ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
12 հոկտեմբերի 1999 թվականի
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Օրենքի խնդիրները
Սույն օրենքը կարգավորում է մարդահամարը նախապատրաստելու, անցկացնելու, սկզբնական (անհատական) տվյալները կուտակելու և պահպանելու, ինչպես նաև ամփոփ տվյալները տարածելու ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
Հոդված 2. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Մարդահամարի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և մարդահամարի անցկացումը կարգավորող օրենսդրական այլ ակտերից:
Հոդված 3. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդահամարի պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող (մշտապես կամ ժամանակավորապես) բոլոր անձանց վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձանց վրա, ովքեր մարդահամարի պահին ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից:
Հոդված 4. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
Մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:
Մարդահամարն անցկացնելու մասին որոշումը, որտեղ սահմանվում է մարդահամարի անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ոչ ուշ, քան մարդահամարն սկսելուց երկու տարի առաջ:
Մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար:
Հոդված 5. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ |
Մարդահամարի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական և սոցիալական հետազոտությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման և օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի և կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաև ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը:
Հոդված 6. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրատարակման պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է (այսուհետ` լիազորված մարմին), որը պարտավոր է ապահովել`
ա) մարդահամարի ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.
բ) մարդահամարի նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունը և մատչելիությունը.
գ) սկզբնական (անհատական) տեղեկատվության գաղտնիությունը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ |
Մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Մարդահամարի փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է լիազորված մարմինը:
Հոդված 8. | ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացվում է փորձնական մարդահամար անցկացնելու միջոցով:
Փորձնական մարդահամարն անցկացվում է հիմնական մարդահամարից առնվազն մեկուկես տարի առաջ` ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան մեկ տոկոսը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում և տարածքներում:
Հոդված 9. | ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ |
Մարդահամարն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված և հրահանգավորած աշխատողների` հաշվարարների կողմից բնակելի և այլ շինություններ շրջագայելու և դրանցում բնակվող յուրաքանչյուր չափահաս անձի (կամ ընտանիքի որևէ չափահաս անդամի) անմիջական հարցման ու հարցերի պատասխանները մարդահամարի փաստաթղթերում լրացնելու միջոցով:
Անչափահասների, ինչպես նաև ժամանակավոր բացակայողների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում են ընտանիքի չափահաս անդամները:
Բնակչության առանձին խմբերը (զինծառայողները, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք, ինչպես նաև հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմերը) հաշվառվում են համընդհանուր կարգով` համապատասխան պետական մարմինների կողմից:
Գրառումները կատարվում են ըստ փաստացի բնակության վայրի, բնակչության տված բանավոր տեղեկությունների հիման վրա` առանց փաստաթղթային հաստատման և անկախ գրանցման (հաշվառման) առկայությունից:
Հոդված 10. | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ, և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ մարդահամարի հարցաթերթում գրանցված իր մասին տեղեկություններին:
Հոդված 11. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած` մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր միջոցառումների` ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշվի հիման վրա:
Հոդված 12. | ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում կամ հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով:
Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:
Մարդահամարի բոլոր փաստաթղթերը պահպանվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 13. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ |
Բնակչության վերաբերյալ անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որևէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մարդահամարի սկզբնական նյութերը դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:
Մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 14. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 15. | ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվելու է 2001 թվականին:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|