Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2020-19.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 28.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 355-Լ

   

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում՝ օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 26

Երևան

 

   

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 26-ի N 355-Լ որոշման

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

(նոր խմբագրությամբ)

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 12.05.20 N 725-Լ)

 

1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել առանձին տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ մեղմելու կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը:

(1-ին կետը փոփ. 19.05.20 N 769-Լ)

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։

 

2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի) և/կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝

1) Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.

2) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

3) ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն`

ա. վարկային հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ տնտեսավարողի մասով վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ. վարկային հայտը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

(3-րդ կետը լրաց. 19.05.20 N 769-Լ)

 

3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

 4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

(4-րդ կետը լրաց. 19.05.20 N 769-Լ)

5. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն միջոցառման 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկեր։

 

4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

6. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով՝

1) տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ գումարի չափով՝ առավելագույնը վեց ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր).

2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)՝ առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր).

3) հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավել պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն մեծությունը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր).

4) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ).

5) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում (ընդ որում, ծախսերի իրականացում են համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 դրամ գումարի չափով՝ առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր).

6) ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն մեծությունը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում (այսուհետ՝ սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի վարկեր)։

(6-րդ կետը լրաց. 19.05.20 N 769-Լ)

 

5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

7. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ).

2) ժամկետը՝ մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար.

3) վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 3 ամիս.

4) մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 250 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 125 մլն դրամին համարժեք.

5) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.

6) առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 12 % դրամով վարկերի և տարեկան 9 % արտարժույթով վարկերի դեպքում:

9. Օժանդակության գործիքի կիրառման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են ֆինանսական կազմակերպություններին, օժանդակություն ստացողներին ներկայացվող պահանջների մանրամասները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման ու միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու ընթացակարգերը:

 

6․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

10. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների` սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված չափերով, վարկի ժամկետի 24-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար:

 11. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են՝

 

Վարկի նպատակը

Սուբսիդավորման չափը

Աշխատակիցների

ամբողջությամբ

հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների

ամբողջությամբ

Հումքի

7%

Սարքավորումների

6%

կոմունալ վճարների

10%

Սննդի

8%

 

12. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են՝

 

Վարկի նպատակը

Սուբսիդավորման չափը

Աշխատակիցների

ամբողջությամբ

հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների

ամբողջությամբ

Հումքի

6%

Սարքավորումների

5%

կոմունալ վճարների

8%

Սննդի

6%

(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, լրաց., փոփ. 22.04.20 N 586-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ, խմբ. 12.05.20 N 725-Լ, փոփ., լրաց. 19.05.20 N 769-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան