Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-262
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-14.03.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

24 նոյեմբերի 1998 թ.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունը

 

Ֆինանսական համահարթեցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերով:

 

Հոդված 2.  Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգը:

 

Հոդված 3. Ֆինանսական համահարթեցման հասկացությունը

 

Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերության նվազեցումն է:

 

Հոդված 4. Դոտացիաները

 

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով նրանց հատկացվում են դոտացիաներ:

2. Դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով:

3. Դոտացիաների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին համայնքների, սույն օրենքով սահմանված կարգով, հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 5.  Դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող գործոնները

 

Դոտացիաների գումարների չափն ըստ առանձին տեղական ինքնակառավարման մարմինների որոշվում է` հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող հետևյալ գործոնները`

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակը (այսուհետ` «ա» գործոն).

բ) համայնքի բնակչության թվաքանակը (այսուհետ` «բ» գործոն).

գ) համայնքի` պետության կողմից առաջնային օժանդակություն ստանալու անհրաժեշտությունը (այսուհետ` «գ» գործոն):

 

Հոդված 6.  Դոտացիաների հաշվարկման կարգը

 

1. Սույն օրենքի 5 հոդվածում նշված յուրաքանչյուր գործոնի տեսակարար կշռի մեծությունը դոտացիաների ընդհանուր գումարում որոշվում է ամեն տարի և ամրագրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում, ընդ որում, «գ» գործոնով հատկացվող դոտացիայի մեծությունը չի կարող գերազանցել վերոհիշյալ օրենքում ամրագրված դոտացիայի ընդհանուր գումարի 15 տոկոսը:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով տրամադրվող դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում հաշվարկման պահի դրությամբ համայնքների ավագանիների կողմից հաստատված (վերահաստատված) նախորդ բյուջետային տարվա համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:

3. «ա» գործոնով դոտացիա է հատկացվում բոլոր այն համայնքներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից: Այդ սկզբունքով առանձին համայնքին տրամադրվող դոտացիայի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Ա=(Մ-Հ)XԲXԳ

 

որտեղ`

Ա-ն` «ա» գործոնով տվյալ համայնքին հատկացվող դոտացիայի գումարն է.

Մ-ն` հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով միջին եկամտի մակարդակն է.

Հ-ն` տվյալ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից.

Բ-ն` տվյալ համայնքի բնակչության թվաքանակն է.

Գ-ն` միջին գործակիցն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Գ=Դ/ ∑[(Մ-Հ) X Բ]

 

որտեղ` Դ-ն` «ա» գործոնով համայնքներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:

4. «բ» գործոնով դոտացիա է հատկացվում բոլոր համայնքներին` տվյալ համայնքի բնակչության թվաքանակը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությանը: Վերջինս հաշվարկվում է «բ» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակին:

5. «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. «գ» գործոնով նախատեսված դոտացիայի գումարը բաշխվում է` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակը (այսուհետ` գ1 գործոն).

բ) համայնքի բնակչության թվաքանակը (այսուհետ` գ2 գործոն):

7. «գ1» գործոնով նախատեսված դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում հաշվարկման պահի դրությամբ համայնքների ավագանիների կողմից հաստատված (վերահաստատված) նախորդ բյուջետային տարվա համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:

8. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված ցանկում ընդգրկված համայնքներին «գ1» գործոնով նախատեսված դոտացիան հատկացվում է այն համայնքներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից: Այդ սկզբունքով տվյալ համայնքին տրամադրվող դոտացիայի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Ա1 = (Մ11)XԲ11

 

որտեղ`

Ա1-ը` «գ1» գործոնով տվյալ համայնքին հատկացվող դոտացիայի գումարն է.

Մ1-ը` «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով միջին եկամտի մակարդակն է.

Հ1-ը` «գ1» գործոնով դոտացիա ստացող տվյալ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից.

Բ1-ը` «գ1» գործոնով դոտացիա ստացող համայնքի բնակչության թվաքանակն է.

Գ1-ը` միջին գործակիցն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Գ11/∑[(Մ11) X Բ1]

 

որտեղ Դ1 -ը` «գ1» գործոնով համայնքներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:

9. «գ2» գործոնով նախատեսված դոտացիան հատկացվում է «գ» գործոնով նախատեսված դոտացիա ստացող բոլոր համայնքներին: Ընդ որում, դոտացիայի գումարները բաշխվում են «գ» գործոնով դոտացիա ստացող բոլոր համայնքների միջև` համայնքի բնակչության թվաքանակը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությանը: Վերջինս հաշվարկվում է «գ2» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով «գ» գործոնով նախատեսված դոտացիա ստացող համայնքների բնակչության ընդհանուր թվաքանակին:

 

Հոդված 7. Դոտացիաների հատկացման կարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` ըստ համայնքների:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքների` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 8.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
23 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-262