Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.04.2020-21.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի, 2020 N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԻՍ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերի պահանջներով և որոշման հավելվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝

Սահմանել՝

1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ՝ ՍԲՀԿ) աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության (հեռահար ջերմաչափում, արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ հարցում վարակին բնորոշ կլինիկական ախտանշանների մասին, ինչպես նաև վերջին 14 օրերի ընթացքում Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրներում գտնվելու վերաբերյալ)։ Ախտանիշների առկայության դեպքում (այդ թվում՝ 37 աստիճանից բարձ ջերմության առկայություն) կատարվում է անմիջապես հոսպիտալացում, տրվում է շտապ հաղորդում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ ԱԱՏՄ) կենտրոնական ապարատին և ՀՀ առողջապահության նախարարությանը:

2. Իտալիայից կամ վերջին 14 օրվա ընթացքում Իտալիայում գտնված՝ ՀՀ տարածք մուտք գործող անձանց համար, անկախ սույն ցուցման 1-ին կետի ախտանիշների առկայությունից, ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից կանչ է գրանցվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Վերջինիս կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով տվյալ անձինք տեղափոխվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարանտինային վայր և ենթակա են 14-օրյա մեկուսացման։

3. Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրներից (բացի Իտալիայից) ՀՀ տարածք մուտք գործող անձանց, որոնց մոտ առկա չեն սույն ցուցման 1-ին կետով սահմանված ախտանիշները, տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանած տեղեկաթերթիկ՝ 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացվելու մասին: Տեղեկաթերթիկի ստացման փաստը հավաստվում է հասցեական քարտերի վրա ստացողի ստորագրությամբ: Ինքնամեկուսացված անձանց տվյալները տրամադրվում են ՀՀ ոստիկանությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցառումներն ապահովելու նպատակով:

3.1. Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները (այդ թվում նրանք, ովքեր բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում կամ մեկուսացվում են.

ա. սահմանային մաքսային մարմիններում լրացված տարանցիկ հայտարարագրերում որպես նշանակման վայր նշված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերում,

բ. բեռի ներմուծողի կողմից նախանշված վայրում, եթե Պետական եկամուտների կոմիտեի գրավոր թույլտվության հիման վրա այդ վայրը նշվել է որպես սահմանային մաքսային մարմնում լրացված տարանցիկ հայտարարագրով տեղափոխվող բեռի նշանակման վայր,

գ. բեռնաթափման վայրի տարածքում, եթե բեռը «մաքսային տարանցում» ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից,

դ. բարձման վայրի տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքից բեռը արտահանվում է այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով։

Նշված վայրերում ինքնամեկուսացման համապատասխան պայմանների բացակայության դեպքում բեռնափոխադրում իրականացնող վարորդները ինքնամեկուսանում են բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության կողմից իր վարորդների մեկուսացման համար առանձնացված վայրում կամ տրանսպորտային միջոցի՝ վարորդի համար նախատեսված խցիկում։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց և մաքսային ձևակերպումները ավարտելուց հետո միջպետական բեռնափոխադրում իրականացնող վարորդները հնարավորինս սեղմ ժամկետում լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնամեկուսացման ընթացքում նրանց մոտ ի հայտ են եկել համավարակի ախտանիշներ:

(3.1-ին կետը լրաց. 13.04.20 N 38)

4. Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրներից ՀՀ տարածք մուտք գործող կամ վերջին 14 օրվա ընթացքում Իտալիայում գտնված անձանց համար ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից լրացվում են, իսկ օդանավում հասցեական քարտերի լրացման պարագայում՝ հավաքվում են հասցեական քարտերը։ ՍԲՀԿ-ների հերթափոխի ավարտից հետո (9:00-ից 9:00) 4 ժամվա ընթացքում հասցեական քարտերի, ներառյալ մեկուսացված և/կամ հոսպիտալացված, ինքնամեկուսացված անձանց տվյալները ԱԱՏՄ կենտրոնական ապարատի կողմից ուղարկվում են ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ոստիկանություն:

5. Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրների ցանկում չընդգրկված երկրներից ՀՀ օդային ճանապարհով ՀՀ ժամանողներին տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկաթերթիկ։ Օդանավում լրացված հասցեական քարտերը կամ ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից լրացված հասցեական քարտերը արխիվացվում են ՍԲՀԿ-ներում, որոնցում առկա տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդին անմիջական խնամք տրամադրող կամ հիվանդի հետ շփում (ներառյալ՝ աշխատատեղ, դասասենյակ, համատեղ բնակություն, հավաքույթներ, ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց, այլ) ունեցող անձանց (կոնտակտավոր) նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածով նախատեսված սահմանափակումները՝ վերջիններիս հատուկ նախատեսված ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարանտինային վայրեր տեղափոխելու կամ վերջիններիս ինքնուրույն 14-օրյա ինքնամեկուսացման ձևով։ Ինքնամեկուսացված անձանց նկատմամբ ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կիրառվում են անհրաժեշտ միջոցառումներ:

7. Սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերում նշված անձինք գրավոր ծանուցվում են ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին, իսկ վարակի ախտանիշներ չունեցող անձինք՝ նաև հետագայում վարակի ախտանիշներ ի հայտ գալու դեպքում բժշկական հաստատություններ դիմելու անհրաժեշտության մասին։

8. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 18-ին: