Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1534
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.05/20(688) Հոդ.659
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

     

Քաղ. Երևան

19 մայիսի 2020 թ.

       

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

       

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի փետրվարի 6-ի N 113-Ա որոշմամբ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 3-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

      

1. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում` երկու երկրների մաքսային ծառայությունների միջև փոխադարձ վարչական աջակցությունը ամրապնդելու նպատակով:

    

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ նախնական էլեկտրոնային տվյալներն օգտագործվեն առևտրի անվտանգության պահպանման և օրինական առևտրի դյուրացման համար (հոդված 1, կետ 2),

- ապահովել, որ հետևողական մաքսային վերահսկողություն ապահովելու ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրականացնի նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակում՝ արդյունավետորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության և ռիսկերի կառավարման մեթոդները՝ ՀՀ սահմանը հատող տրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ընթացակարգերի անխափան գործածման նպատակով (հոդված 2),

- ապահովել, որ Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները լինեն սահմանափակ հասանելիության: Ապահովել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ որպես Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալներն ստացող, փոխանցված տվյալները չբացահայտի կամ չփոխանցի որևէ երրորդ կողմի՝ առանց այդ տվյալները տրամադրող վրացական կողմի գրավոր համաձայնության (հոդված 3, կետ 1),

- ապահովել, որ Արձանագրության շրջանակներում ստացված տվյալները չփոխանցվեն երրորդ կողմի՝ առանց այդ տվյալները տրամադրած վրացական կողմի գրավոր հաստատման (հոդված 3, կետ 2),

 - ապահովել, որ Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները համապատասխանեն անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին (հոդված 3, կետ 3),

- ապահովել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր աշխատակազմում նշանակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու կլինեն նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով տեխնիկական պահանջների մշակման և իրագործման, փոխանակման մեթոդների սահմանման, նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն բովանդակության մշակման, տրանսպորտային միջոցների և ապրանքների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման և վրացական կողմից ստացված տվյալներն իրավասու կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցման համար (հոդված 4, կետ 1),

    

3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Արձանագրության մեջ հղում է կատարվում 2013 թվականի հունվարի 17-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրին, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատվել է 2013 թվականի ապրիլի 16-ին ՆՀ-67-Ն հրամանագրով:

    

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

      

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

      

1. 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

     

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

       

Նախագահող`

Հ. Թովմասյան

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1534

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան