ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 878-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-575-17.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 5 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-575-17.04.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ
1. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում կատարվում է մեկ լրացում՝ անհրաժեշտ է Նախագծի վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով:
2. Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված արարքը «պաշտոնեական դիրքն օգտագործելով» կատարելը հասկացությունն արդեն իսկ ենթադրում է, որ արարքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կարող է կատարվել միայն պաշտոնատար անձի կողմից: Ըստ այդմ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետից հանել «պաշտոնատար անձն իր» բառերը, իսկ «կատարել» բառը փոխարինել «կատարվել» բառով:
3. Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներն անհարկի ընդլայնում են ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի կիրառման տիրույթը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներից բխում է, որ փաստաբանի կողմից իրականացվող ցանկացած գործունեությանը ցանկացած սուբյեկտի կողմից խոչընդոտելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության, ինչն ընդունելի չենք համարում:
Գտնում ենք, որ քրեորեն պատժելի պետք է լինի միայն կոնկրետ գործով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, այսինքն՝ կոնկրետ գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը միջամտելը:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով ներկայացված կարգավորումները կարող են ընդունելի լինել միայն մեր կողմից ներկայացված վերոնշյալ նկատառումները հաշվի առնելու դեպքում։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|