Գլխավոր տեղեկություն
Համար
N 916-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/63(1618) Հոդ.790
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 916-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 879-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 879-Ն որոշման 3-րդ կետով հաստատված՝ գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) կարգի «1. Կիրառման ոլորտը» գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում` շինարարության), պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ընթացքում անհրաժեշտ ծախսերի (բացառությամբ մասնագիտական ուսումնասիրության և անհրաժեշտ փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռքբերման ծախսերի) հաշվարկման, այդ թվում՝ պարտադիր և խորհրդատվական բնույթ կրող նորմերը սահմանելու համար:»:

2) կարգի «16. Օբյեկտի տեխնիկական հսկողության ծառայության ծախսեր» գլխի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները, անկախ ծրագրի ֆինանսավորման աղբյուրից, կրում են խորհրդատվական բնույթ պայմանագրային արժեքների (բացառությամբ կարգի 32.2-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի), բյուջեների ձևավորման ու նախահաշիվների կազմման համար և սահմանվում ըստ 7-րդ աղյուսակում նշված տոկոսաչափի (բացառությամբ 8-րդ աղյուսակում նշված օբյեկտների):».

3) կարգի «16. Օբյեկտի տեխնիկական հսկողության ծառայության ծախսեր» գլխի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները, անկախ ծրագրի ֆինանսավորման աղբյուրից, կրում են խորհրդատվական բնույթ պայմանագրային արժեքների, բյուջեների ձևավորման ու նախահաշիվների կազմման համար և սահմանվում ըստ 8-րդ աղյուսակում նշված տոկոսաչափի:».

4) կարգի «16. Օբյեկտի տեխնիկական հսկողության ծառայության ծախսեր» գլուխը լրացնել 32.1-ին և 32.2-րդ կետերով.

 «32.1. Տեխնիկական հսկողության ծառայության (այդ թվում՝ գնման գործընթացների շրջանակներում նախատեսվող) պայմանագրային արժեքը կարող է ձևավորվել տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական գնին կամ անալոգիայի սկզբունքով ընտրված ներդրումային ծրագրի նկատմամբ իրականացված հսկողության փաստացի ծախսերին համապատասխան՝ պատվիրատուի (կառուցապատողի) և ծառայություն մատուցողի (այդ թվում՝ մրցույթի մասնակցի) միջև գնման գործընթացի ընթացքում վարվող բանակցությունների արդյունքում ձեռք բերված (գնային) փոխհամաձայնեցմամբ:».

«32.2. Եթե ծառայության ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնման՝

- ոչ մրցակցային «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով ամրագրված մեկ անձից գնում կատարելու) ձևով, ապա պայմանագրի արժեքը չի կարող գերազանցել կարգով սահմանված նորմատիվների կիրառմամբ հաշվարկված որակի տեխնիկական հսկողության ծառայության առավելագույն արժեքը,

- մրցակցային ձևով, ապա ծառայության գինը կարող է ձևավորվել պատվիրատուի (կառուցապատողի) և ծառայություն մատուցողի (այդ թվում՝ մրցույթի մասնակցի) միջև վարվող բանակցությունների արդյունքում՝ պատվիրատուի հատուկ պահանջների բավարարման նպատակով և գրավոր (անալոգիայի սկզբունքով ընտրված նախադեպերի փաստաթղթային, ապացուցողական, հաշվարկային, շուկայական գնի մոնիթորինգի տվյալների) հիմնավորումների առկայությամբ:»:

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան