ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 815-Լ
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-562-14.04.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-562-14.04.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ
1. Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանում Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև բոլոր ածանցյալ ֆինանսական գործիքների գծով վճարումների (փոխանցումների) կատարումն արտարժույթով։
Կարծում ենք, որ հնարավոր չարաշահումների ռիսկից խուսափելու համար անհրաժեշտ է արտարժույթով վճարումներ կատարելու հնարավորություն սահմանել միայն արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների համար: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները՝ վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ, արտարժութային պարտատոմսերի գծով վճարումները (ներառյալ արժեկտրոնները), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը՝ բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի։»։
2. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում տարաժամկետ վճարելու պայմանով արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքներ կարող են կնքվել միայն մասնագիտացված անձանց միջոցով: Ընդ որում, ըստ օրենքի մասնագիտացված անձանց շրջանակը սահմանափակ է, ինչն ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների դեպքում խոչընդոտում է ածանցյալների շուկայի մի շարք պոտենցիալ մասնակիցների՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների) և ապահովագրական ընկերությունների մուտքը: Հետևաբար՝ կարծում ենք, որ տարաժամկետ վճարելու պայմանով արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները մասնագիտացված անձանց միջոցով կնքելու պահանջը չպետք է տարածել նշված ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործարքների վրա՝ իրենց գործունեությունը կարգավորող օրենքներին համապատասխան: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով՝
«Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ․
Սույն մասը չի սահմանափակում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց և ապահովագրական ընկերությունների կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը՝ իրենց գործունեությունը կարգավորող օրենքներին համապատասխան:»։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|