Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.04.2020-21.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.11/54(1412) 08.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2020 թվականի N 484-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ՀՂԻ ԿՆՈՋԸ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 411-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 7-ը սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված շահառուների տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 7-ը սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վերաբերյալ դրամական օժանդակությունը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից շահառուների վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 6-ի N 484-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ՀՂԻ ԿՆՈՋԸ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Միանվագ դրամական օժանդակությունը նշանակվում է բժշկական կազմակերպություններում հաշվառված՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հղիության 12-րդ շաբաթը լրացած կնոջը (այսուհետ՝ հղի), եթե՝

1) հղի կինն այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող).

2) հղին այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և չունի ամուսին (չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 411-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում աշխատանք)։

(2-րդ կետը խմբ., փոփ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ, 21.04.20 N 584-Լ)

3. Անձը չի կարող օգտվել սույն կարգով նախատեսված օժանդակությունից, եթե՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)

2) հղիության 34-րդ շաբաթը լրացել է մինչև 2020 թվականի մարտի 30-ը ներառյալ:

(3-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)

4. Միանվագ դրամական օժանդակության չափը 100 000 դրամ է:

5. Միանվագ դրամական օժանդակությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա։

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծառայությանն է տրամադրում բժշկական կազմակերպություններում հաշվառված՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ առնվազն 12 շաբաթական, սակայն ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիների անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ առկայության դեպքում՝ նաև հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն։

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն էլեկտրոնային եղանակով ծառայությանն է տրամադրում դրամական օժանդակությունը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի (ամուսնության, ամուսնալուծության, մահվան) պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ։

8. Ծառայությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված տվյալները և սույն կարգի 2-րդ ու 3-րդ կետերի դրույթները, ձևավորում է շահառուների ցանկը և վճարման ցուցակներ՝ ըստ բանկերի։

9. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև հղիի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, վճարման ենթակա գումարը։

10. Միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, եթե միանվագ դրամական օժանդակության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

11. Վճարման ցուցակում բանկի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ բոլոր շահառուներին հավասարապես բաշխելով համաձայնագիր կնքած բանկերի միջև՝ հաշվի առնելով բանկի մասնաճյուղերի առկայությունը շահառուի հաշվառման (բնակության) վայրի շրջակայքում։

12. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրվանից շահառուն, online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տեղեկանում է վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։

13. Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

14. Միանվագ դրամական օժանդակության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։

(հավելվածը խմբ., փոփ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ, 21.04.20 N 584-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան