Գլխավոր տեղեկություն
Համար
N 829-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.25/54(1609).1 Հոդ.655.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 829-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշմամբ հաստատված հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կադաստրի կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «կոմիտեի նախագահ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտեի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 5-րդ կետում «ներկայացուցիչները» բառը փոխարինել «աշխատակիցները» բառով,

բ. 6-րդ կետը «անդամներից:» բառից հետո լրացնել «Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և 2 անդամները հանդիսանում են կոմիտեի աշխատակիցներ, իսկ մյուս 3 անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից (այդ հաստատության ղեկավարության գրավոր համաձայնությամբ), կոմիտեի ղեկավարի հրամանով սահմանված պահանջներին համապատասխանող որակավորման վկայական ունեցող անձանցից (համաձայնությամբ) և սույն կարգի իմաստով մասնագիտական ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից (համաձայնությամբ)՝ նշվածներից յուրաքանչյուրից համապատասխանաբար մեկական մասնագետ։ Հանձնաժողովի նախագահը հանդիսանում է կոմիտեի աշխատակից և չի կարող լինել կոմիտեի աշխատակից հանդիսացող հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող։» բառերով,

գ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-6.18-րդ կետերով.

«6.1. Հանձնաժողովի կազմում համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կամ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով՝ աշխատակազմը հրապարակում է հայտարարություն: Հայտերը ներկայացնելու համար սահմանվում է հայտարարության հրապարակման օրվանից երկշաբաթյա ժամկետ:

6.2. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող` սույն կարգով սահմանված պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

6.3. Հանձնաժողովի կազմում որպես համապատասխան ոլորտի հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններին՝

1) հասարակական կազմակերպությունների համար` Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գործունեություն են ծավալում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտում, գիտական կազմակերպությունների համար` Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարի գործունեություն են ծավալում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտում.

2) կազմակերպության կողմից առաջադրվող ներկայացուցիչը համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի աշխատակից չէ:

6.4. Սույն կարգի 6.3-րդ կետով նախատեսված կազմակերպությունները, հանձնաժողովի անդամության հայտի հետ միաժամանակ ներկայացնում են այն փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են սույն կարգի 6.3-րդ կետով ամրագրված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը: Կազմակերպությունը հայտում նշում է հանձնաժողովի կազմում առաջադրվող իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

6.5. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

6.6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով` աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի ցանկը:

6.7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ` մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:

6.8. Փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում` վերջինիս կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

6.9. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է փաստաթղթերն աշխատակազմում ստացվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

6.10. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

6.11. Կազմակերպությունների ներգրավումն իրականացվում է՝ փաստաթղթային եղանակով:

6.12. Ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 6.3-րդ կետի պայմաններին որոշվում է աշխատակազմի պատասխանատու աշխատակցի և կոմիտեի փաստաթղթաշրջանառության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի` հանձնաժողովի քարտուղարի կողմից` համապատասխան արձանագրություն կազմելու միջոցով: Արձանագրությունն ստորագրում են աշխատակազմի պատասխանատու աշխատակիցը (այսուհետ` պատասխանատու աշխատակից) և հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` հանձնաժողովի քարտուղար):

6.13. Եթե հայտատու կազմակերպության ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի 6.3-րդ կետով սահմանված պայմաններին և ներկայացվել է հայտ մեկ կազմակերպության կողմից, ապա այդ կազմակերպությունը ներգրավվում է հանձնաժողովի կազմում: Հայտատու կազմակերպությունների քանակը մեկից ավելի լինելու դեպքում, կազմակերպությունը ներգրավվում է հանձնաժողովի կազմում աշխատակազմի ընտրությամբ՝ առաջնություն տալով համապատասխան կազմակերպության գործունեության տևողությանը, այդ կազմակերպության թեկնածուի, այդ թվում՝ հասարակական հիմունքներով, աշխատանքային գործունեությանը։

6.14. Հանձնաժողովի` հասարակական և գիտական կազմակերպությունները ներկայացնող անդամների թեկնածուներին ընտրելուց հետո հանձնաժողովի կազմը ներկայացվում է կոմիտեի ղեկավարի հաստատմանը:

6.15. Համապատասխան ոլորտի հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները հանձնաժողովի կազմում ներգրավվում են երկու տարի ժամկետով` նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:

6.16. Հանձնաժողովի կազմում համապատասխան ոլորտի հասարակական և գիտական կազմակերպության ներկայացուցչի ընդգրկվելու ժամկետի ավարտին նախորդող եռամսյակում կամ սույն կարգով սահմանված դեպքերում ժամկետից շուտ հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցչի անդամությունը դադարեցնելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովին տրամադրում է տեղեկատվություն` համապատասխան անդամի անդամությունը երկարաձգելու կամ նոր անդամ ընտրելու վերաբերյալ:

6.17. Այն դեպքում, երբ հանձնաժողովը որոշում է կայացնում նոր անդամ ընտրելու վերաբերյալ, աշխատակազմը թափուր տեղ առաջանալու պահից երկշաբաթյա ժամկետում հրապարակում է հայտարարություն և սույն կարգով սահմանված կարգով ներգրավում նոր անդամի:

6.18. Հանձնաժողովի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների անդամությունը հանձնաժողովի առաջարկությամբ կարող է դադարել, երբ հանձնաժողովի համապատասխան անդամն անհարգելի պատճառով առնվազն մեկ անգամ չի մասնակցել հանձնաժողովի նիստին, կամ կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը, կամ համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել հանձնաժողովի անդամ ընտրվելու չափանիշներին, կամ համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում կամ դադարեցվել է անդամի առնչությունը համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությանը:»,

դ. 9-րդ կետը «մեկը» բառից հետո լրացնել «՝ կարգի 6-րդ կետի պահանջների պահպանմամբ:» բառերով,

ե. 12-րդ կետի 2-րդ ենթակետը «հրապարակման» բառից հետո լրացնել «օրվան հաջորդող» բառերով,

զ. 12-րդ կետի 4-րդ ենթակետը «վայրը» բառից հետո լրացնել «, իսկ հայտատուների քանակից ելնելով՝ որակավորման քննության անցկացումը կարող է շարունակվել հայտարարության մեջ նշված քննության օրվան հաջորդող աշխատանքային 7 օրվա ընթացքում, որի մասին նախապես ծանուցվում են հայտատուները.» բառերով,

է. 27-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «՝ այդ նպատակով ստեղծված հատուկ ծրագրով:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան