Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-264
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.1999-20.07.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

24 նոյեմբերի 1998 թ.

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման ձևերը

 

Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը (այսուհետ` պահուստային ֆոնդի հողեր) օտարվում են դրանք վաճառելու և անհատույց փոխանցելու միջոցով:

 

Հոդված 2. Պահուստային ֆոնդի հողերը որպես սեփականություն օտարելը

 

Պահուստային ֆոնդի հողերն օտարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց`

ա) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար.

բ) որպես տնամերձ:

 

Հոդված 3. Օտարման ենթակա հողամասերը

 

Օտարման ենթակա հողամասերը որոշվում են հողերի օգտագործման սխեմաների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիման վրա:

Օտարման ենթակա հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում օտարումը կատարվում է այդ փոփոխումից հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 4. Պահուստային ֆոնդի հողերի օտարումն իրականացնող մարմինները

 

Պահուստային ֆոնդի հողերի օտարումն իրականացնում են համայնքների ղեկավարները` սույն օրենքով սահմանված կարգով:

Պահուստային ֆոնդի հողերի օտարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

 

Հոդված 5. Պահուստային ֆոնդի հողերի վաճառքը

 

Պահուստային ֆոնդի հողերի վաճառքը կատարվում է աճուրդային կարգով` սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված նպատակների համար:

Աճուրդի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հողատեսքի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքի 50 տոկոսից ոչ պակաս չափով: Աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 6. Աճուրդի կազմակերպումը և իրականացումը

 

Աճուրդն անցկացնում է դրա կազմակերպիչը: Աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ, մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, նա հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը և կարգը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտները) առկայությունը:

Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր:

Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են գրավ` տվյալ հողակտորի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

Եթե մասնակիցը աճուրդի արդյունքներով չի հաղթել, գրավն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, կատարվում է գրավի հետ կապված լրացուցիչ հաշվարկ:

Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:

Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:

Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկից ավելի է:

Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը կազմակերպվում և անց է կացվում 7 աշխատանքային օրվա ընթացքում` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր սակարկության արդյունքներով կազմվում է առանձին արձանագրություն, որն իր մեջ ներառում է տվյալներ` աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին:

Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը:

Եթե աճուրդը չի կայանում երկրորդ անգամ, ապա այն երրորդ անգամ անց է կացվում նաև մեկ մասնակցի առկայության դեպքում:

Արձանագրությունն ստորագրում են կազմակերպիչը, արձանագրողը և, ցանկության դեպքում, աճուրդի մասնակիցները: Արձանագրությունը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից:

 

Հոդված 7. Աճուրդը չկայացած համարելը

 

Աճուրդը համարվում է չկայացած, եթե սակարկությունում հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Աճուրդի չկայացման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

 

Հոդված 8. Աճուրդի գործառնությունների ձևակերպումը և սեփականության իրավունքի փոխանցումը

 

Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը: Եթե նշված ժամկետում գումարը չի վճարվում, ապա հաղթող է ճանաչվում տվյալ սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գումար առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը:

Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո` երկու օրվա ընթացքում, կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր:

 

Հոդված 9. Պահուստային ֆոնդի հողերի սեփականության իրավունքն անհատույց փոխանցելը

 

Պահուստային ֆոնդի հողերն անհատույց փոխանցվում են`

ա) սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային և լքված գյուղական բնակավայրերում (բնակավայրերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը) բնակվող այն քաղաքացիներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից.

բ) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել վերոհիշյալ բնակավայրերում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին.

դ) գյուղական համայնքներում բնակվող զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների այն անդամներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից:

Հողի անհատույց փոխանցումից օգտվող քաղաքացիներին գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար` սեփականության իրավունքով տրամադրվող հողամասի չափը որոշվում է տվյալ համայնքում սեփականաշնորհված հողաբաժնի չափից ոչ ավելի` ընտանիք (ծուխ) - անդամ (շունչ) հարաբերությամբ` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Արգելվում է գյուղատնտեսական գործունեության համար անհատույց տրամադրված հողերի օգտագործումն այլ նպատակներով:

Սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային և լքված գյուղական բնակավայրերում պահուստային ֆոնդի հողերի անհատույց տրամադրվող և աճուրդով վաճառքի ենթակա հողատարածությունների համամասնությունն ըստ համայնքների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Քաղաքացիների կողմից փաստացի օգտագործվող` սահմանված կարգով գրանցված տնամերձը և սեփականաշնորհված հողաբաժնի յուրաքանչյուր միավոր հողակտորը սահմանված չափերից մինչև 20 տոկոս ավելի լինելու դեպքում, եթե այդ ավելցուկը նպատակահարմար չէ սույն օրենքով սահմանված կարգով օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, սեփականության իրավունքով անհատույց թողնվում է փաստացի օգտագործողներին: Նշվածից ավելի հողատարածություն օգտագործելու դեպքում ամբողջ ավելցուկն օտարվում է փաստացի օգտագործողին` ուղղակի վաճառքի կարգով, հողամասի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքով:

Պահուստային ֆոնդի հողերի անհատույց փոխանցումը կատարվում է օտարման պայմանագրով:

Պահուստային ֆոնդի հողերի անհատույց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքի համաձայն:

Սույն հոդվածի առաջին մասին «ա» և «դ» կետերով սահմանված պահուստային ֆոնդի հողերի անհատույց տրամադրման ժամկետը երկու տարի է:

 

Հոդված 10. Պահուստային ֆոնդի հողերի օտարման պայմանագիրը

 

Պահուստային ֆոնդի հողերի օտարումը ձևակերպվում է գրավոր պայմանագրով: Եթե պայմանավորվող կողմերից մեկը քաղաքացի է, ապա այն վավերացվում է նոտարական կարգով:

Օտարման պայմանագրում նշվում են հողն օտարողի և ձեռք բերողի անունը և ազգանունը (անվանումը), հողի չափերն ու արժեքը, նպատակային նշանակությունը, հողատեսքը և օգտագործման նպատակը, հողօգտագործման պայմանները, նոր սեփականատիրոջն անցնող իրավազորությունները, սահմանափակումները (ներառյալ` սերվիտուտները), կողմերի իրավունքներն ու պարտականությունները, լրացուցիչ այլ պայմաններ:

Օտարման պայմանագիրը ենթակա է պետական գրանցման և համարվում է կնքված` գրանցման պահից:

Օտարման պայմանագրով սահմանված` հողի օտարման հիմնական նպատակներն ու պայմանները, կողմերի իրավազորությունները, առկա սահմանափակումները (ներառյալ` սերվիտուտները) պարտադիր են նաև տվյալ հողակտորի հետագա սեփականատերերի համար:

Օտարման պայմանագրին կցվում է օտարվող հողամասի հատակագիծը:

 

Հոդված 11.  Պահուստային ֆոնդի հողերի օտարումից գոյացած միջոցները

 

Պահուստային ֆոնդի հողերի օտարումից գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հոդված 12.  Պահուստային ֆոնդի հողերի օտարման ընթացքում վեճերի լուծումը

 

Պահուստային ֆոնդի հողերի օտարման ընթացքում ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
24 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-264

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2001, ՀՕ-185 15.06.2001, ՀՕ-264
05.06.2000, ՀՕ-65 20.07.2000, ՀՕ-264
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան