ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 նոյեմբերի 1999 թվականի
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության մասը կազմող աշխարհագրական անվանումների կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, հաշվառման և պահպանության իրավական հիմքերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի:
Հոդված 2. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) աշխարհագրական օբյեկտ` աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում:
Աշխարհագրական օբյեկտներ են`
- մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,
- պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,
- երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ,
- փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ ներբնակավայրային օբյեկտները.
բ) աշխարհագրական օբյեկտի անվանում (աշխարհագրական անվանում)` աշխարհագրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն.
գ) աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում` աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը և կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձևի որոշում.
դ) աշխարհագրական անվանումների պետական քարտադարան` որևէ պետության տարածքի աշխարհագրական անվանումների համահավաք` բազային համարվող տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով.
ե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ` որոշակի սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ:
Հոդված 3. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ |
Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության, հարցումների և այլ աղբյուրների միջոցով:
Հոդված 4. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԸ |
1. Անվանումները տրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավորներին, բնակավայրերին և գործառական տարածքներին.
բ) Հայաստանի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին:
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կատարվում է` տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները հաշվի առնելով:
Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն, լինի բարեհունչ:
3. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները:
Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները:
4. Չի թույլատրվում անանուն աշխարհագրական օբյեկտներին շնորհել նույնատեսակ օբյեկտների անվանումները կրկնող անուններ:
Հոդված 5. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխում թույլատրվում է`
ա) առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս.
բ) օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս.
գ) աշխարհագրական անունները կանոնավորելիս:
2. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին:
Հոդված 6. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ և ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի` առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետները մեկամսյա ժամկետում քննում են աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը և իրենց եզրակացությունն են ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:
4. Աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` որոշում կայացնելու համար:
Հոդված 7. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ |
1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայոց լեզվով:
2. Միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում և այլ նյութերում Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն:
Հոդված 8. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄԸ |
1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն և օտարալեզու անվանումների կանոնավորված գրելաձևը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին և կիրառման ավանդույթներին համապատասխան:
2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:
Հոդված 9. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Սպառողներին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր:
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 10. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի.
գ) կազմավորում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով.
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. | ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից.
բ) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.
գ) համաձայնեցնում և հաշվառում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները.
դ) սահմանված կարգով լիցենզիա է տալիս Հայաստանի Հանրապետության և նրա սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների բառարանների, տեղեկատուների, գազետիրների, ցանկերի, քարտեզների ու ատլասների հրատարակման համար.
ե) համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 12. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման և պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը և կանոնները:
2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը հաստատում է աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 13. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտման, կանոնավորման, անվանակոչման և անվանափոխման, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով են ֆինանսավորվում նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման ծախսերը:
2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին:
Հոդված 14. | ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները պահպանում է պետությունը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 15. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Աշխարհագրական անվանումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|