Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/56(1611) Հոդ.681.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 778-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 21-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» պարբերությամբ՝

«թ) խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում՝ հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը: Ընդ որում, շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և (կամ) տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում գնային պայմանի համար սահմանվող չափանիշը չի կարող պակաս լինել քսան և ավել երեսուն միավորից:».

2) 23-րդ կետի 6-րդ ենթակետում «ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների (ծառայությունների)» բառերը փոխարինել «ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և (կամ) տեխնիկական հսկողության ծառայությունների» բառերով.

3) 32-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացրած գնային առաջարկի չափով որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Ընդ որում շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքերում սույն պարբերությամբ նախատեսված ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի չափին, իսկ գնային առաջարկը գնման հայտով սահմանված ծառայության ձեռքբերման նախահաշվային արժեքից, որը հրապարակվում է հրավերով, պակաս լինելու դեպքում՝ նախահաշվային արժեքին: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը՝

- չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.

- գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, ապահովման գործողության ժամկետը չպետք է պակաս լինի կնքվելիք պայմանագրով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման վերջնաժամկետից, ներառյալ՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման համար սահմանված ժամկետը, և ներկայացվում է օրենքի 35-րդ կետով սահմանված կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումը պահվում է լիազորված մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում,»,

բ. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» պարբերությամբ՝

«ժ. խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում՝ հայտերի գնահատման համար հրավերով պահանջված փաստաթղթերը:»,

գ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման: Ընդ որում, մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե`

ա. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և՛ տառերով, և՛ թվերով կամ միայն տառերով,

բ. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին,

գ. գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված,

դ. գնային առաջարկի արժեք, ավելացված արժեքի հարկ և ընդհանուր գումար սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների լումաները կլորացված են մինչև հինգ տասնորդականը՝ դեպի ներքև ամբողջ թիվը, իսկ հինգ տասնորդական և դրանից ավելին՝ դեպի վերև ամբողջ թիվը,

ե. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում գումարները լրացված են ինչպես թվերով, այնպես էլ տառերով, և դրանք համապատասխանում են միմյանց, իսկ ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարի մեջ լրացված են ավելորդ բառեր, որի արդյունքում ստացվում է գոյություն չունեցող թիվ: Ընդ որում, սույն պարբերության մեջ նշված դեպքում գնահատող հանձնաժողովը հայտը գնահատելիս հիմք է ընդունում արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով լրացված գումարների հանրագումարը,

զ. գնային առաջարկի սյունակներում տառերով լրացված գումարների մեջ լումաները նշված են թվերով.»,

դ. 10-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա որակավորման ապահովումը հատկացված ֆինանսական միջոցների չափով ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, իսկ հետագայում պահանջվող ֆինանսական միջոցների մասով ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.»,

ե. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ՝

ա. շինարարական ծրագրերի կատարման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման, որի դեպքում ապահովումը այն ներկայացրած անձին վերադարձվում է օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ վերջինիս կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում,

բ. այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո ապահովման գումարը նվազեցվում է այդ գումարի չափով:».

4) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ ենթակետով՝

«28) խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը:».

5) 40-րդ կետը լրացել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականն ամենաբարձրն է: Մասնակիցներին տրված գնահատականների հավասարության դեպքում, կամ եթե գնումն իրականացվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա՝

ա. ընտրված և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով նվազագույն գնահատական ստացած բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),

բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նվազագույն գնահատական ստացած բոլոր մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,

գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը,

դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,

ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ դրան ներկա մասնակիցների ներկայացրած գների, հրավերով սահմանված չափանիշների գնահատման հիման վրա որոշվում ու հայտարարվում են ընտրված և հաջորդական տեղեր զբաղեցրած մասնակիցները,

զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին ամենաբարձր գնահատական ստացած մասնակցի գինը գերազանցում է գնման հայտով սահմանված գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է այդ մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ՝

- միևնույն գնման առարկայի բնութագրերով տվյալ օրացուցային տարում արդեն իսկ կազմակերպվել է առնվազն մեկ գնման մրցակցային ընթացակարգ, որը չկայացած է հայտարարվել մասնակիցների ներկայացրած գները գնման հայտով սահմանված գինը գերազանցելու հիմքով պայմանավորված.

- ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքվելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում,

է․ բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը, կամ նվազագույն գները հավասար են, գնման ընթացակարգն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած, բացառությամբ սույն ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված դեպքի:».

6) 42-րդ կետում «32-րդ կետի 1-ին մասի «դ» պարբերությամբ» բառերը փոխարինել «32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ» բառերով.

7) 72-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Եթե գնումն իրականացվում է սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերի հիման վրա, ապա կնքված պայմանագրի հիման վրա վճարումները կարող են կատարվել պատվիրատուի կողմից հաստատված հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:»:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի՝

1) բացառությամբ 3-րդ ենթակետի 5-րդ պարբերության և 7-րդ ենթակետի, պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա.

2) 3-րդ ենթակետի 5-րդ պարբերության պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա: Ընդ որում, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը բանկային երաշխիքի կամ տուժանքի ձևով ներկայացված որակավորման ապահովումները ենթակա են համապատասխանեցման սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 90-օրյա ժամկետում.

3) 7-րդ ենթակետի պահանջները տարածվում են սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան