Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-251
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.1998-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.11/27(399)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 սեպտեմբերի 1998 թ.

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 28. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը` ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է`

տուգանք` տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում` նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

տուգանք` տարբերության գումարի 50 տոկոսի չափով, այդ թվում` նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում` նաև այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային տեսչությունը կարող է օգտվել սույն օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված հարկային պարտավորությունների կատարումից»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
24 հոկտեմբերի 1998 թ.
ՀՕ-251

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան