Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1535
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.660
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 մայիսի 2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄԵՂՐԻԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի մարտի 26-ի N 375-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի ապրիլի 1-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի ապրիլի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով՝ Մեղրի քաղաքի մոտակայքում, ներկայիս սահմանային անցակետի արդիականացմանն ու ընդլայնմանը օժանդակելու նպատակով:

Համաձայնագրի անբաժան մաս են կազմում թվով 4 հավելվածները. Հավելված 1-ով ներկայացվում է ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նկարագրությունը, Հավելված 2-ը սահմանում է կատեգորիաները, յուրաքանչյուր կատեգորիային հատկացված վարկի գումարը և յուրաքանչյուր կատեգորիայի համար նախատեսված ծախսերի ֆինանսավորման տոկոսային արտահայտությունը, Հավելված 3-ով սահմանվում են հատուկ հաշվի վերաբերյալ կարգավորումները, Հավելված 4-ով՝ բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագիրը:

Համաձայնագրի նկատմամբ կիրառելի են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Բանկ)` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի Ստանդարտ պայմանների բոլոր դրույթները՝ Համաձայնագրի 1-ին հոդվածի 1.01 բաժնով ներկայացվող փոփոխություններով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է վարկ՝ 10.626.263 եվրո գումարի չափով: Վարկի առաջին վճարման ամսաթիվն է 2023 թվականի ապրիլի 16-ը, իսկ վարկի վերջին վճարման ամսաթիվը՝ 2034 թվականի հոկտեմբերի 16-ը:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ընդունել, որ մասհանման նվազագույն գումարի չափը 50.000 եվրո է, կանխավճարի նվազագույն գումարի չափը՝ 500.000 եվրո, իսկ չեղարկման նվազագույն գումարի չափը՝ 500.000 եվրո (բաժին 2.02, կետեր «ա», «բ», «գ»),

- վճարել տոկոս՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին (բաժին 2.02, կետ «դ»),

- վարկը վճարել 24 հավասարաչափ (կամ որքան հնարավոր է հավասարաչափ) կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին (բաժին 2.02, կետ «ե», ենթակետ 1 ),

- վճարել պարտավճար՝ տարեկան 0.5 տոկոսի չափով (բաժին 2.02, կետ «է», ենթակետ 1 ),

- Ծրագրի նպատակներով, և եթե Բանկը դիմել է, ապահովել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացի և վարի հատուկ դեպոզիտային հաշիվ՝ Բանկի համար ընդունելի պայմաններով և կարգով՝ ներառյալ համապատասխան պաշտպանությունը հաշվանցումից, առգրավումից և արգելանք դնելուց (բաժին 2.03, կետ «բ»),

- ի լրումն Ստանդարտ պայմանների IV հոդվածում սահմանված ընդհանուր պարտավորությունների և եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել Ծրագիրն ավարտելու համար համապատասխան միջոցների տրամադրումը, ձեռք բերել, պահպանել, թարմացնել և համապատասխանեցնել բոլոր անհրաժեշտ արտոնագրերը, հաստատումներն ու գրանցումները, ապահովել, որ Ծրագրի իրականացման մարմնի համապատասխան ստորաբաժանումները պատշաճ բարեխղճությամբ և արդյունավետորեն վերահսկեն Ծրագրի ընդհանուր իրականացումն ու կառավարումը (բաժին 3.01),

- եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, հիմնադրել Բանկի համար ընդունելի պայմաններով ծրագրի իրականացման գրասենյակ (կամ այլ թիմի կառուցվածք)՝ համապատասխան ռեսուրսներով և որակավորված անձնակազմով (բաժին 3.02),

- ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների (բացի խորհրդատվական ծառայություններից) գնումն իրականացնել բաց մրցույթների միջոցով, կիրառել Բանկի՝ Գնումների կանոնակարգի III բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում սահմանված՝ բաց մրցույթի ընթացակարգերը, խորհրդատուներին ընտրել Բանկի՝ Գնումների կանոնակարգի III բաժնի 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերին համապատասխան, բոլոր պայմանագրերն իրականացնել Բանկի՝ Գնումների կանոնակարգով սահմանված ընթացակարգերով և Բանկի նախնական ուսումնասիրումից հետո (բաժին 3.03, «ա», «բ», «գ», «դ» կետեր),

- եթե Բանկի հետ այլ համաձայնություն առկա չէ, ապահովել, որ Ծրագիրն իրականացվի բնապահպանական և սոցիալական օրենքներին և այլ համապատասխան բնապահպանական թույլտվություններին, արտոնագրերին, հավաստագրերին և հաստատումներին համապատասխան, որ Ծրագրի իրականացման մարմինը՝ մոնիտորինգի ենթարկի Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրի իրականացումը, որ հնարավորինս ողջամիտ ժամկետում և Բանկի հետ համաձայնեցմամբ մշակի ու Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրում ներառի լրացուցիչ կամ վերանայված մեղմման միջոցները (բաժին 3.04, «ա», «բ», «գ» կետեր),

- ապահովել, որ Ծրագրի իրականացման մարմինը խորհրդատուին անվճար տրամադրի նրա գործառույթները կատարելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները և աջակցությունը, ներառյալ՝ գրասենյակային տարածքը և ֆոտոպատճենահանող սարքավորումները, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկություններ, որոնք կարող են առնչվել նրա աշխատանքին (բաժին 3.05 կետ «բ»),

- եթե Բանկի հետ այլ համաձայնություն առկա չէ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հաստատել Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թթ. ռազմավարությունը և մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել դրա ընթացիկ իրականացումը, մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընդունել կառավարության կանոնակարգեր (երկրորդային օրենսդրություն)՝ տրանսֆերային գնագոյացման մասով կարգավորումների կիրառման վերաբերյալ, Ծրագրի ավարտից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապահովել հետևյալ օրական հոսքային ցուցանիշները. 900 տրանսպորտային միջոց, 3 000 ուղևոր և 750 բեռնատար տրանսպորտային միջոց, ապահովել հետևյալ միջին սպասելաժամանակը՝ 15 րոպե՝ բեռնատար տրանսպորտային միջոցների համար, 20 րոպե՝ ավտոբուսների համար և 7 րոպե՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ապահովել սահմանային համալիր կառավարման 2017-2021 թթ. միջոցառումների ծրագրի շարունակական իրականացումը, մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ապահովել ԵՄ Արևելյան գործընկերության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման գործընթացների հաջող իրականացումը (բաժին 3.06),

- ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև վարկի ամբողջական մարումը կամ չեղարկումը ապահովել, որ Ծրագրի իրականացման մարմինը հաշվետու տարվա ավարտից հետո՝ 90 օրվա ընթացքում, Բանկին ներկայացնի Հայաստանի Հանրապետությանը` որպես Վարկառուին (այդ թվում՝ Ծրագրի իրականացման մարմնին) կամ Ծրագրին առնչվող՝ բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես Վարկառուի կողմից իր շահառուներին և լայն հանրությանը պարբերաբար ներկայացվող՝ բնապահպանական և սոցիալական հարցերին առնչվող ցանկացած տեղեկության պատճենը (բաժին 3.07, կետ «ա»),

- ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև Ծրագրի ավարտն ապահովել, որ Ծրագրի իրականացման մարմինը հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո՝ 90 օրվա ընթացքում, ներկայացնի եռամսյակային պարբերական հաշվետվություններ (բաժին 3.07, կետ «բ»),

- անմիջապես Բանկին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Վարկառուին, կամ Ծրագրին առնչվող ցանկացած այնպիսի միջադեպի կամ դժբախտ պատահարի առաջացման մասին, որն ունի կամ կարող է նշանակալի բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի կամ հանրության կամ աշխատողների առողջության կամ անվտանգության վրա, անհապաղ Բանկին ծանուցել այդ միջադեպի կամ դժբախտ պատահարի բնույթի ու դրա վերացման համար ձեռնարկվող քայլերի մասին (բաժին 3.07, «գ» կետ),

- Բանկին անհապաղ ծանուցել աշխատողների կամ հանրության անդամների կողմից որևէ նշանակալից բողոքի կամ պահանջի մասին, որն ուղղված է Հայաստանի Հանրապետությանը` որպես Վարկառուին, կամ առնչվում է վերջինիս կամ Ծրագրին, և որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության` որպես Վարկառուի, կամ Ծրագրի վրա, կամ որը դարձել է կամ կարող է դառնալ հանրությանը հասանելի տեղեկություն՝ մեդիա ծածկույթի միջոցով կամ այլ կերպ։ Այդ ծանուցումից հետո՝ տասն օրվա ընթացքում, ներկայացնել Բանկի համար ընդունելի հաշվետվություն՝ մանրամասնելով ուսումնասիրության արդյունքները վերոնշյալ բողոքի դեպքի առնչությամբ, ինչպես նաև բողոքում կամ պահանջում բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված կամ ձեռնարկելու համար առաջարկվող քայլերի նկարագրությունը (բաժին 3.07, «դ» կետ),

- Ծրագրի կամ դրա ցանկացած մասի կատարման համար պատասխանատու ստորաբաժանումների կամ մարմինների առնչությամբ շարունակաբար իրականացնել գործընթացներ, վարել փաստաթղթեր և հաշիվներ, որոնք, հետևողականորեն կիրառվող՝ միջազգայնորեն ընդունված հաշվապահական ստանդարտներին համապատասխան, ստույգ արտացոլում են Ծրագրին առնչվող գործառնությունները, ռեսուրսներն ու ծախսերը և հնարավորություն են տալիս մոնիտորինգի ենթարկելու և արձանագրելու Ծրագրի առաջընթացը (ներառյալ՝ դրա հետ կապված ծախսերն ու դրանից ստացվելիք օգուտները) (բաժին 4.01, «ա» կետ):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող`

Հ. Թովմասյան

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1535

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան