Գլխավոր տեղեկություն
Համար
N 647-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.06/47(1602) Հոդ.549
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 647-Ն

 

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մարզի խորհրդի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 647-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանվում են մարզի խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները։

2. Մարզի խորհուրդը մարզպետին կից գործող խորհրդակցական մարմին է։ Մարզի խորհրդի կազմում ընդգրկվում են մարզպետը, նրա տեղակալը (տեղակալները), մարզի համայնքների ղեկավարները (համաձայնությամբ):

3. Մարզի խորհրդի նիստին՝ մարզպետի հրավերով, կարող են մասնակցել մարզի համայնքների ավագանու անդամները, մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հասարակական միավորումների ներկայացուցիչներ և այլ անձինք:

4. Մարզպետը, ի պաշտոնե, մարզի խորհրդի նախագահն է։ Մարզպետը հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստերը՝ առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Մարզպետի բացակայության դեպքում, մարզպետի որոշմամբ, խորհրդի նիստը հրավիրում և վարում է նրա տեղակալներից մեկը:

5. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են մարզի խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին:

6. Մարզպետը մարզի խորհրդի նիստից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ մարզի խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցում է մարզի խորհրդի անդամներին և մարզի խորհրդի նիստին հրավիրվող անձանց:

7. Մարզի համայնքների ավագանու անդամները մարզի խորհրդի նիստի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարի միջոցով:

8. Մարզի խորհրդի անդամները մարզի խորհրդի նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ մարզպետին կարող են ներկայացնել առաջարկություններ՝ մարզի խորհրդի նիստի օրակարգում հարց (հարցեր) ընդգրկելու նպատակով:

9. Մարզպետը երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված առաջարկությունները և կազմում մարզի խորհրդի նիստի օրակարգի նախագիծ։

10. Նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ մարզպետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը և տեղեկատվություն՝ նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ:

11. Մարզի խորհրդի նիստի օրակարգի նախագիծը հրապարակվում է մարզպետարանի պաշտոնական կայքում՝ մարզի խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

12. Մարզպետի սահմանած խորհրդի նիստի օրակարգը հաստատվում է մարզի խորհրդի կողմից՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

13. Մարզի խորհրդի նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մարզպետը նշանակում է զեկուցող։ Զեկուցման, զեկույցի շուրջ ծավալվող ելույթների, ինչպես նաև հարց ու պատասխանի համար սահմանում են ողջամիտ ժամանակահատվածներ։

14. Մարզի խորհրդի նիստը հրապարակային է:

15. Մարզի խորհրդի նիստը լուսաբանվում է մարզպետարանում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցներով:

16. Մարզի խորհրդի նիստերն արձանագրվում են: Մարզի խորհրդի նիստերի արձանագրումը կազմակերպում է մարզպետարանի գլխավոր քարտուղարը: Մարզի խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում է մարզպետը։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը մարզի խորհրդի նիստի արձանագրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

17. Մարզպետի կամ մարզի խորհրդի անդամների ձայների առնվազն 1/3-ի առաջարկով կարող է հրավիրվել մարզի խորհրդի արտահերթ նիստ:

18. Մարզպետը՝

1) մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները՝ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին,

բ. մարզի զարգացման ռազմավարությունը,

գ. մարզի զարգացման ռազմավարության հիման վրա տարեկան գործունեության ծրագրի կազմման և իրականացման կիսամյակային և տարեկան մշտադիտարկման արդյունքները,

դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ առաջարկությունները,

ե. մարզի կտրվածքով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտը, նախագիծը, ինչպես նաև տվյալ տարվան հաջորդող տարվա պետական բյուջեի հայտերը և նախագիծը.

զ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքը,

է. տվյալ տարվա պետական բյուջեով մարզին հատկացված միջոցներով իրականացված ծրագրերի եռամսյակային, կիսամյակային և իննամսյա հաշվետվությունների վերաբերյալ հաղորդում, իսկ տվյալ տարվա հաշվետվության վերաբերյալ հաղորդումը ներկայացնում է պետական գանձապետական համակարգի կողմից տարեկան հաշվետվությունը հրապարակվելուց հետո կայանալիք մարզի խորհրդի նիստի ժամանակ,

ը. համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների, մարզի տարածքում գործող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ,

թ. համայնքների ղեկավարների զեկույցները համայնքների սոցիալական զարգացմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրերի ընթացքի վերաբերյալ,

ժ. օրենքով սահմանված կարգով պետական համապատասխան մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմում, մարզային ենթակայության կազմակերպություններում, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակազմերում, համայնքային բյուջետային հիմնարկներում, համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված վերահսկողության, ստուգման և ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթղթերը.

ժա. օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում կազմված փաստաթղթերը.

ժբ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող պետական մարմինների կողմից համայնքներում իրականացված հսկողության արդյունքում կազմված փաստաթղթերը.

ժգ. օրենքով սահմանված կարգով տվյալ տարվան հաջորդող տարվա՝ մարզի համայնքներում իրականացվելիք իրավական և մասնագիտական հսկողության՝ մարզպետի ամենամյա աշխատանքային ծրագրի կամ դրա փոփոխությունների նախագիծը.

ժդ. ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզին առնչվող այլ հարցեր.

2) լուծում է կազմակերպական այլ հարցեր.

19. Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան