ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 նոյեմբերի 1999 թվականի
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Բուսական աշխարհը պայմանավորում է մարդու և կենդանիների գոյությունը երկրի վրա: Դա ազգային հարստություն է և երկրի սոցիալական, տնտեսական կայուն զարգացման ու բարեկեցության կարևորագույն հիմքերից մեկն է:
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը բնական բուսական աշխարհի գիտականորեն հիմնավորված պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
անհետացման եզրին գտնվող բույս` հազվագյուտ բուսական տեսակ, որի առանձնյակների քանակը ժամանակի ընթացքում շարունակական կրճատվում է.
անտառտնկարկ` անտառային ծառատեսակների տնկիներով հիմնադրված արհեստական անտառ կամ անտառաշերտ, որն ունի անտառվերականգնողական, դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություն.
աշխարհագրական տարածվածություն` երկրագնդի որոշակի հատված, որի սահմաններում տարածված է բուսական տեսակը կամ համակեցությունը.
բույսերի կարմիր գիրք` միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին.
բուսաբանական այգի` գիտահետազոտական, կրթական և մշակութային նշանակության հիմնարկ, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են համաշխարհային ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի հավաքածուներ.
բուսական աշխարհ` ծառերի, թփերի, խոտաբույսերի (այդ թվում` մամուռների, գետնամուշկերի, ձիաձետների և պտերների), ինչպես նաև ջրիմուռների, սնկերի և քարաքոսերի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականությունը բնական պայմաններում.
բուսական աշխարհի կադաստր` բուսական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ.
բուսական աշխարհի օբյեկտ` բոլոր վայրի բուսատեսակները, համակեցությունները, դրանց աճելավայրերը, բնության հուշարձանները, ինչպես նաև բուսաբանական այգիները, դենդրոպարկերը, անտառտնկարկները.
բուսական գենոֆոնդ` բուսական տեսակի (տեսակների) ժառանգական հատկանիշների և դրանց դրսևորումների ամբողջականություն.
բուսական ծածկույթ` աշխարհագրական տարածքի պատվածությունը բուսականությամբ.
բուսական համակեցություն` տվյալ տարածքի միատարր հատվածում բույսերի համատեղ գոյակցությունը և դրանց փոխազդեցությունը միմյանց ու միջավայրի հետ.
բուսական պաշար` աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսական տեսակների և համակեցությունների օգտագործման ենթակա քանակություն.
բուսականություն` բուսական համակեցությունների բազմազանության ամբողջականություն տվյալ տարածքում.
դենդրոպարկ` գեղազարդ ծառերի, թփերի և փաթաթվող բնափայտային բույսերից ստեղծված այգի.
էկոհամակարգ` բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների ու դրանց գոյության պայմանների փոխհարաբերության ամբողջականություն.
հազվագյուտ բույս` աշխարհագրական որոշակի տարածքում հազվադեպ հանդիպող բուսական տեսակ.
գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ` կենսաբանական տեխնոլոգիայի միջոցով ստացված օրգանիզմ, որն օժտված է նոր հատկություններով, որոնք մինչ այդ այլ օրգանիզմներում հայտնի չեն եղել.
կենսաբանական տեխնոլոգիա` կենդանի օրգանիզմների և կենսաբանական պրոցեսների օգտագործումը տարբեր բնագավառներում.
ցենոֆոնդ` բուսական համակեցության ամբողջականությունը պայմանավորող բուսական տեսակների փոխհարաբերության առկայություն.
ֆլորա` աշխարհագրական որոշակի տարածքում բուսական տեսակների բազմազանության ամբողջականություն:
Հոդված 2. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության և օգտագործման բնագավառում հասարակական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 3. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում բուսական աշխարհի պահպանությունը և օգտագործումը կարգավորող օրենսդրությունն ապահովում է բուսական տեսակների (ֆլորայի) և դրանց առաջացրած համակեցությունների (բուսականության) բազմազանության, աճելավայրերի և էկոհամակարգերի հավասարակշռվածության վրա մարդու բացասական ներգործության կանխարգելումը:
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի մասին օրենսդրության խնդիրներն են`
ա) բուսական աշխարհի, դրա գենոֆոնդի և ցենոֆոնդի բազմազանության, աճելավայրերի պահպանության քանակական և որակական ապահովումը.
բ) բուսական աշխարհի շարունակական օգտագործման և վերարտադրության գիտականորեն հիմնավորված ապահովումը.
գ) բուսական աշխարհի օգտագործման հարաբերությունների կարգավորումը.
դ) բուսական աշխարհի պահպանության և օգտագործման բնագավառում օգտագործողների իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը:
Հոդված 4. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության օբյեկտներ են բուսական բոլոր տեսակները, բուսական համակեցությունները (կիսաանապատային, տափաստանային, անտառային, մարգագետնային, ջրաճահճային և այլն), դրանց աճելավայրերը, ինչպես նաև բուսաբանական այգիները, դենդրոպարկերը, անտառտնկարկները և բուսական ծագում ունեցող բնության հուշարձանները:
Բուսական աշխարհի օգտագործման օբյեկտներ են բուսական այն տեսակներն ու համակեցությունները, որոնք ունեն գիտական, սննդային, դեղագործական, տեխնիկական, կերային և արդյունաբերական այլ նշանակություն:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 5. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
ա) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության պետական քաղաքականության իրականացում.
բ) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում ծրագրերի (այսուհետ` պետական ծրագրեր) ներկայացում Ազգային ժողովի հաստատմանը.
գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմանում.
դ) բուսական պաշարների օգտագործման ենթակա օբյեկտների ցանկի, վճարի չափի և գանձման կարգի հաստատում.
ե) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանում.
զ) բուսական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանում.
է) բույսերի կարմիր գրքի հաստատում.
ը) միջազգային համագործակցության իրականացում.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 6. | ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված պետական մարմին) իրավասություններն են`
ա) պետական ծրագրերի մշակում.
բ) բուսական աշխարհի պետական հաշվառման կազմակերպում և իրականացում.
գ) բուսական պաշարների օգտագործման նորմատիվների, կանոնների հաստատում.
դ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացում.
ե) պետական սեփականություն համարվող բուսական պաշարների օգտագործման նպատակով լիցենզիաների տրամադրում.
զ) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
է) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպում և իրականացում.
ը) բուսական աշխարհի կադաստրի վարում.
թ) բույսերի կարմիր գրքի վարման կարգի սահմանում և դրա վարում.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 7. | ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`
ա) պետական ծրագրերի մշակմանը մասնակցություն և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում.
բ) բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ), ինչպես նաև բուսաբանական այգիների և դենդրոպարկերի պահպանության աջակցություն.
գ) անտառների և անտառտնկարկների պահպանությանը և օգտագործմանն աջակցություն.
դ) բուսական աշխարհի պաշտպանության և վերարտադրության նպատակով միջոցառումների իրականացում` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 8. | ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության ուսումնասիրության խնդիրներն են`
ա) ֆլորայի և բուսականության վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվության բազայի ստեղծում.
բ) պետական մոնիտորինգի կազմակերպում.
գ) պետական հաշվառման իրականացում և պետական կադաստրի վարում.
դ) բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության ձևերի ու մեթոդների մշակում.
ե) բուսական պաշարների օգտագործման ձևերի ու մեթոդների մշակում.
զ) հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի ու համակեցությունների վերարտադրության իրականացում:
Հոդված 10. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
Բուսական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կատարվում են`
ա) պետական պատվերով, որը ձևավորում և տեղադրում է բուսական աշխարհի պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը.
բ) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ` բուսական աշխարհի սեփականատիրոջ, օգտագործողների կամ նրանց պատվերով:
Հոդված 11. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ |
Բուսական աշխարհի ուսումնասիրությունն իրականացնում են`
ա) գիտահետազոտական հիմնարկները.
բ) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
գ) իրավաբանական անձինք` իրենց կանոնադրությանը համապատասխան.
դ) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:
Հոդված 12. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ |
Բուսական աշխարհի պետական մոնիտորինգն իրականացվում է բուսական աշխարհի պահպանության և շարունակական օգտագործման կազմակերպման նպատակով: Մոնիտորինգ է կազմակերպվում նաև բույսերի աճելավայրերի և էկոհամակարգերի վիճակի վերաբերյալ:
Հոդված 13. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ԿԱԴԱՍՏՐԸ |
Բուսական աշխարհի պետական հաշվառումը և կադաստրի վարումը նպատակ ունեն բացահայտելու բուսական տեսակների ու համակեցությունների, դրանց աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:
Բուսական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար` ոչ ուշ, քան տասը տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում այն կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 14. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ |
Բույսերի կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության և օգտագործման գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրա մասին բնակչությանը իրազեկ պահելու նպատակով:
Բույսերի կարմիր գրքում գրանցման համար հիմք են դառնում բույսերի տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները:
Բույսերի կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով բուսական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Բույսերի կարմիր գիրքը պարբերաբար վերահրատարակվում է:
Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում բույսերի տեսակները գրանցելու և դուրս գրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի վարման կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրներն են`
ա) ապահովել բուսական աշխարհի բազմազանության ամբողջականությունը.
բ) կանխել բուսական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործումը.
գ) բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերը տնտեսական նպատակներով շահագործելու ժամանակ ապահովել Հայաստանի Հանրապետության բնության պահպանության մասին օրենսդրության պահանջների կատարումը.
դ) ապահովել բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը.
ե) կանխել բույսերի և դրանց բազմացման օրգանների ապօրինի ներմուծումը և արտահանումը.
զ) պաշտպանել բուսական աշխարհի օբյեկտները վնասատուներից, հիվանդություններից և բնական աղետներից:
Հոդված 16. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա բուսական աշխարհի բոլոր օբյեկտները:
Բուսական աշխարհի օբյեկտների և դրանց աճելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը, նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 17. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ և ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով`
ա) կազմվում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գիրքը, որը կազմելու և վարելու աշխատանքներն իրականացվում են սույն օրենքի 5, 6 և 14 հոդվածներին համապատասխան.
բ) կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
գ) մշակվում և ներդրվում են հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և դրանց համակեցությունների վերականգնման կենսաբանական տեխնոլոգիաները:
Հողօգտագործողները, որոնց տարածքներում աճում են Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:
Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը հողօգտագործողներին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է`
ա) հրկիզումը.
բ) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործումը.
գ) բուսատեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակով օգտագործումը.
դ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի ձևափոխված օրգանիզմների ինքնակամ օգտագործումը:
Հոդված 19. | ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ |
Գիտական, մշակութային, լուսավորչական, գեղագիտական, կրթական արժեք ունեցող բուսաբանական հավաքածուները (բարձրագույն ուսումնական հաստատությունների, թանգարանների, գիտական ինստիտուտների ֆոնդային և ֆիզիկական անձանց հավաքածուները, բուսաբանական այգիների հավաքածուները, ինչպես նաև առանձին նմուշները), անկախ սեփականության ձևից, ենթակա են պահպանության:
Բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների պահպանության, հաշվառման, համալրման, առևտրի, ներմուծման և արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 20. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ |
Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողներ կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Հոդված 21. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են`
ա) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, անասունների արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն).
բ) արդյունագործական նպատակներով (բնափայտային, սննդային, դեղատու, տեխնիկական բույսերի և դրանց առանձին մասերի ու արգասիքների հավաք և մթերում).
գ) սոցիալական, բնապահպանական և գեղագիտական նպատակներով (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում, ռեկուլտիվացիա, դաշտապաշտպանություն, հողապաշտպանություն).
դ) գիտահետազոտական և կրթական նպատակներով:
Անտառօգտագործման տեսակներն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով:
Հոդված 22. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական սեփականություն համարվող օբյեկտների օգտագործումն արդյունագործական (ոչ տնային) նպատակով վճարովի է և համարվում է լիցենզավորված գործունեություն:
Գյուղատնտեսական նպատակով օգտագործման համար լիցենզիա տրվում է հողի սեփականատիրոջը, որն օգտագործողի (վարձակալի) հետ կնքում է պայմանագիր, որում նշվում են օգտագործման ժամկետները, կարգը, նորմերը և վճարի չափը:
Օգտագործումը կատարվում է լիցենզիայի և պայմանագրի հիման վրա:
Լիցենզիաները տալիս է բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմինը:
Պայմանագիրը, լիցենզիայի առկայության դեպքում, բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողը կնքում է հողի սեփականատիրոջ կամ հողն օգտագործողի հետ:
Լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 23. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և գԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական, կրթական, բնապահպանական, սոցիալական և գեղագիտական նպատակներով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 24. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 25. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի սեփականատերերի իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 26. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողն իրավունք ունի`
ա) ինքնուրույն ընտրել բուսական աշխարհի օգտագործման տեսակները.
բ) ինքնուրույն իրացնել բուսական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները.
գ) բուսական աշխարհի օբյեկտներից օգտվելու իր իրավազորությունները լիազորել այլ ժամանակավոր օգտագործողների.
դ) բուսական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտագործելիս ստանալ փոխհատուցում.
ե) իրականացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:
Հոդված 27. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է`
ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան.
բ) ապահովել բուսական աշխարհի` իրեն հատկացված օբյեկտների պահպանությունը.
գ) չխախտել բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը.
դ) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով.
ե) աջակցել պետական մարմինների գործունեությանը` բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար.
զ) ժամանակին մուծել բուսական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները.
է) չխախտել բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները.
ը) կատարել պայմանագրային պարտականությունները:
Հոդված 28. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտներից օգտվելու իրավունքը դադարում է`
ա) սույն օրենքի 27 հոդվածի պահանջները խախտելու դեպքում.
բ) բուսական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտագործելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) օգտագործողի կամավոր հրաժարման դեպքում.
դ) բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործող իրավաբանական անձի լուծարման դեպքում.
ե) օգտագործող ֆիզիկական անձի մահվան և նրա իրավահաջորդի բացակայության դեպքում:
Հոդված 29. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի արդյունավետ պահպանությունը և շարունակական օգտագործումն ապահովելու նպատակով պետությունն օգտագործողների հանդեպ կիրառում է տնտեսական խթանման հետևյալ միջոցառումները`
ա) բյուջետային հատկացումներ` բուսական ծածկույթի վերականգնման նպատակով (եթե այն խախտվել է ոչ օգտագործողի մեղքով).
բ) բյուջետային հատկացումներ` բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրությունն իրականացնելու նպատակով.
գ) բյուջետային հատկացումներ` էկոլոգիապես մաքուր բուսական հումքի մթերման և բուսական աշխարհի պաշտպանության անվնաս տեխնոլոգիաներ և մեթոդներ ներդնելու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 6.
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձ է համարվում Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի տեսչական անձնակազմի աշխատողը:
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի`
ա) կրել սահմանված կարգի համազգեստ.
բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել հրազեն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմել արձանագրություն, նրանց ենթարկել վարչական տույժերի, միջոցներ ձեռնարկել պատճառված վնասը վերականգնելու նպատակով.
դ) խախտումների դեպքում նախապատրաստել նյութեր և դրանք, համապատասխան ընթացք տալու նպատակով, ներկայացնել իրավապահ մարմիններ:
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնական անձը պարտավոր է բուսական աշխարհի պահպանության, օգտագործման և վերարտադրության վերաբերյալ ստուգումներ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձը ենթակա է պարտադիր պետական ապահովագրության: Պարտադիր պետական ապահովագրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական մարմինները պարտավոր են անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց:
Գ Լ ՈՒ Խ 7.
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. | ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 8.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 32. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 9.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 33. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.03.2023, ՀՕ-110-Ն | 14.04.2023, ՀՕ-22 | |
21.03.2018, ՀՕ-189-Ն | 07.04.2018, ՀՕ-22 | |
01.03.2017, ՀՕ-58-Ն | 08.04.2017, ՀՕ-22 | |
30.04.2008, ՀՕ-46-Ն | 14.06.2008, ՀՕ-22 | |
23.10.2002, ՀՕ-431-Ն | 28.11.2002, ՀՕ-22 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|