Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1523
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.20/53(1608) Հոդ.518.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.04.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 ապրիլի 2020 թ.

  

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

   

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

      

1. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 31-ին:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

ա) կողմերի հետ ընդունել համատեղ գործունեության արդյունավետ համակարգումն ապահովող միջոցներ՝ ուղղված գիտնականների, հիմնարար հետազոտություններ իրականացնող՝ Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների և կողմերի ֆոնդերի միջև մշտական շփումների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել գիտական փորձի տարածմանը աշխարհում և գիտության հանրային մակարդակի բարձրացմանը,

բ) համագործակցության զարգացման նպատակով համակողմանի աջակցություն տրամադրել Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպություններին, այդ թվում` նաև հետևյալ գերակա ուղղություններով.

- ֆիզիկամաթեմատիկական և քիմիական գիտություններ, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ,

- նոր նյութեր, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաներ և նանոնյութեր,

- երկրի, կյանքի մասին գիտություններ, այդ թվում՝ կենսաբանություն, գյուղատնտեսություն և բժշկություն, բիոտեխնոլոգիաներ և գենային ինժեներիա,

- խելամիտ բնօգտագործում և շրջակա միջավայրի պահպանություն, կլիմայական փոփոխությունների, այդ թվում՝ սառցալեռների ուսումնասիրություն,

- էներգետիկա, այդ թվում՝ միջուկային, այլընտրանքային և վերականգնվող, մեքենաշինություն և սարքաշինություն,

- սոցիալ-տնտեսական և հումանիտար գիտություններ,

- տիեզերքի ուսումնասիրություն,

- կողմերի կողմից համաձայնեցված հիմնարար հետազոտությունների այլ առաջնային ուղղություններ,

գ) կողմերի հետ փոխշահավետ և իրավահավասար հիմքի վրա պայմանավորվածությամբ հիմնարար հետազոտությունների ոլորտում համագործակցությունը զարգացնել հետևյալ ձևերով`

- համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացում,

- Համաձայնագրի մասնակից պետություններում գիտնականների ու հետազոտողների գիտական այցերի և վերապատրաստումների կազմակերպում, այդ թվում՝ հիմնարար հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ գիտնականների և մասնագետների ներգրավում,

- հիմնարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում,

- համատեղ լաբորատորիաների, հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների և սարքավորումների խմբային օգտագործման կենտրոնների ստեղծում,

- գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների, սեմինարների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում և իրականացում,

- կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ձևեր,

դ) նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում Համաձայնագրի դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, փոխանակմանը և տարածմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերին համապատասխան,

ե) նպաստել հիմնարար հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության աճին, հիմնարար հետազոտություններ իրականացնող գիտական կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարձրացմանը, այդ թվում՝ համատեղ հետազոտություններ իրականացնող երիտասարդ գիտնականների մրցույթներին, հիմնարար հետազոտությունների կազմակերպման ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը, գիտական կադրերի շարժունակության զարգացմանը, աշխատանքի մեջ ժամանակակից առաջադեմ մոտեցումների և մեթոդների ներդրմանը, գիտական ներուժի պահպանմանը և միջազգային գիտական միջավայրում վերջինիս ներդրմանը,

զ) ապահովել մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության միջոցները, ինչպես նաև համապատասխան բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումն այն կարգով, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով,

է) որոշել լիազորված մարմին (կազմակերպություն), որի վրա դրվում է Համաձայնագրի իրականացումը, և այդ մասին տեղեկացնել ավանդապահին` միաժամանակ գրավոր ծանուցելով ներպետական ընթացակարգերի իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և ի թիվս այլնի նպատակ ունեն զարգացնել և ամրապնդել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

   

1. 2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

28 ապրիլի 2020 թվականի

ՍԴՈ-1523