Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0095/04/16

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0095/04/16

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

Կ. Չիլինգարյան
 

Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

2020 թվականի փետրվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի ընդդեմ «ԱՐԹՈՒՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 12.06.2019 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.07.2019 թվականի որոշմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, և բողոքին կից ներկայացվել է Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը, որի՝ որպես լիազորությունները հավաստող փաստաթղթի, վավերացման և բնօրինակով ներկայացված լինելու պահանջներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նախկինում կայացրած որոշումներում:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 24.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ Կոմիտեի կողմից տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները՝ այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (…) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

Վերլուծելով վերոգրյալ իրավանորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից լիազորագիր հասարակ գրավոր ձևով կարող է տրվել նրա ղեկավարի կամ վերջինիս տեղակալի (տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի) կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով նախատեսված անձանց (տե՛ս ‹‹ՎՏԲ-Հայաստան բանկ›› ՓԲԸ-ն ընդդեմ ‹‹Գեթսեմանի այգի›› ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.02.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում նաև անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 12.06.2019 թվականի վճռի դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը (գ.թ. 105-125): Վերաքննիչ բողոքին կցվել է Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը: Գործում առկա է նաև Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանը, որը ստորագրված է Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի կողմից և վավերացված է Կոմիտեի բնօրինակ կնիքով (գ.թ. 70-72):

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելով պատճառաբանել է, որ «Կոմիտեի ղեկավարի հրամանն անհրաժեշտության դեպքում կնքելու՝ վերաբերելի իրավասությունը վերապահված է Կոմիտեի գլխավոր քարտուղարին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, մինչդեռ տվյալ դեպքում օրենքով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ դատարանում գործը վարելու իրավունքը հաստատվում է հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի բնօրինակով»: Սնանկության գործում առկա է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքով կնքված Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը, իսկ բողոքին կից ներկայացվել է նույն պատճենը՝ որը բովանդակում է նաև Կոմիտեի գլխավոր քարտուղար Է. Գևորգյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում, որոնք, սակայն, չեն կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագրեր այն հիմնավորմամբ, որ պատճեններ են, իսկ պատճենների համապատասխանությունը բնօրինակին կատարված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կանոնների խախտմամբ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ 04.07.2019 թվականին Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է դրա լիազորությունը չունեցող անձ» (գ.թ. 126-129):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ գործող ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշման հավելվածով (ուժի մեջ է մտել 18.06.2018 թվականին) հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության»՝ «Կոմիտեի կառավարումը և ղեկավարումը» վերտառությամբ 4-րդ բաժնի 17-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր, իսկ նույն բաժնի 24-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ Գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում կնքում է (…) կոմիտեի նախագահի և (կամ) կոմիտեի նախագահի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Վերը նշվածից հետևում է, որ Կոմիտեի կանոնադրությամբ նույնպես Կոմիտեի նախագահին է վերապահված առանց լիազորագրի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը, ինչպես նաև լիազորագրեր տալը, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով: Միաժամանակ նույն կանոնադրությամբ Կոմիտեի գլխավոր քարտուղարին իրավունք է վերապահվել կնքելու Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան օրենքով այլ բան է սահմանված:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքը ստորագրած անձի՝ Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի, լիազորությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի և Կոմիտեի կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի նախագահին, որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ՝ տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի նախագահի, ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ: Ավելին՝ լիազորագիրը պետք է նշում պարունակի ներկայացուցչին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված հատուկ լիազորությունների (տվյալ դեպքում դատական ակտը բողոքարկելու լիազորության) վերապահման մասին:

Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի նախագահը 14.12.2018 թվականի թիվ  758-Ա հրամանով` օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Նշված լիազորագիրը ստորագրված է Կոմիտեի նախագահի կողմից, ավելին՝ այդ լիազորագրի վրա առկա է Կոմիտեի բնօրինակ կնիքը: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, ինչպես նաև լիազորագրի 6-րդ կետում նշված է, որ (…) հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով (…) (գ.թ. 70-72): Կոմիտեի անունից վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 03.07.2019 թվականին (գ.թ. 105-125):

Գործում առկա՝ Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի (գ.թ. 70-72) ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագրի (հրամանի) յուրաքանչյուր էջի վրա առկա է Կոմիտեի բնօրինակ կնիքը, որպիսի հանգամանքը վիճարկված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի անունից տրված լիազորագիրը ներկայացվել է բնօրինակով: Բացի այդ, լիազորագիրը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին: Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է դրա իրավասությունն ունեցող՝ Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նույն լիազորագրի պատճենը՝ որը բովանդակում է նաև Կոմիտեի գլխավոր քարտուղար Է. Գևորգյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, գտնում է, որ գործում առկա նույն լիազորագրի բնօրինակի առկայության պայմաններում Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը լուծելու համար Վերաքննիչ դատարանի այդ փաստարկն էական նշանակություն ունենալ չի կարող:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները և Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով վերադարձրել է Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը` զրկելով Կոմիտեին Դատարանի 12.06.2019 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 24.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 
 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան