Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-213
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.1998-12.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

14 ապրիլի 1998 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ երկու առանձին մասերով.

«Եթե ներկայացված օրենքի նախագիծը նախատեսում է ընթացիկ տարվա պետական բյուջեով հաստատված եկամուտների կամ ծախսերի փոփոխություն, ապա կառավարությունը դրան զուգահեռ ներկայացնում է նաև օրենքի նախագիծ` պետական բյուջեում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու մասին:

Օրենքի նախագծի հետ կառավարությունը ներկայացնում է դրա տեքստն էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով այն ուղարկում է Ազգային ժողովի աշխատակազմ»:

 

Հոդված 2. Օրենքի 130 հոդվածում`

ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում ուղարկում է պատգամավորներին և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ: Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի բովանդակությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանոթացվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մշտական անդամները».

բ) երրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր չորրորդ մաս`

«Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել միայն այդ հանձնաժողովների մշտական անդամները և կառավարության կողմից լիազորված անձինք»:

Այդ կապակցությամբ հոդվածի չորրորդ մասը համարել հինգերորդ մաս:

 

Հոդված 3. Օրենքի 132 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.

«3) Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը համարել 4-րդ կետ:

 

Հոդված 4. Օրենքի 133 հոդվածի երրորդ մասում «48 ժամով» բառերը փոխարինել «չորս օրով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքը 134 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 135 հոդվածով:

 

«Հոդված 135. Պետական բյուջեի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ կառավարությունն Ազգային ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը և պատգամավորների մշտական հանձնաժողովների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կազմված ամփոփաթերթիկը` պատգամավորների թվին համապատասխան պատճեններով:

Ազգային ժողովի աշխատակազմը ստացված փաստաթղթերը հնարավոր սեղմ ժամկետում հանձնում է պատգամավորներին»:

Այդ կապակցությամբ 135-137 հոդվածները համապատասխանաբար համարել 136-138 հոդվածներ:

 

Հոդված 6. Օրենքի 136 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 136. Քննարկումները վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով տեղեկանք է ներկայացնում կառավարության կողմից ընդունված կամ մերժված առաջարկությունների մասին:

Պատգամավորները զեկուցողին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:

Վարչապետի կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի եզրափակիչ ելույթից առաջ, սահմանված կարգով հայտ ներկայացնելու դեպքում, մինչև 10 րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն`

ա) Ազգային ժողովի խմբակցությունները և խմբերը.

բ) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները.

գ) Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները:

Ելույթներն ավարտվելուց հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է վարչապետին կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, որից հետո պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից ընդունված ուղղումներով դրվում է քվեարկության` ամբողջությամբ ընդունելու համար: Այլ առաջարկություններ քվեարկության չեն դրվում:

Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն` կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված»:

 

Հոդված 7. Օրենքի 138 հոդվածից հանել երկրորդ մասը:

 

Հոդված 8. Օրենքը գլուխ 17-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով`

 

«Գ Լ ՈՒ Խ 18

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Հոդված 139. Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում և հաստատում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ:

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

 

Հոդված 140. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է պատգամավորներին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Ազգային ժողովի վերահսկիչ պալատ: Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի բովանդակությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանոթացվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մշտական անդամները, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը:

Հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում հանձնաժողովներում և հանձնաժողովների համատեղ նիստում, որոնց մասնակցում են նաև կառավարության անդամները և ներկայացուցիչները:

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել միայն այդ հանձնաժողովների մշտական անդամները, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը, կառավարության կողմից լիազորված անձինք:

 

Հոդված 141. Նախնական քննարկումների ժամանակ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծում փոփոխություններ մտցնելու առաջարկությունները պատգամավորները և մշտական հանձնաժողովներն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով ներկայացնում են կառավարություն:

Կառավարությունն Ազգային ժողովի հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է փոփոխություններ մտցնել բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում: Կառավարությունը հաշվետվության քննարկումն սկսվելուց առնվազն 48 ժամ առաջ Ազգային ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերջնական տարբերակը, ինչպես նաև հիմնավորումներ` առաջարկությունների նկատմամբ անհամաձայնության վերաբերյալ:

 

Հոդված 142. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախագծի ներկայացման համար կառավարությանը տրվում է մինչև երեք զեկուցում` մեկ ժամ 30 րոպեից ոչ ավելի ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքում նախագծում արված փոփոխությունները:

Մինչև 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը.

2) Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.

3) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը.

4) Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ.

5) Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովները` ըստ ցանկության:

Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:

 

Հոդված 143. Մտքերի փոխանակության համար կատարվում է հերթագրում:

Մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ` նախարարներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նախագահողը քվեարկության է դնում հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

 

Հոդված 144. Եթե պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քվեարկությամբ չի հաստատվում, ապա դրվում է կառավարության անվստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց հետո 24 ժամվա ընթացքում` միաժամանակ հարցը քննարկելու համար պահանջելով Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քննարկման է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում: Հարցը ներկայացնում է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացրած պատգամավորների կողմից լիազորված պատգամավորը:

Կառավարությունը հրավիրում է և, սույն կանոնակարգի 147 հոդվածով սահմանված կարգով, մասնակցում իր նկատմամբ անվստահության հարցի քննարկմանը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված»:

Այդ կապակցությամբ 18-23 գլուխները համապատասխանաբար համարել 19-24 գլուխներ, իսկ 138-162 հոդվածները` 145-169 հոդվածներ:

 

Հոդված 9. Օրենքի 151 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 40 օրվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
10 մայիսի 1998 թ.
ՀՕ-213

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան