Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-288
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.1999-11.04.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.01/47(346)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

3 մարտի 1999 թ.

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց ժամանակավոր տեղավորելու, փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու, փախստականի կարգավիճակը կորցնելու հիմքերը, կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) իրավասությունները, փախստականի կարգավիճակ հայցողի և փախստականի իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավական ու սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

փախստական` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձ, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից.

փախստականի կարգավիճակ հայցող` անձ, որը դիմում է կամ մտադրություն ունի դիմելու լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար.

հատուկ կացարան` փախստականի կարգավիճակ հայցողին բժշկական զննման ենթարկելու ժամանակամիջոցում ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք.

ժամանակավոր կացարան` փախստականի կարգավիճակ հայցողին և փախստականին ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք:

 

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, ովքեր, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, սույն օրենքով սահմանված կարգով դիմել կամ մտադիր են դիմել լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար կամ արդեն իսկ ձեռք են բերել փախստականի կարգավիճակ, կամ ստացել են մերժում:

 

Հոդված 3. Փախստականների մասին օրենսդրությունը

 

Փախստականի և փախստականի կարգավիճակ հայցողի իրավական վիճակը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և օրենսդրական այլ ակտերով:

Եթե սույն օրենքի նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերին, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը

 

Փախստականի կարգավիճակ ստացած անձին լիազորված մարմինը տալիս է փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ, որոնց ձևերը և տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փախստականի ճամփորդական փաստաթուղթը տրվում է «Փախստականի կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնևի կոնվենցիային համապատասխան:

Փախստականի վկայականը Հայաստանի Հանրապետությունում համարվում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և տրվում է փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին լրացած բոլոր անձանց, իսկ ճամփորդական փաստաթուղթը` փախստականի վկայական ստացած անձանց` ըստ ցանկության:

Սույն օրենքով սահմանված կարգով` փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին չլրացած փախստականների մասին տվյալները նշվում են նրանց ծնողների` փախստականի վկայականում և ճամփորդական փաստաթղթում կամ այլ օրինական ներկայացուցչի համապատասխան փաստաթղթերում:

Փախստականի կարգավիճակ ստացած անձանց երեխաները 16 տարին լրանալուց հետո կարող են դիմել լիազորված մարմնին` փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 5.  Փախստականի կարգավիճակ տալու հիմքերը

 

Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի դիմել լիազորված մարմնին և սույն օրենքով սահմանված կարգով ստանալ փախստականի կարգավիճակ:

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանում է սույն օրենքի 1 հոդվածում նշված անձը, եթե`

ա) գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

բ) այլ պետության կողմից չի ստացել փախստականի կարգավիճակ:

 

Հոդված 6.  Փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը

 

Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, եթե`

ա) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ զինվորական հանցագործություն` միջազգային ակտերում այդ արարքներին տրված բնորոշումներով.

բ) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է ոչ քաղաքական բնույթի հանցագործություն, կամ նրա նկատմամբ ուժի մեջ է Միջազգային դատարանի վճիռը` Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող հանցագործության համար.

գ) նա կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը.

դ) նա ունի մի քանի պետությունների քաղաքացիություն, բայց առանց հիմնավոր պատճառների չի օգտվում այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից.

ե) սույն օրենքի համաձայն նրա` փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը նախկինում մերժվել է, իսկ նոր դիմումը լրացուցիչ տեղեկություններ չի պարունակում:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 7. Փախստականի կարգավիճակ հայցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն

 

Փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նաև այլ պետություններից զանգվածաբար Հայաստանի Հանրապետություն եկող անձինք Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականի կարգավիճակ հայցողը փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը կարող է ներկայացնել ինչպես 5 հոդվածում նշված դեպքերում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմանակետում` լիազորված մարմնի ներկայացուցչին: Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվություն չունենալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցելու դիմումը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցողին անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն և օգտվել սույն օրենքով սահմանված իրավունքներից:

 

Հոդված 8.  Փախստականի կարգավիճակ հայցողի բնակեցումը հատուկ կացարանում

 

Փախստականի կարգավիճակ հայցողին, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, լիազորված մարմինը ժամանակավորապես տեղավորում է այդ նպատակի համար նախատեսված հատուկ կացարաններում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում, անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու և փաստաթղթային ստուգումներ անցկացնելու համար:

Մինչև իր դիմումի վերջնական պատասխան ստանալը փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժվել, բնակության վայրը ընտրել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 9. Փախստականի կարգավիճակ հայցողին և փախստականին ժամանակավոր կացարանով ապահովելը

 

Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը, սույն օրենքի 8 հոդվածով նախատեսված` բժշկական զննման ենթարկվելուց և փաստաթղթային ստուգումներից հետո տեղավորվում է ժամանակավոր կացարաններում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 10. Փախստականի կարգավիճակ հայցողի իրավունքները և դրանց երաշխիքները

 

Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի`

ա) ստանալ թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ, բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև` տեղեկատվություն ազգականների վերաբերյալ.

բ) ստանալ միանվագ նպաստ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու չափով.

գ) հետ վերցնել փախստականի կարգավիճակ հայցողի դիմումը:

Փախստականի կարգավիճակ հայցողն օգտվում է սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված երաշխիքներից, ինչպես նաև կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:

 

Հոդված 11. Փախստականի կարգավիճակ հայցողի պարտականությունները

 

Ժամանակավոր կացարաններում տեղավորված անձինք, մինչև փախստականի կարգավիճակ ստանալու մասին իրենց գրավոր դիմումը քննարկելը և դրա վերաբերյալ որոշում ընդունելը, պարտավոր են`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և լիազորված մարմնի` ժամանակավոր կացարաններում բնակվելու համար սահմանած կարգն ու կանոնները.

բ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու ցանկության դեպքում այդ մասին հայտնել լիազորված մարմնին.

գ) վերջնական մերժում ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, եթե իրավասու պետական մարմինների սահմանած կարգով նման պահանջ է ներկայացվել.

դ) ենթարկվել պարտադիր բժշկական զննման:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼԸ

 

Հոդված 12.  Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում տալու կարգը

 

Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձինք` ըստ իրենց ժամանակավոր կացարանների գտնվելու վայրի, սահմանված կարգով` տասնօրյա ժամկետում, գրավոր դիմում են լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար: Փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձինք ստանում են փախստականի կարգավիճակ հայցողի վկայական:

Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունեն 16 տարին լրացած անձինք: 16 տարին չլրացած անձանց համար դիմումները ներկայացնում են նրանց ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ:

Եթե 16 տարին չլրացած անձինք Հայաստանի Հանրապետությունում չունեն ծնողներ կամ այլ օրինական ներկայացուցիչներ, ապա նրանք անհապաղ վերցվում են պետության խնամքի տակ:

Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պարտադիր ընդունվում և սահմանված կարգով գրանցվում են:

Փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը և գրանցման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Դիմողն ազատվում է փախստականի կարգավիճակի համար դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու հետ կապված ծախսերից:

 

Հոդված 13. Դիմումի քննարկման ժամկետները

 

Փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումները քննարկվում են մեկամսյա ժամկետում:

Այն դեպքում, երբ դիմումի քննարկումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն, քննարկումը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս:

 

Հոդված 14. Փախստականի կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը

 

Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումը կարող է մերժվել, եթե`

ա) դիմողի տվյալները չեն համապատասխանում սույն օրենքի 1 և 5 հոդվածներով նախատեսված անձանց համար սահմանված պահանջներին.

բ) նախքան դիմումի քննարկումը և դրա վերաբերյալ որոշում ընդունելն անձն առանց լիազորված մարմնին տեղեկացնելու հեռացել է Հայաստանի Հանրապետությունից կամ խախտել է սույն օրենքի 8 հոդվածի պահանջները.

գ) առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված` մերժման այլ հիմքեր:

 

Հոդված 15. Փախստականի կարգավիճակ տալու մերժման որոշումը գանգատարկելը

 

Լիազորված մարմինը որոշում է ընդունում փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու վերաբերյալ, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին:

Դիմումը մերժելու դեպքում նշվում են սույն օրենքով նախատեսված այն հիմքերը, որոնք մերժման պատճառ են հանդիսացել:

Դիմումի մերժումը կարող է գանգատարկվել վերադասության և դատական կարգով` մեկամսյա ժամկետում:

Եթե փախստականի կարգավիճակ հայցողը դիմել է դատարան, ապա մինչև գանգատի վերաբերյալ` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն օգտվում է փախստականի կարգավիճակ հայցողի իրավունքներից, և նրա վտարումը Հայաստանի Հանրապետությունից:

 

Հոդված 16. Փախստականի կարգավիճակ տալու մերժման իրավական հետևանքները

 

Փախստականի կարգավիճակ տալու վերջնական մերժումը` ներառյալ բողոքարկման գործընթացի ավարտը, իրավասու մարմինների համար հիմք է հանդիսանում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունից վտարելու փախստականի կարգավիճակ հայցողին, եթե նա հրաժարվում է սահմանված ժամկետում կամավոր մեկնել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են Հայաստանի Հանրապետությունում նրա մնալու համար սահմանված այլ օրինական հիմքեր:

Հայաստանի Հանրապետությունից փախստականի կարգավիճակ հայցողի վտարումը կասեցվում է այն դեպքում, երբ նա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելիս կատարել է հանցագործություն` մինչև նրա նկատմամբ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Անձի վտարումը կարող է հետաձգվել, եթե նա Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների կամ նրա տարածքում գործող կամ գտնվող այլ անձանց հանդեպ ունի այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պահանջում է այդ անձի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 17. Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցողի, փախստականի կարգավիճակը կորցրած կամ կարգավիճակից զրկված անձի վտարումը

 

Սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված կարգով մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նաև փախստականի կարգավիճակը կորցրած կամ կարգավիճակից զրկված անձանց, ովքեր հրաժարվում են լիազորված մարմնի կողմից ընդունված որոշման համաձայն սահմանված ժամկետում կամավոր մեկնել, վտարումը Հայաստանի Հանրապետությունից իրականացվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող անձը վտարվում է այն երկիր, որի քաղաքացին է կամ որևէ այլ երկիր, որտեղ մեկնելու ցանկություն է հայտնել, եթե տվյալ երկիրը նրան ընդունելու պատրաստակամություն է հայտնել:

Փախստականի կարգավիճակը կորցրած անձը վտարվում է միայն դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Փախստականի իրավունքները և պարտականությունները

 

Փախստականը Հայաստանի Հանրապետությունում ունի օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` մտքի, խոսքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Փախստականն իրավունք ունի ազատ տեղաշարժվել և սահմանված կարգով ընտրել բնակավայր:

Փախստականն ունի անձնական և ընտանեկան կյանքին անօրինական միջամտելուց օրենքով պաշտպանվելու, անձի և բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության, պատվի և արժանապատվության, կյանքի և առողջության, անձնական ազատության և գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ:

Փախստականն ունի սեփականության, աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականն ընտանեկան հարաբերություններում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ և պարտականություններ:

Փախստականն իրավունք ունի ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ծառայել զինված ուժերում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Փախստականն օգտվում է սոցիալական պաշտպանվածության իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականը Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, չի կարող անդամագրվել Հայաստանի Հանրապետության որևէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոններում:

Փախստականը վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականն իր իրավունքներից ու ազատություններից օգտվելիս չպետք է վնաս հասցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերին, իրավունքներին ու ազատություններին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Փախստականի կարգավիճակ ստացած անձը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

Սույն օրենքով չնախատեսված այլ իրավունքների և պարտականությունների հարցում փախստականն օգտվում է օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:

Ներմուծեք նկարագրությունը_21507

 Ներմուծեք նկարագրությունը_21506 (Հայաստանում օրինական կարգով մշտական բնակություն հաստատած փախստականների` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցելու իրավունքը բացառող` 18 հոդվածի 8-րդ մասի դրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 4, 8, 27, 105 հոդվածների պահանջներին համաձայն 16.10.99 ՍԴՈ-179 որոշման:)

 

Հոդված 19. Փախստականին տրված իրավունքների երաշխիքները

 

Փախստականը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության հովանավորությունից ու գտնվում է նրա պաշտպանության ներքո:

Փախստականին իրավունք չունեն վտարել Հայաստանի Հանրապետությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:

Փախստականին ձերբակալելու, կալանավորելու, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել լիազորված մարմնին և Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:

Փախստականն իր կամքին հակառակ չի կարող վերադարձվել այն երկիրը, որտեղից նա հեռացել է կամ ուղարկվել այլ երկիր, որտեղ վտանգ է սպառնում նրա կյանքին և ազատություններին:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 20. Փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը

 

Անձը կորցնում է փախստականի կարգավիճակը, եթե`

ա) կամավոր կերպով կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա.

բ) կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր կերպով վերստանձնել է այն.

գ) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ պետության քաղաքացիություն և օգտվում է այն պետության պաշտպանությունից, որի քաղաքացին է դարձել.

դ) կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հալածանքի երկյուղի պատճառով.

ե) այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ.

զ) լինելով քաղաքացիություն չունեցող անձ` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ:

Անչափահաս փախստականները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները փախստականներ են կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

 

Հոդված 21. Փախստականի կարգավիճակից զրկելը

 

Անձը զրկվում է փախստականի կարգավիճակից, եթե ի հատ են եկել հանգամանքներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել, և որոնք սահմանված են սույն օրենքի 6 հոդվածով և հիմք են հանդիսանում անձին զրկելու փախստականի կարգավիճակից:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 22. Փախստականների հարցերով զբաղվող լիազորված մարմնի իրավասությունը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում անձին փախստականի կարգավիճակ տալու, մերժելու, դադարեցնելու, զրկելու իրավունքը վերապահվում է փախստականների հարցերով զբաղվող լիազորված պետական մարմնին:

Լիազորված մարմինը կազմակերպում է փախստականի կարգավիճակ հայցողի ընդունումը, տեղավորումը և սոցիալական պաշտպանվածության ապահովումը` սույն օրենքի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

Հոդված 23. Փախստականների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերումը

 

Փախստականները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պետական համապատասխան մարմիններն իրենց իրավասության շրջանակներում օժանդակում են փախստականներին` ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 24. Պատասխանատվությունն օրենքի խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 25. 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետությունում բռնագաղթված անձանց մասին

 

Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
27 մարտի 1999 թ.
ՀՕ-288

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան