Գլխավոր տեղեկություն
Համար
N 1267-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հոդ.855
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1267-Ն

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածը և «Պետական արարողակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1267-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում միասնական քաղաքականության վարման գործում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության հետ կապված հարաբերությունները։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ սույն կարգի դրույթները կարող են տարածվել մարզպետների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան կամ վարչապետի որոշմամբ արտաքին գործերի բնագավառում գործունեություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձանց վրա:

 

II. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն է։

4. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված:

5. Պետական կառավարման համակարգի մարմիններն արտաքին գործերի բնագավառում իրենց գործունեությունն իրականացնում են սույն կարգով սահմանված ձևով՝ համաձայն ձևի, ներկայացված տարեկան գործունեության միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) հիման վրա, որը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացվում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին և ըստ անհրաժեշտության տարվա ընթացքում կարող է լրացվել կամ փոփոխվել՝ նոր ի հայտ եկած տեղեկությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

6. Ծրագրով չնախատեսված միջոցառումների մասին պետական կառավարման համակարգի մարմինները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են դրանց իրականացման նախատեսված ժամկետից առնվազն 15, իսկ հրատապ դեպքերում՝ 3 օր առաջ:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է պետական կառավարման համակարգի մարմիններին ներկայացնել ծրագրում միջոցառումների ներառման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում, ինչպես նաև այլ միջոցառումներ ներառելու մասին առաջարկություններ՝ ծրագիրն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված միջոցառումների դեպքում՝ դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

8. Պետական կառավարման համակարգի մարմինները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում ծրագրում նախատեսված, ինչպես նաև 6-րդ կետում նշված միջոցառումների կատարման մասին տեղեկությունները` համապատասխան միջոցառման իրականացումից հետո եռօրյա ժամկետում:

9. Սույն կարգի 6-րդ և 8-րդ կետերում նախատեսված տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է պետական կառավարման համակարգի մարմիններին և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի մարմիններին տրամադրում է իրենց միջազգային բնույթի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հարցման հիման վրա դիրքորոշում արտաքին քաղաքականության բնագավառի կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ նման հարցում ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

11. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերին և միջազգային հարաբերություններին առնչվող առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում` դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքի հետ միասին:

12. Պետական կառավարման համակարգի մարմիններն ապահովում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների ներգրավումը միջազգային բնույթի գործունեության իրականացմանն առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ օտարերկրյա պետություններ այց իրականացնող պատվիրակությունների կազմում:

13. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները համապատասխան երկրներ մեկնող պաշտոնական պատվիրակությունների և պետական կառավարման համակարգի մարմնի պաշտոնատար անձանց գործուղման մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

14. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կամ ներկայացուցիչը, որպես կանոն, մասնակցում է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի և պաշտոնատար անձի հանդիպումներին, միջազգային համաժողովներին և նիստերին, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկում և (կամ) որոնց արդյունքում կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության համար պարտադիր կատարման ենթակա բանաձևեր կամ որոշումներ, ձեռք բերվել արտաքին քաղաքականությանն առնչվող պայմանավորվածություններ, արվել արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված հայտարարություններ:

15. Պաշտոնատար անձինք և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մշակվում և թարմացվում են ըստ անհրաժեշտության և ներկայացվում պետական կառավարման համակարգի մարմիններ։

16. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների հետ հարաբերությունները, այդ թվում` պաշտոնական նամակագրությունը, բանակցությունները, փաստաթղթերի ստորագրումը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով պաշտոնական հանդիպումները, պաշտոնական և աշխատանքային հրավերներն ու ընդունելությունները, պաշտոնական և աշխատանքային այցերը, խորհրդակցությունները, պաշտոնական հայտարարությունները, այլ պայմանավորվածությունները, իրականացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված անձանց և մարմինների կողմից պաշտոնատար անձանց և պետական կառավարման համակարգի մարմիններին ուղղակիորեն հասցեագրված գրությունների պատճենները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ ստանալուց հետո եռօրյա ժամկետում։

18. Պետական կառավարման համակարգի մարմինները Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպման մասին առնվազն 3 օր առաջ, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որի ներկայացուցիչն անհրաժեշտության դեպքում կարող է մասնակցել վերոհիշյալ հանդիպումներին: Այն դեպքում, երբ պաշտոնական հանդիպումները կազմակերպվում են հրատապ, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրա մասին տեղեկացվում է պաշտոնական հանդիպման պայմանավորվածությունը ձեռք բերելուց անմիջապես հետո:

19. Սույն կարգի 16-18-րդ կետերը չեն տարածվում՝

1) ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերով կարգավորվող այնպիսի հարաբերությունների վրա, որոնք նախատեսում են անմիջական հաղորդակցություն.

2) այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող հարաբերությունների վրա, որոնցում ընդունված կանոնակարգի համաձայն նախատեսվում են ուղղակի շփումներ համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց հետ.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իր իրավասություններից բխող օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության ոլորտում իրականացվող ամենօրյա աշխատանքների վրա.

4) այն դեպքերում, երբ 16-18-րդ կետերում նշված միջոցառումներն իրականացվում են անմիջականորեն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ կամ համաձայնությամբ։

20. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային ներկայացուցչությունների հետ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չպահանջող, տարեկան հաստատված ծրագրերով և ստորագրված միջազգային փաստաթղթերով նախատեսված, օպերատիվ, ինչպես նաև տեխնիկական բնույթի հարցերին առնչվող ուղղակի շփումների միջոցով իրականացվող հարաբերությունների վրա:

21. Սույն կարգի 19-րդ կետում նշված դեպքերում պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց գործունեության մասին ամփոփ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում կիսամյակային պարբերականությամբ:

21.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության զեկույցների պատրաստման նպատակով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվում են տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը, անհրաժեշտության դեպքում` այլ շահագրգիռ պետական մարմիններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ՝ այլ անձինք կամ կազմակերպություններ։

(21.1-ին կետը լրաց. 04.06.20 N 877-Ն)

21.2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից զեկույցը մշակվելուց հետո այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ և դրանում նշված ժամկետներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ապահովում է զեկույցի օտար լեզվով թարգմանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է դրա փոխանցումը համապատասխան միջազգային կազմակերպությանը:

(21.2-րդ կետը լրաց. 04.06.20 N 877-Ն)

21․3․ Սույն կարգի 21.1-ին կետի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողով կամ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության բացակայության դեպքում՝ տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը պատրաստում է զեկույցը և ներկայացնում այն համապատասխան միջազգային կազմակերպությանը, ինչպես նաև ի գիտություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ պատճենը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

(21.3-րդ կետը լրաց. 04.06.20 N 877-Ն)

22. Սույն կարգի կատարման մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պարբերաբար զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 Ձև

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄՆԻ 20...... ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

Միջոցառման անվանումը

Համառոտ նկարագիրը

Ժամկետները (եռամսյակը, ամիսը, տասնօրյակը)

Հիմնավորումը (անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը)

Այլ նշումներ1 (առնչվող փաստաթղթեր)

1

2

3

4

5

6

 1. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բանակցություններ և խորհրդակցություններ

1.1

         

1.2

         

 2. Միջկառավարական հանձնաժողովների նիստեր

2.1

         

2.2

         

3. Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերով միջգերատեսչական հանդիպումներ (միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի աշխատանքներ, միջազգային պայմանագրերի կատարման, ազգային զեկույցների մշակման և արտաքին քաղաքական բնագավառին վերաբերող այլ նպատակներով պետական կառավարման մեկից ավելի մարմինների մասնակցությամբ միջոցառումներ)

3.1

         

3.2

         

 4. Հայաստանի Հանրապետությունում միջազգային բնույթի միջոցառումներ

4.1

         

4.2

         

______________________

1«Այլ նշումներ (առնչվող փաստաթղթեր)» կարող է տրամադրվել հավելյալ տեղեկատվություն (վայրը, մասնակցող անձը, պատվիրակության անդամները, համակատարողները) կամ նշել առնչվող փաստաթղթերը՝ դրանք կցելով ծրագրին։

(հավելվածը լրաց. 04.06.20 N 877-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1267-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Գործադիր իշխանության մարմիններում սույն կարգի պահանջների կատարման վերահսկողությունն իրականացվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

3. Սույն կարգի իմաստով գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձ են համարվում նախարարը և նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմնի ղեկավարները և նրանց տեղակալները։

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներին կամ բանակցություններին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը և դրանց վերաբերյալ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը չի ներկայացվում:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

5. Գործադիր իշխանության մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների կամ բանակցությունների կայանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ տվյալ պետական մարմնի կողմից համապատասխան պաշտոնական հանդիպման կամ բանակցությունների մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացվում ամփոփ տեղեկատվություն՝ սույն կարգով սահմանված ձևով՝ համաձայն ձևի։

6. Եթե գործադիր իշխանության մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներին կամ բանակցություններին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ապա սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը չի ներկայացվում:

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությանը կցվում են դրան առնչվող փաստաթղթերի պատճենները։

8. Սույն կարգի պահանջների համաձայն ներկայացված տեղեկատվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հարցադրումներին կամ հավելյալ տեղեկատվություն տրամադրելու դիմումի դեպքում՝ գործադիր իշխանության մարմինն իր պատասխանը ներկայացնում է 5-օրյա ժամկետում։

9. Սույն կարգի կատարման մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պարբերաբար զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1.

Հանդիպման օրը և վայրը

 

2.

Հանդիպման նախաձեռնող կողմը

 

3.

Հանդիպման մասնակիցները

 

4.

Հանդիպման նպատակը

 

5.

Քննարկված հարցերը

 

6.

Կողմերի առաջարկությունները

 

7.

Ձեռք բերված պայմանավորվածությունները