Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1274/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1274/02/13
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան  

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

 

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ե. Խունդկարյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան (այսուհետ` Դեսպանատուն) ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դեսպանատան ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների, երրորդ անձ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դեսպանատունը պահանջել է անվավեր ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2018 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Դատավոր Ն. Բարսեղյանը ներկայացրել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դեսպանատան ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դեսպանատունը չի հանդիսանում շահագրգիռ անձ, սակայն այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ գործում առկա է կողմերի միջև կնքված, սակայն դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը, որի համաձայն՝ պատասխանողները 65.000 ԱՄՆ դոլարի դիմաց պարտավորվել էին հրաժարվել իրենց սեփականության իրավունքից, սակայն հետագայում հրաժարվել են հաշտության համաձայնությունը դատարանում հաստատելուց։ Այնուհետև Վերաքննիչ դատարանը նույն տրամաբանությամբ փորձել է լուծել սույն գործը հաշտությամբ և կողմերին տրամադրել է ժամկետ։ Կողմերի միջև եղել են բանակցություններ, սակայն պատասխանողները հրաժարվել են հաշտության համաձայնությունից՝ պահանջելով ավելի մեծ գումար: Եթե հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ կողմ, ապա ինչու էր ստորագրվել հաշտության համաձայնությունը կողմերի միջև, կամ ինչու և ինչ հիմքով էր Վերաքննիչ դատարանը հաստատելու կողմերի միջև կնքվող հաշտության համաձայնությունը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 03.03.2006 թվականին կայացված, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2006 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնց համաձայն՝ Դեսպանատան հակընդդեմ հայցի հիման վրա անվավեր է ճանաչվել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ 13.04.2012 թվականին Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերում ներառված 371,3քմ մակերեսով հողամասը ծանրաբեռնված և զբաղեցված է Դեսպանատան սեփականությունը հանդիսացող շինությամբ: Ընդ որում, վիճելի հասցեում գտնվող տունն ու 425,5քմ մակերեսով հողամասը 1995 թվականից օգտագործվում են Դեսպանատան կողմից: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դեսպանատան միջև 10.06.2002 թվականին կնքվել է գույքը հանձնելու մասին պայմանագիր, իսկ 30.07.2004 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, և նշված ողջ անշարժ գույքը հանձնվել է Դեսպանատանը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Դեսպանատունը չի հանդիսանում շահագրգիռ անձ, անհիմն է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.04.2017 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ անձ, քանի որ որևէ հավակնություն խնդրո առարկա հողի նկատմամբ չի կարող ունենալ, իսկ 30.07.2004 թվականին գույքը հանձնելու պայմանագրով Դեսպանատանը հանձնվել է վիճելի հասցեում գտնվող երկրորդ հարկը և ձեղնահարկը:

Պատասխանողների անվամբ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը չի կարող բերել Դեսպանատան օգտագործման իրավունքի կորստի։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1960 թվականի գույքային թերթի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 65 տունը պատկանել է Արևշատ Հակոբյանին, ով հանդիսանում է պատասխանողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հայրը (հատոր 1-ին, գ.թ. 95-96, 101-102).

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «Գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 10.04.2012 թվականի թիվ ԱՏ-05/04/2012-1-0175 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեին անհատական կարգով բնակելի տան համար հատկացված, ըստ 12.06.1960 թվականի 39 տոմար 26 գույքաթերթի տվյալների՝ 371,3քմ մակերեսով հողամասը մնում է հաշվառված հանգուցյալ Արևշատ Հակոբյանի անվամբ, սակայն նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 64).

3) Արևշատ Հակոբյանի և Արուսյակ Հովհաննիսյանի (ամուսնության գրանցումից հետո` Հակոբյան) ամուսնության վերաբերյալ 10.03.1956 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության գրքում կատարվել է թիվ 322 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 69).

4) Արևշատ Հակոբյանը մահացել է 10.11.1983 թվականին, իսկ Արուսյակ Հակոբյանը՝ 01.09.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 67-68).

5) Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 20.10.2000 թվականին տրված, սեղանամատյանի թիվ 3-3561 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Աղասարի Հակոբյանի (մահացած՝ 10.11.1983 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում երեխաները` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տնից և 371,3քմ մակերեսով հողամասից (ժառանգական գործի համար 1347) (հատոր 1-ին, գ.թ. 8).

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ և Ալբերտ Հակոբյանների ընդդեմ Դեսպանատան՝ հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և սեփական հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ Դեսպանատան հակընդդեմ հայցի` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 03.03.2006 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարել. անվավեր է ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների անվամբ 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-006-3-7 մատյանի 000204 համարի տակ գրանցվել է Դեսպանատան օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164հա հողամասի նկատմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, և 21.12.2011 թվականին Դեսպանատանը տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2846215 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 11-18).

8) Ալբերտ և Անահիտ Հակոբյաններն Արևշատ և Արուսյակ Հակոբյանների ժառանգական գույքի համար ժառանգական իրավունքի վկայագրեր ստանալու մասին 29.03.2012 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարին։ Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրվել են թվով երկու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր` դրանք գրանցելով սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ: Սեղանամատյանում 2957 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արուսյակ Հակոբյանի (մահացած՝ 01.09.1998 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից։ Սեղանամատյանում 2958 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Հակոբյանի (մահացած՝ 10.11.1983 թվականին) ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 61-63):

9) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2017 թվականի վճռի դեմ 10.05.2017 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք մի շարք նյութական և դատավարական նորմերի խախտումների, այդ թվում՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի խախտման հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ Դեսպանատունը տվյալ դեպքում շահագրգիռ անձ չէ (հատոր 4-րդ, գ.թ. 8-10, 48-50):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ դատարան դիմելու հարցում իրավական շահագրգռվածության ապացուցման առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ ք դատարան դիմելու հարցում իրավական շահագրգռվածությունը կարող է համարվել նախադատելի նշանակություն ունեցող փաստ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը։

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն oրենuգրքով uահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կամ պայմանագրով նախատեuված իր իրավունքների, ազատությունների և oրինական շահերի պաշտպանության համար:

Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ի՞նչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավո՞ր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման համար (տե´ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի՝ թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։ Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե´ գործին մասնակցող անձանց, թե´ դատարանի վրա (Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ)։ Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե´ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով: Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

Նախադատելիության ինստիտուտի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է՝ միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով դատարանը պետք է պարզի հայցվորի իրավական շահագրգռվածությունը։ Ընդ որում, նշված հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է իրավունքների դատական պաշտպանություն հայցող կողմը՝ հայցվորը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ որոշ դեպքերում հայցվորի շահագրգռվածությունն ապացուցման ենթակա չէ։ Նշվածը, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ միևնույն դատավարության մասնակիցների միջև նույնաբնույթ նյութաիրավական հարաբերությունից բխող նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող վեճով նախկինում քննված մեկ այլ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է հայցվորի իրավական շահագրգռվածությունը։ Այդ դեպքում օրինական ուժի մեջ մտած վճիռը կանխորոշիչ նշանակություն է ունենում նոր քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցվորի շահագրգռվածության հարցի համար։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նման մոտեցումը նպատակ է հետապնդում բացառել միևնույն հանգամանքի (հայցվորի իրավական շահագրգռվածության) վերաբերյալ հակասական դատական ակտերի գոյության հնարավորությունը՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Դեսպանատան հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

Դատարանը, Դեսպանատան հայցը բավարարելիս անդրադառնալով վերջինիս շահագրգիռ անձ հանդիսանալու հարցին, արձանագրել է, որ Դեսպանատունը, հանդիսանալով ժառանգության վկայագրով նշված գույքի սեփականատեր, բնականաբար, շահագրգռված է իր գույքի ճակատագրով:

Վերաքննիչ դատարանն Ալբերտ և Անահիտ Հակոբյանների բողոքը բավարարելիս արձանագրել է, որ Դեսպանատունը, հանդիսանալով հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերը, կշարունակի ունենալ օգտագործման իրավունք հողամասի նկատմամբ, անկախ նրանից, թե ով կամ ովքեր կհանդիսանան դրա սեփականատերը` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները, համայնքը, թե մեկ այլ անձ: Հետևաբար այդ առումով Դեսպանատան արդեն իսկ ունեցած իրավունքներին որևէ վտանգ չի սպառնում, իսկ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ժառանգությունն ընդունելը որևէ կերպ չի խախտում Դեսպանատան իրավունքները:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դեսպանատունը չի հանդիսանում շահագրգիռ անձ, քանի որ որևէ հավակնություն խնդրո առարկա հողամասի նկատմամբ չի կարող ունենալ և պատճառաբանել է, որ հայցվորը որևէ կերպ չի հիմնավորել, թե որն է իր շահագրգռվածությունը` ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելիս և դրանք անվավեր ճանաչվելիս, իր որ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն է ուղղված պահանջի ներկայացումը:

 

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ նոտար Էմմա Շաբոյանի կողմից 20.10.2000 թվականին տրված, սեղանամատյանի թիվ 3-3561 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Աղասարի Հակոբյանի (մահացած՝ 10.11.1983 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում երեխաները` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տնից և 371,3քմ մակերեսով հողամասից (ժառանգական գործի համար 1347):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ և Ալբերտ Հակոբյանների ընդդեմ Դեսպանատան՝ հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և սեփական հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ Դեսպանատան հակընդդեմ հայցի` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, օրինական ուժի մեջ մտած 03.03.2006 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարել. անվավեր է ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների անվամբ 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատասխանողներին 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին Դեսպանատան հայցապահանջը քննելիս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Դեսպանատանը, փաստորեն, դիտել է որպես շահագրգիռ անձ՝ 03.03.2006 թվականին կայացնելով գործն ըստ էության լուծող, Դեսպանատան հակընդդեմ հայցը բավարարող դատական ակտ: Ընդ որում, Դեսպանատան հակընդդեմ հայցի հիման վրա անվավեր ճանաչված, Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը վերաբերել է նաև Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասին։ Փաստորեն, մեկ անգամ արդեն իսկ քննվել է Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին նախկինում տրված, Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող հողամասը ներառող ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին Դեսպանատան հայցը, և վերջինս ըստ էության համարվել է շահագրգիռ անձ։ Ընդ որում, նախկինում քննված և սույն քաղաքացիական գործերով Դեսպանատան ու Ալբերտ և Անահիտ Հակոբյանների միջև առկա նյութաիրավական վեճը նույնաբնույթ է՝ վիճարկվում է միևնույն հողամասի նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերի իրավաչափությունը, նմանատիպ են նաև նախկինում քննված և սույն քաղաքացիական գործերի փաստական հանգամանքները:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միևնույն անձանց միևնույն հողամասի (դրա մասերի) նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելու հարցում Դեսպանատան շահագրգռվածությունը սույն գործով այլևս ապացուցման ենթակա չէ։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման մոտեցումը նպատակ է հետապնդում բացառել միևնույն հանգամանքի (քննարկվող հողամասի նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելու հարցում Դեսպանատան իրավական շահագրգռվածության) վերաբերյալ հակասական դատական ակտերի գոյության հնարավորությունը՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-006-3-7 մատյանի թիվ 000204 համարի տակ գրանցվել է Դեսպանատան օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164հա հողամասի նկատմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, և 21.12.2011 թվականին Դեսպանատանը տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2846215 վկայականը։

Ալբերտ և Անահիտ Հակոբյաններն Արևշատ և Արուսյակ Հակոբյանների ժառանգական գույքի համար ժառանգական իրավունքի վկայագրեր ստանալու մասին 29.03.2012 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարին։ Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրվել են թվով երկու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր` դրանք գրանցելով սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ: Սեղանամատյանում 2957 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արուսյակ Հակոբյանի (մահացած՝ 01.09.1998 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից։ Սեղանամատյանում 2958 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Հակոբյանի (մահացած 10.11.1983 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից։

Փաստորեն սույն քաղաքացիական գործով վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրերում ներառված հողամասի նկատմամբ Դեսպանատունն ունի օգտագործման իրավունք, իսկ դրա վրա գտնվող բնակելի տան նկատմամբ` սեփականության իրավունք, որոնք գրանցվել են ավելի վաղ (21.12.2011 թվական), քան ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից տրվել են սույն գործով վիճարկվող ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (13.04.2012 թվական):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դեսպանատունն ունի իրավական շահագրգռվածություն իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությամբ ծանրաբեռնված և իր կողմից օգտագործվող հողամասին վերաբերող ժառանգության իրավունքի վկայագրերի իրավաչափությունը դատական կարգով գնահատման առարկա դարձնելու հարցում։ Այսինքն` Դեսպանատունն իրավունք ունի վիճարկելու ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրված` սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, որոնց հիման վրա Ալբերտ և Անահիտ Հակոբյանները ձեռք են բերել նշված հասցեում գտնվող հողամասը (դրա մասերը)։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դեսպանատունը հայց հարուցելու պահին գործող Նախկին օրենսգրքի 2-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է շահագրգիռ անձ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը Դեսպանատան՝ շահագրգիռ անձ չհանդիսանալու հիմքով մերժելով, չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, գտնում է, որ առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում Դեսպանատան ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ե. Խունդկարյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 
 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Է. Սեդրակյան

 

Ն. Տավարացյան