Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.1999-10.07.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
9 նոյեմբերի 1999 թ.

 

ՆՈՐՄԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքը կարգավորում է նորմատիվ պահանջներին արտադրանքի, ապրանքների (այսուհետ` արտադրանք), աշխատանքների և ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համապատասխանության պարտադիր ու կամավոր հավաստման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև սահմանում է այդ բնագավառում պետական վերահսկողության իրավական հիմքերը, համապատասխանության հավաստման եղանակները, ապրանքային շուկայում արտադրանքի իրացման պայմանները, համապատասխանության հավաստման մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 2.

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) համապատասխանության հավաստում` գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության մասին հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

բ) համապատասխանության պարտադիր հավաստում` համապատասխանության հավաստում, որը գործարկվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանված որոշակի արտադրանքի կամ ծառայության համար և կատարվում է պարտադիր կարգով այդպիսի արտադրանքի կամ ծառայության անվտանգությունն ապահովող պարտադիր նորմատիվ պահանջներին համապատասխան.

գ) համապատասխանության նշան` սահմանված կարգով գրանցված և համապատասխանության հավաստման համակարգի կանոններով կիրառվող նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

դ) համապատասխանության մասին հայտարարագիր` վավերացված փաստաթուղթ, որում արտադրանք արտադրողը, ներմուծողը կամ ծառայություն մատուցողն իր մոտ եղած տվյալների հիման վրա հավաստիացնում է իր արտադրած, ներմուծվող արտադրանքի կամ մատուցող ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

ե) նորմատիվ պահանջներ` նորմատիվ փաստաթղթերում արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող պահանջներ, որոնց հետ համեմատվում են արտադրանքի կամ ծառայության բնութագրերը` համապատասխանության հավաստման ժամանակ.

զ) նորմատիվ փաստաթուղթ` տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտներ, սահմանված կարգով հաստատված այլ փաստաթղթեր, որտեղ ներառված են արտադրանքի կամ ծառայության նորմատիվ պահանջները.

է) անվտանգություն` անթույլատրելի ռիսկի բացակայություն` կապված արտադրանքով կամ ծառայությամբ կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս հասցնելու հնարավորության հետ.

ը) համապատասխանության սերտիֆիկատ` սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է սահմանված կարգով նույնականացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

թ) արտադրանքի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով համապատասխանության հավաստման համակարգի կանոններով հավաստվում է համապատասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը և այլ հատկանիշներին.

ժ) սերտիֆիկացում` համապատասխանության հավաստման ընթացակարգ, որի արդյունքով սերտիֆիկացման մարմինը գրավոր հավաստիացնում է արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

ժա) համապատասխանության հավաստման ազգային մարմին` համապատասխանության հավաստման համակարգի կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին.

ժբ) սերտիֆիկացման մարմին` որոշակի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հավատարմագրված իրավաբանական անձ.

ժգ) փորձարկման լաբորատորիա` որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ.

ժդ) հայտատու` արտադրանք արտադրող (վաճառող) կամ ծառայություն մատուցող, կամ նրանց վստահված ներկայացուցիչ, որն արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հայտով դիմում է սերտիֆիկացման մարմին.

ժե) համապատասխանության հավաստման սխեմա` գործողությունների որոշակի համախումբ, որոնց դրական արդյունքներն ընդունվում են որպես նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապացույց.

ժզ) հավատարմագրում` ընթացակարգ, որի միջոցով հավատարմագրման խորհուրդը պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի իրավասությունը` համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում աշխատանքներ կատարելու համար, ինչպես նաև պաշտոնապես ճանաչում է արտադրանք արտադրողից (վաճառողից) կամ ծառայություն մատուցողից այդ իրավաբանական անձի անկախությունը.

ժէ) համապատասխանության կամավոր հավաստում` հայտատուի նախաձեռնությամբ և նրա կողմից հայտարարված նորմատիվ և տեխնիկական պահանջներին համապատասխան անցկացվող համապատասխանության հավաստում:

 

Հոդված 3.

ՆՈՐՄԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են համապատասխանության հավաստման վերաբերյալ նորմեր, որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 5.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Համապատասխանության պարտադիր հավաստման նպատակներն են`

ա) քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովումը.

բ) շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանումը.

գ) սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը.

դ) համապատասխանության հավաստման կանոնների ներդաշնակեցումը միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման համակարգերի կանոններին, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների բացառումը:

 

Հոդված 6.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Համապատասխանության հավաստման համար կիրառվող նորմատիվ փաստաթղթերը պետք է պարունակեն արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող նորմատիվ պահանջներ և համապատասխանության որոշման մեթոդներ:

Արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող պահանջները կարող են լինել մեկ կամ մի քանի նորմատիվ փաստաթղթերում:

2. Արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման համար կարող են կիրառվել նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով կիրառվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային նորմատիվ փաստաթղթեր:

3. Համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվում են արտադրանքի կամ ծառայության տեխնիկական կանոնակարգերը:

 

Հոդված 7.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ կազմում է համապատասխանության հավաստման ազգային մարմինն ու հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. Համապատասխանության հավաստման համակարգը համապատասխանության հավաստման ենթահամակարգերի, ընթացակարգերի և կանոնների ամբողջությունն է:

2. Համապատասխանության հավաստման ենթահամակարգերով սահմանվում են այնպիսի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստումը, որոնց համար կիրառվում են միևնույն նորմատիվ փաստաթղթերն ու ընթացակարգերը:

 

Հոդված 9.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ

 

1. Համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ` սերտիֆիկատ) ձևը, ինչպես նաև դրան ներկայացվող պահանջները սահմանվում են համապատասխանության հավաստման համակարգով:

2. Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջներն ու կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

1. Արտադրանքի և ծառայության համապատասխանության մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) հայտը ներկայացնելու իրավունք ունեն արտադրանք արտադրողները, ներմուծողները կամ ծառայություն մատուցողները:

2. Հայտարարագիրը պետք է հիմնվի արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման սխեմաներով ստացված տվյալների, հիգիենիկ եզրակացությունների, անասնաբուժական, բուսասանիտարական վկայագրերի և տվյալ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով հավաստված տվյալների վրա:

3. Հայտարարագրի հայտում նշվում են`

ա) հայտարարագրի հայտ ներկայացնող հայտատուի անվանումը և հասցեն.

բ) արտադրանքի կամ ծառայության անվանումը և դասակարգչային կոդը.

գ) նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապահովման մասին հայտատուի պարտավորությունը.

դ) նորմատիվ փաստաթղթերը, որոնց համապատասխանում է հայտարարագրի հայտում նշված արտադրանքը կամ ծառայությունը.

ե) հիգիենիկ եզրակացությունների, անասնաբուժական, բուսասանիտարական վկայագրերի, կատարված փորձարկումների և տվյալ արտադրանքի կամ ծառայության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որակը և անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի առկայությունը:

Հայտարարագրի հայտը ստորագրվում է հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից:

4. Հայտարարագիրը գրանցվում և վավերացվում է սերտիֆիկացման մարմնում: Հայտարարագրի մեկական օրինակները պահվում են սերտիֆիկացման մարմնում և հայտատուի մոտ և անհրաժեշտության դեպքում ներկայացվում են պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին:

5. Հայտարարագիրն ու սերտիֆիկատը Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն միևնույն իրավաբանական ուժը:

 

Հոդված 11.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ

 

1. Արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հավաստման սխեմաներով:

2. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանվում են համապատասխանության հավաստման համակարգի կանոններով:

3. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար կարող են սահմանվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք ըստ իրենց նշանակության համարժեք են:

 

Հոդված 12.

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

1. Համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելու համար հավակնող իրավաբանական անձանց, որպես սերտիֆիկացման մարմիններ կամ փորձարկման լաբորատորիաներ, հավատարմագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված հավատարմագրման խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման դրական արդյունքների հիման վրա, պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի իրավասությունը` կատարել աշխատանքներ համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում, ինչպես նաև նրա անկախությունը արտադրանք արտադրողից (վաճառողից, գնորդից) կամ ծառայություն մատուցողից:

3. Հավատարմագրման խորհուրդը, այդ պահին որոշակի ոլորտում համապատասխան սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի բացակայության դեպքում, համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ կատարելու համար լիազորում է իրավասու իրավաբանական անձին` սերտիֆիկացման աշխատանքներ կատարել 1 տարուց ոչ ավելի ժամանակով:

 

Հոդված 13.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Համապատասխանության պարտադիր հավաստման մասնակիցներն են` համապատասխանության հավաստման ազգային մարմինը, սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները, հայտատուները:

 

Հոդված 14.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Համապատասխանության հավաստման ազգային մարմինը (այսուհետ` ազգային մարմին) համապատասխանության հավաստման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է:

2. Ազգային մարմինը`

ա) իրականացնում է պետական քաղաքականություն համապատասխանության հավաստման բնագավառում.

բ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման կանոնները.

գ) իրականացնում է արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման պետական վերահսկողություն.

դ) սահմանված կարգով պատրաստում է առաջարկություններ` համապատասխանության հավաստման միջազգային և տարածաշրջանային համակարգերին միանալու վերաբերյալ.

ե) սահմանված կարգով կնքում է համաձայնագրեր` միջազգային և տարածաշրջանային, միջպետական կազմակերպությունների հետ համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչման մասին.

զ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններում արտադրանքի համապատասխանության հավաստման հարցերով.

է) հրատարակում է տեղեկատվություն` համապատասխանության հավաստման կանոնների, հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների վերաբերյալ և այդ տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներկայացնում է միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման կազմակերպություններին.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 15.

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Սերտիֆիկացման մարմինը, իր հավատարմագրման ոլորտի սահմաններում`

ա) քննարկում է համապատասխանության հավաստման անցկացման աշխատանքների հայտերը.

բ) գրանցում և վավերացնում է հայտատուի կողմից ներկայացված հայտարարագիրը.

գ) իրականացնում է սերտիֆիկացման արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հսկողություն` ըստ համապատասխանության հավաստման սխեմայի և հայտատուի ու սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի.

դ) իրականացնում է արտադրանքի նմուշառում.

ե) կատարում է համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ, որոնք նախատեսված են որոշակի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման սխեմայով.

զ) կատարում է արտադրանքի կամ ծառայության սերտիֆիկացում, հանձնում է սերտիֆիկատ.

է) կասեցնում կամ դադարեցնում է հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողությունը` համապատասխանության հավաստման պայմանների խախտման դեպքում:

2. Սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի վավերացման (մերժման) որոշումը պետք է ընդունի 2 օրվա ընթացքում:

3. Սերտիֆիկացման մարմինը նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության անհամապատասխանության դեպքում անմիջապես տեղեկացնում է պետական վերահսկողության իրականացման համապատասխան մարմնին:

4. Սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձինք համապատասխանության հավաստման կանոնների խախտման համար կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 16.

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

 

1. Փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրման ոլորտի սահմաններում կատարում է արտադրանքի կամ ծառայության փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է սերտիֆիկացման մարմիններին փորձարկումների արձանագրություն:

2. Փորձարկման լաբորատորիայի պաշտոնատար անձինք համապատասխանության հավաստման կանոնների խախտման համար կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17.

ՀԱՅՏԱՏՈՒՆ

 

1. Համապատասխանության հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության հայտատուն`

ա) ընտրում է համապատասխանության հավաստման սխեման և հայտ է ներկայացնում սերտիֆիկացման մարմնին սերտիֆիկացման աշխատանքների կատարման համար կամ ներկայացնում է հայտարարագրի հայտ.

բ) իրացնում է համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքը կամ մատուցում է ծառայությունը միայն հայտարարագրի կամ սերտիֆիկատի առկայության դեպքում.

գ) ապահովում է արտադրանքի կամ ծառայության հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված նորմատիվ պահանջների պահպանումը.

դ) դադարեցնում է համապատասխանության պարտադիր հավաստում անցած արտադրանքի իրացումը կամ ծառայության մատուցումը, եթե այն չի համապատասխանում հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված նորմատիվ պահանջներին, իսկ չդադարեցնելու դեպքում կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) տեղեկացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացնող սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերում կամ տեխնոլոգիական գործընթացում կատարված փոփոխությունների մասին, որոնք կարող են խախտել սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

զ) ապահովում է սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձանց լիազորությունների անարգել կատարումը` համապատասխանության հսկողության իրականացման ժամանակ:

է) համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար կատարում է վճարումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Հայտատուն կարող է հայտարարագրի կամ սերտիֆիկացման աշխատանքների կատարման համար հայտ ներկայացնել իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմնին:

 

Հոդված 18.

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման պայմանը նորմատիվ պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության հավաստումն է:

2. Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ հայտարարագրով:

 

Հոդված 19.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման դեպքում մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն սերտիֆիկացման մարմնում գրանցված հայտարարագիրը, սերտիֆիկատը կամ համապատասխանության նշանի առկայության հավաստումը:

2. Արտադրանքի օտարերկրյա սերտիֆիկատը և համապատասխանության նշանը ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման արդյունքների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման համաձայնագրերով:

3. Հայաստանի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման դեպքում օտարերկրյա սերտիֆիկատների և համապատասխանության նշանների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 20.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՀԱվասՏՈՒՄԸ

 

1. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի նախաձեռնությամբ նրա կողմից որոշվող ստանդարտների, «տեխնիկական պայմանների», բաղադրագրերի և այլ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի կամ ծառայության, այդ թվում նաև որակի և բնապահպանության համակարգերի համապատասխանության հավաստման նպատակով:

Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման մարմնի կողմից` իր հավատարմագրված ոլորտի սահմաններում, հայտատուի և սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

2. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայության համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայության համապատասխանության պարտադիր հավաստմանը:

 

Հոդված 21.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Համապատասխանության հավաստման մասնակիցների գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնին, դատարան:

 

Հոդված 22.

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման պետական վերահսկողությունն իրականացվում է արտադրանքն արտադրելու, իրացնելու, օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև ծառայության մատուցման ժամանակ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջների և կանոնների պահպանման պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել պետական վերահսկողության իրականացման համար:

 

Հոդված 23.

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի 22 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջների և կանոնների պահպանման պետական վերահսկողությունն իրականացնում է ազգային մարմինը:

2. Պետական վերահսկողությունն իրականացնում են ազգային մարմնի գլխավոր պետական տեսուչ և պետական տեսուչները:

3. Գլխավոր պետական տեսչի և պետական տեսուչների իրավասություններն ու պարտականությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 24.

ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԻ և ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

1. Գլխավոր պետական տեսչի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան: Բողոքարկումը չի կասեցնում նրա ընդունած կարգադրագրերի կատարումը:

2. Պետական տեսուչների գործողությունները կարող են բողոքարկվել գլխավոր պետական տեսչին, դատարան:

 

Հոդված 25.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստումը, համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվելու է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահն ընդունված նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով:

 

Հոդված 26.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի ապրիլի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
3 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-19

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2004, ՀՕ-82-Ն 10.07.2004, ՀՕ-19
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան