Գլխավոր տեղեկություն
Համար
N 1154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.910
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2003 թվականի N 1154-Ն

ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԻՍԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԴ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրամբարների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատման, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1154-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԻՍԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԴ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից ջրամբարների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատումը, ինչպես նաև անհրաժեշտ ծրագրային միջոցառումների իրականացումը` ջրամբարների անվտանգությունն ապահովելու, հնարավոր արտակարգ իրավիճակները կանխարգելելու, դրանց տեխնիկական վիճակի վրա տնտեսական և այլ գործունեության պատճառներով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով:

2. Ջրամբարների պատշաճ տեխնիկական և սանիտարական վիճակի պահպանումն ու դրանց ջրային ռեսուրսների օգտագործումն իրականացվում են ջրամբարների օգտագործման կանոններին համապատասխան, որոնք մշակվում են ջրամբարների օգտագործման օրինակելի կանոններին համապատասխան: Ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնները մշակվում են ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից, համաձայնեցվելով շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ, և հաստատվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրամբարների օգտագործման օրինակելի կանոններին համապատասխան ջրամբարների սեփականատերը յուրաքանչյուր ջրամբարի համար առանձին-առանձին մշակում է ջրամբարի օգտագործման կանոններ` համաձայնեցնելով շահագրգիռ պետական կառավարման, ջրավազանային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և հաստատում այն: Ջրամբարները շահագործող կազմակերպությունները ջրամբարների օգտագործման կանոնների մշակման համար կարող են ներգրավել մասնագետների և մասնագիտացված կազմակերպություններ:

4. Ջրային համակարգերի սեփականատերն իրականացնում է`

ա) վերահսկողություն ջրամբարների օգտագործման հաստատված կանոնների պահանջների պահպանման նկատմամբ,

բ) ջրամբարների և դրանց համակարգերում տեղակայված հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական գույքագրում ու անձնագրավորում` դրանք կառուցելու, օգտագործելու, վերանորոգելու, վերակառուցելու, կոնսերվացնելու, տնտեսական գործունեությունից դուրս բերելու և լուծարելու դեպքերում:

 

II. ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

5. Ջրամբարների ընթացիկ վիճակի զննումը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգի, իրականացնում է ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ձևավորված ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը (այսուհետ` տեխնիկական հանձնաժողով)` համապատասխան պետական կառավարման մարմինների հետ:

Ջրամբարների ընթացիկ վիճակի զննման ժամանակ իրականացվում են`

ա) հսկողություն ջրամբարներն օգտագործող կազմակերպությունների, ինչպես նաև ջրամբարների օգտագործման ընթացքում կապալառու կազմակերպությունների գործունեության նկատմամբ` շինարարության, վերակառուցման, կապիտալ վերանորոգման, վերականգնման կամ կոնսերվացման ժամանակ անվտանգության կանոնների և նորմերի պահպանության ապահովման մասով,

բ) ջրամբարների տեխնիկական վիճակի գնահատում:

6. Ջրամբարների տեխնիկական վիճակը գնահատվում է հետևյալ չափորոշիչների հաշվառմամբ և գործընթացների գնահատմամբ`

ա) ջրամբարների վերականգնման, շահագործումից դուրսբերման (լուծարման) և կոնսերվացման տեխնոլոգիա,

բ) ջրամբարում ֆիլտրացիոն երևույթների մոնիտորինգ,

գ) ջրամբարների ամրության ապահովման միջոցառումների իրականացում,

դ) ջրամբարների ընթացիկ վիճակի վրա տնտեսական գործունեության ազդեցության բնույթի վերլուծություն,

ե) ամբարտակների և պատվարների այլ կառուցվածքների (կառուցվածքի տարրերի) ամրության դիտարկում (ստատիկ, դինամիկ, սեյսմիկ և ֆիլտրացիոն),

զ) ջրամբարներում ջրի մակարդակի և ծավալի, խորության, աղտոտվածության ու քիմիական բաղադրության վերլուծություն,

է) ջրի շրջանառության տեխնոլոգիա (արտադրական և ռեկրեացիոն կարիքների համար օգտագործվող ջրամբարներում),

ը) շրջակա միջավայր ցամաքուրդային ջրերի և աղտոտող նյութերի արտանետման ծավալների հաշվառում,

թ) նստվածքների պահեստավորման դինամիկայի և ծավալների հաշվառում,

ժ) ջրամբարներում նստվածքի ֆիզիկամեխանիկական բնութագրիչների հաշվառում,

ժա) նստվածքների պահեստավորման տեխնոլոգիական պարամետրերի հաշվառում,

ժբ) ջրամբարի սահմաններում, ինչպես նաև հարակից տարածքներում ստորերկրյա և մակերևութային ջրերի վիճակի (աղտոտման) վերլուծություն:

Տեխնիկական հանձնաժողովը ջրային համակարգի կառավարման մարմին է ներկայացնում համապատասխան մասնագիտական եզրակացություն նշված չափորոշիչների հաշվառմամբ գնահատված ջրամբարի ընթացիկ տեխնիկական վիճակի մասին: Տեխնիկական հանձնաժողովը, ելնելով ջրամբարի ընթացիկ տեխնիկական վիճակից, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է համապատասխան տեխնիկական առաջադրանք:

7. Տեխնիկական հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման ու պահպանության ծրագրերը, վերլուծում է իրականացվող միջոցառումների արդյունքները և յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում մասնագիտական եզրակացություններ ու դրանց հիման վրա կազմված տեխնիկական առաջադրանքներ:

 

III. ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

8. Ջրային համակարգերի կառավարման մարմինը տեխնիկական հանձնաժողովից ստացված մասնագիտական եզրակացության և տեխնիկական առաջադրանքի հիման վրա մեկամսյա ժամկետում, ելնելով ջրամբարի անվտանգության խնդիրներից, ներկայացնում է առաջարկություն ջրամբարի ընթացիկ և (կամ) կապիտալ վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների ու միջոցառումների իրականացման ժամկետների վերաբերյալ:

9. Պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների ընթացիկ վերականգնման ծախսերն իրականացնում է օգտագործողը, իսկ կապիտալ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ոչ պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների ընթացիկ վերականգնման և կապիտալ ծախսերը կատարում է ջրային համակարգերի սեփականատերը:

10. Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների վերականգնման կապիտալ ծախսերի կատարման նպատակով մշակում է ֆինանսավորման ծրագիր և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

(10-րդ կետը փոփ. 21.05.20 N 798-Ն)

11. Ֆինանսավորման ծրագիրը պետք է ներառի`

ա) վերականգնման ենթակա ջրամբարի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները,

բ) ջրամբարի` վերականգնման ենթակա կառուցվածքների վերականգնման միջոցառումների նախահաշվային արժեքը,

գ) ներդրվող գումարների հետգնման ժամկետների ֆինանսատնտեսական հիմնավորումը,

դ) իրականացվող կապիտալ ծախսերի ֆինանսավորման ժամանակացույցը,

ե) ջրամբարի վերականգնման կապիտալ ծախսերի իրականացման և չիրականացման հետևանքով ակնկալվող արդյունքները (բնաիրային և (կամ) արժեքային տեսքով),

զ) ֆինանսավորման ծրագրի պահանջներից բխող այլ դրույթներ:

Ջրային համակարգերի կառավարման մարմինը ֆինանսավորման ծրագիրը մշակելու համար կարող է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ կամ անհատ փորձագետների:

12. Ֆինանսավորման ծրագիրը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում ջրամբարի վերականգնման համար կապիտալ ծախսերի ֆինանսավորման մասին:

13. Ջրային համակարգերի կառավարման մարմինը ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մրցույթ և մրցույթի հաղթողի հետ կնքում համապատասխան պայմանագիր:

14. Ջրային համակարգերի կառավարման մարմինը ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն կատարված աշխատանքներն ընդունելու վերաբերյալ:

(հավելվածը փոփ. 21.05.20 N 798-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.05.2020, N 798-Ն 06.06.2020, N 1154-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան