Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1522
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.29/45(1600) Հոդ.460
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.04.2020
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 ապրիլի 2020 թ.

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 353.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-ին հոդվածի և դրա հետ փոխկապակցված՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին:

Օրենսգրքի վիճարկվող նորմի բովանդակությունը հետևյալն է.

«Հոդված 353.1. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը վեց ամիս ժամկետով»:

Հոդվածը լրացվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-321-Ն օրենքով:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2017 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 31-ին:

 Օրենքի վիճարկվող նորմերի բովանդակությունը հետևյալն է.

«Հոդված 7. Անհետաձգելի միջամտության մասին

(...)

3. Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.

1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.

(...)

3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը. (...)»:

Գործի քննության առիթը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դիմող) 2019 թվականի հոկտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 7-ի՝ ԿԴ/0014/01/19 քրեական գործով «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» և «Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումները:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դիմելով Սահմանադրական դատարան, խնդրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների գործադրումը որոշ դեպքերում ուղղակիորեն կարող է առնչություն ունենալ անձի սեփականության իրավունքի հետ: Դիմողի պնդմամբ դա պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ «.... բոլոր այն դեպքերում, երբ անհետաձգելի միջամտության որոշմամբ ընտանիքում ենթադրաբար բռնություն գործադրած անձին հարկադրվում է հեռանալ բռնության ենթարկվածի բնակության տարածքից (որը միաժամանակ հանդիսանում է բռնություն գործադրած անձին սեփականության իրավունքով պատկանող բնակարան) կամ ենթադրաբար բռնություն գործադրած անձին արգելվում է որոշակի հեռավորությունից ավելի մոտենալ բռնության ենթարկվածին (ով շարունակում է բնակվել բռնություն գործադրած անձին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում), տեղի է ունենում միջամտություն անձի սեփականության իրավունքին»:

Ըստ Դիմողի` քննարկվող իրավիճակներն անխուսափելիորեն հանգեցնում են սեփականության իրավունքի արգելափակման, և անձը տևական ժամանակ (մինչև 20 օր տևողությամբ, իսկ դատարանում պաշտպանական որոշման դիմում քննվելու դեպքում հնարավոր է ավելի երկար ժամկետով) փաստացի զրկվում է իր սեփականության իրավունքի անքակտելի մասը կազմող՝ գույքի օգտագործման իրավունքից:

Դիմողի գնահատմամբ՝ վերոգրյալը ոչ այլ ինչ է, քան տևական ժամանակով անձին սեփականության իրավունքից զրկում, որն Օրենքի գործող իրավակարգավորումների պայմաններում կիրառվում է ոստիկանության ծառայողի կողմից այն դեպքում, երբ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասն անվերապահորեն նախատեսել է, որ անձը կարող է զրկվել սեփականությունից բացառապես դատական կարգով:

Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ նույնիսկ այն պայմաններում, եթե արձանագրվի, որ անհետաձգելի միջամտության քննարկվող որոշումներով տեղի է ունենում ոչ թե անձի սեփականության իրավունքի զրկում, այլ սահմանափակում, և որ Օրենքի գործող իրավակարգավորումների պայմաններում նման միջամտությունը չի կարող համարվել իրավաչափ այնքանով, որքանով սահմանված չեն գործուն երաշխիքներ սեփականության իրավունքի արդարացված սահմանափակման համար, այդ թվում՝ ապահովված չէ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը, նախատեսված չեն կառուցակարգեր, որոնցով կապահովվի որոշակի տարածքում անձի բնակվելու հնարավորությունը, ինչի հետևանքով քննարկվող միջամտությունը դառնում է անհամաչափ:

Դիմողի պնդմամբ՝ գործող կարգավորումներն անհետաձգելի միջամտության մասին որոշման կայացման դեպքում չեն ապահովում անձի՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Եվ Դիմողի եզրահանգմամբ՝ վիճարկվող դրույթի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ անհետաձգելի միջամտության մասին որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, անձն անհապաղ հեռացվում է իր բնակության վայրից, և նախատեսված չէ տվյալ որոշման գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) իրավական հնարավորություն, որպիսի պայմաններում վերջինը զրկվում է իր իրավունքներին միջամտող տվյալ վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով արդյունավետորեն վիճարկելու հնարավորությունից:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Վիճարկվող դրույթները դիտարկելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ պատասխանողն արձանագրում է. «ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, այն է՝ առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի, երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը՝ նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար»: Ըստ պատասխանողի՝ «սեփականության իրավունքը սահմանափակելը որպես կանոն ունենում է ժամանակավոր բնույթ, իսկ սեփականությունից զրկելը այնպիսի իրավիճակ է, երբ սեփականատերը փաստացի կամ իրավաբանորեն լրիվ զրկվում է իր տիտղոսից, կորցնում է իրի հետ իր կապը»:

Միաժամանակ, վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-630 և ՍԴՈ-903 որոշումներում «սեփականության իրավունքի իրականացման սահմանափակման» և «սեփականությունից զրկելու» վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված իրավական այն մոտեցումը, ըստ որի՝ «ինչ հիմքով էլ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված համարվել բացառապես այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել ի շահ հանրության, և միջամտությունն արդարացված համարվելու համար պետք է հետապնդի օրինաչափ նպատակ և լինի համաչափ», պատասխանողն արձանագրում է, որ Օրենքի վիճարկվող դրույթով տեղի է ունենում ոչ թե սեփականությունից զրկում, այլ անձի սեփականության իրավունքի իրականացման սահմանափակում:

Տվյալ սահմանափակման սահմանված կարգը, ըստ պատասխանողի, համապատասխանում է Սահմանադրական դատարանի կողմից սահմանված չափանիշներին, քանի որ՝ ա) սեփականության իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով, այն է՝ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, բ) սեփականության իրավունքը սահմանափակվել է այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության` տվյալ դեպքում՝ ընտանիքի անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով, գ) սեփականության իրավունքի սահմանափակումը համապատասխանում է որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին և չի գերազանցում ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Ամփոփելով վերոգրյալը՝պատասխանողն արձանագրում է, որ վիճարկվող դրույթներն ամբողջությամբ համապատասխանում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական մեկնաբանություններին և որևէ կերպ չեն հակասում Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Նկատի ունենալով, որ դիմողն ըստ էության բարձրացնում է անձի կողմից` Օրենքով նախատեսված որոշակի պահանջները դիտավորությամբ չկատարելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելու իրավաչափության հարցը, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- վիճարկվող դրույթներով անձի սեփականության իրավունքը սահմանափակող իրավակարգավորումները համահու՞նչ են արդյոք Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով ամրագրված համաչափության և որոշակիության սկզբունքներին,

- այդ դրույթներով նախատեսված սահմանափակումները գերազանցու՞մ են արդյոք Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, այդ թվում՝ բացահայտելով այդ իրավունքի սահմանափակման հիմնական չափորոշիչները: Մասնավորապես՝ 18.04.2006թ. ՍԴՈ-630 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Բոլոր դեպքերում իր գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտությունը ենթադրում է արդարացի հավասարակշռություն հասարակության գերակա շահերի և մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտության միջև»: Նույն որոշման մեջ անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակմանը՝ Սահմանադրական դատարանն ընդգծել է. «Դա ոչ միայն իր բնույթով իրավունքի սահմանափակման առանձնահատուկ ինստիտուտ է, այլև անխուսափելիորեն նշանակում է, որ առկա է իրավաչափ նպատակի և սեփականության իրավունքի համադրման անհրաժեշտություն: Նման համադրման արդյունքում որևէ կոնկրետ սեփականության օբյեկտի նկատմամբ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով իրավունքը կարող է սահմանափակվել կամ դադարել, եթե այն ծառայում է բացառիկ՝ գերակա հանրային շահի բավարարմանը»:

Միաժամանակ, 13.07.2010թ. ՍԴՈ-903 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ «.... սեփականության իրավունքի իրականացումը սահմանադիրը կաշկանդում է որոշակի հանրային արժեքներ պահպանելու պահանջով: Դրանք են. շրջակա միջավայրը, այլ անձանց, հանրության և պետության իրավունքները և օրինական շահերը: Նման մոտեցումը կոչված է ապահովելու սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն՝ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացումը ճանաչելով երաշխավորված, սակայն ոչ բացարձակ»:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, որը մասնակիորեն առնչվում է նաև սեփականության իրավունքի սահմանափակման հիմնախնդրին: Այսպես, նույն արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մասում շեշտվում է, որ անձին իր սեփականությունից անարգել օգտվելու և նրան իր ունեցվածքից միայն ի շահ հասարակության, օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով զրկելու վերաբերյալ դրույթները «(...) չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու (...) համար»: Հիշյալ արձանագրության 1-ին հոդվածի կարգավորումները նախատեսում են երեք հստակ կանոն, որոնցից առաջինն ընդհանուր բնույթի է և սահմանում է սեփականությունից անարգել օգտվելու սկզբունքը, երկրորդ կանոնը կարգավորում է սեփականությունից զրկելու հետ կապված հարաբերությունները, իսկ երրորդ կանոնը ճանաչում է սեփականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պետության իրավունքը՝ ընդհանուր շահին համապատասխան։ Ընդ որում, երկրորդ և երրորդ կանոնները, որոնք առնչվում են սեփականությունից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ թույլատրելի միջամտություններին, պետք է դիտարկվեն առաջին կանոնում նախատեսված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո (տես՝ AGOSI v. The United Kingdom, 24.10.1986, app. no. 9118/80, § 48, Immobiliare Saffi v. Italy, 28.07.1999, app. no. 22774/93, § 44):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իրավակարգավորումների լույսի ներքո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելիս հիմնվել է հետևյալ հիմնական սկզբունքների ու չափորոշիչների վրա.

ա) սեփականության իրավունքի սահմանափակումը համատեղելի է Կոնվենցիային կից առաջին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունում ամրագրված ընդհանուր նորմի հետ, եթե ապահովված է «արդարացի հավասարակշռություն» հանրության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև,

բ) սեփականության իրավունքի սահմանափակման միջոցները պետք է բավարարեն «օրինականության պահանջը» և չլինեն «կամայական»,

գ) սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված վիճարկվող միջոցները պետք է նախատեսված լինեն օրենքով կամ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով,

դ) սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված միջոցներ նախատեսող օրենքը պետք է բավարարի մի շարք պահանջներ, որոնք ներկայացվում են ինչպես օրենքի որակին ու բովանդակությանը, այնպես էլ այն ընդունած մարմիններին ու նրանց լիազորությունների իրականացման օրինականությանը,

ե) սեփականության իրավունքի սահմանափակման միջոցները պետք է հետապնդեն հասարակական շահից բխող իրավաչափ նպատակ,

զ) սեփականության իրավունքի սահմանափակման դեպքում պետությունը պարտավոր է պահպանել համամասնության ողջամիտ հարաբերակցությունը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության և ընդհանուր շահի պաշտպանության պահանջների միջև, այսինքն՝ սահմանափակման միջոցը պետք է լինի «ողջամիտ և պատշաճ՝ իր նպատակին հասնելու համար, և համարժեք՝ այդ նպատակին1»։

Համադրելով Օրենսգրքի վիճարկվող նորմը ու դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Օրենքի մյուս նորմերը Եվրոպական դատարանի նախադեպային նշանակության իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև հաշվի առնելով սույն գործով դիմումում բարձրացված հարցի առանձնահատկությունը և վերահաստատելով նախկինում ձևավորած իր մոտեցումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի ցանկացած սահմանափակում, ինչ հիմքով էլ այն իրականացվի, կարող է իրավաչափ համարվել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանության դեպքում.

1) սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորությունը պետք է նախատեսված լինի օրենքով,

2) սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է միտված լինի հանրության շահերի կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը,

3) սեփականության իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է պիտանի և անհրաժեշտ լինի հետապնդվող նպատակին հասնելու համար,

4) սեփականության իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է համարժեք լինի սեփականության իրավունքի նշանակությանը,

5) սեփականության իրավունքի սահմանափակման հիմքը և ծավալը սահմանող օրենքը պետք է այնքան որոշակի լինի, որ անձն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարողանա կատարել այդ սահմանափակումից բխող և իր վրա դրված պարտականությունները:

4.2. Օրենսգրքի 353.1-ին հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմա-նում ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից Օրենքով նախատեսված որոշակի պահանջները դիտավորությամբ չկատարելու համար: Մասնավորապես՝ Օրենքը դրանց շարքին է դասում անհետաձգելի միջամտության որոշմամբ կամ պաշտպանական որոշմամբ կիրառված այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից անհապաղ հեռանալը և մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը այդտեղ նրա չվերադառնալը կամ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում՝ նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց) որոշակի հեռավորությունից ավելի չմոտենալը (7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):

Անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանության իրավասու ծառայողի կողմից անհապաղ կայացվում է ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով (7-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ պաշտպանական որոշումը դատարանը կայացնում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ գտնվող անձանց պաշտպանելու, ինչպես նաև ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով (8-րդ հոդվածի 3-րդ մաս):

Ընդ որում, անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը: Այն ուժի մեջ է մտնում ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելու պահից, իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից իր իրերը հավաքելը և ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրը լքելը: Որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է բռնություն գործադրած անձի սեփականության իրավունքն իր բնակելի տարածության նկատմամբ, մասնավորապես, այնտեղ բնակվելու իրավունքը։ Որոշման բողոքարկումը վերադասության կամ դատական կարգով չի կասեցնում դրա կատարումը (7-րդ հոդվածի 2, 7, 8 և 15-րդ մասեր):

Ինչ վերաբերում է պաշտպանական որոշմանը, ապա այն կայացվում է մինչև վեց ամիս ժամկետով և կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ երկու անգամ երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչև 3 ամիս ժամկետով (8-րդ հոդվածի 4-րդ մաս):

Վերոշարադրյալ իրավադրույթների համադրման և համալիր վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ վիճարկվող նորմերով նախատեսված միջոցների կիրառմամբ կարող են սահմանափակվել նրա կողմից իր սեփականությունը հանդիսացող բնակարանն իր հայեցողությամբ տիրապետելու և օգտագործելու հնարավորությունները:

Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի նման սահմանափակումը նախատեսված է օրենքով, հետապնդում է Սահմանադրությամբ նախատեսված իրավաչափ նպատակ, այն է՝ ընտանիքի մյուս անդամի (անդամների) կյանքի և առողջության ապահովումը, ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ գտնվող անձանց պաշտպանելը, ինչպես նաև ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելը, և պիտանի ու անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար:

4.3. Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ այն հանգամանքին, որ օրենսդիրն ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ սահմանափակման այս կամ այն տեսակն ընտրելիս դրա համաչափության առումով նախատեսել է տարբերակված կարգավորումներ:

Մասնավորապես՝ Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասն ընդհանուր ձևով սահմանում է, որ անհետաձգելի միջամտության որոշմամբ կիրառվող սահմանափակման միջոցներն ընտրելիս որոշում կայացնողն առաջնորդվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներով՝ ապահովելով սահմանափակման համաչափությունը: Ընդ որում, Օրենքով սահմանված սկզբունքները (2-րդ հոդված) սեփականատիրոջ իրավաչափ շահերի պաշտպանության կամ գոնե դրանք հաշվի առնելու վերաբերյալ որևէ դրույթ չեն պարունակում, իսկ իրավակիրառողի համար սահմանափակման համաչափությունը բացահայտող կամ այդ առումով նրան առնվազն ուղղորդող չափանիշներ Օրենքում առկա չեն:

Մինչդեռ, Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը բավականաչափ հստակ և կոնկրետ նշում է, որ պաշտպանական որոշմամբ ընտանիքում բռնություն գործադրած անձին ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից անհապաղ հեռանալ հարկադրելու և այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն արգելելու սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանիքում բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման տարբերակված իրավակարգավորման հիմքում դրված է այնպիսի ողջամիտ չափանիշ, ինչպիսին անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման գործողության ժամկետների տարբերությունն է (համապատասխանաբար՝ առավելագույնը քսան օր և տասներկու ամիս): Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դա չի կարող ընտանիքում բռնություն գործադրած անձի համար Օրենքով նախատեսված սահմանափակումների տարբերակված կիրառման միակ և վճռորոշ չափանիշ հանդիսանալ, քանի որ օբյեկտիվորեն կարող են առկա լինել էական այլ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ընտանիքում բռնություն գործադրած անձի սեփականության իրավունքը սահմանափակելիս, այդ թվում՝ նման սահմանափակման հետևանքով նրա վրա դրված պարտականությունների կատարման հնարավորության համատեքստում:

Այսպես՝ ի տարբերություն դատարանի կողմից պաշտպանական որոշման կայացման դեպքի՝ Օրենքն անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողին Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ուղղակիորեն չի պարտավորեցնում հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են, օրինակ, ընտանիքում բռնություն գործադրած անձի բնակության համար անհրաժեշտ այլ վայրի հասանելիությունը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց անվտանգ այլ վայր տեղափոխելու հնարավորությունը կամ նպատակահարմարությունը: Ընդ որում, եթե պաշտպանական որոշման կայացման դատական ընթացակարգի շրջանակներում անձը ողջամտորեն կարող է ունենալ բավականաչափ ժամանակ և հնարավորություններ՝ համապատասխան փաստարկներ բերելու և դրանք հիմնավորելու համար, ապա ոստիկանության իրավասու ծառայողի կողմից անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու պարագայում անձի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության գործիքներն ըստ էության բացակայում են այդ որոշման կայացման, ուժի մեջ մտնելու, անհապաղ կատարման և չկասեցման առանձնահատուկ իրավակարգավորումների պատճառով:

Նկատի ունենալով, որ վիճարկվող նորմերով նախատեսված միջոցների կիրառմամբ կարող են սահմանափակվել անձի կողմից իր սեփականությունը հանդիսացող բնակարանն իր հայեցողությամբ տիրապետելու և օգտագործելու հնարավորությունները, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ ընտրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն պետք է ապահովվի նաև սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս։ Այլ կերպ ասած՝ կարևոր է այն հարցի պարզումը, թե արդյո՞ք առկա է արդարացի հավասարակշռություն ընդհանուր շահի և անհատի շահի միջև։ Արդարացի հավասարակշռությունը պարզելու առնչությամբ պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ և՛ կիրառվող միջոցների ընտրության, և՛ ընդհանուր շահի համատեքստում նշված միջամտության արդարացվածությունը որոշելու հարցում (տես՝ J.A. Pye (Oxford) Ltd and J.A.Pye (Oxford) Land Ltd v The United Kingdom, 30.08.2007, app. no. 44302/02, § 75)։

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման կանոնակարգման պայմաններում ընտանիքում բռնություն գործադրած անձի սեփականության իրավունքը սահմանափակող միջոցի կիրառումը սեփականատիրոջ և այլոց իրավունքների միջև ողջամիտ հավասարակշռություն չի ապահովում և համարժեք չէ սեփականության իրավունքի նշանակությանը:

4.4. Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշման պահանջներն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելու իրավական հետևանքներին, մասնավորապես՝ դրա համար նախատեսված քրեական պատասխանատվությանը:

Օրենսգրքի 353.1-ին հոդվածը սահմանում է բլանկետային դիսպոզիցիայով հանցակազմ, այսինքն՝ դրա համար քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ անձը դիտավորությամբ չի կատարի մեկ այլ իրավական ակտով, տվյալ դեպքում՝ Օրենքով նախատեսված պահանջները:

Քրեական պատասխանատվություն նախատեսելու այսպիսի կառուցակարգը նշանակում է, որ անձը, իմանալով իր վրա դրված որոշակի պարտականությունների մասին և ընկալելով վերջիններիս բովանդակությունը, գիտակցաբար չի կատարում դրանք: Սակայն այն նաև ենթադրում է, որ անձի՝ ակնկալվող վարքագծին ներկայացվող պահանջները պետք է լինեն ոչ միայն որոշակի և կանխատեսելի, այլև օբյեկտիվորեն իրականանալի: Այսինքն՝ բարեխիղճ անձի համար օբյեկտիվ իրականության մեջ պետք է ոչ միայն համապատասխան պահանջը կատարելու իրական և ողջամիտ հնարավորություն լինի, այլև անձը հարկադրաբար չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ կամ չպետք է կրի այնպիսի զրկանքներ, որոնք չարդարացված կերպով անհամաչափ վնաս կհասցնեն նրա հիմնական իրավունքներին և ազատություններին:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ անհրաժեշտ հավասարակշռության հարցը պարզելու համար էական է այն հանգամանքը, թե արդյո՞ք պետության գործողությունների կամ անգործության պատճառով տվյալ անձը ստիպված է եղել կրել անհամաչափ և ավելորդ բեռ (տես՝ Broniowski v. Poland, 22.06.2004, app. no. 31443/96, § 150, Sporrong and LՓnnroth v. Sweden, 23.09.1982, app. no. 7151/75, 7152/75, § 73)։ Համաչափության թեստի նպատակն է նախևառաջ պարզել, թե միջամտության արդյունքում ինչպե՞ս և ի՞նչ չափով է սահմանափակվել դիմումատուի իրավունքը, և դրա արդյունքում ինչպիսի անբարենպաստ հետևանքներ են վրա հասել նրա համար։ Հետագայում, այդ ազդեցությունը հավասարակշռվում է միջամտության հիմքում ընկած հանրային շահի կարևորությամբ: Նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե արդյո՞ք հնարավոր էր հասնել նույն նպատակին՝ դիմումատուի իրավունքների նկատմամբ նվազ միջամտությամբ, և արդյո՞ք դիտարկվել է այդպիսի լուծման հնարավորությունը (տես՝ Vaskrsić v. Slovenia, 25.04.2017, app. no. 31371/12, § 83):

Մինչդեռ, այլ վայրում բնակվելու ողջամիտ հնարավորության բացակայության կամ ընտանիքում բռնության ենթարկվածի հետ նույն վայրում բնակվելու դեպքում նրան որոշակի հեռավորությունից ավելի չմոտենալու օբյեկտիվ անհնարինության դեպքում ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ քրեական պատժի տեսքով անբարենպաստ իրավական հետևանքներ կիրառելու սպառնալիքը նրան անհամաչափորեն կարող է դնել այնպիսի վիճակի մեջ, երբ վերջինս ստիպված կլինի ընտրություն կատարել վատի և ավելի վատի միջև: Այսինքն՝ չունենալով այլ վայրում ապրելու հնարավորություն՝ անձը ստիպված պետք է վերադառնա իր սեփականությունը հանդիսացող բնակության վայր՝ դրանով իսկ կատարելով քրեորեն պատժելի արարք:

Հատկանշական է, որ նման վիճակում անձը կարող է հայտնվել անկախ այն հանգամանքից, թե հետագայում նա պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ կարդարացվի իրեն վերագրվող իրավախախտման համար կամ կհաշտվի ընտանիքում բռնության ենթարկված անձի հետ, թե ոչ:

Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտանիքում բռնություն գործադրած անձի բնակարանի սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված անհետաձգելի միջամտության որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվի նաև որոշակի փաստական հանգամանքների համակցության պայմաններում նրա վրա դրվող պարտականությունները (նրան ներկայացվող պահանջները) կատարելու օբյեկտիվ հնարավորությունը: Հակառակ դեպքում, Օրենքով նախատեսված պահանջներն անձի համար չեն լինի բավականաչափ որոշակի, և նա ի վիճակի չի լինի դրսևորել համապատասխան վարքագիծ, այն է՝ քրեական պատասխանատվության չենթարկվելու համար օբյեկտիվորեն և ողջամտորեն կատարել համապատասխան սահմանափակումից բխող և իր վրա դրված պարտականությունները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 353.1-ին հոդվածը և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանով նախատեսված սահմանափակումներն ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվել նրա բնակության համար անհրաժեշտ այլ վայրի մատչելիությունը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց անվտանգ այլ վայր տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

___________________

1 Տես՝ Latridis v. Greece [GC], 25.03.1999, app. no. 31107/96, « 55, Immobiliare Saffi v. Italy [GC], 28.07.1999, app. no. 22774/93, « 44, Zehentner v. Austria, 16.07.2009, app. no. 20082/02, « 55, Luordo v. Italy, 17.07.2003, app. no. 32190/96, « 86), Sporrong and Lonnroth v. Sweden, no. 7151/75; 7152/75 և այլն:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

14 ապրիլի 2020 թվականի

ՍԴՈ-1522