկարահանում բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է լուսանկարել նկատված խախտումը, բայց ոչ ավելի, քան 5 լուսանկար:
16. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):
17. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո, 1 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Լուսանկարում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։
6. ԱՆԸՆԴՀԱՏ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՌԵԺԻՄ
18. Անընդհատ տեսանկարահանման ռեժիմ բաժինն ընտրելու դեպքում օգտատերը բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել իր շարժման ընթացքը:
19. Տեսախցիկի տեսադաշտում խախտում հայտնվելու դեպքում կարող է տալ հրահանգ արձանագրել այն, որից հետո համակարգն սկսում է առանձնացնել տեսաձայնագրությունը հրահանգը տալուն նախորդող 10 վայրկյանից սկսած: Առանձնացվող տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։
20. Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալուց համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։
21. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):
22. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Օգտատերը մինչև ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է ։
7. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
23. «Պատմություն» բաժնում ցուցադրվում են տվյալ օգտատիրոջ կողմից սահմանված ժամանակահատվածում արձանագրված և ուղարկված ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ նյութերի քաղվածքը և դրանց կարգավիճակները։
24. Նյութերի քաղվածքը պետք է պարունակի տեղեկատվություն տեսանյութի կամ լուսանկարի արձանագրման ժամանակի, ընտրված իրավախախտման տեսակի, արձանագրման վայրի և այն խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու ժամանակագրության մասին։ Համակարգի կողմից արդեն իսկ արխիվացված տվյալները չեն ցուցադրվում:
8. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎ
25. «Օգտատիրոջ հաշիվ» բաժնում ցուցադրվում են օգտատիրոջ անձնական տվյալները, որոնք համակարգում գրանցվել են նույնականացման գործընթացի ժամանակ (անուն, id, ազգանուն, հայրանուն և այլն)։
26. Օգտատիրոջ անձնական տվյալները ենթակա չեն փոփոխման։
27. Եթե օգտատերը դուրս է եկել սեփական հաշվից, ապա մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման և ակտիվացման գործընթացը՝ նշելով «Գրանցված օգտատեր» դաշտը։
28. Օգտատերը կարող է իր անձնական հաշիվն ապաակտիվացնել օգտագործելով վեբ (web) հավելվածը։
9. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
29. «Ծանուցումներ» բաժնում ցուցադրվում է համակարգի և խախտումների արձանագրման կենտրոնի կողմից ուղարկված ծանուցումների ցուցակը։
10. ԿԱՆՈՆՆԵՐ
30. «Կանոններ» բաժնում օգտատիրոջը տրվում է հակիրճ տեղեկատվություն համակարգի աշխատանքի և նպատակի մասին, ինչպես նաև համակարգից օգտվելու կանոնների և դրույթների մասին։
11. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
31. «Հետադարձ կապ» բաժնում օգտատիրոջը տրամադրվում է խնդիրների դեպքում համակարգի սպասարկողների հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները։
12. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
32. Հավելվածում գրանցված անձի հավելվածից օգտվելու իրավունքը համակարգի վարչական մարմնի կողմից կարող է սահմանափակվել 2 ամիս ժամկետով, եթե՝
1) 1 ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ 2 անգամ ներկայացված տվյալներով վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվել է (խախտումը չի հիմնավորվել).
2) 1 ամսվա ընթացքում 5 և ավելի անգամ ներկայացրած տվյալների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվել է (խախտումը չի հիմնավորվել կամ հնարավոր չէ նույնականացնել խախտումը կատարող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը):
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.09.2022, N 1400-Ն | 10.09.2022, N 970-Ն | |
24.12.2020, N 2142-Ն | 26.12.2020, N 970-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|