Գլխավոր տեղեկություն
Համար
N 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.04.2020-11.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610)
Ընդունող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ընդունման ամսաթիվ
17.04.2020
Ստորագրող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի, 2020 թ. N 43

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու կարգը՝ համաձայն հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Հավելված

Պարետի 2020 թվականի

Ապրիլի 17-ի N 43 որոշման

 

ԿԱՐԳ

 

Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների՝ արտերկրից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու

 

1. Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում փակ դագաղով:

2. Հայաստանի Հանրապետության սահմանով դիակներով դագաղներ տեղափոխելիս դրանց հայտարարագրումն իրականացվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-20-րդ մասերով սահմանված կարգով։

3. Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձը փակ դագաղը կնքում է հերթական համար ունեցող կնիքով և այն հանձնում հուղարկավորության կազմակերպման ստանձնողներին՝ համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ՝ 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի 13-րդ հոդվածի:

4. Այնուհետև դագաղը տեղափոխվում է Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձարանի աշխատակիցները դիահերձարանի ամբողջությամբ ապակեպատ և փակ հատվածում դագաղը բացում են, ապակու հակառակ կողմից մահացած անձի հարազատների համար տեսանելի ձևով ցույց են տալիս դիակը, որից հետո դիակը տեղադրվում է ներսից քլորակրով պատված պարկի մեջ, այնուհետև նույն դագաղի մեջ: Դագաղը դարձյալ նույն ձևով կնքում է մաքսային մարմինների համապատասխան պաշտոնատար անձը և սույն կարգի նմուշի համապատասխան ծանուցում է տրամադրում հուղարկավորության տրամադրման ստանձնողներին՝ միաժամանակ ճշտելով հուղարկավորության օրը, ժամն ու վայրը, և դագաղը փակ վիճակում հանձնում է դիակը ստացող անձին:

(4-րդ կետը լրաց.29.04.20 N 61)

5. Մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ու ծանուցագիրը անհապաղ փոխանցում է ՀՀ ոստիկանությանը՝ հետագայում մահացած անձի հուղարկավորության վայրի ոստիկանության տարածքային բաժնին փոխանցելու նպատակով։

6. Մահացած անձի հուղարկավորության վայրի ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցը հուղարկավորության օրը ներկայանում է հուղարկավորության վայր և հուղարկավորումից անմիջապես առաջ ստուգում է դագաղի վրա կնիքի առկայության, բացակայության կամ վնասված լինելու փաստն ու լուսանկարելու միջոցով արձանագրում այն։

7. Կնիքի բացակայության կամ վնասվածքի դեպքում ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակցի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվում ՀՀ ոստիկանության տարածքային բաժին։

 

Նմուշ

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

Փակ դագաղի կնիքը հեռացնելու կամ վնասելու կամ բացելու համար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին

 

Դուք ծանուցվում եք, որ սանիտարահամաճարակային կանոնները խախտելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածով կամ Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն: Համապատասխանաբար՝

1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով: Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

 

Ծանուցումը ներկայացրած պաշտոնատար անձ՝

(անուն, ազգանուն, ստորագրություն)

Մաքսային մարմնի կիրառած կապարակնիքի հերթական համարը՝

 

Դիակը ստացող անձ՝

(անուն, ազգանուն, ստորագրություն

տարի ամիս ամսաթիվ,

հեռախոսահամար, բնակության հասցե)

 

Մահացած անձի տվյալներ՝

(անուն, ազգանուն)

Հուղարկավորության օրը, ժամը և վայրը՝

(հավելվածը լրաց.29.04.20 N 61)

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 17-ին: