Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2020-12.09.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 22.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 771-Լ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 771-Լ որոշման

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի առաջնային նպատակը մասնավոր ներդրումների աճը խթանելն է:

2. Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում (այսուհետ՝ ֆոնդ)՝ մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ դրամի չափով։ Ընդ որում, առաջին 5 մլրդ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:

4. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝

1) մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2) ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով.

բ. ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ.

3) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով, իսկ ընթացիկ ծախսերն իրականացվում են տոկոսային եկամուտների հաշվին, բայց ոչ ավելի, քան կազմակերպություններում փաստացի մասնակցության մեկ տոկոսը չգերազանցող գումարի չափով:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերից բխող գործողությունների կատարումը, այդ թվում՝ ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան