Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-46
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2000-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

2000 թվականի մարտի 20-ին

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, կարգավորում է բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում պետական մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքի նպատակներն են`

ա) իրականացնել պետական քաղաքականություն բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում.

բ) կարգավորել փոխհարաբերությունները բույսերի պաշտպանության միջոցների գրանցման, փորձաքննության, արտադրության, վաճառքի, արտահանման, ներմուծման, պահպանման և օգտագործման բնագավառներում.

գ) կանխել կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը և տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև բացահայտել և վերացնել դրանց վարակի օջախները.

դ) նպաստել գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերքատվության և առողջ բերքի ստացմանը.

ե) ապահովել բնակչության առողջության անվտանգությունը.

զ) նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում ծագած իրավահարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

բույսեր` գյուղատնտեսական մշակաբույսեր և այլ կենդանի բույսեր, դրանց մասերը` ներառյալ սերմերը, սաղմը և այլն.

բուսական արտադրանք` բուսական ծագում ունեցող չվերամշակված և վերամշակված արտադրանք, որն իր բնույթով կարող է ստեղծել վնասակար օրգանիզմների հիմնավորման կամ տարածման վտանգ.

վնասակար օրգանիզմ` բույսերի և կենդանիների համար ախտածին օրգանիզմների ցանկացած տեսակ, որը վնասակար է բույսերի կամ բուսական արտադրանքի համար.

բուսասանիտարական կանոններ և նորմեր` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի համապատասխան պահանջներ, որոնք բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում կարգավորում են իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությունը.

կարանտին վնասակար օրգանիզմներ` բույսերի և բուսական արտադրանքի համար առանձնապես վտանգավոր օրգանիզմներ, որոնց ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք և հետագա տարածումը պետականորեն հսկվում է.

կարգավորվող առարկա (կարանտինի օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորում, բեռնարկղ (կոնտեյներ), հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որն ընդունակ է իր մեջ պարունակել կամ տարածել վնասակար օրգանիզմ, և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական և կարանտին միջոցառումներ.

կարանտին գոտի` տարածք, որտեղ հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմները, և որտեղ դրանց հետագա տարածումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն.

բույսերի կարանտին` բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է կանխել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համար առանձնապես վնասակար օրգանիզմների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև բացահայտել, մեկուսացնել և վերացնել դրանցով վարակված օջախները.

կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ` ոչ կարանտին վնասակար օրգանիզմ, որի ներկայությունը բացասաբար է ազդում բույսերի կենսագործունեության վրա` պատճառելով տնտեսական վնաս, և որը պետք է վնասազերծվի ներմուծող երկրի տարածքում.

սահմանային կարանտին պետական հսկողություն` կազմակերպական և իրավական համալիր միջոցառումներ, որոնց նպատակն է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բույսերի կարանտինի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանումը.

սահմանային կարանտին հսկիչ կետ` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում գործող բույսերի կարանտին ծառայության ստորաբաժանում, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանում իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման ժամանակ բուսասանիտարական հսկողությունը, ինչպես նաև պաշտպանում է Հայաստանի Հանրապետության տարածքը արտասահմանյան երկրներից ներթափանցող` բույսերի համար վնասակար օրգանիզմներից.

բույսերի պաշտպանության միջոցներ` բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական և տեխնիկական միջոցներ.

բուսասանիտարական հավաստագիր` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի պետական բուսասանիտարական փաստաթուղթ, որը հավաստում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համապատասխանությունը բուսասանիտարական կանոնների պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենսդրական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ և ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում պետական կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում`

ա) բույսերի կարանտինի ծառայության կանոնադրությունն ու սույն օրենքով նախատեսվող մյուս ենթաօրենսդրական ակտերը.

բ) բույսերի պաշտպանության ծառայության կանոնադրությունը.

գ) բույսերի պաշտպանության և բույսերի կարանտին միջոցառումների նպատակային ծրագրերը.

դ) բույսերի համար առանձնապես վնասակար օրգանիզմների տարածմանը, կանխարգելմանն ու վերացմանն ուղղված կարանտին միջոցառումները և այլ սահմանափակումների, դրանք հայտնաբերելու մասին առաջարկությունները:

Լիազորված մարմինը`

ա) ղեկավարում է բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների գործունեությունը.

բ) կազմակերպում է բույսերի համար վնասակար օրգանիզմների կանխարգելմանը, պայքարին և վերացմանն ուղղված միջոցառումները.

զ) կանխորոշում և գնահատում է հանրապետությունում բույսերի պաշտպանության իրավիճակը.

դ) մասնակցում է բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի միջազգային, տարածաշրջանային, միջպետական ծրագրերին.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 6. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Բույսերի պաշտպանությունը բույսերի, բերքի և բուսական ծագում ունեցող մթերքի, վնասատուների, հիվանդությունների, կարանտին և այլ մոլախոտերի դեմ տարվող միջոցառումների, թունաքիմիկատների, կենսապատրաստուկների պետական փորձարկման, արտադրության, պահպանման, փոխադրման, կիրառման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու, բույսերի ու կենդանիների պահպանությանն ուղղված գիտականորեն հիմնավորված միջոցառումների համալիր է:

Բույսերի պաշտպանության խնդիրներն են`

ա) իրականացնել միջոցառումներ բույսերի վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումը և տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով.

բ) ապահովել գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակի բարելավումը, էկոլոգիապես մաքուր բերքի ստացումը, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառումը:

 

ՀՈԴՎԱԾ 7.  ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Բույսերի պաշտպանության գործառույթներն իրականացնում են բույսերի պաշտպանության ծառայությունն ու բույսերի պաշտպանության գիտահետազոտական հաստատությունները: Բույսերի պաշտպանության ծառայությունը գործում է լիազորված մարմնի համակարգում և կազմակերպվում է վարչատարածքային սկզբունքով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Բույսերի պաշտպանության ծառայությունը`

ա) իրականացնում է բույսերի պաշտպանության ծրագրեր.

բ) վերլուծում է գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է լիազորված մարմնին և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց` վնասակար օրգանիզմների հայտնաբերման, տարածման և դրանց դեմ պայքարի գիտականորեն հիմնավորված համալիր միջոցառումների կիրառման մասին.

գ) իրականացնում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումներ` դրանք համաձայնեցնելով լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ շահագրգիռ մարմինների և անձանց հետ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց փորձաքննության միջոցով տալիս է եզրակացություն` բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, վաճառքի, ներկրման և արտահանման համար.

ե) կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում չգրանցված, օգտագործումից հանված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր` բույսերի պաշտպանության միջոցների վաճառքի, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.

զ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային և պահեստային տարածքներում, այլ կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու գործում:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Բույսերի պաշտպանության միջոցները պետք է համապատասխանեն նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, բույսերի ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ նորմերին:

Բույսերի պաշտպանության միջոցները գրանցում է լիազորված մարմինը` բույսերի քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի կազմն ու լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 10. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Բույսերի կարանտինը պետական համալիր միջոցառումների համակարգ է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համար կարանտին վնասակար օրգանիզմների Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելելու, ինչպես նաև դրանց վարակի օջախները բացահայտելու և վերացնելու նպատակով: Բույսերի կարանտինի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերել և վերացնել բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմները, հիվանդությունները և մոլախոտերը.

բ) կանխարգելել բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք.

գ) ապահովել բուսասանիտարական կանոնների պահպանումը բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման գործառնությունների ժամանակ: Այդ կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Բույսերի կարանտինի գործառույթները Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է բույսերի կարանտինի ծառայությունը, որը գործում է լիազորված մարմնի համակարգում և կազմակերպվում է վարչատարածքային սկզբունքով:

Բույսերի կարանտինի ծառայության համակարգում կարող են լինել հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

Բույսերի կարանտինի ծառայության պետը ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության կարանտինի ծառայության պետական գլխավոր տեսուչն է, իսկ բույսերի կարանտինի ծառայության տարածքային ստորաբաժանումների պետերը` համապատասխան տարածքի պետական տեսուչները:

Իրենց գործունեությունն իրականացնելիս բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչն ու պետական տեսուչները ղեկավարվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Բույսերի կարանտինի ծառայությունն իր իրավասության սահմաններում`

ա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բույսերի կարանտինի ծրագրեր.

բ) կազմում և լիազորված մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.

գ) հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի և բուսական արտադրանքի ներմուծման նկատմամբ` բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը կանխարգելելու նպատակով.

դ) հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների` բուսասանիտարական նորմերին համապատասխանության նկատմամբ.

ե) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման և արտահանման դեպքերում իրավաբանական ու ֆիզիկական անձանց տալիս է բուսասանիտարական նորմերին համապատասխանության մասին հավաստագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏԵՍՈՒՉԻ և ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Սույն օրենքի 12 հոդվածի «գ» և «դ» կետերով նախատեսված իրավասությունների իրականացման ընթացքում բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչներն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) վերահսկել իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող այլ առարկաներում բույսերի կարանտինի համար սահմանված միջոցառումների իրականացումը.

բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման դեպքում իրավաբանական ու ֆիզիկական անձանցից պահանջել բուսասանիտարական հավաստագրեր և այլ տեղեկություններ, վերցնել փորձանմուշներ.

գ) բուսասանիտարական կանոնների համաձայն կազմակերպել և իրականացնել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում.

դ) սույն օրենքով և օրենսդրական այլ ակտերով նախատեսված դեպքերում կատարել բույսերի և բուսական ծագում ունեցող տարանցիկ բեռների` բուսասանիտարական նորմերին համապատասխանության ստուգում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏԵՍՈՒՉԻ և ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչի և պետական տեսուչների պարտականություններն են`

ա) պահպանել իրավաբանական և ֆիզիկական անձանց` օրենքով սահմանված իրավունքները, չխոչընդոտել նրանց առևտրային գործունեությանը` բացառելով անհիմն արգելքները և սահմանափակումները.

բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտահանման ու ներմուծման ժամանակ իրավաբանական և ֆիզիկական անձանց տալ բուսասանիտարական հավաստագրեր, որոնց հատկացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

գ) չհրապարակել իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին առևտրային գաղտնիք բովանդակող տեղեկություններ.

դ) բուսասանիտարական կանոնների խախտման դեպքում կիրառել օրենսդրությամբ սահմանված ներգործության միջոցներ.

ե) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

զ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին ու պարտականություններին.

է) հատուցել սեփական մեղքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասները:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 15. ՎՆԱՍԱԿԱՐ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքում բույսերի կարանտինի ծառայությունը կատարում է վնասակար օրգանիզմների վտանգի վերլուծություն, որի արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություն է ներկայացնում լիազորված մարմին: Լիազորված մարմինն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` կարանտին հսկողություն սահմանելու մասին: Այդ եզրակացության մեջ նշվում են հայտնաբերված վնասակար օրգանիզմները, դրանց տարածման աստիճանը, հնարավոր վնասի գնահատումը, կարանտին գոտու սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը և դրանք իրականացնող մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությունը կարանտին միջոցառումներին, ինչպես նաև այլ տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Բույսերի կարանտինի ծառայության եզրակացության հիման վրա, լիազորված մարմնի միջնորդությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում բույսերի կարանտինի սահմանման վերաբերյալ:

Բույսերի կարանտինի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համագործակցելով` սահմանում և հայտարարում է կարանտին միջոցառումների ցանկը` ապահովելով բոլոր շահագրգիռ մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրազեկությունը կարանտին գոտում պարտադիր կատարման ենթակա կանոնների ու միջոցառումների մասին:

Բույսերի կարանտինի սահմանման դեպքում սահմանափակվում է բույսերի և բուսական արտադրանքի արտահոսքը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը կարանտին գոտի: Սահմանափակումների դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բույսերի կարանտինի ծառայությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և բույսերի պաշտպանության ծառայության հետ համագործակցելով, կարանտին գոտում իրականացնում է նախատեսված բուսասանիտարական միջոցառումներ կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման, կարգավորվող առարկաների վարակազերծման նպատակով, ինչպես նաև իրականացնում է այլ միջոցառումներ` կանխելու կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՆՈՒՄԸ

 

Բույսերի կարանտինը հանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` բույսերի կարանտինի ծառայության եզրակացության և լիազորված մարմնի միջնորդության հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 18. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ և ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մուտքը Հայաստանի Հանրապետության սահմանային կետերով թույլատրվում է միայն բուսասանիտարական պարտադիր ստուգում անցնելուց հետո:

Հայաստանի Հանրապետության սահմանային կետերում բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մաքսային ձևակերպումը կատարվում է բուսասանիտարական նորմերին համապատասխանությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ և ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից թույլատրվում է բուսասանիտարական հավաստագրերի առկայության դեպքում:

Արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համար բուսասանիտարական հավաստագիրը տրվում է այն դեպքում, երբ դա համապատասխանում է ներկրող երկրների բուսասանիտարական նորմերին:

Բուսասանիտարական հավաստագրի ձևը պետք է համապատասխանի բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայով հաստատված նմուշին:

Բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր չվավերացված փոփոխությունների և ուղղումների դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ և ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Տարանցիկ բույսերը, բուսական արտադրանքն ու կարգավորվող այլ առարկաները Հայաստանի Հանրապետության սահմանային կետերում ենթակա չեն բուսասանիտարական հսկողության, եթե դրանք գտնվում են արտահոսքը բացառող ամբողջովին փակ, կնիքով զմռսված տարաներում:

Եթե բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները գտնվում են այնպիսի տարաներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցում շրջակա միջավայր, կամ կան ստույգ տեղեկություններ նման վտանգի հնարավորության մասին, ապա դրանք նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:

Այս դեպքում տարանցիկ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք հնարավոր է սահմանային կարանտին տեսուչի համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՌԳՐԱՎՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 21. ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ և ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՌԳՐԱՎՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումը ու վարակի օջախները վերացնելու համար, բույսերի կարանտինի ծառայության պետական տեսուչի ուսումնասիրության հիման վրա, վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները առգրավվում են ախտահանման կամ ոչնչացման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծման և ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

ՀՈԴՎԱԾ 22. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայություններն իրենց խնդիրներն իրականացնելիս լիազորված մարմնի միջոցով համագործակցում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ագրարային պետական տեսչությունների, մաքսային մարմինների, շրջակա միջավայրի պահպանության, պետական հիգիենիկ ու հակահամաճարակային և այլ ծառայությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունները, լիազորված մարմնի միջոցով, իրենց իրավասությունների սահմաններում համագործակցում են համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 24. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Բույսերի կարանտինի ծառայության տրամադրված փաստաթղթերի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 25. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների գործողությունները.

բ) դատական կարգով պահանջել նշված ծառայությունների ապօրինի գործողության կամ անգործության հետևանքով նրանց պատճառած վնասի փոխհատուցում.

գ) պարզել իրականացվող հսկողության ձևի կիրառման նպատակը.

դ) հսկողություն իրականացնող մարմնից ստանալ համապատասխան պարզաբանումներ իր իրավունքների մասին.

ե) առարկել հսկողության մարմինների գործողությունների դեմ և պահանջել առարկությունները գրանցել արձանագրությունում.

զ) ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության ու լրիվության վերաբերյալ, պահանջել նշված արձանագրությունում գրանցել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն.

է) ստանալ հսկողություն իրականացնող մարմնի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցումը.

ը) արգելել օրենսդրության պահանջների խախտմամբ կատարվող ստուգումը.

թ) ծանոթանալ ստուգումների արձանագրություններին.

ժ) ներկայացնել բացատրություններ, հարուցել միջնորդություններ.

ժա) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող պահանջները.

ժբ) իր շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, ներկայացուցիչների, փաստաբանների:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են`

ա) ապահովել սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջների կատարումը.

բ) չխոչընդոտել բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների կողմից իրականացվող օրինական ուսումնասիրություններին և բուսասանիտարական միջոցառումներին.

գ) բուսասանիտարական փորձաքննության նպատակով հատկացնել փորձանմուշներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 27. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք սույն օրենքը խախտելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

ՀՈԴՎԱԾ 28. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
19 ապրիլի 2000 թ.
ՀՕ-46