Գլխավոր տեղեկություն
Համար
N 408-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.04.2020-22.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.21/29(264) Հոդ.525
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2004 թվականի N 408-Ն

 

«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է`

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումը,

հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների վարկանիշավորումը,

հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի վարկանիշավորումը,

կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը,

կրթության տարբեր մակարդակներում ընտրանքային հետազոտությունների իրականացումը.

բ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ինտերնետային կապի ներդրումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը,

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի համակարգումը,

ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով նրանց վերապատրաստումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծումը և շահագործումը,

համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրումը,

կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով մասնագիտական ուսումնական հաստատությունները,

նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը,

կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և շահագրգիռ կազմակերպություններին ու քաղաքացիներին տրամադրումը,

կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը.

գ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող է հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:

(3-րդ կետը լրաց. 22.05.08 N 485-Ն, խմբ. 24.07.14 N 783-Ն)

4. Թույլատրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հրատարակչական գործ.

բ) ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում,

գ) տվյալների մշակում,

դ) տվյալների հիմնապահեստների (բազաներ) հետ կապված գործունեություն,

ե) տվյալների փոխանակման ծառայությունների մատուցում.

զ) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:

(4-րդ կետը խմբ., լրաց. 11.04.13 N 357-Ն)

5. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 02.04.20 N 458-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Վրացյան 73 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկն ամրացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) իրականացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը,

բ) ապահովել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը:

8. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Կրթության որակի և համապատասխանության» առաջարկված ծրագրի` նախապատրաստման կանխավճար նամակ-համաձայնագրի (N ՊՊՖ Ք-339-0 ԱՄ) հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 2
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 11-ի N 408-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ինչպես նաև կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

5. Կազմակերպությունը պատասխանատու չէ իր հիմնադրի պարտավորությունների համար: Կազմակերպության հիմնադիրը պատասխանատու չէ կազմակերպության պարտավորությունների համար:

6. Կազմակերպությունը ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

7. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, իր անունից կնքում է պայմանագրեր, ձեռք բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում հանդես գալիս որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է բանկերում (այդ թվում նաև օտարերկրյա) բացել հաշիվներ ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով: Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են կազմակերպությանը:

9. Կազմակերպության անվանումն է`

 

հայերեն լրիվ` «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
   
հայերեն կրճատ` «ԿՏԱԿ» ՊՈԱԿ
   
անգլերեն լրիվ` «NATIONAL CENTER FOR EDUCATIONAL TECHNOLOGIES» STATE NON TRADE ORGANIZATION
անգլերեն կրճատ` «NCET» SNTO
ռուսերեն լրիվ` «НАЦИОНАЛЬНЫЙ ЦЕНТР ОБРАЗОВАТЕЛЬНЫХ ТЕХНОЛОГИЙ» ГОСУДАРСТВЕННАЯ НЕКОММЕРЧЕСКАЯ ОРГАНИЗАЦИЯ 
   
ռուսերեն կրճատ` ГНКО «НЦОТ»

(9-րդ կետը խմբ. 24.07.14 N 783-Ն)

10. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0005, Բուռնազյան 37:

Կազմակերպության պաշտոնական կայքն է` ktak.am:

(10-րդ կետը լրաց. 24.07.14 N 783-Ն, փոփ. 25.06.15 N 1009-Ն)

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11. Կազմակերպության գործունեության առարկան է`

ա) Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումը,

բ) հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների վարկանիշավորումը,

գ) հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի վարկանիշավորումը,

դ) կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը,

ե) ընտրանքային հետազոտությունների իրականացում կրթության տարբեր մակարդակներում:

(11-րդ կետը խմբ. 24.07.14 N 783-Ն)

12. Կազմակերպության գործունեության նպատակներն են`

ա) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրումը.

բ) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը.

գ) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ինտերնետային կապի ներդրումը.

դ) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը.

ե) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի համակարգումը.

զ) ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով նրանց վերապատրաստումը.

է) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծումը և շահագործումը.

ը) համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրումը.

թ) կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով մասնագիտական ուսումնական հաստատությունները.

ժ) նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը.

ժա) կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին տրամադրումը.

ժբ) կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը:

(12-րդ կետը լրաց. 22.05.08 N 485-Ն, խմբ. 24.07.14 N 783-Ն)

13. Կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հրատարակչական գործ.

բ) ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում.

գ) տվյալների մշակում.

դ) տվյալների հիմնապահեստների (բազաներ) հետ կապված գործունեություն.

ե) տվյալների փոխանակման ծառայությունների մատուցում.

զ) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:

(13-րդ կետը խմբ., լրաց. 11.04.13 N 357-Ն)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը (Հայաստանի Հանրապետություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, գործադիր մարմինը` ի դեմս տնօրենի, և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:

(14-րդ կետը փոփ. 02.04.20 N 458-Ն)

15. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնադրումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

դ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը.

ե) կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծումը` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

16. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, որը`

ա) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.

գ) հիմնադրի անունից կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 4 տարի ժամկետով.

դ) գործադիր մարմնի նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

զ) հաստատում է կազմակերպության կառուցվածքը.

է) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

թ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ժ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ժա) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) համաձայնություն է տալիս կազմակերպության` գույքի ձեռքբերման հետ կապված որոշ գործարքների կնքման համար.

ժգ) հաստատում է կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները.

ժդ) ստեղծում է հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան.

ժե) սահմանում է կազմակերպության գործադիր մարմնի աշխատանքների նկարագրությունը.

ժզ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.

ժէ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը:

(16-րդ կետը լրաց. 24.07.14 N 783-Ն, փոփ. 02.04.20 N 458-Ն)

17. Կազմակերպության գործադիր մարմինը տնօրենն է, որը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) մասնակցում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

ժ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

18. Կազմակերպության գործադիր մարմնի թեկնածուներն առաջադրվում են մրցութային կարգով, իսկ ընտրությունը կատարում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը:

19. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը`

ա) լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.

բ) իրականացնում է ընթացիկ վերահսկողություն կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ.

գ) հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները, սահմանում գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.

դ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.

ե) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող, ներքին փաստաթղթերը.

զ) հաստատում է իր աշխատակարգը.

է) իր կազմից ընտրում է խորհրդի նախագահին և քարտուղարին.

ը) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

թ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.

ժ) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.

ժա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

ժբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին.

ժգ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

ժդ) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

20. Խորհուրդը կազմված է 11 անդամից`

ա) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,

բ) 3 անդամ` պետական հանրակրթական դպրոցներից,

գ) 2 անդամ` ոչ պետական հանրակրթական դպրոցներից,

դ) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից,

ե) մեկ անդամ` «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից,

զ) մեկ անդամ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից,

է) 2 անդամ` կազմակերպության աշխատավորական կոլեկտիվից:

Բացառությամբ սույն կետի «է» ենթակետում նշվածների` մնացած ենթակետերում նշված խորհրդի անդամների թեկնածուներն առաջադրվում են տվյալ հաստատությունների ղեկավար մարմինների կողմից` առաջին անգամ 2 տարի ժամկետով, այնուհետև` 4 տարի ժամկետով: Սույն կետի «է» ենթակետում նշված անդամներին ընտրում է կազմակերպության աշխատողների ընդհանուր ժողովը` առաջին անգամ` 2 տարի ժամկետով, այնուհետև` 4 տարի ժամկետով:

(20-րդ կետը փոփ. 24.07.14 N 783-Ն, 02.04.20 N 458-Ն)

21. Լիազորված պետական մարմնի ղեկավարը միաժամանակ չի կարող լինել խորհրդի նախագահ:

22. Խորհրդի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

23. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի, որոնք գումարվում են յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ, կամ իր անդամների հարցման միջոցով:

24. Խորհրդի նախագահը`

ա) նախագահում է խորհրդի նիստերը, իսկ նրա բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը.

բ) իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է խորհրդի նիստերի օրակարգերը, կազմակերպում խորհրդի գործունեությունը:

25. Խորհրդի քարտուղարն արձանագրում է խորհրդի նիստերը, կազմակերպում խորհրդի գործավարությունը:

26. Խորհուրդն իր արտահերթ նիստերի օրակարգի և ժամկետի մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնում է իր անդամներին:

27. Խորհրդի նիստերի քվորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նրա անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցությունը: Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

28. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համաշխարհային համակարգչային ցանցից` ինտերնետից: Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց կողմ է քվեարկել նիստի օրակարգի մասին ինտերնետի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների պարզ մեծամասնությունը:

29. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

30. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

32. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

33. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

34. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

35. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

36. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

37. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

38. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

39. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:

40. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

41. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

42. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

43. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

44. Կազմակերպության լուծարմամբ դադարում է կազմակերպության գործունեությունը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

45. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

46. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

47. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը լրաց. 22.05.08 N 485-Ն, խմբ., լրաց. 11.04.13 N 357-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.07.14 N 783-Ն, փոփ. 25.06.15 N 1009-Ն, 02.04.20 N 458-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան