ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
31 մարտի 2020 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԼԱՆԶԱՐՈՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-26 աշխատակարգային որոշմամբ «2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցվել է՝ մինչև Կառավարության կողմից հիշյալ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստն ստանալը:
Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 27-ի ՍԴԱՈ-67 աշխատակարգային որոշմամբ «2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսվել է՝ հաշվի առնելով, որ վերացել է սույն գործի կասեցման հիմքը:
Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում:
Կոնվենցիայի նպատակներն են՝
1) երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը և դրանց դեմ պայքարը,
2) սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների երեխա զոհերի իրավունքների պաշտպանությունը,
3) երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարի մասով ազգային և միջազգային համագործակցության խթանումը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին:
2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝
1) երաշխավորել Կոնվենցիայի կիրարկումը, մասնավորապես՝ զոհերի (սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության ենթարկված ցանկացած երեխայի) իրավունքների պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումն առանց որևէ հիմքով խտրականության,
2) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ձևերը կանխարգելելու և երեխաներին պաշտպանելու համար,
3) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև սպորտի, մշակույթի և հանգստի ոլորտներում երեխաների հետ պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանության և իրավունքների մասին իրազեկությունը խթանելու համար,
4) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին,
5) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները գովազդող նյութերի տարածումը կանխարգելելու կամ արգելելու համար,
6) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ստեղծելու կամ նշանակելու անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ՝ երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու համար՝ ապահովելով, որ այդ կառույցներն օժտված լինեն հատուկ ռեսուրսներով և պարտականություններով,
7) խրախուսել իրավասու պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնություններն առավել արդյունավետորեն կանխարգելելու և դրանց դեմ պայքարելու համար,
8) ստեղծել արդյունավետ սոցիալական ծրագրեր և բազմապրոֆիլ կառույցներ՝ զոհերին, նրանց մերձավոր ազգականներին և նրանց խնամքի համար պատասխանատու ցանկացած անձի անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար,
9) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ խրախուսելու, որ ցանկացած անձ, որը, բարեխղճության սկզբունքի հիման վրա, տեղյակ է կամ կասկածում է երեխաների սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության մասին, այդ փաստերը հաղորդի իրավասու ծառայություններին,
10) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ խրախուսելու և աջակցելու տեղեկատվական ծառայությունների՝ հեռախոսային կամ ինտերնետային օգնության թեժ գծերի ստեղծմանը՝ զանգահարողներին խորհրդատվություն տրամադրելու համար՝ նույնիսկ գաղտնիության պայմանով կամ պատշաճ կերպով հաշվի առնելով նրանց անանունությունը,
11) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով աջակցելու համար զոհերին՝ նրանց ֆիզիկական և հոգեբանական ու սոցիալական վերականգնման հարցում: Հիշյալ ձեռնարկված միջոցների շրջանակներում պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն երեխայի կարծիքը, կարիքները և մտահոգությունները,
12) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու Կոնվենցիայում նշված՝ դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը,
13) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ Կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ Հայաստանի Հանրապետության դրոշը կրող նավի վրա, կամ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ինքնաթիռում, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից որևէ մեկի կողմից, կամ այն անձի կողմից, որի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է,
14) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործություն կատարողը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և Հայաստանի Հանրապետությունը չի հանձնում նրան մեկ այլ կողմի՝ բացառապես նրա քաղաքացիության հիմքով,
15) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար նախատեսվեն արդյունավետ, համաչափ և զսպող պատժամիջոցներ՝ հաշվի առնելով դրանց ծանրության աստիճանը: Այդ պատժամիջոցները ներառում են ազատազրկում նախատեսող պատիժներ, որոնք կարող են հանգեցնել հանձնման,
16) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ քննություններն ու քրեական վարույթներն իրականացվեն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և հարգելով նրա իրավունքները,
17) որդեգրել զոհի նկատմամբ պաշտպանական մոտեցում՝ ապահովելով, որ քննություններն ու քրեական վարույթները չխորացնեն երեխայի ստացած տրավման, և որ անհրաժեշտության դեպքում քրեական արդարադատության իրականացմանը հաջորդի աջակցության տրամադրումը,
18) ապահովել, որ Կոնվենցիայի VII գլխի ներքո կիրառելի միջոցները չխախտեն պաշտպանության կողմի իրավունքները և արդար ու անաչառ դատավարության պահանջները՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան,
19) ապահովել, որ իրավասու մարմինների հետ նրանց առաջին շփումից սկսած՝ զոհերին հասանելի լինեն համապատասխան դատական և վարչական վարույթների վերաբերյալ տեղեկությունները,
20) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործության զոհերը կարողանան մեկ այլ կողմի տարածքում, որն իրենց բնակության վայրը չէ, բողոք ներկայացնել իրենց բնակության վայրի պետության համապատասխան մարմիններ:
3. Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի բացատրությունները, մասնավորապես, արձանագրում է.
1) Կոնվենցիայով ամրագրված պարտավորություններում «օրենսդրական կամ այլ միջոցներ» եզրույթը Հայաստանի Հանրապետության համար կիրառելի է Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում, այլ կերպ՝ եթե տվյալ հարցը ենթակա է լուծման միայն օրենսդրական կարգավորումներով, այն չի կարող լուծվել այլ միջոցներով,
2) Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու համար անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ ստեղծելու կամ նշանակելու պարտավորությունը չի ենթադրում պարտադիր նոր մարմնի ստեղծում, և այդ պարտավորության իրականացումը կարող է ապահովվել Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող իրավասու մարմնի գործունեության շրջանակներում:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները պետք է իրականացվեն վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում, մասնավորապես՝ հաշվի առնելով Սահմանադրության 16-րդ հոդվածի (մանկության հատուկ պաշտպանության մասով), 36-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանադրական բովանդակությունը:
Միաժամանակ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Կոնվենցիայով նախատեսված՝ երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները, ինչպես նաև ապահովելով նրանց լավագույն շահի առաջնահերթ պաշտպանության նկատմամբ պետության արդյունավետ վերահսկողությունը՝ ի կատարումն պետության՝ մանկության հատուկ պաշտպանության սահմանադրական պարտականության:
5. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունների կատարման անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը և իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
6. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները հատկապես վերաբերելի են Ազգային ժողովի ու Կառավարության լիազորություններին, և Կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության հարցը գտնվում է հիշյալ մարմինների լիազորությունների տիրույթում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Հ. Թովմասյան |
31 մարտի 2020 թվականի ՍԴՈ-1519 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|