Գլխավոր տեղեկություն
Համար
N 104
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2020-28.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.03/58(1613) Հոդ.708
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի, 2020 թվական N 104

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԵԹՈԴՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ:

2. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով:

3. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով, ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր:

4. Տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների համապատասխանությունը գնահատվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում այցելության միջոցով, ինչի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն։

5. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։

6. Սահմանել, որ հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ հաղորդման քարտ՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանի հավելված N 13-ի։

7. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացվում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Որակի արտաքին հսկողության իրականացման ընթացակարգային կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։

8. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ 2-օրյա ժամկետում՝

1) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում․

2) Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով:

3) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։

4) Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։

9. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից պարտադիր պահպանման ենթակա են ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման հավելված 9-ով սահմանված կանոնները։

10. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 9-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։

11. Սույն որոշման պահանջները տնտեսվարող սուբյեկտների կողմից չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 2-ի ժամը 23:59-ին։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 2-ին ժամը 23:59-ին: