Գլխավոր տեղեկություն
Համար
N 571-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 18.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2020 թվականի N 571-Լ

    

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-503-06.03.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 17

Երևան

    

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-503-06.03.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

      

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է օրենքով սահմանել պահանջ, ըստ որի՝

1. Փաստացի տոկոսադրույքի մասին նշումն առնվազն պետք է ներառված լինի նաև հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝ նույն էջում (գործող կարգավորումներով նախատեսվում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում առանց մասնավորեցնելու դրա տեղադրման վայրը)։ Նախագծի հիմնավորմամբ նշված լրացումը կնպաստի անձանց կողմից տոկոսադրույքի մասին հստակ պատկերացում կազմելուն, քանի որ հաճախ վերջիններս առանց կարդալու կամ առանց ճիշտ հասկանալու տոկոսադրույքի չափը ստորագրում են պայմանագիրը.

2. Արգելվում է կրեդիտավորման պայմանագրերի կնքումը (այդ թվում՝ առցանց եղանակով վարկերի հաստատումը) ժամը 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում այն հիմնավորմամբ, որ գիշերային ժամերին սպառողական վարկերով տրամադրված գումարների օգտագործումը, որպես կանոն, չի կարող լինել հիմնավորված և առաջացնում է հավելյալ սոցիալական ռիսկեր: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է նաև, որ քաղաքացիները գիշերային ժամերին դիմում են վարկ ստանալու համար՝ լինելով ոչ սթափ վիճակում, հաճախ տարված նաև խաղադրույքներ կատարելու ու մոլեխաղերի մոլուցքով։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված առաջարկությունների վերաբերյալ հայտնում է՝

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-491-27.02.2020-ՖՎ-011/0) լրամշակված տարբերակում արդեն իսկ նախատեսվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով, ըստ որի՝ «Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:»: Կարծում ենք, որ նշված նախագծով առաջարկվող լուծումն ապահովում է ներկայացված նախագծով հետապնդվող՝ վարկերի փաստացի տոկոսադրույքների մասին վարկառուների հստակ տեղեկացվածությունը:

2. կրեդիտավորման պայմանագրերի կնքման ժամային սահմանափակումը հարկ է քննարկել նախագծի հիմնավորմամբ վկայակոչված խնդիրների և նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքի համատեքստում։

Ընդհանուր առմամբ համաձայնելով այն մտահոգությանը, որ գիշերային ժամերին կանխիկ ֆինանսական միջոցների կարիք ունենալու դեպքում վարկ ստանալու շուրջօրյա հասանելիությունը կարող է ռիսկեր առաջացնել՝ գտնում ենք, որ կրեդիտավորման պայմանագրերի կնքման առաջարկվող սահմանափակումը նշված խնդրի հիմնավորված միակ լուծումը չի կարող լինել։

Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն: Այս հանգամանքը հաշվի առնելով, խնդրի կարգավորումը նպատակահարմար է քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված քաղաքացու գործունակությունը սահմանափակելու իրավակարգավորման լույսի ներքո։

Հարկ է նկատել նաև, որ առաջարկվող սահմանափակումը կվերաբերվի ոչ միայն ոչ սթափ կամ մոլեխաղերի համար վարկավորման դիմած անձանց, այլև հրատապ խնդիրների լուծման համար վարկեր ստացող անձանց, ինչն արդարացված չի կարող լինել: Ուսումնասիրված երկրներում նման պրոդուկտներն արգելված չեն, սակայն, օրինակ Մեծ Բրիտանիայում գիշերային վարկավորման տոկոսադրույքն ավելի բարձր է, ինչն անուղղակիորեն ստիպում է անձանց չդիմով գիշերային վարկավորման:

Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ անկանխիկ դրամաշրջանառության և առցանց բանկային ծառայությունների խթանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում դրամաշրջանառության և գործարքների ավանդական տեսակներին հարմարեցված հատվածական օրենսդրական կարգավորումները, ըստ էության, արդիական չեն, իսկ նախագծի հիմնավորմամբ քննարկվող ռիսկերը հնարավոր է զսպել թե արդեն իսկ գործող կարգավորումների շրջանակում, թե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախաձեռնված պատասխանատու վարկավորման գործիքների ներդրման արդյունքում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ քայլեր են նախաձեռնվել պատասխանատու վարկավորման մշակույթի ամրապնդման ուղղությամբ։ Մասնավորապես, ներկայումս աշխատանքներ են իրականացվում պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության և հաճախորդի պարտավորության ու եկամտի սահմանային հարաբերակցության ներդրման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն խրախուսելու պատասխանատու վարկավորումը։ Վերջինս ուղղված է վարկառուների պաշտպանությանը պարտքի գերկուտակումներից և ենթադրում է, որ վարկավորման գործընթացում բանկերը պետք է գնահատեն հաճախորդների եկամուտների մակարդակը, որպեսզի նրանք ի սկզբանե ստանան այնքան վարկ, որքան կկարողանան սպասարկել։

Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի արդյունքում ֆինանսական կազմակերպությունների առջև ծառացած հրատապ լուծումներ պահանջողխնդիրները, ինչպես նաև արդեն իսկ ձեռնարկված քայլերը, առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից: