Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-235
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.31/16(49)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

10 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եկամուտների գծով` 126155292,0 հազար դրամ, ծախսերի գծով` 146886553,5 հազար դրամ, պետական բյուջեի դեֆիցիտը` 20731261,5 հազար դրամ:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
 22 հուլիսի 1998 թ.
 ՀՕ-235

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևան 1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ

1997 թվականին Հանրապետությունում շարունակվեց տնտեսական բարեփոխումների, շուկայական ենթակառուցվածքների արմատավորման ու զարգացման քաղաքականությունը, միաժամանակ, երևան եկան նոր հիմնախնդիրներ և տնտեսական երևույթների մի շարք առանձնահատուկ դրսևորումներ։

«Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, տնտեսական քաղաքականության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և կենտրոնական բանկի համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև հանրապետությունում մակրոտնտեսական կայունության հաստատման ծրագրի շրջանակներում 1997 թվականին նախատեսված էր ապահովել ՀՆԱ 6 տոկոս իրական աճ և սղաճի առավելագույն 10.5 տոկոս մակարդակ։ Նախատեսվում էր նշված հիմնական մակրոցուցանիշների գծով ծրագրային մակարդակներն ապահովել՝ հիմնվելով նախորդ տարիների տնտեսական քաղաքականության ձեռքբերումների, տնտեսության կառուցվածքային և համակարգային բարեփոխումների ընթացքի արդյունավետության բարձրացման, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության արդյունքների վրա։

Տնտեսական քաղաքականության ընդունված ռազմավարության շրջանակներում 1997 թվականին շարունակվել են տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումները՝ պետական ունեցվածքի սեփականաշնորհման, արտաքին առևտրի ազատականացման խորացման, շուկայական ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման, ձեռնարկատիրական գործունեության խրախուսման, տնտեսության համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման և կատարելագործման գործընթացները։

Համախառն ներքին արդյունք

1997 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվեց համախառն ներքին արդյունքի 3.1 տոկոս1 իրական աճ, որը 2.9 տոկոսային կետով ցածր էր վերոհիշյալ ծրագրային մակարդակից։ Անվանական ՀՆԱ-ն, դեֆլյատորի 17.3 տոկոս մակարդակի պայմաններում կազմել է 798.6 մլրդ դրամ։ Տնտեսական աճի համեմատաբար «համեստ» ցուցանիշը պայմանավորված էր 1997 թվականի առաջին կիսամյակում տնտեսական աճի բավականին ցածր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 1.4 տոկոս աճի հանգամանքով, վերջինս էլ իր հերթին պայմանավորված էր անուղղակի հարկերի գծով արձանագրված աճով։

Տարեկան ՀՆԱ-ի աճի տեմպի շեղումը ծրագրված մակարդակից պայմանավորված էր դրանում մեծ տեսակարար կշիռ կազմող՝ տնտեսության հիմնական ճյուղերում արձանագրված անկումով։ Այսպես, եթե արդյունաբերությունը ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում կազմում էր 24.1 տոկոսը, 1997 թվականին ապահովել է ընդամենը 1.1 տոկոս աճ։ Աննախադեպ տարերային աղետներով պայմանավորված՝ գյուղատնտեսությունում գրանցվել է 3.9 տոկոս անկում, այն դեպքում, երբ վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում 30 տոկոս էր։ Ավելի քան 110 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածությունների վնասման և շարքից դուրս գալու արդյունքում 1996 թվականի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է շուրջ 20.3 մլրդ դրամով։ Էներգետիկ համակարգում անկումը կազմել է 1.5 տոկոս։ Ի տարբերություն նշված ճյուղերի՝ առևտրի ոլորտում շարունակվել է գրանցվել աճի համեմատաբար բարձր՝ 5.2 տոկոս աճ։ Սակայն ՀՆԱ-ում վերջինիս ցածր՝ ընդամենը 9.1 տոկոս տեսակարար կշռի հանգամանքը թույլ չտվեց էապես «փոխհատուցել» մյուս ճյուղերում գրանցված անկումը։ 1997 թվականի ընթացքում ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը նպաստող գործոններից էին արտասահմանյան ուղղվածություն ունեցող ավանդական որոշ ճյուղերում հիմնախնդիրների առկայությունը՝ մինչև 1997 թվականի առաջին կիսամյակը կառուցվածքային բարեփոխումների իրականացման դանդաղ ընթացքը։ Տնտեսական աճի տեմպի արձանագրված ցուցանիշը վկայում է, որ զարգացման տեսակետից դեռևս բարձր է տարբեր գործոններից, ներառյալ նաև ներքաղաքական փոփոխություններից, տնտեսության կախվածության աստիճանը։ Բացի այդ, 1997 թվականին առավել ընդգծվեց կառուցվածքային բարեփոխումներին համաքայլ, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գերակայությունների որոշման միջոցով նպատակամետ տնտեսական քաղաքականության իրագործման անհրաժեշտությունը։

__________
1
 Սույն հաշվետվության մեջ օգտագործվող վիճակագրական ցուցանիշները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը 1997 թվականի հունվար-դեկտեմբերին» Տեղեկագրից և վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության պաշտոնական տեղեկատվություններից։

Սպառողական գների ինդեքս

1997 թվականին դրամական զանգվածի 29.7 տոկոս աճի և ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքի 13.7 տոկոս արժեզրկման պայմաններում սպառողական գների ինդեքսը 1996 թվականի դեկտեմբերի նկատմամբ աճել է 21.9 տոկոսով (1996 թվականի համապատասխան ցուցանիշի 5.7 տոկոսի դիմաց): Սղաճի միջին ամսական մակարդակը կազմել է 1.7 տոկոս՝ գերազանցելով նախորդ տարվա 0.5 տոկոս ցուցանիշը 3.4 անդամ։ 1997 թվականին սղաճի փաստացի մակարդակի 9.4 տոկոսային կետը բնականոն սղաճն էր, 9.7 տոկոսային կետը պայմանավորված էր պետության կողմից կարգավորվող գների` բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների բարձրացմամբ (տարվա ընթացքում հավելաճը կազմել է 53.1 տոկոս), այդ թվում՝ էլեկտրաէներգիայի 44.3 տոկոս, խմելու ջրի 95.4 տոկոս, բնակարանային վարձի 21.7 տոկոս, էլեկտրատրանսպորտի 28.1 տոկոս, կապի ծառայությունների 296.6 տոկոս սակագների աճի և հացի գնի 19.1 տոկոսով բարձրացմամբ և մնացած 2.8 տոկոսը մրգերի ու բանջարեղենի գների աճով։

Տարվա կտրվածքով գների մակարդակի բարձրացման հիմնական մասը` ավելի քան 15 տոկոս, ձեռք է բերվել առաջին կիսամյակում: Վերջինս հիմնականում պայմանավորված էր հետևյալ գործոններով. 1997 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ աճի ցածր մակարդակի և նախորդ տարվա ընթացքում դրամական զանգվածի աճի լագային ազդեցությամբ պայմանավորված սղաճի ներուժի ժառանգմամբ, փոխարժեքի արժեզրկման հետևանքով ներմուծվող ապրանքների դրամային արտահայտությամբ գների բարձրացմամբ, որոշ ապրանքների և ծառայությունների պետական կարգավորվող գների ազատականացմամբ կամ կարգավորվող սակագների բարձրացմամբ (բնակարանային, կոմունալ, էլեկտրաէներգիայի, վերգետնյա էլեկտրատրանսպորտի, ներքաղաքային ավտոբուսային փոխադրումների, Երևանի մետրոպոլիտենի, հեռախոսի և երկաթուղու ծառայությունների սակագների փոփոխությունը) և այլն։

Տարվա երկրորդ կեսին սղաճի վրա ազդող գործոններից էին նաև հարկային օրենսդրության, մասնավորապես՝ անուղղակի հարկերի մասին օրենքներում կատարված փոփոխությունները։ Ներմուծման ավելացված արժեքի հարկի գանձման մեխանիզմի կիրառումը, հանրապետության սպառողական շուկայում ներմուծվող ապրանքների մեծ տեսակարար կշռի պայմաններում, որոշակի ազդեցություն ունեցավ սղաճի մակարդակի վրա։

Հայաստանի Հանրապետությունում գների պետական կարգավորման հիմնախնդիրների լուծման և գնային քաղաքականության իրականացման բնագավառում անցած տարում էական տեղաշարժեր նկատվեցին՝ կապված Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև առանձին ծառայությունների մատուցումը տեղական իշխանության մարմինների իրավասության ներքո փոխանցելու հետ։

Չնայած օբյեկտիվ գործոններով պայմանավորված լինելու հանգամանքին՝ նախորդ տարվա փաստացի և տվյալ տարվա նախատեսված մակարդակների նկատմամբ սղաճի փաստացի ցուցանիշի այդքան կտրուկ շեղումը, ինչը բացասական ազդեցություն է թողնում նաև հաջորդ ժամանակաշրջանի սպասումների տեսակետից, վկայում է սղաճի կառավարելիության և կանխատեսելիության բնագավառում հիմնախնդիրների առկայության մասին։

Ֆինանսական շուկաներ

1997 թվականին ֆինանսական շուկան պահպանել է իր զարգացման նախկին միտումները համակարգի մյուս հատվածների համեմատ դրամական շուկայի առավել բարձր ակտիվությունը։ Այս բնագավառում առկա մի շարք հիմնախնդիրներ՝ արժեթղթերի երկրորդային շուկայի զարգացման ցածր աստիճանը, բարձր տոկոսադրույքների առկայությունը սերտորեն կապված են ձևավորված ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ։

Տնտեսության արտադրական ենթակառուցվածքների ակտիվությունը պայմանավորող կապիտալի շուկան շարունակել է պասիվություն դրսևորել։ Երկարաժամկետ ներդրումների ցածր մակարդակը պայմանավորված էր ինչպես տնտեսական գործակալների համար շուկայական համապատասխան պարամետրերի կանխատեսման դժվարություններով, այնպես էլ տնտեսության ավանդական ճյուղերում շահութաբերության ցածր մակարդակով, մրցունակ արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ ներդրումների ոչ բավարար ծավալներով և դրանց համեմատաբար բարձր ռիսկայնությամբ:

Դրամական շուկայում ձևավորված բարձր տոկոսադրույքները զուգակցվել են համեմատաբար ցածր անորոշության և բարձր կանխատեսելիության, ինչպես նաև ֆինանսական գործիքների կարճաժամկետայնության հետ։ Այս ամենը կարճաժամկետ շուկան նախընտրելի են դարձրել տնտեսական գործակալների համար։

Երկրորդային շուկայի զարգացման մակարդակը մնացել է բավականին ցածր ամբողջ 1997 թվականի ընթացքում, որը բնութագրում է ֆինանսական շուկայի տարբեր սեգմենտների, այն է արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաների, դրամական և կապիտալի շուկաների զարգացման անհամամասնությունը։ Պետական արժեթղթերի երկրորդային շուկայի զարգացմանը կնպաստի, մասնավորապես, շահութահարկի մասին ընդունված նոր օրենքի կիրարկումը՝ պետական արժեթղթերի հարկային արտոնության վերացման միջոցով։

Դրամական շուկայում տիրող իրավիճակն իր վրա կրել է նաև արժութային շուկայում կատարված իրադարձությունների և առկա սպասումների ազդեցությունը։ 1997 թվականին շարունակվեց արժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտության նվազեցման քաղաքականությունը։ Ընդ որում, արժութային շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացրել է 16.2 մլրդ դրամի արտարժույթի զուտ վաճառք՝ դրամավարկային քաղաքականության խնդիրների իրականացման շրջանակներում։ Առաջին կիսամյակում արտարժույթի շուկայում նկատվել են հայկական դրամի արժեզրկման երևույթներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել ներմուծման սեզոնային աճով և արտահանման ծավալների զգալի նվազմամբ։ Սպառման մեջ ներմուծվող ապրանքների տեսակարար մեծ կշռի և տնտեսական սուբյեկտների սպասումներից կախված՝ 1997 թվականի առաջին կիսամյակում կտրուկ աճել է փոխարժեքի արժեզրկման և սղաճի տեմպերի միջև փոխկապվածությունը։ Այսպես, առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է 15.2 տոկոս սղաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի 17.2 տոկոս արժեզրկում։ Երկրորդ կիսամյակում հայկական դրամի փոխարժեքը դրսևորել է համեմատաբար կայուն դինամիկա՝ տատանվելով 502-499 դրամի սահմաններում։ Դրան նպաստել են տնտեսությունում կառուցվածքային դրական տեղաշարժերը, ինչպես նաև կարճաժամկետ կապիտալի ներհոսքը։ Արժութային շուկայի պարամետրերի զարգացման և կապիտալ ներհոսքի աճի հետևանքով ակտիվացել են արտարժույթի շուկայում իրականացվող գործարքները։ Առևտրային բանկերում նկատվել է արտարժույթով իրացվելիության աճ, որի հիմնական պատճառը տնտեսությունում առկա դոլարիզացիայի երևույթն էր: Արժութային շուկայի միտումների ձևավորման վրա ազդել է նաև բյուջեի արտարժութային եկամուտների դինամիկան, հատկապես, եթե նկատի ունենանք, որ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման արդյունքում 1997 թվականի ընթացքում բյուջեի արտարժութային եկամուտների մակարդակը բարձրացել է։ Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ տարվա կտրվածքով արժեզրկվել է 13.7 տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 498.83 դրամ՝ նախորդ տարվա վերջի 438.8 դրամի դիմաց:

Արտաքին տնտեսական հարաբերություններ և վճարային հաշվեկշիռ

1997 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականությունն ընթացել է նախորդ տարիներից որդեգրված ազատ առևտրի պայմաններում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրացման խորացման ուղղությամբ։ Միաժամանակ, 1997 թվականի արտաքին առևտրի դրսևորումներում խորացան այդ բնագավառում նախորդ տարիներից կուտակված հիմնախնդիրները՝ կապված արտահանման խրախուսմանը կողմնորոշված միասնական համակարգված տնտեսական քաղաքականության իրագործման դժվարություններով։

1997 թվականին հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կազմել է 304.9 մլն ԱՄՆ դոլար՝ առանց պաշտոնական (150.82 մլն ԱՄՆ դոլար) և մասնավոր տրանսֆերտների (զուտ մասնավոր տրանսֆերտները՝ 66.4 մլն դոլար), ներմուծման ծածկման գործակիցը՝ 30 տոկոս։ Նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 232.5 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 19.9 տոկոսով։ Արտահանման ծավալի նման անկումը պայմանավորվել է հանքահումքային արտադրանքի, գլխավորապես՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների նվազմամբ՝ կապված համաշխարհային շուկայում ալմաստի առևտրի անկմամբ։ Նշված ապրանքատեսակները շարունակում են նշանակալի դիրք գրավել Հայաստանի Հանրապետության արտահանման կառուցվածքում։

1997 թվականին ներմուծումը կազմել է 779.9 մլն դոլար1, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3 տոկոսով։ Ներմուծման ծավալների գրանցված աճը հիմնականում պայմանավորված է մաքսային մարմինների կողմից ներմուծման հաշվառման արդյունավետության բարձրացմամբ։ Ներմուծման ընդհանուր ծավալի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմել «Սննդամթերք», «Կենդանական և բուսական ծագման արտադրանք», «Հանքահումքային նյութեր» հոդվածները։ 1997 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը կրել է հարկային և մաքսային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների ազդեցությունը։

Արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության տեսակետից 1997 թվականին շարունակվել է դեռևս նախորդ տարիներից նկատված միտումը՝ ԱՊՀ երկրների համեմատ աճել է հեռավոր արտասահմանյան երկրների հետ արտաքին առևտրի տեսակարար կշիռը։ Մասնավորապես, արտահանման տարեկան աճի տեմպի զգալի նվազման պայմաններում, ԱՊՀ երկրներ արտահանումը կազմել է դրա 40.7 տոկոսը տեսակարար կշռի առումով նվազելով 5.3 տոկոսային կետով, արտերկրներ արտահանումը՝ 59.3 տոկոսը՝ աճելով 5.3 տոկոսային կետով։ Ավելի է բարձրացել արտերկրների տեսակարար կշիռը ներմուծման կառուցվածքում շուրջ 66.5 տոկոս, համապատասխանաբար զուգակցվելով ԱՊՀ երկրներից ներմուծման տեսակարար կշռի նվազմամբ։

Արտահանման գծով Հայաստանի Հանրապետության արտաքին հիմնական գործընկերներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Թուրքմենստանը, Բելգիան, իսկ ներմուծման գծով` Իրանը, Բելգիան, Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Միացյալ Արաբական էմիրությունները։

Շարունակվել է ԱՊՀ անդամ երկրների հետ ազատ առևտրի գոտուն անդամակցելու գործընթացը։ Որակական նոր փուլ է մտել Հայաստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու գործընթացը։

Հայաստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկերի միջև կնքվել է միասնական վճարահաշվային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, ինչը լուրջ խթան է հանդիսացել առևտրական, ֆինանսական և բանկային փոխադարձ համագործակցության համար։

1997 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կենտրոնական բանկը հայտարարել են Միջազգային արժութային հիմնադրամի համաձայնագրի VIII հոդվածին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ, ըստ որի Հայաստանը սահմանափակումներ չի կիրառելու վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի հետ կապված գործառնությունների առումով, ձեռնպահ է մնալու դիսկրիմինացիոն արժութային համաձայնագրերից և բազմարժեք փոխարժեքների քաղաքականությունից։ Այս քայլը նպաստավոր պայմաններ է ստեղծել Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացման, օտարերկրյա ներդրումների համար որոշակի երաշխիքների ապահովման, անդամ երկրների միջև բազմակողմանի վճարային համակարգերի ստեղծման համար, որոնք էականորեն կարող են նպաստել Հայաստանի Հանրապետության միջազգային դիրքի ամրապնդմանը։

__________
1 Քանի որ սույն հաշվետվության մեջ ներկայացվում են հանրապետության վճարային հաշվեկշռի ցուցանիշները, ապա վերցվել է ներմուծումը ГОВ գներով (779.88 մլն ԱՄՆ դոլար), CIF գներով ներմուծման ծավալը կազմել է 892.3 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 4,3 տոկոսով։

Պետական պարտք

Ներքին և արտաքին պետական պարտքերի կառավարման տեսակետից 1997 թվականը շրջադարձային դարձավ նախորդների շարքում, քանի որ նոր մոտեցումներ և չափանիշներ դրվեցին դրանց կառավարման հիմքում։

Արտաքին պարտքի կառավարման բնագավառում, հաշվի առնելով դրա առկա ծավալները, պարտքի ցուցանիշի գնահատման միասնական համակարգված մոտեցում ցուցաբերվեց, նոր վարկերի ներգրավման բազմակողմանի չափանիշներ կիրառվեցին՝ ելնելով վարկերի ստացման պայմանների, ժամկետայնության, տոկոսադրույքների արտոնյալության և այլ նկատառումներից։ Որոշ վարկերի գծով առաջ քաշվեց դրանց վերաձևակերպման խնդիրը։ Մասնավորապես, 1997 թվականին վերաձևակերպվեցին և վավերացվեցին Ռուսաստանի Դաշնությունից նախկինում ստացված վարկերը` երկարաձգելով դրանց սպասարկումների ժամկետները։

Ներքին պարտքի կառավարման բնագավառում առավել հրատապ էր պետական արժեթղթերի ծավալների շրջանառումը ֆինանսական շուկայի պարամետրերին համապատասխան և դրա զարգացմանը համահունչ` պարտքի բեռի վերակազմավորման խնդիրները։ Վերջինս ենթադրում է պետական ներքին պարտքի սպասարկման սահունության ապահովում` ներքին պարտքի բուրգի հորիզոնական ընդարձակման միջոցով առավել երկարաժամկետ տիրույթի ընդգրկմամբ։

Սեփականաշնորհում

1997 թվականի ընթացքում շարունակվել է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումն ու ապապետականացումը։ 1994 թվականից սկսած սեփականաշնորհվել են տնտեսության տարբեր ճյուղերի ավելի քան 1250 միջին և խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաև մոտ 6021 «փոքր» օբյեկտներ։ Սեփականաշնորհված գույքի արժեքի 99.2 տոկոսը վճարվել է սեփականաշնորհման սերտիֆիկատներով, մնացածը՝ դրամով։ Մարված սերտիֆիկատները կազմում են բնակչությանը բաշխված սերտիֆիկատների ընդհանուր թվի մոտ 95 տոկոսը։ Պետք է նշել, որ ներկայումս բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի 60 տոկոսը տնօրինվում է բաժնետերերի 2,5 տոկոսի կողմից։

Ըստ էության, 1997 թվականը հանրապետությունում զանգվածային սեփականաշնորհման ավարտն էր:

Աշխատուժի շուկա և զբաղվածություն

Գործազրկության մակարդակը 1997 թվականին կազմել է 11 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.1 տոկոսային կետով։ Գործազուրկ քաղաքացիների 17.1 տոկոսն են ստացել գործազրկության նպաստ՝ 1996 թվականի 29.7 տոկոսի փոխարեն։

Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից իրականացված՝ աշխատուժի հատուկ ընտրանքային հետազոտության արդյունքների` թաքնված զբաղվածության երևույթը տարածվում է տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 18 տոկոսի վրա, իսկ թաքնված գործազուրկները կազմել են տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 14.5 տոկոսը։ Հետազոտման արդյունքները ցույց են տվել, որ չնայած պաշտոնական վիճակագրական տվյալներով տեղի է ունենում գործազուրկների թվաքանակի աճ, հանրապետությունում առկա է պաշտոնապես չգրանցված գործազուրկների թվաքանակի նվազման միտում։ Վերջինս մակրոտնտեսական այլ երևույթների հետ մեկտեղ կարելի է մեկնաբանել նաև 1997 թվականին ընդունված «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի կիրարկմամբ, ինչպես նաև դրա ապահովման համար ընդունված մի շարք ենթաօրենսդրական ակտերով, զբաղվածության և տարածքային զարգացման ծրագրերով։

1997 թվականին տնտեսության պետական հատվածում տեղի է ունեցել անվանական միջին աշխատավարձի աճ 35 տոկոսով, ընդ որում՝ բյուջետային ոլորտում՝ 45.1 տոկոսով։ Անհրաժեշտ է նշել, որ պետական հատվածում աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ աշխատողների թվաքանակը կրճատվել է 8.7 տոկոսով, ինչը պետական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականության արդյունք է։ Իրականացված քաղաքականությունը նպաստել է աշխատուժի շուկայի զարգացմանը և պետական ծառայության ինստիտուտի զարգացման համար առավել ընդունելի պայմանների ձևավորմանը։

Բնակչության իրական տնօրինված դրամական եկամուտները 1997 թվականին աճել են 3.4 տոկոսով։ Ընդ որում, բնակչության դրամական եկամուտներն աճել են 18.7 տոկոսով, ծախսերը` 23 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ՝ դրամական եկամուտների նկատմամբ ծախսերի աճի առաջանցիկ տեմպը վկայում է, որ մի կողմից՝ մասնավոր սպառման մակարդակը դեռևս հեռու է իր սահմանային մակարդակից, մյուս կողմից՝ մասնավոր խնայողությունների ներգրավման մեխանիզմները դեռևս վստահություն չեն ներշնչում բնակչությանը և թույլ են զարգացած։

Այսպիսով, ամփոփելով հանրապետության 1997 թվականի մակրոիրավիճակի և շուկաների զարգացման վերլուծությունը, անհրաժեշտ է նշել, որ տնտեսական քաղաքականության բնագավառում 1997 թվականին ծառացած խնդիրների՝ տնտեսական աճի նախադրյալների ստեղծման, արտահանման պոտենցիալի զարգացման, ներդրումների խթանման և այլ հիմնախնդիրների իրատեսական գնահատումը կարող է հիմք ծառայել առաջիկա տարիների տնտեսական ծրագրերի հասանելիության ապահովման համար։

1997 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաշվետու տարվա կարևորագույն իրադարձություններից էր բյուջետային համակարգը սահմանող և բյուջետային գործընթացը կանոնակարգող իրավական համընդհանուր դաշտի ստեղծումը: Մասնավորապես, 1997 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվեց «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով կանոնակարգվեցին ինչպես պետական, այնպես էլ համայնքների բյուջեները կազմելու, հաստատելու, կատարելու, հաշվետվության և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործընթացները, հստակեցվեցին բյուջետային հիմնարկի, բյուջետային վարկերի, փոխատվությունների և այլ հիմնական հասկացությունների սահմանումները, հաստատվեց բյուջետային դասակարգման կազմը, համայնքների բյուջեների նոր կառուցվածքին առաջադրվող պահանջները:

Հաշվետու տարում հակաբյուջետային բնագավառի բարեփոխումները շարունակվեցին բոլոր ուղղություններով` ընդգրկելով ինչպես հարկային, մաքսային, այնպես էլ պետական ծախսերի կառավարման բնագավառները։

Հարկային քաղաքականության բնագավառում

1997 թվականի ընթացքում հանրապետության կառավարության իրագործած քաղաքականությունը հարկային բնագավառում արդյունավետ էր, քանի որ նախադրյալներ ստեղծվեցին հարկային համակարգի ինչպես ընթացիկ- կարճաժամկետ, այնպես էլ հեռանկարային-երկարաժամկետ զարգացման համար։ Հաշվետու տարում իրագործված հարկային քաղաքականությունը նպատակաուղղված էր ոչ միայն տվյալ տարվա պետական բյուջեի ընթացիկ եկամուտների անհրաժեշտ մակարդակի ապահովմանը, այլև բարեփոխումների համապարփակ ծրագրի իրականացման միջոցով կողմնորոշված էր հարկման հարաբերությունների ոլորտում հրատապ դարձած հիմնախնդիրների լուծմանը, մասնավորապես՝ հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը, տնտեսավարող սուբյեկտների միջև մրցակցային հավասար պայմանների արմատավորմանը, Հայաստանի Հանրապետությունում անուղղակի հարկերի` որպես գնային գործոն արտահանելու բացառմանը և այդպիսով՝ տնտեսության մեջ արտահանող ճյուղերի մրցունակության բարելավմանը։

1997 թվականին իրագործված հարկային քաղաքականության հիմնական ուղղություններն էին`

- հարկային օրենսդրության բնագավառում լայնամասշտաբ բարեփոխումների իրագործումը՝ «Ակցիզային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Պետական տուրքի մասին», «Հարկերի մասին», «Գույքահարկի մասին» նոր օրենքների ընդունումը.

- հարկային վարչարարության բարելավմանն ուղղված բարեփոխումները՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգի ներդրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, ապրանքների դրոշմավորման կարգի ներդրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության, առևտրի կազմակերպման վայր կազմակերպողների, հանրային սննդի ոլորտում և ավտոտրանսպորտային գործունեությունների համար հաստատագրված վճարների սահմանումն ու դրանց կիրառումը.

- հարկային օրենսդրության իրազեկման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը` պարբերական և հաստատուն հիմքի վրա տեղեկատվության մատչելի հոսքի ապահովման միջոցով.

- հարկային ապառքները հարկատուի գույքի վրա տարածելու նորմի կիրառման ընդլայնումը, ապառքների պայմանագրային ձևերով մարման գործընթացի ներդրման փորձերի կատարելագործումը:

Մաքսային քաղաքականության բնագավառում

1997 թվականի ընթացքում մաքսային քաղաքականության բնագավառում ևս կատարվեցին մի շարք բարեփոխումներ, որոնցից կարևորագույնը, թերևս, «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն էր, որով սահմանվեցին մաքսատուրքի դրույքաչափերը։ Ելնելով ինչպես հանրապետության առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատման անհրաժեշտությունից, այնպես էլ ֆիսկալ նկատառումներից` ներդրվեց մաքսատուրքի միասնական՝ 10 տոկոս դրույքաչափ սպառողական նշանակության ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների համար։

Պետական ծախսերի կառավարման բնագավառում

Պետական ծախսերի կառավարման բնագավառում 1997 թվականին իրենց կարևորությամբ առանձնանում են կառուցվածքային բարեփոխումները, առաջին հերթին` գանձապետական համակարգի ներդրման աշխատանքները: Այս ուղղությամբ կատարված աշխատանքներում հիշարժան են գանձապետական կառույցի մեթոդական ապահովման՝ «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների դրամարկղային կատարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վերաբերյալ» հրահանգի հաստատումը, որով սահմանվել են գանձապետական համակարգի կառավարման, պետական ֆինանսական գործառնությունների հաշվառման ընթացակարգերի, բանկերի հետ փոխհարաբերությունների և հաշվետվական գործունեության հիմնական դրույթները։ Նշված հրահանգին համապատասխան՝ 1997 թվականին Կոտայքի մարզի չորս տեղական գանձապետական բաժանմունքներում ներդրվեցին, այսպես կոչված, «զրոյական մնացորդի սկզբունքով» աշխատանքները։ Նախատեսված էր նաև տեղական գանձապետական մյուս բաժանմունքներում զրոյական մնացորդի կիրառումը, սակայն զուտ տեխնիկական պատճառներով առայժմ հնարավոր չէ դա իրագործել։

Գանձապետարանի համակարգչայնացման խնդիրներն իրականացնելու նպատակով ֆինանսների նախարարության և USAID-ի միջև 1997 թվականին պայմանագիր է կնքվել, իսկ էլեկտրոնային վճարումների համակարգի կիրառման նպատակով 1997 թվականից գանձապետարանը բաժանորդագրվել է կենտրոնական բանկի միջբանկային համակարգչային ցանցին:

Բյուջետային համակարգի առանձնահատկությունները և պետական ծախսերի կառավարման բնագավառի բարեփոխումների լայնակի ընդգրկումը ենթադրում են գանձապետական կառույցի վերջնական կայացում ոչ մեկ բյուջետային տարվա ընթացքում։ Այդ գործընթացը հետևողականորեն շարունակվում է նաև հաշվետու տարվան հաջորդող ժամանակաընթացքում:

Բյուջետային համակարգի կառուցվածքային բարեփոխումներից էր նաև ֆինանսների նախարարության վերակազմավորումը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ինչը մեծապես նպաստեց բյուջետային գործընթացի առավել կարևորմանը և բյուջեի կազմման ու կատարման գործընթացի` որպես մակրոտնտեսական կայունացման ու տնտեսական աճի ապահովման գործիքի արժևորմանը։

Պետական ծախսերի ընթացիկ կառավարումն արդյունավետ իրագործելու նպատակով 1997 թվականին կառավարությունն ընդունեց մի շարք որոշումներ, որոնք փոփոխություններ էին նախատեսում 1997 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ ինչպես տվյալ տարվա բյուջեի հավասարակշռվածության ապահովման, այնպես էլ նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում կուտակված բյուջետային պարտքերի մարման նպատակով։

1997 թվականը պետական ծախսերի կառավարման բնագավառում կարևորվում է նաև նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների հաշվետու բյուջետային տարին առաջինն էր, որ ավարտվեց ծախսերի գծով առանց էական ընթացիկ պարտքերի կուտակման։

1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ Բ3ՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Անկախության տարիներից ի վեր առաջին անգամ 1997 թվականին ապահովվեց պետական (հանրապետական) բյուջեի եկամուտների գծով պլանավորվածի համեմատ փաստացի մակարդակի գերակատարում 7 տոկոսով։ Հատկանշական է, որ վերջինս ապահովվել է շնորհիվ սեփական եկամուտների գծով մուտքերի զգալի գերակատարման, որոնք «չեզոքացրել» են նաև շնորհների բավականին ցածր մակարդակով պայմանավորված բացասական ազդեցությունը։

Հաշվետու տարվա պետական բյուջեի մասին օրենքով Ազգային ժողովի հաստատած ընդամենը եկամուտների 117,937.7 միլիոնի դիմաց փաստացի եկամուտները կազմել են 126,155.3 միլիոն դրամ՝ ապահովելով, ինչպես նշվեց, նախատեսվածի համեմատ 7 տոկոսի աճ։ Նախորդ տարվա փաստացի ցուցանիշի նկատմամբ համադրելի համեմատությամբ1 դրանք աճել են շուրջ 34.6 տոկոսով, իրական արտահայտությամբ՝ ապահովելով 18 տոկոսի2 աճ՝ ՀՆԱ 3.1 տոկոս իրական աճի պայմաններում։ Հատկանշական է, որ եկամուտների ոչ միայն փաստացի մակարդակների, այլև ՀՆԱ նկատմամբ համեմատությունն զգալիորեն փոխվել է հօգուտ 1997 թվականի։ Այսպես, եթե 1996 թվականին համախառն եկամուտները կազմել են ՀՆԱ 14.1 տոկոսը, ապա հաշվետու տարում դրանք աճել են մինչև 15.8 տոկոս, ինչը շուրջ 80 տոկոսով պայմանավորված է եկամուտների իրական աճով և միայն 20 տոկոսով՝ ՀՆԱ աճի տեմպի անկմամբ։

Ներմուծեք նկարագրությունը_4818

 

Փաստացի եկամուտների կառուցվածքը զգալիորեն բարելավվել է և տարբերվում է բյուջեով նախատեսված համամասնությունից։ Եթե պլանավորված էր տարեկան եկամուտների շուրջ 21.1 տոկոսը համալրել օտարերկրյա պաշտոնական տրանսֆերտների շնորհների և 78.9 տոկոսը՝ սեփական՝ հարկային, ոչ հարկային եկամուտների հաշվին, ապա փաստացի ստացված շնորհները կազմել են եկամուտների միայն 11.2 տոկոսը և սեփական եկամուտներն ապահովել են դրանց շուրջ 88.8 տոկոսը։ Այս իմաստով, պետական բյուջեի եկամուտների կառուցվածքը գրեթե չի փոխվել նախորդ տարվա համեմատ, երբ շնորհների տեսակարար կշիռը կազմում էր 10.4, իսկ սեփական եկամուտները՝ 89.6 տոկոս։ Փաստորեն, անցած 2 տարիների արդյունքներից ելնելով կարելի է պնդել, որ պետական բյուջեի համալրումը կատարվում է գերազանցապես սեփական եկամուտների միջոցով՝ նաև հանրապետության տնտեսության ինքնավերարտադրման և ընդլայնման արդյունքում։

Չնայած տարեկան բարձր ցուցանիշին՝ պետական եկամուտների մուտքագրման մակարդակը տարվա ընթացքում խիստ տարբեր է եղել: Մասնավորապես, ապահովելով նախորդ տարիներին ևս բնորոշ եկամուտների մուտքագրման դինամիկան, տարեսկզբի ցածր մեկնարկից սկսելով` պետական եկամուտներն ամենաբարձր մակարդակ են ապահովում չորրորդ եռամսյակի ընթացքում։ Նկատելի է, սակայն, որ 1997 թվականին եկամուտների աճը եռամսյակից-եռամսյակ ավելի կտրուկ էր, ընդհուպ այնքան, որ միայն դեկտեմբեր ամսին բյուջեն համալրվեց ավելի շատ եկամուտներով, քան ամբողջ առաջին եռամսյակում։

 

Ներմուծեք նկարագրությունը_17517

______
1 Համեմատության ժամանակ 1997 թվականի պետական բյուջեի ցուցանիշները համադրվում են 1996 թվականի հանրապետական բյուջեի ցուցանիշների հետ (1997 թվականի դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը)։
2 Սպառողական գների ինդեքսը 1997 թվականին 1996 թվականի նկատմամբ կազմել Է 114.0 տոկոս:

Հարկային եկամուտները

Պետական բյուջեի հարկային եկամուտների գծով մուտքերը հաշվետու տարում ապահովել են շուրջ 102,880.4 միլիոն դրամի մակարդակ՝ գերազանցելով բյուջեի մասին օրենքով ամրագրված շեմը 20.7 տոկոսով։ Նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ գրեթե 1.6 անգամ աճի պայմաններում ապահովվել է նաև 37 տոկոսով իրական աճ, ինչն ավելի քան 10 անգամ գերազանցում է իրական տնտեսական աճի ցուցանիշը։ Հարկային եկամուտների նման բարձր աճի պայմաններում ՀՆԱ նկատմամբ ևս զգալի է դրական տեղաշարժը. 1996 թվականի 10 տոկոսից հաշվետու տարում հարկային եկամուտներն աճել են 2.9 տոկոսային կետով։

Անշուշտ, հարկային մուտքերի նման բուռն աճը հետևանք էր ինչպես հարկային օրենսդրության բարելավման, որի ֆիսկալ արդյունքը դրսևորվեց անմիջականորեն նաև հաշվետու տարում, այնպես էլ հարկման բազայի ընդլայնման, տնտեսության հարկման շրջանակի լայնակի ընդգրկման շնորհիվ ստվերային տնտեսության չափերի կրճատման, հարկային վարչարարության բարելավման։ Նշված հանգամանքներով պայմանավորված պետական եկամուտների կառուցվածքում բարձրացավ հարկերի գծով մուտքերի տեսակարար կշիռը՝ բյուջեով նախատեսված 72.3 տոկոսի դիմաց կազմելով շուրջ 81.6 տոկոս, ինչը ևս նախորդ տարիների համեմատ լավագույն ցուցանիշն է:

Հատկանշական է, որ 1997 թվականին մուտքագրված հարկային եկամուտների մակարդակն անվանական մեծությամբ գրեթե նույնքան է, որքան 1994-96 թվականներին միասին վերցրած հանրապետական բյուջեի գծով հարկային եկամուտների մակարդակը (107, 446.1 մլն դրամ)։

Հարկ է նշել, որ հարկային եկամուտների գծով նախորդ տարվա համեմատ աճի բարձր ցուցանիշն արդյունք է անուղղակի հարկերի1 և տուրքերի ու վճարների2 գծով բյուջետային մուտքերի աճի, որոնք ապահովել են համապատասխանաբար 53 և 66 տոկոս իրական աճ։ Ուղղակի հարկերի3 գծով հաշվետու տարվա մուտքերն իրական արտահայտությամբ նախորդ տարվա համեմատ աճել են ընդամենը 9.5 տոկոսով, չնայած տարեկան պլանի բարձր՝ 132 տոկոս կատարողականի հանգամանքին։ Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների կառուցվածքը, կարելի է ասել, որ համարժեքորեն է արտացոլել տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները. ՀՆԱ կառուցվածքում արտադրական ճյուղերի համեմատ՝ ծառայությունների և սպասարկման ոլորտի տարեցտարի բարձր աճի տեմպերի պայմաններում անուղղակի հարկերից մուտքերի աճի միջոցով ֆիսկալ արդյունք է ապահովվել։ Մյուս կողմից` ուղղակի հարկերի գծով ֆիսկալ ճնշման թուլացմամբ հարկային քաղաքականությունն ավելի խթանող բնույթ է ստանում և աստիճանաբար հնարավորություն ստեղծում արտադրական ճյուղերի զարգացման համար։ Մասնավորապես, դրան կնպաստի նաև «Շահութահարկի մասին» նոր օրենքի կիրարկումը։

Ընդհանուր հարկային եկամուտների կառուցվածքի տեսակետից՝ նախորդ տարվա համեմատ զուտ հարկերի տեսակարար կշիռը 2.3 տոկոսային կետով նվազել է՝ նույնքանով աճել տուրքերի և վճարների կշիռը։ Վերջինս պայմանավորված է ընդհանուր հարկային եկամուտներում մաքսային տուրքի գծով մուտքերի տեսակարար կշռի շուրջ 1.5 տոկոսային կետով աճով։ Հարկային եկամուտների կառուցվածքում կատարված դրական տեղաշարժերից է նաև անուղղակի հարկերի գծով կատարված փոփոխությունը։ Չնայած նախորդ տարվա համեմատ ուղղակի հարկերի մակարդակն զգալիորեն աճել է, դրանց տեսակարար կշիռը թե' զուտ հարկերի, թե' ընդամենը հարկային եկամուտների նկատմամբ կտրուկ ընկել է.

 

Ներմուծեք նկարագրությունը_17518

 

Հարկերի և տուրքերի կազմում զուտ հարկերի տեսակարար կշռի նվազման, ինչպես նաև ուղղակի հարկերի համեմատ անուղղակի հարկերի տեսակարար կշռի աճի փաստացի ցուցանիշները վկայում են հարկային համակարգի արդյունավետության բարձրացման, հանրապետությունում գործարարության համար աստիճանաբար նպաստավոր միջավայր հաստատելու մասին:

Հաշվետու տարում բարելավվել է ոչ միայն հարկային եկամուտների մուտքագրման աստիճանը, այլև դրանց հավաքման մեխանիզմը. տարվա ընթացքում կանխիկ եղանակով (առանց հաշվանցումների) մուտքագրված հարկային եկամուտները կազմել են ընդամենը հարկային մուտքերի 83 տոկոսը՝ նախորդ տարվա 77.5 տոկոսի դիմաց։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հարկային եկամուտների գծով կատարված հաշվանցումների շուրջ 30 տոկոսն ապառքների և բյուջետային պարտքերի մարման նպատակով է կատարվել, ապա կանխիկ մուտքերի տեսակարար կշիռն ավելի բարձր կլինի։ Այսինքն՝ 1997 թվականին դադարեցվել է նախորդ տարիների անարդյունավետ մոտեցումը՝ հաշվանցումների միջոցով բյուջեի եկամուտների համալրման գործընթացի փոխարեն ավելի արդյունավետ մեխանիզմի կիրառմամբ՝ գերակայությունը տալով նախորդ տարիներից կուտակված բյուջետային պարտքերի հետ դրանց հաշվանցման եղանակին։

 

________
1 Անուղղակի հարկերն են՝ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը։
2 Տուրքերն ու վճարներն են՝ պետական տուրքը, մաքսային տուրքը, անտառային եկամուտը, բնական ռեսուրսների օգտագործման վճարները։
3 Ուղղակի հարկերն են՝ շահութահարկը, եկամտահարկը։

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՇԱՐԺԸ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ

Ներմուծեք նկարագրությունը_17519

Հարկային բնագավառի հիմնախնդիրներից է մնում տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց հարկային պարտականությունների կատարման թերանցումներով պայմանավորված ապառքների խնդիրը։ Սերտորեն կապված լինելով տնտեսության մեջ առկա ընդհանուր չվճարումների երևույթի հետ, 1997 թվականին ևս դրանք շարունակեցին աճել և տարեվերջին կազմեցին ավելի քան 19 մլրդ դրամ։ Տարեսկզբի ցուցանիշը գերազանցելով 1.4 անգամ` իրական արտահայտությամբ ապառքների աճը կազմեց մոտ 18.8 տոկոս։ Չնայած նախորդ տարի դրանց աճի տեմպը տարեվերջին ավելի ցածր էր` 19 տոկոս, քան 1997 թվականի նույն ցուցանիշը (44.8 տոկոս), բայց եթե հաշվի առնենք այն փաստը, որ 1996 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապառքների մակարդակը հաջողվեց կտրուկ իջեցնել, իսկ 1996 թվականի հոկտեմբերին դրանք արդեն անցել էին 19 մլրդ դրամի սահմանագիծը, նկատելի է, որ 1996 թվականի այդ ցուցանիշը հաշվետու տարում չի գերազանցվել։ Հաշվետու տարում ապառքների շարժի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի՝ եռամսյակի ավարտին դրանք նվազել և մյուս ժամանակաընթացքում գրեթե համարժեքորեն աճել են։ Կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ ապառքների կեսից ավելին հիմնականում կենտրոնացված է ոչ մեծ թվով ձեռնարկություններում: Իսկ ապառքների դինամիկան մեծապես պայմանավորված է երկու հարկատեսակների` ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հավաքման վարքագծերից:

 

ԱՊԱՌՔՆԵՐԻ ՇԱՐԺԸ

Ներմուծեք նկարագրությունը_17520

 

Ապառքների խնդրի կարգավորման նպատակով 1997 թվականի փետրվարի 25-ին կառավարությունն ընդունեց թիվ 28 որոշումը, որով սահմանվեց հարկերի գծով ապառքների վերացմանն ուղղված պայմանագրային ձևի կիրառման հիմունքները:

Հաշվետու տարվա հարկային եկամուտների կառուցվածքը նախորդ տարվա և նախատեսվածի համեմատ՝ ներկայացված է ստորև.

 

Ներմուծեք նկարագրությունը_17521

Ավելացված արժեքի հարկ

Ավելացված արժեքի հարկը պետական եկամուտներում ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող հարկատեսակն է: 1997 թվականին դրանից մուտքը կազմել է շուրջ 38,268.8 մլն դրամ։ Դրա հաշվին են ապահովվել հարկային եկամուտների ավելի քան 37 տոկոսը և բյուջետային ընդհանուր եկամուտների շուրջ մեկ երրորդը, ինչը ոչ միայն զգալիորեն բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, այլև գերազանցում է հաշվետու տարվա բյուջեով նախատեսված համամասնությունը։ Ավելացված արժեքի հարկի գծով տարեկան նախատեսված մակարդակը գերազանցվել է գրեթե մեկ քառորդով։ Անուղղակի հարկերի կազմում ավելացված արժեքի հարկը ապահովել է զգալի մասը՝ 66.7 տոկոսը, նախորդ տարվա համեմատ1 աճելով 1.6 տոկոսային կետով։ Դրա տեսակարար կշիռը ինչպես զուտ հարկերի, այնպես էլ ընդամենը հարկերի կառուցվածքում աճել է՝ համապատասխանաբար 6.5 և 4.8 տոկոսային կետով։

Նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի հետ համադրելուց առաջ պետք է հաշվի առնել, որ տվյալ դեպքում խիստ տարբեր են ավելացված արժեքի հարկի կիրառման շրջանակները 1996 և 1997 թվականներին, քանի որ «Ավելացված արժեքի հարկի մասին» նոր օրենքի գործողությամբ 1997 թվականի կեսից այս հարկատեսակից բյուջետային մուտքերն զգալիորեն ավելացան շնորհիվ ներմուծման հարկման։ Նշված օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հաշվետու տարում այդ հարկատեսակի գծով ընդհանուր մուտքերը գերազանցել են նախորդ տարվա փաստացի ցուցանիշը գրեթե 80 տոկոսով, միաժամանակ ապահովելով նաև իրական աճ 1.6 անգամ։ Եթե հաշվի չառնենք ներմուծման գծով մուտքագրված ավելացված արժեքի հարկի մեծությունը, նախորդ տարվա համեմատ աճի տեմպը ավելի համեստ է` շուրջ 4 տոկոս։ Թերևս այն հանգամանքը, որ հաշվետու տարում տնտեսական աճի փաստացի ցուցանիշը պայմանավորված է անուղղակի հարկերի գծով աճով, լավագույնս երևում է ՀՆԱ նկատմամբ ավելացված արժեքի հարկի տեսակարար կշռի զգալի բարձրացմամբ՝ 1996 թվականի 3.2 տոկոսից 1997 թվականին այն հասել է 4.8 տոկոսի։

Ինչպես նշվեց, հաշվետու տարում ավելացված արժեքի հարկից արձանագրված աննախադեպ աճը հիմնականում պայմանավորված էր «Ավելացված արժեքի հարկի մասին» նոր օրենքի գործողությամբ։ Հայաստանի Հանրապետության Նախագահն այն վավերացրեց 1997 թվականի հունիսի 16-ին: Կարևորագույն փոփոխությունը՝ հարկի «նշանակման վայրի սկզբունքի» ներդրումն է, որը սահմանում է ցանկացած երկրից ներմուծման դեպքում հարկում՝ 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ և զրոյական դրույքաչափ ցանկացած արտահանման դեպքում։ Ըստ էության, այս սկզբունքը Հայաստանի Հանրապետությունում նախկինում ևս կիրառվում էր՝ հեռավոր արտասահմանից ներմուծելու և հեռավոր արտասահման արտահանելու դեպքում, այդուհետ այն տարածվեց ընդհանուր ներմուծման վրա:

Օրենքի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման դեպքում որոշ ապրանքատեսակների համար (այն ապրանքատեսակների համար, որոնց նկատմամբ «Մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է մաքսատուրքի 10 տոկոս դրույքաչափ) օրենքը նախատեսում է հարկի գանձում՝ մաքսային մարմինների կողմից, անմիջապես ներմուծման պահին։ Այս հանգամանքը նկատելիորեն ավելացրեց հարկատեսակից պետական բյուջե գանձվող գումարները։

Հարկման օբյեկտի ընդլայնման և հարկային բեռի հավասարաչափ բաշխման նպատակով այս օրենքով սահմանափակվել է հարկային արտոնությունների շրջանակը, մասնավորապես` բնակչությանը ջերմային էներգիայի մատակարարման, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձի մասով, խաղային տների, խաղային ավտոմատների հիմնական գործունեության գծով, թերթերի և ամսագրերի իրացման, մանկական սննդի իրացման, քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով ծառայությունների մատուցման և մի քանի այլ ոլորտներում։

________
1  Համեմատության ժամանակ 1996 թվականի հարկային եկամուտների կառուցվածքը բերվել է 1997-ի բյուջեի եկամուտների հետ համադրելի դասակարգման։

Ակցիզային հարկ

Եթե նախորդ տարում ավելացված արժեքի հարկից հետո հարկային եկամուտներում մյուս խոշոր հարկատեսակը շահութահարկն էր, ապա հաշվետու տարվա արդյունքներով ակցիզային հարկից մուտքերն իրենց մեծությամբ գերազանցել են վերջինիս և զիջել միայն ավելացված արժեքի հարկին: Ակցիզային հարկից մուտքերի գծով ևս գերակատարվել է տարեկան պլանը՝ ապահովելով 132.5 տոկոս կատարողական: Աճել է դրա տեսակարար կշիռը ինչպես զուտ հարկային եկամուտներում՝ 1.4 տոկոսային կետով, այնպես էլ ՀՆԱ նկատմամբ՝ 0.6 տոկոսային կետով, միաժամանակ 1996 թվականի համեմատ արձանագրելով 43.5 տոկոս իրական աճ:

Ակցիզային հարկի գծով մուտքերի շուրջ 80 տոկոսը գանձվել է ներմուծման հարկման արդյունքում՝ կտրուկ աճ ապահովելով անցած տարվա 55.7 տոկոս ցուցանիշի համեմատ։ Ներմուծման ակցիզային հարկի կեսից ավելին՝ 53.3 տոկոսը կազմում է միայն ներմուծվող բենզինի ծավալների հարկումից, որից բյուջեի փաստացի մուտքը գրեթե 1.7 անգամ գերազանցում է նախատեսված ծավալները։

Ակցիզային հարկի գծով վերոհիշյալ ցուցանիշներն ապահովվել է նաև հարկային օրենսդրության բարելավման արդյունքում։ Մասնավորապես, 1997 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացրեց «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Դրանում կատարված փոփոխությունները նպատակ էին հետապնդում ամրագրել այս հարկատեսակի գծով միասնական քաղաքականության վարման սկզբունքները, պարզեցնել հարկային վարչարարությունը՝ միաժամանակ ապահովելով հարկերի վճարումից խուսափելու սահմանափակումը։ Օրենքում ամենահիմնական փոփոխությունը, թերևս, ակցիզային հարկի գանձման «նշանակման վայրի սկզբունքի» ներդրումն է, որը փաստորեն նշանակում է ակցիզային հարկով հարկման ենթակա բոլոր ապրանքների հարկում նույն ռեժիմով՝ անկախ դրանց ծագման երկրի (ի տարբերություն մինչ օրենքի ընդունումը գործող համակարգի, երբ ազատ առևտրի համաձայնագիր կնքած երկրներից ներմուծումը չէր հարկվում) և, միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ենթաակցիզային ապրանքների ազատումը հարկումից։ Վերջինս ներքին արտադրողների համար ստեղծում է արտահանման ծավալների մեծացման լուրջ խթաններ և արտաքին մրցակցային շուկաներում առավել ճկուն գնային քաղաքականության վարման նախադրյալներ։

Հարկային վարչարարության պարզեցման և ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման կարգի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով որոշ ապրանքատեսակների համար սահմանվել են ներմուծման ժամանակ վճարման ենթակա ակցիզային հարկի նվազագույն չափեր։

Ենթաակցիզային ապրանքատեսակների կազմից հանվել են արհեստական մորթին և դրանից պատրաստված իրերը, նվազեցվել են գարեջրի և ոսկերչական իրերի համար նախկինում սահմանված դրույքաչափերը՝ համապատասխանաբար 25 և 15 տոկոսով և կազմելով 50 և 15 տոկոս։ Միաժամանակ, բենզինի համար ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացվել էր 10 տոկոսով և 10 տոկոս դրույքաչափ է սահմանվել դիզելային վառելիքի համար։

Հարկային վարչարարության կատարելագործման տեսանկյունից խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 և 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշումների ընդունումը, որոնցով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի պարտադիր դրոշմավորման կարգը։ Այս միջոցառումն ուղղված էր հարկային վարչարարության բարելավմանը և հարկումից խուսափելու հնարավորության սահմանափակմամբ ստվերային տնտեսության չափերի կրճատմանը, ինչպես նաև պետական բյուջեի անուղղակի հարկերի գծով ընթացիկ եկամուտների ավելացմանը։ Այն իհարկե, նպաստեց նաև հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը՝ գործունեության միևնույն տեսակով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շրջանում՝ նրանց համար սահմանելով մրցակցային հավասար պայմաններ: Որոշման կիրառումն ապահովեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման իրական ծավալների հայտարարագրումը և դրան համապատասխան հարկային պարտավորությունների կատարումը: Այսպես, 1996 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համեմատ, 1997 թվականի նույն ժամանակահատվածում, պարտադիր դրոշմավորման համակարգի գործողությամբ, էապես աճեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների (սպիրտային խմիչքներ, ծխախոտի արտադրանք) ներմուծումը։ Ընդ որում, աճն առավել մեծ էր ծխախոտի արտադրանքի գծով` շուրջ 32 անգամ։ Հարկ է նշել, որ վերջինիս վրա դրական ազդեցություն թողեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» որոշմանը համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի հաստատագրված վճարների սահմանումը։

Շահութահարկ

Շահութահարկի գծով մուտքերը 1997 թվականին կազմեցին 17,951.9 մլն դրամ, ինչը շուրջ 22 տոկոսով գերազանցում է տվյալ տարվա բյուջեի մասին օրենքով սահմանված տարեկան մակարդակը։ Արդյունաբերության ճյուղում տարեկան 1.1 տոկոս իրական աճի և տարվա ընթացքում արդյունաբերողների արտադրանքի ինդեքսի համեմատաբար ոչ բարձր՝ 12.4 տոկոս աճի պայմաններում (սպառողական գների աճը՝ 21.9 տոկոս) շահութահարկի գծով մտքերի փաստացի գերակատարումը թերևս վկայում է հարկման բարելավման մասին։

Շահութահարկի մուտքերը 1997 թվականին պլանավորված էին նախորդ տարվա փաստացի ցուցանիշի միայն 87.7 տոկոսի մակարդակում և դրանով է բացատրվում 22 տոկոսով գերակատարման պայմաններում 1996 թվականի նկատմամբ շահութահարկի մուտքերի 6.1 տոկոսով իրական անկման փաստը։

Հարկային եկամուտներում ունեցած տեսակարար կշռի իմաստով, շահութահարկի դինամիկան նախորդ տարիների համեմատ նվազման ընդգծված միտում է ունեցել։ 1995 թվականի շուրջ 40, 1996 թվականի՝ 25 տոկոսից հետո հաշվետու տարում շահութահարկի մուտքերը կազմել են ընդհանուր հարկային եկամուտների միայն 17.4 տոկոսը։ Վերջին տարիներին հանրապետությունում արդյունաբերության զարգացման ոչ բարձր տեմպերի, ինչպես նաև շահութաբերության բավականին ցածր մակարդակի, լայնածավալ ներդրումների և վերակազմավորման ոչ այնքան նպաստավոր պայմաններում հրատապ էր դարձել հարկային դաշտի բարեփոխումներում նաև նշված հանգամանքների ներառումը։ Արդեն 1997 թվականին «Շահութահարկի մասին» նոր օրենքով հիմքեր են ստեղծվել շահութահարկի՝ որպես ֆիսկալ գործիքի բնույթի վերափոխման համար։ Հայաստանի Հանրապետության Նախագահը այն վավերացրեց նոյեմբերի 27-ին։ Նոր օրենքը, որում ամենաէական փոփոխությունը, անշուշտ, հարկատուների շահերին ընդառաջ կատարված շահութահարկի դրույքաչափերի նախկինում գործող քառաքայլ սանդղակի փոխարեն նոր՝ երկքայլ սանդղակի սահմանումն է։ Միաժամանակ, նվազեցվել է հարկման առավելագույն դրույքաչափը՝ նախկին 30-ի փոխարեն սահմանելով 25 տոկոս։ «Շահութահարկի մասին» նոր օրենքով նախատեսվում է նաև էականորեն բարձրացնել նվազագույն դրույքաչափով հարկվող շահույթի սահմանը՝ այն սահմանելով 4 մլն դրամ։

եկամտահարկ

Եկամտահարկը հաշվետու տարվա բյուջեում ամենաբարձր 148.6 տոկոս կատարողական ապահոված հարկատեսակն է, որի շնորհիվ պետական բյուջեն համալրվեց 14,619.4 մլն դրամով։ Նախորդ տարվա համեմատ ևս բավականին բարձր արդյունք է արձանագրվել անվանական 66.2 և իրական 45.8 տոկոսով աճ։ Նախորդ տարիների գրեթե համարժեք ցուցանիշներից հետո հաշվետու տարվա արդյունքներով բարձրացել է եկամտահարկի կշիռը թե´ զուտ հարկերում (1.4 տոկոսային կետ), թե´ ընդամենը հարկային եկամուտներում (0.8 տոկոսային կետ), 1997 թվականին հարկային օրենսդրության մեջ եկամտահարկի գծով ևս փոփոխություններ կատարվեցին` չնայած հաշվետու տարվա պետական բյուջեի եկամուտների կատարողականի վրա ազդեցություն չունեցան: 1997 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացված «Եկամտահարկի մասին» նոր օրենքի հիմնական բնորոշ գիծն օրենքում սոցիալական ուղղվածության ամրագրումն է: Նոր օրենքին համապատասխան՝ նախատեսվել է կիրառել համախմբված եկամուտների հարկման միասնական սանդղակ՝ նախկինում գործող ամսական սանդղակի փոխարեն: Քայլերի թիվը գործող չորսի փոխարեն սահմանված է երեքը։ Նախատեսվել է բարձրացնել չհարկվող եկամուտների շեմը՝ այն սահմանելով հանրապետությունում գործող նվազագույն աշխատավարձի քառապատիկին հավասար։ Միաժամանակ բարձրացվել է նվազագույն դրույքաչափով հարկվող տարեկան հարկվող եկամտի շեմը` այն սահմանելով նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։ Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով փոփոխվել են հարկի հաշվարկման և վճարման կարգը, հարկային մարմիններին տեղեկություններ հաղորդելու կարգը և ժամկետները, հստակեցվել են ոչ ռեզիդենտների հարկման առանձնահատկությունները։

Պետական տուրք

Հաշվետու տարում պետական տուրքի գծով մուտքերը չեն ապահովել նախատեսված մակարդակը՝ փաստացի արդյունքներով 15.1 տոկոսով զիջելով բյուջեով սահմանված ցուցանիշը։ Չնայած դրան, պետական տուրքի գծով մուտքերը 1996 թվականի համեմատ աճել են թե´ անվանական (23.9 տոկոսով), թե´ իրական (8.7 տոկոսով) արտահայտությամբ։ Պետական տուրքի թերակատարմամբ է պայմանավորված նաև ընդհանուր հարկային եկամուտների կառուցվածքում տուրքերի ու վճարների գծով տարեկան նախատեսված մակարդակի շուրջ 2.3 մլրդ դրամով թերակատարումը։ Դրանով պայմանավորված՝ 1996 թվականի համեմատ իջել է նաև պետական տուրքի տեսակարար կշիռը հարկային եկամուտներում։

Պետական տուրքի գծով տարեկան մուտքերի ավելի քան 27 տոկոսը նախատեսվում էր ապահովել հյուպատոսական ծառայությունների դիմաց գանձվող վճարներից, որի գծով փաստացի ցուցանիշը կազմեց 51.5 տոկոս։

1997 թվականին իրականացված հարկային բարեփոխումների շրջանակներում մշակվել է նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որով կարգավորվել է պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները, պետական տուրքի հետ կապված այլ հարաբերություններ, ինչպես նաև սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքերի տեսակները, դրույքաչափերը, տուրք վճարողները: Սակայն, քանի որ օրենքը գործողության մեջ է մտել 1998 թվականի հունվարի 1-ից, ուստի իր ազդեցությունը չի գտել հաշվետու տարվա բյուջեի կատարողականում։

Մաքսային տուրք

1997 թվականին հարկային եկամուտների շուրջ 10.3 տոկոսն ապահովվել է մաքսային տուրքի գծով մուտքերից։ Այս եկամտատեսակի գծով մուտքերը, մյուս հարկատեսակների համեմատ, ապահովել են կատարողականի ավելի «համեստ» 104.2 տոկոս ցուցանիշ։ Մաքսատուրքի գծով մուտքերը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում են ավելի քան 1.8 անգամ, իրական աճի տեսակետից ևս ապահովելով բարձր՝ 58.2 տոկոսով աճ։ Չնայած ՀՆԱ նկատմամբ մաքսային տուրքը ցածր տեսակարար կշիռ ունի, սակայն հաշվետու տարվա արդյունքներով նկատելի է դրա 0.4 տոկոսային կետով աճը։

Հաշվետու տարում մաքսային տուրքի գանձման բնագավառում կարևորվում է «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը։ Դրանով սահմանվեցին մաքսատուրքի դրույքաչափերը, ինչը մինչ այդ սահմանված էր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով։ Նպատակ ունենալով ինչպես բյուջեի եկամտային մասի համալրումը, այնպես էլ՝ ելնելով հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի կարգավորման անհրաժեշտությունից, ներդրվեց մաքսատուրքի միասնական՝ 10 տոկոս դրույքաչափ՝ սպառողական նշանակության ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների համար։ Մաքսատուրքով հարկման ենթակա չեն միայն դեղագործական արտադրանքը, հացը, մանկական սնունդը, ինչպես նաև արդյունաբերական հումքը և վառելիքը։ Մաքսատուրքով հարկվող ներմուծվող ապրանքների շրջանակի ընդարձակումը հնարավորություն ընձեռեց նաև որոշակիորեն սահմանափակել հանրապետության ներքին սպառումը, դրանով իսկ որոշակիորեն նպաստելով կուտակման ծավալների աճին։

Մաքսատուրքով հարկման միասնական ռեժիմ է սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Միաժամանակ, քաղաքացիները մաքսատուրք կվճարեն միայն օրենքով սահմանված չափը գերազանցող մասի համար։

1997 թվականի հունիս ամսից նոր օրենքի գործողությունն ապահովեց տարվա մնացած ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային եկամուտների շուրջ 88 տոկոսով աճ։ Եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում, դրամական արտահայտությամբ՝ ներմուծման անվանական աճը չի գերազանցել 14 տոկոսը, ապա ակնհայտ կդառնա նոր օրենքի ընդունման ֆիսկալ արդյունքը։

Հաստատագրված վճարներ

Հաշվետու տարվա հարկային եկամուտներում կատարողականի տեսակետից ցածր ցուցանիշ է արձանագրվել հաստատագրված վճարի ձևով բյուջե մուտքագրվող եկամուտներից։ Վերջիններս համապատասխան տնտեսական գործունեությունների դեպքում փոխարինելով ավելացված արժեքի հարկին, շահութահարկին, եկամտահարկին՝ միջին հաշվով ապահովել են 73 տոկոս կատարողական։ Սակայն իրենց ունեցած բավականին ցածր տեսակարար կշռով պայմանավորված այդ հանգամանքն էական ազդեցություն չի ունեցել ընդամենը հարկային եկամուտների մակարդակի վրա։

Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր իրադարձություն էր գործունեության որոշ տեսակների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության և ավտոտրանսպորտային գործունեության համար կառավարության որոշումներով հաստատագրված վճարումների սահմանումը և հուլիսի 1-ից դրանց գործողությունը։ 1997 թվականի նոյեմբերի 1-ից հաստատագրված վճարների համակարգը գործեց նաև արտարժույթի փոխանակման կետերի համար, որը սակայն, էական ազդեցություն չունեցավ 1997 թվականի պետական բյուջեի եկամուտների վրա։ Ի թիվս այլ խնդիրների՝ ներդրված համակարգը նաև տնտեսության նշված ոլորտներում հարկերի հաշվարկման և վճարման կարգի պարզեցման նպատակ է հետապնդում։ Հաստատագրված վճարների համակարգի ներդրումը նպաստեց պետական բյուջեի ընթացիկ եկամուտների ավելացմանը՝ մեծամասամբ նաև ի հաշիվ այս համակարգի միջոցով ստվերային տնտեսության որոշ մասը հարկման առումով տեսանելի դաշտ տեղափոխելու։

Այլ հարկային եկամուտներ

1997 թվականի պետական բյուջեն հարկային եկամուտներում նախատեսվում էր նաև 4,139.7 մլն դրամի մուտքեր այլ հարկային եկամուտների` անտառային եկամտի և բնական ռեսուրսների օգտագործման, ճանապարհային հարկի գծով մուտքերից։ Հարկ է նշել, որ բյուջեն պլանավորելիս նախատեսվում էր տարեսկզբին ընդունել «Ճանապարհային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը պետք է գործողության մեջ մտներ ապրիլի 1-ից և բյուջեում ապահովեր 3,157 մլն դրամի մուտք։ Այն հանգամանքը, որ վերոհիշյալ հարկատեսակից նախատեսված էր ապահովել այլ հարկային եկամուտների շուրջ 76.3 տոկոսը և «Ճանապարհային հարկի մասին» օրենքն այդպես էլ չընդունվեց, զգալի ազդեցություն ունեցավ այլ հարկային եկամուտների գծով հաշվետու տարվա եկամուտների կատարողականի վրա։ Փաստացի ցուցանիշը միայն 40.9 տոկոսով է ապահովում նախատեսված մակարդակը։ Փաստացի մուտքերի ավելի քան 69 տոկոսը մուտքագրվել է ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների կողմից ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար գանձվող վճարներից, մնացածը անտառային և բնական ռեսուրսների օգտագործման, գույքահարկի գծով եկամուտներն են։

ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Հաշվետու տարվա պետական եկամուտների շուրջ 7.3 տոկոսը կամ 9,188.4 մլն դրամն ապահովվել է ոչ հարկային եկամուտների հաշվին։ Պետական եկամուտներում ոչ հարկային եկամուտների տեսակարար կշռի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2.5 անգամ։ Չնայած դրան, ոչ հարկային եկամուտների գծով հաշվետու տարում մուտքագրված փաստացի ցուցանիշը 16.4 տոկոսով գերազանցում է նախատեսված մակարդակը։ Այն շուրջ 50 տոկոսով ցածր է 1996 թվականի համապատասխան ցուցանիշից՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի շահույթից բյուջե վճարվող գումարի նույն չափով նվազման։

Հաշվետու տարվա ոչ հարկային եկամուտների մեջ ավանդաբար մեծ տեսակարար կշիռ է կազմում կենտրոնական բանկի շահույթը, որի հաշվին 1997 թվականին ապահովվել է ոչ հարկային եկամուտների 58.3 տոկոսը։

շնորհները

1997 թվականին ևս պահպանվեց նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում արձանագրված բացասական երևույթը՝ պաշտոնապես տրամադրվող շնորհներից մուտքերի զգալի թերակատարումը։ Հաշվետու տարում դրանք 43.3 տոկոսով պակաս էին բյուջեով նախատեսված ծավալներից։ Շնորհների գծով մուտքերը նախատեսվում էին տարեկան եկամուտների ավելի քան 20 տոկոսի մակարդակում, սակայն փաստացի ցուցանիշը ապահովեց ընդամենը եկամուտների միայն 11.2 տոկոսը։ Շնորհների գծով մուտքերի ցածր մակարդակը 7.9 տոկոսային կետով բացասաբար ազդեց նաև պետական բյուջեի ընդամենը եկամուտների կատարողականի վրա։

Նախատեսվում էր, որ շնորհների գծով 1997 թվականին բյուջեի մուտքերը կհամալրվեն ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող բնական գազի, պարենային ցորենի իրացումից մուտքերի, Հունաստանի կառավարության կողմից տրամադրված պարենային ցորենի իրացումից մուտքերի, Եվրամիության կողմից պարենային օժանդակության ծրագրի շրջանակներում նախատեսված դրամական օգնությունից:

Շնորհների գծով բյուջե մուտքագրված եկամուտների գերակշիռ մասը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը պաշտոնապես տրամադրված ապրանքների իրացումից մուտքը։ Դրանք ԱՄՆ և Հունաստանի կառավարությունների տրամադրած ալյուրի, դեռևս նախորդ տարիներին Եվրամիության կողմից տրամադրված սոյայի և այլ ապրանքների իրացումից ստացված 9,384.4 մլն դրամի մուտքերն էին, որոնք Նիդեռլանդների կառավարության կողմից, ինչպես նաև Եվրամիության կողմից պարենային օժանդակության ծրագրի շրջանակներում դրամական տեսքով տրամադրված շնորհների հետ միասին բյուջեում ապահովեցին ընդհանուր առմամբ 14,086.6 մլն դրամի մուտք:

Հաշվետու տարում շնորհների գծով մուտքերը գրեթե 4.4 մլրդ դրամով ավելի էին 1996 թվականի համեմատ։

Փաստացի մուտքերի և նախատեսված ծավալների տարբերությունը շնորհների գծով պայմանավորված է ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված բնական գազի դրամայնացման գործընթացի մասնակի իրականացմամբ։ Դրամայնացված գումարների մի մասն էլ էլեկտրաէներգիայի մատակարարման տեսքով տրվել է բնակչության անապահով խավերին։

Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նախկինում տրամադրված վարկերի սպասարկման շուրջ բանակցային գործընթացի արդյունքում՝ Եվրամիության կողմից պարենային օժանդակության ծրագրի շրջանակներում ստացված գումարները նախատեսվածից 2.5 անգամ պակաս են եղել:

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հարկաբյուջետային բարեփոխումների տեսակետից 1997 թվականը մեզանում նշանավորվեց ոչ միայն հարկային եկամուտների հավաքման աստիճանի բարձրացմամբ, պետական միջոցների համախմբման գործընթացի կարևորմամբ, այլև պետական ծախսերի բնագավառում կարգապահության բարելավման, բյուջետային պարտքերի կանխարգելման մեխանիզմների մշակման, նախորդ ժամանակաշրջաններից կուտակված բյուջետային փոխադարձ պարտավորությունների վերացմանն ուղղված միջոցառումների կիրառմամբ:

Հանրապետությունում մակրոտնտեսական կայունացման հաստատման ծրագրի շրջանակներում 1997 թվականին ևս շարունակվում էր ներքին պահանջարկի կառավարմանն ուղղված քաղաքականությունը, որը հարկաբյուջետային բնագավառում ենթադրում է պետական եկամուտների առաջանցիկ աճի տեմպի ապահովում՝ ուղեկցվելով պետական ծախսերի զսպմամբ։

Պահպանելով նախորդ տարվա օրինաչափությունը՝ հաշվետու տարում եկամուտների 18 տոկոս իրական աճի պարագայում պետական ծախսերի իրական աճը 1996 թվականի համեմատ ավելի զուսպ էր՝ ընդամենը 5 տոկոս։ Այս հանգամանքը, անշուշտ, իր անմիջական ազդեցությունն է ունեցել պետական բյուջեի դեֆիցիտի կտրուկ կրճատման վրա։

Պետական բյուջեի ծախսերը 1997 թվականին սահմանափակվել են 146,886.6 մլն դրամի մակարդակում, ինչը տվյալ տարվա բյուջեի մասին օրենքով նախատեսված ծավալների միայն 96.7 տոկոսն է։ Նախորդ տարվա համեմատ1 հաշվետու տարվա բյուջետային ծախսերն աճել են 19.7 տոկոսով, որը միաժամանակ ապահովում է 5 տոկոսի իրական աճ։ Վերջինս շատ կարևոր հանգամանք է՝ նկատի ունենալով տնտեսական աճի ապահովման տեսակետից պետական ծախսերի մակարդակի նշանակությունը։ Պետական ծախսերի մակարդակի գնահատման տեսակետից կարևորվում է ՀՆԱ նկատմամբ տեսակարար կշռի ցուցանիշը, ինչը նախորդ տարվա համեմատ դրսևորել է գրեթե կայուն մակարդակ։ Այսպես, եթե 1996 թվականին ՀՆԱ նկատմամբ զգալի էր ծախսերի անկման երևույթը, ապա 1997 թվականին՝ նախորդ տարվա 18.6 տոկոս ցուցանիշը նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով:

Չնայած ընդամենը ծախսերի գծով չի ապահովվել տարեկան նախանշված մակարդակը, սակայն հաջողվել է օրենքով պաշտպանված և սոցիալական բնույթի ծախսատեսակների ֆինանսավորումն իրականացնել գրեթե ողջ ծավալով և առանց բյուջետային պարտքերի էական կուտակումների։ Վերջինս ավելի քան դժվար էր, քանի որ հաշվետու տարվա պետական ծախսերի մոտ 70 տոկոսը պաշտպանված ծախսատեսակներ էին։ Բացի այդ, բարձր էր նաև տրանսֆերտների տեսակարար կշիռը, որոնց գծով նախորդ տարվա համեմատ ապահովվեց նաև 50 տոկոս իրական աճ։

Պետական ծախսերի բնագավառում 1997 թվականին շարունակվել է բյուջեի փաստացի ստացված եկամուտների շրջանակներում ծախսերի ֆինանսավորման քաղաքականությունը։ Դրանով է բացատրվում նաև տարվա ընթացքում պետական ծախսերի ֆինանսավորման դինամիկան, որն ունի հետևյալ գծապատկերը.

 

Ներմուծեք նկարագրությունը_17522

 

 

Ինչպես նշվեց, պետական ծախսերի մակարդակի տեսակետից հաշվետու տարում բացասական մակրոդրսևորումներ չեն արձանագրվել, իսկ դրա կառուցվածքի տեսակետից պատկերը հետևյալն է։ Պետական ծախսերում 1997 թվականի ընթացիկ ծախսերի տեսակարար կշիռը կազմել է 83.6 տոկոս՝ 6.5 տոկոսային կետով գերազանցելով նախորդ տարվա փաստացի ցուցանիշը։ Անհրաժեշտ է ավելացնել, որ ընդամենը ծախսերում ընթացիկ ծախսերի բարձր կշիռը (83.9 տոկոս) ամրագրված էր տվյալ տարվա բյուջեի մասին օրենքում, և այդ իմաստով փաստացի ցուցանիշը չի շեղվել նախատեսված համամասնությունից։ Դրանով է պայմանավորված նաև ՀՆԱ նկատմամբ ընթացիկ ծախսերի տեսակարար կշռի 1.3 տոկոս աճը։ Կապիտալ ծախսերի ֆինանսավորումը համապատասխանաբար կազմել է ընդամենը ծախսերի 6.5 տոկոսը, նախորդ տարվա պարտքի մարումը` 4.7 տոկոսը և բյուջետային զուտ վարկերը՝ 5.2 տոկոսը, որոնց գծով նախորդ տարվա ցուցանիշներից բարձր է միայն նախորդ տարվա պարտքի մարման ծախսատեսակի գծով։ Հաշվետու տարվա ծախսերի կառուցվածքում համամասնությունների պահպանման առումով խոշոր տեղաշարժեր չեն կատարվել, իսկ արձանագրված շեղումները պայմանավորված են նախորդ տարվա պարտքերի մարման գծով նախատեսված ծավալների գերազանցմամբ։

_______

1 Համեմատությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հանրապետական բյուջեի գծով ծախսերի նկատմամբ:

 

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ


Ընթացիկ ծախսերը

 

1997 թվականին ընթացիկ ծախսերի գծով պետական բյուջեից կատարվել է 122,862.2 մլն դրամի ծախս, ինչը կազմում է հաշվետու տարվա ծախսերի ողջ ծավալի 83.6 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերի ծավալներն աճել են 31.5 տոկոսային կետով1 , ինչը համարժեք է 15.4 տոկոս իրական աճին։ Վերջինս ապահովվել է ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով ֆինանսավորման ծավալների մեծացմամբ։ Ընթացիկ ծախսերի գծով տարեկան կատարողականը համամասնական է բյուջեի կատարման աստիճանին` 96.4 տոկոս։

1997 թվականի պետական բյուջեի ծախսային մասին վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ ընթացիկ ծախսերի կտրվածքով պետական ծախսերի կողմից մասնավոր ծախսերի արտամղում չի կատարվել: Այդ են վկայում, մասնավորապես, սոցիալական ենթակառուցվածքներում` կրթության, առողջապահության բնագավառներում, ծառայությունների և սպասարկման ոլորտներում մասնավոր ծախսերի աճի տեմպերը։

______

1 Համեմատության ժամանակ 1996 թվականի ծախսերը բերվել են 1997 թվականի պետական բյուջեի ծախսերի նկատմամբ համադրելի դասակարգման:


Աշխատավարձ

 

Բյուջետային ոլորտի բարեփոխումների շրջանակներում 1997 թվականին շարունակվեց համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրագործումը` զբաղվածների թվաքանակի կրճատմանը զուգահեռ՝ աշխատավարձերի բարձրացման միջոցով: Մասնավորապես, հաշվետու տարվա բյուջեով նախատեսվել էր 1997 թվականի տարեսկզբից 20 տոկոսով ավելացնել բյուջետային ոլորտում զբաղվածների աշխատավարձը։ Քանի որ վերջինս ուղեկցվեց նաև տարվա ընթացքում 8.7 տոկոս կրճատումներով, այդ է պատճառը, որ 1997 թվականի բյուջեով վճարված 19,528 մլրդ դրամ ծավալով աշխատավարձի ֆինանսավորումը նախորդ տարվա փաստացի ցուցանիշից ավելի է ընդամենը 10.7 տոկոսով, իսկ իրական արտահայտությամբ` զիջում է 2.9 տոկոսով։

1997 թվականի բյուջեում աշխատավարձը պաշտպանված հոդված էր։ Դրա կատարողականը տարվա արդյունքներով կազմել է 95.4 տոկոս, ինչը վկայում է աշխատավարձի, պլանավորված ֆոնդի 4.6 տոկոսի տնտեսման մասին։ Նախատեսված ծավալների տնտեսումը բյուջետային ոլորտի թերհամալրման, բյուջետային ոլորտի աշխատողների փաստացի թվաքանակի կրճատման հետևանք է, քանի որ հաշվետու տարին ավարտվել է առանց աշխատավարձերի գծով պարտքերի կուտակման։

Աշխատավարձի տեսակարար կշիռը ընթացիկ ծախսերում կազմել է 15.9 տոկոս, ընդհանուր ծախսերում՝ 13.3 տոկոս, երկու դեպքում էլ նվազելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշների նկատմամբ։

 

Ապրանքների ձեռքբերման և ծառայությունների դիմաց կատարված վճարներ

 

Բյուջետային ծախսերի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշռին ապահովել են ապրանքների գնման և ծառայությունների դիմաց կատարված պետական վճարումները։ Այդ նպատակների համար օգտագործված 53,413.3 մլն դրամն ընդամենը ծախսերի 36.4 տոկոսն է, իսկ ընթացիկ ծախսերի` շուրջ 43.5 տոկոսը։ Եթե նախորդ տարվա համեմատ վերջին ցուցանիշի տեսակետից փոփոխությունը նկատելի չէ, ապա 1997 թվականին ընդհանուր ծախսերում այս նպատակով գրեթե 3 տոկոսային կետով ավելի ֆինանսավորում է կատարվել։ Զուգահեռաբար ՀՆԱ նկատմամբ ևս պետական գնումների ծավալը աճել է շուրջ 0.5 տոկոսային կետով:

Ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերը, ընդհանուր առմամբ, ապահովել են 94.1 տոկոս կատարողական, սակայն խիստ տարբեր է դրա կազմի մեջ մտնող ծախսատեսակներից յուրաքանչյուրի գծով ֆինանսավորման աստիճանը։ Տվյալ դեպքում, տարեկան ծախսերի ֆինանսավորման ժամանակ հաշվի է առնվել դրանց պաշտպանված լինելու հանգամանքը և սոցիալական բնույթը։ Այսպես, օրինակ, ռազմական կարիքների, երկրի պաշտպանունակության ամրապնդման և առաջին անհրաժեշտության մի շարք հոդվածներով՝ գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերման, սննդի ձեռքբերման, դեսպանությունների և առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի գծով ֆինանսավորումը հիմնականում կատարվել է նախատեսված ողջ ծավալով և առաջնահերթությամբ, մինչդեռ որոշ հոդվածներով` գործուղման և շրջագայության ծախսերի, ջրմուղից և կոյուղուց օգտվելու վարձի, դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերման, կապի ծառայության և ընթացիկ նորոգման հոդվածներով զգալի տնտեսում է կատարվել։ Նշված հոդվածներով զգալի ցածր կատարողականի ցուցանիշն էականորեն չի ազդել ընդհանուր ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերի կատարողականի վրա՝ պայմանավորված դրանց ցածր տեսակարար կշռի հանգամանքով:

 

Տոկոսավճարներ

 

Ներքին և արտաքին փոխառությունների դիմաց կատարված տոկոսավճարները կազմել են 19,899.3 մլն դրամ, ինչը շուրջ 5 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Չնայած իրական արտահայտությամբ 17 տոկոսային կետով աճի հանգամանքին` ընթացիկ ծախսերում տոկոսավճարների տեսակարար կշիռը գրեթե չի փոխվել` կազմելով 16.2 տոկոս։ Պետական պարտքի սպասարկման նպատակով 1997 թվականի բյուջեով նախատեսված ծավալների դիմաց փաստացի վճարվեցին 27.3 տոկոսով ավելի միջոցներ, ինչը պայմանավորված է ներքին պարտքի գծով տոկոսավճարների 63.4 տոկոսով գերակատարմամբ։ Տոկոսավճարների 78.5 տոկոսը ֆինանսավորվել է ներքին պարտքի սպասարկման նպատակով, որի տեսակարար կշիռը շուրջ 4,5 տոկոսային կետով բարձրացել է այս ծախսատեսակի կառուցվածքում։ Այդ մեծ տեսակարար կշռով և ավելի քան 6 մլրդ դրամի գերածախսով պայմանավորված՝ արտաքին պարտքի սպասարկման գծով շուրջ 30 տոկոս տնտեսման պայմաններում զգալիորեն բարձր է ընդամենը տոկոսավճարների փաստացի ֆինանսավորման աստիճանը։

Ներքին տոկոսավճարների շուրջ 30 տոկոսը ֆինանսավորվել է պետական արժեթղթերի, մյուս մասը՝ 70 տոկոսը, կենտրոնական բանկի վարկային գծի սպասարկման նպատակով։ Այն հանգամանքը, որ թե´ վարկային գծի տարվա ընթացքում օգտագործված մակարդակը, թե արժեթղթերի փաստացի ծավալները գերազանցեցին պլանավորման ժամանակ բյուջեում նախատեսված ծավալները նպաստեցին ներքին տոկոսավճարների գծով բյուջեի ծախսերի գերածախսին։ Իր հերթին, վերոհիշյալ ծավալների աճը օբյեկտիվորեն պայմանավորված էր բյուջեի դեֆիցիտի ընթացիկ սպասարկման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախորդ տարվա համեմատ, ներքին տոկոսավճարների դինամիկայի գնահատման նպատակով, դրանք սղաճի գործակցով ճշգրտելուց հետո, 24.4 տոկոս իրական աճի պատկեր է ստացվում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

Նախատեսված ծավալների նկատմամբ շուրջ 1.8 մլրդ դրամ տնտեսումով են ֆինանսավորվել արտաքին պարտքի սպասարկման ծախսերը։ Վերջինս բացատրվում է Ռուսաստանի Դաշնության որոշ վարկերի տոկոսների վճարման ժամկետների երկարացմամբ։

Նախորդ տարվա համեմատ` դոլարային արտահայտությամբ, արտաքին պարտքի փաստացի տոկոսավճարները նվազել են ավելի քան 7 տոկոսով։ Արտաքին պարտքի ծանրության գնահատման ժամանակ ընդունված է նաև այն համեմատել արտահանման հետ, ինչը կատարված է սույն հաշվետվության դեֆիցիտի վերլուծության արտաքին պարտքի մասում:

Պետական պարտքային պարտավորությունների սպասարկման ծախսերը պաշտպանված էին հաշվետու տարվա բյուջեի մասին օրենքով և բյուջեի կատարման փաստացի արդյունքներով դրանց գծով չվճարումներ չեն արձանագրվել:


ՏրանսֆերՏայԻն վճարներ

 

Ընթացիկ ծախսերում ունեցած բարձր տեսակարար կշռի տեսակետից տրանսֆերտային վճարները երկրորդ խոշոր խումբ ծախսատեսակն են։ Հաշվետու տարում դրանց կշիռն զգալիորեն աճել է թե´ ընդամենը ծախսերում՝ նախորդ տարվա 12.2 տոկոսի դիմաց ապահովելով 17.4 տոկոս, թե´ ընթացիկ ծախսերում՝ 16 տոկոսից 1997 թվականին կազմելով 20.8 տոկոս։

1997 թվականին բյուջետային ծախսերի բնագավառում սոցիալական բնույթի բարեփոխումներից էր ոչ միայն աշխատավարձերի բարձրացումը, այլև տրանսֆերտային վճարների՝ թոշակների, կրթաթոշակների, երեխաների նպաստների գծով կատարվող ֆինանսավորման ծավալների աճը: Արդյունքում, հաշվետու տարվա պետական բյուջեից վճարված տրանսֆերտների ծավալը գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 10.7 մլրդ դրամով, որի շնորհիվ ապահովվեց ավելի քան 71 տոկոսի անվանական և 50.6 տոկոսի իրական աճ։

Տրանսֆերտային վճարների տարեկան նախատեսված ծավալից փաստացի ֆինանսավորվել է 85.2 տոկոսը։ Նման ցածր կատարողականը պայմանավորված է պետական բյուջեից կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին տրամադրվող սուբսիդիաների գծով 14 տոկոս կատարողականով, որը 10 տոկոսային կետով իջեցրել է ամբողջ տրանսֆերտների կատարողականի աստիճանը։ 1997 թվականին կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեի կատարման ընթացքում անհրաժեշտություն չառաջացավ բյուջեում նախատեսված ամբողջ ծավալներով միջոցներ ներգրավել։

Տրանսֆերտային վճարների գրեթե 1/3-ը վճարվել է երեխաների նպաստների գծով։ Դրանք ֆինանսավորվել են նախատեսվածի համեմատ մոտ մեկ մլրդ դրամի տնտեսմամբ։ Այս հանգամանքը բացատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի թիվ 172 որոշմամբ` հաշվետու տարվա հունիս ամսից սկսած պետական նպաստների նոր կարգի կիրարկմամբ։ Ըստ նշված որոշման սահմանվել են նպաստառուների նոր կատեգորիաներ, նեղացվել է նպաստ ստացողների շրջանակը, ինչպես նաև, նպաստների վճարման ֆունկցիան վերապահվել է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին։ Ճշտելով նպաստառուների ցուցակները, տարվա ընթացքում, դրանց համապատասխան փաստացի ֆինանսավորման իրականացման արդյունքում, նպաստների գծով առանց պարտքեր կուտակելու, տնտեսվել է նախատեսված միջոցների 11.8 տոկոսը։

Կրթաթոշակների, թոշակների գծով հաշվետու տարվա ֆինանսավորման ծավալները գրեթե համընկնում են նախատեսված ծավալների հետ։ Իսկ թոշակների գծով 1997 թվականի ծախսերի ծավալը ավելի քան 1.5 անգամ գերազանցում է 1996 թվականի մակարդակը:

Համայնքների բյուջեների կատարման ընթացքում դոտացիաների տեսքով նրանց պետական աջակցություն է ցուցաբերվել 753.0 մլն դրամի շրջանակներում։ Տարվա ընթացքում ճշտվել է դոտացիոն համայնքների թվաքանակն ու հաշվարկվել դոտացիաների իրական պահանջարկը, այդ իսկ պատճառով բյուջեով նախատեսված ծավալների նկատմամբ փաստացի ֆինանսավորումը գերազանցվել է 800 մլն դրամով։ Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաների գծով ծախսերի տարեկան պլանավորված ցուցանիշը տարվա ընթացքում փոփոխվել է կառավարության մի շարք որոշումներով։ Տարեկան ճշտված պլանի համեմատ փաստացի տրամադրված դոտացիաների գծով շեղումներ չեն եղել։ Ի տարբերություն համայնքների՝ ձեռնարկությունների և բանկերի վերակառուցման՝ վնասների ծածկման համար սուբսիդիաների տեսքով պետական աջակցության ծավալները նախատեսվածից քիչ են ֆինանսավորվել ավելի քան 27 տոկոսով։ Կառավարության 1997 թվականի հուլիսի 14-ի թիվ 272 որոշմամբ փոփոխություններ էին կատարվել տարեկան բյուջեում` ձեռնարկություններին տրամադրվող սուբսիդիաների նվազեցման հաշվին կառավարության պահուստային ֆոնդի ավելացման նպատակով։ Ձեռնարկությունների սուբսիդիաների գծով փաստացի ցուցանիշի մակարդակը պայմանավորված է կառավարության համապատասխան որոշման կիրառմամբ։ Չնայած վերջին տարիներին պետական ծախսերում կտրուկ նվազել էր նշված ծախսատեսակի տեսակարար կշիռը` շուկայական հարաբերությունների պայմաններում ռեսուրսների բաշխման արդյունավետության բարձրացմանը չխոչընդոտելու առումով, 1997 թվականին շուրջ 2.9 մլրդ դրամի ֆինանսավորում հատկացվեց ձեռնարկություններին։

1997 թվականի ընթացքում բնակչությանն արտոնությունների տրամադրումից անցում կատարվեց արտոնությունների դիմաց փոխհատուցման վճարման համակարգին։ Այդ նպատակով պետական բյուջեում նախատեսված 2.6 մլրդ դրամը չբավարարեց արտոնությունների փոխհատուցման փաստացի ծավալների ֆինանսավորումն իրականացնելու համար։ Հաշվի առնելով դրանց սոցիալական հնչեղությունն ու բյուջեում պաշտպանված լինելու հանգամանքը՝ արտոնությունների դիմաց փոխհատուցման վճարների փաստացի ֆինանսավորումը կատարվեց առկա ողջ ծավալին համապատասխան` 2,980 մլն դրամի մակարդակում։ Այս նպատակով 1997 թվականին պետական բյուջեից կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին հատկացվեց 2,440.5 մլն դրամ։

Տրանսֆերտային վճարների կազմում են նաև միջպետական համաձայնագրերով մասնակցության վճարների և միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարները, որոնք ֆինանսավորվել են գրեթե ողջ ծավալով՝ չխախտելով հաշվետու տարվա բյուջեի մասին օրենքի պաշտպանված ծախսատեսակների մասին պահանջը։

Ի բարելավումն նախորդ տարիների՝ 1997 թվականի բյուջեի կատարման ընթացքում խիստ կարգապահություն է դրսևորվել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների տնօրինման գործում։ Տարվա ընթացքում կառավարության որոշումներով սահմանված տարեկան ճշտված պլանի հանդեպ փաստացի կատարողականն զգալիորեն ցածր է եղել` 60.7 տոկոս։

Նախորդ տարիների բյուջեների կատարման հաշվետվություններից 1997 թվականի տարեկան հաշվետվությունը տարբերվում է նաև ծախսերի ներկայացման ձևով։ Եթե նախորդ տարիներին կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերը ներկայացվում էին ծախսերի տնտեսագիտական և գործառնական համապատասխան հոդվածներով, ապա 1997 թվականին դրանք ամբողջությամբ արտացոլվել են պահուստային ֆոնդի պլանավորված հոդվածի տողով։ Դրանով ավելի հստակ է ներկայացվում պլանավորված ծախսատեսակներից յուրաքանչյուրի գծով կատարված փաստացի ծախսը, վերջիններիս կատարման աստիճանը։ Միաժամանակ, հաշվետվությանը կից հավելվածների տեսքով ներկայացված են ինչպես պահուստային ֆոնդի ծախսման ուղղություններն ըստ որոշումների, այնպես էլ պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կատարված ծախսերը՝ գործառնական և տնտեսագիտական դասակարգումներով։

 

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ ԵՎ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄ

 

Կապիտալ ծախսեր

 

Նախքան պետական միջոցների հաշվին իրականացված կապիտալ ծախսերի վերլուծությանն անցնելը, հարկ է նշել, որ ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին 1997 թվականին հանրապետությունում շուրջ 1.7 մլրդ դրամով ավելի կապիտալ ներդրումներ են կատարվել, քան դրանց մակարդակն էր 1996 թվականին։

Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծավալները 1997 թվականին զգալիորեն զիջել են թե' պլանով նախատեսված մակարդակը (38.2 տոկոսով), թե' նախորդ տարվա փաստացի մակարդակը (33.7 տոկոսով): Այս իմաստով նվազել է նաև ընդամենը ծախսերում դրանց տեսակարար կշիռը՝ 1996 թվականի 11.7 տոկոսի դիմաց 1997 թվականին կազմելով ընդամենը 6.5 տոկոս։ Բյուջետային դասակարգման տեսակետից բերված թվերը ճիշտ են արտացոլում փաստացի ծախսերի ուղղությունները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվա պարտքերի մարման գծով կատարված ծախսերի որոշ մասը կապիտալ բնույթի են եղել, ապա պետական ծախսերի ֆինանսավորման ծավալներում դրանց տեսակարար կշիռը բավականին կփոխվի:

Պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված 9,553.0 մլն դրամ կապիտալ ծախսերի 5,028.1 մլն դրամն իրացվել է կապիտալ ներդրումների գծով, ինչը, պահպանելով նախորդ տարվա համամասնությունը, կազմել է դրանց 52.6 տոկոսը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 532 որոշմամբ սահմանված ճշտված պլանի (6,750.0 մլն դրամ) հանդեպ ապահովվել է գրեթե 75 տոկոս կատարման աստիճան։

Հարկ է նշել, որ 1997 թվականին կառավարության որոշումներով կապիտալ ներդրումների գծով պլանավորված մակարդակը մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել։ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» թիվ 98 և 1997 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 532 որոշումներով պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվետու տարում նախատեսված էր կատարել 6,750 մլն դրամի կապիտալ ներդրումներ։ Դրանց հաշվին նախատեսվում էր՝ մասնավորապես ավարտել սողանքների վերացմանն ուղղված աշխատանքները Սանահին-Քոբեր ավտոճանապարհի, Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կմ հատվածում, շարունակել պետական կապիտալ ներդրումները Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանի դրենաժային ջրահեռացման թունելում, Բարեկամություն-Աջափնյակ կայարանի շինարարության, ինչպես նաև Չարբախ կայարանում, Իրան-Հայաստանի բարձր լարման էլեկտրագծի շինարարության, Հերհերի ՀԷԿ-ի, ՀԱԷԿ-ի հովացման համակարգի, հանրապետության ոռոգման համակարգերի, Որոտանի հիդրոտեխնիկական կառույցների, Գորիսի ինքնահոս ջրագծի շինարարության և այլ ուղղություններով։ Կատարված կապիտալ ներդրումների ծավալը կազմում է տարվա ընթացքում կառավարության որոշումների հիման վրա ճշտված պլանի 74.5 տոկոսը։ Չնայած նախորդ տարվա համեմատ պետական կապիտալ ներդրումների ծավալների կրճատման հանգամանքին՝ դրանց կառուցվածքն զգալիորեն փոխվել է։ Այսպես, եթե 1996 թվականի բյուջեով ֆինանսավորված կապիտալ ներդրումների ամբողջ ծավալն իրացվել էր հիմնականում 3 բնագավառներում՝ էներգետիկա (ընդամենը կապիտալ ներդրումների 40 տոկոս), տրանսպորտ (18.8 տոկոս) և պաշտպանության նախարարություն (21.8 տոկոս), ապա հաշվետու տարում իրականացված պետական կապիտալ ներդրումներում ամենամեծ տեսակարար կշիռն ապահովվել է բնակարանային շինարարության ֆինանսավորման բնագավառում։ Մնացած ուղղություններից բարձր է էներգետիկ համակարգում (23.6 տոկոս), պաշտպանության (14.8 տոկոս), տրանսպորտի (9.2 տոկոս) բնագավառներում իրացված կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը։

Կարևորելով արդյունաբերության և շինարարական արդյունաբերության հետագա զարգացման հեռանկարների հանգամանքը` հաշվետու տարվա բյուջետային միջոցներից նախորդ տարվա համեմատ 3-4 անգամ ավելի ֆինանսական միջոցներ են հատկացվել երկրաբանահետախուզական, գեոդեզիական, տիպային նախագծման և քարտեզագրման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։


Վարկավորում՝ հանած մարումը

 

Պետական բյուջեի ծախսերի 5.2 տոկոսը` 7,616.4 մլն դրամը, կազմում են զուտ վարկերը։ Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից տրամադրված 8,464.2 մլն դրամի բյուջետային վարկերի զգալի մասը՝ 6,464.2 մլն դրամը, միջպետական վարկի տրամադրումն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, մնացած 2,000.0 մլն դրամը Երևանի քաղաքապետարանին և քաղաքաշինության նախարարությանը տրամադրված համապատասխանաբար 1,390 և 610 մլն դրամ բյուջետային վարկերն են։ 1997 թվականին նախկինում տրամադրված բյուջետային վարկերի վերադարձից մուտքը կազմել է 847.8 մլն դրամ, որոնցից հիմնականներն են «Արմենիա» հյուրանոցի (174.9 մլն), Հայհացահատիկի (190.5 մլն) և «Լույս» հրատարակչության (99.3 մլն դրամ) կողմից վերադարձված գումարները։


Նախորդ տարիներից կուտակված բյուջետային պարտքերի մարումը

 

Բյուջետային հիմնախնդիրներից հաշվետու տարում խիստ հրատապ էր նախորդ տարիներից փոխանցված բյուջետային ծախսերի գծով կուտակված պարտքերի մարման խնդիրը։ Դրա լուծման նպատակով կառավարությունը 1997 թվականին մշակեց և օրենսդրական ապահովում ստացավ մի հայեցակետ, որի բովանդակությունը հետևյալն էր՝

-գույքագրել 1994-96 թվականների բյուջեների կատարման ընթացքում առաջացած բյուջետային պարտքերը, ներառյալ նաև բյուջետային հիմնարկների տարեկան հաշվետվություններում չարտացոլված պարտավորությունները.

-գույքագրել բյուջեի հանդեպ բոլոր հարկային պարտավորությունները՝ ապառքներն ըստ տնտեսավարող սուբյեկտների.

-լուծել բյուջեի հանդեպ պարտավորությունների և բյուջետային պարտքերի խնդիրը միանգամյա հաշվանցումների կատարման միջոցով` պարտավորությունների չհաշվանցվող մասը մարելով կանխիկով։

Նշված մեխանիզմի իրագործման ճանապարհով Ազգային ժողով ներկայացվեց և ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն մինչև 1997 թվականի պետական բյուջեի կատարման եզրափակիչ շրջանառության ավարտը մարվեցին 6,854.9 մլն դրամի բյուջետային պարտքեր (5,272.0 մլն դրամը հաշվանցման միջոցով, համապատասխանաբար 845 մլնը՝ 1995 և 4,401 մլն դրամը՝ 1996 թվականներից կուտակված): Այնուամենայնիվ, հաշվետու բյուջետային տարվա ավարտին այդ տարիներից կուտակված դեռևս 3,060.9 մլն դրամի բյուջետային պարտքեր կային՝ պայմանավորված օրենքով սահմանված ժամկետների ուշացման, պարտքերը հիմնավորող փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման, ինչպես նաև նախորդ տարիների բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլված չլինելու հանգամանքներով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ 1997 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ծախսերի գծով նոր պարտքեր գրեթե չկուտակվեցին։ Մասնավորապես, դրան նպաստեց նաև «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի ծախսերի գծով պարտքերի առաջացման կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մասին» կառավարության 1998 թվականի հունվարի 8-ի թիվ 9 որոշումը, որով սահմանվել են 1997 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման ժամանակ հատկացումների չափաքանակները։

Գործառնական դասակարգում

Հաշվետու տարվա պետական բյուջեի գործառնական դասակարգման կառուցվածքն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիներին շրջանառվող դասակարգումից։ Այն գործողության մեջ է դրվել ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված գործառնական դասակարգման և պետական ծախսերի միջազգային չափանիշներին առավել համապատասխանեցնելու նկատառումներից։

Հաշվետու տարվա պետական բյուջեում առաջին անգամ պետական ծախսերը ներկայացվել են ըստ խմբերի և ենթախմբերի։

Ստորև ներկայացվում է 1997 թվականի պետական ծախսերի կառուցվածքը գործառնական դասակարգման հիմնական խմբերին համապատասխան։

Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ

Պետական ծախսերի այս խմբում արտացոլված են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության որոշ մարմինների պահպանման ծախսերը, ինչպես նաև արտաքին քաղաքական գործունեության հետ կապված առանձին ծախսեր։ Այս ուղղությամբ ծախսվել է հաշվետու տարվա պետական միջոցների 9.4 տոկոսը կամ 13,873.5 մլն դրամ։ Ընդամենը ծախսերում ունեցած տեսակարար կշռի իմաստով նախորդ տարվա 9 տոկոսի մակարդակը գրեթե չի փոխվել: ՀՆԱ նկատմամբ ևս դրանք կայուն՝ 1.7 տոկոս մակարդակ են դրսևորել։ Չնայած դրան, քանի որ ծախսերի ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է, ընդամենը ծախսերի նույն հարաբերակցության պայմաններում, այս խմբի ծախսերը 1996 թվականի համեմատ աճել են մեկ քառորդով՝ ապահովելով նաև 9.6 տոկոս իրական աճ։ Ընդհանուր բնույթի պետական ծառայությունների գծով ծախսերի կատարողականն ընդամենը 2.6 տոկոսային կետով է շեղվում նախատեսված մակարդակից։ Տարվա համար նախանշված ծավալների համեմատ բարձր ֆինանսավորման աստիճանով է տարին ավարտվել օրենսդիր մարմինների և պետական կառավարման (93 տոկոս), արտաքին քաղաքական գործունեության (98 տոկոս), արտասահմանյան երկրներին տնտեսական օգնության, ընդհանուր իրավական բնույթի ծառայությունների գծով ծախսերով։

Պաշտպանություն

Այս խմբի ծախսերի գծով հաշվետու տարվա ֆինանսավորումն իրականացվել է հանրապետության ռազմական և պաշտպանական կարիքների բավարարման, արտակարգ իրավիճակների հաղթահարման և քաղաքացիական պաշտպանության ենթախմբերի ուղղություններով։ Բյուջեի մասին օրենքով, պաշտպանության բնագավառի ծախսերի պաշտպանված լինելու հանգամանքից ելնելով, դրանք ֆինանսավորվել են ողջ ծավալով, նույնիսկ ռազմական կարիքների ֆինանսավորման ուղղությամբ գերակատարվել 3.1 տոկոսային կետով։ Նախորդ տարվա համեմատ պաշտպանության խմբի ծախսերի տեսակարար կշիռն ընկել է թե´ ընդամենը ծախսերում (1.8 տոկոսային կետ), թե´ ՀՆԱ (0.4 տոկոսային կետ) նկատմամբ։ Այսինքն՝ բյուջեի ծավալների ավելացմանը զուգահեռ չեն աճել պաշտպանության ծախսերը` հնարավորություն տալով պետական միջոցներն ուղղել նաև այլ բնագավառների ֆինանսավորմանը։

Հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն

Հասարակական կարգի պահպանության և անվտանգության խմբի ծախսերի միջոցով ֆինանսավորվել է ներքին գործերի և ազգային անվտանգության համակարգը, դատական գործունեությունը։ Առաջին երկուսի գծով պլանավորված ծախսերը ֆինանսավորման բարձր աստիճան են ունեցել, մինչդեռ դատական գործունեության ֆինանսավորումն իրականացվել է 79 տոկոս մակարդակում և վերջիններիս ցածր տեսակարար կշռի հանգամանքով էական ազդեցություն չի կրել ամբողջ խմբի կատարողականը։ Ընդամենը ծախսերում իջել է նաև հասարակական կարգի պահպանության և անվտանգությանն ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը (7.7-ից 7.4 տոկոս)։ Պաշտպանության ոլորտի ծախսերի 1.8 տոկոսային կետով նվազմանը զուգահեռ հնարավորություն է ընձեռվել ծախսերի ավելի քան 2 տոկոսն ուղղել սոցիալ-մշակութային միջոցառումների ֆինանսավորմանը։

Կրթություն և գիտություն

Կրթության և գիտության խմբի կազմում բյուջեից ֆինանսավորվել են նշված բնագավառների պետական կառավարման, կրթական ամբողջ համակարգի` նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն կրթության, ինչպես նաև գիտության ծախսերը: Նախատեսված ծավալների նկատմամբ փաստացի ծախսերը կազմել են 93.6 տոկոս և բացարձակ մեծությամբ ընդհանուր ծախսերում ապահովել 10.5 տոկոս տեսակարար կշիռ։ Բյուջեով նախատեսված ծավալների ապահովման տեսակետից 1997 թվականին բարձրացել է կրթության բնագավառի ցուցանիշը՝ նախորդ տարվա 82.2 տոկոս կատարողականի դիմաց ապահովելով շուրջ 11 տոկոսային կետով բարձր արդյունք։

Այս խմբում արտացոլված ծախսերի գծով ֆինանսավորման ցածր աստիճան է արձանագրվել նախադպրոցական դաստիարակության գծով, ինչը պայմանավորված է աշխատավարձի նախատեսված ծավալների գույքի ձեռքբերման և նորոգումների գծով ծախսերի տնտեսմամբ։

Աշխատավարձի տնտեսման հանգամանքը կապված է տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում նախադպրոցական հիմնարկներում գործող նորմատիվների կիրառմամբ՝ փաստացի աշխատողների թվաքանակին համապատասխան աշխատավարձի ծախսով։ Ոչ միայն աշխատավարձի, այլև պաշտպանված այլ հոդվածների` սննդի ձեռքբերման, թոշակների, կրթաթոշակների գծով կրթության խմբի ծախսերի ֆինանսավորման ժամանակ տարեկան նախատեսված ծավալներից շեղումներ չեն եղել։

Հատկանշական է, որ 1997 թվականին միջնակարգ և բարձրագույն կրթության բնագավառում նախորդ տարվա համեմատ ոչ միայն անվանական, այլ նաև իրական աճ է ապահովվել: Կրթության բնագավառում նշված վերջին ցուցանիշը կազմել է 46.7 տոկոս։

Առողջապահություն

Պետական ծախսերի գործառնական դասակարգման հաջորդ խումբն առողջապահությունն է, որի միջոցով ֆինանսավորվել են այս բնագավառի բյուջետային հիմնարկներն ու պետական պատվերի ծրագրերը։ Խմբի ծախսերի 77.3 տոկոս կատարողականը հիմնականում պայմանավորված է հիվանդանոցների գծով ֆինանսավորման մոտ 75 տոկոս կատարողականով։ Վերջիններս օգտագործել են առողջապահական ծախսերի 62.2 տոկոսը և այդ մեծ տեսակարար կշռով պայմանավորված՝ դրանց կատարման աստիճանն էականորեն ազդել է խմբի ծախսերի կատարման աստիճանի վրա:

Հարկ է նշել, որ տարեկան նախատեսված մակարդակի ցածր կատարողականն իր հերթին պայմանավորված է կառավարության 1998 թվականի հունվարի 19-ի «1997 թվականի պետբյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» թիվ 44 որոշման կիրարկմամբ, որով 1,670.0 մլն դրամով պակասեցվեց առողջապահության բնագավառի տարեկան պլանը։ Նշված որոշմամբ սահմանված տարեկան ճշտված պլանի հանդեպ առողջապահության խմբի փաստացի ծախսերը կազմել են 89.4 տոկոս՝ 12 տոկոսային կետով գերազանցելով տարեկան պլանի հանդեպ կատարողականը։

Առողջապահական ծախսերի փաստացի ֆինանսավորման ծավալների վրա մեծապես ազդել են պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվող` որոշ հիվանդությունների գծով պահանջարկի անկմամբ (դեղորայքային սպասարկում, հակադիաբետային միջոցառումներ, պրոթեզավորում, հանրապետությունից դուրս բուժման ծախսեր), կատարողական փաստաթղթերին համապատասխան կատարված ֆինանսավորման հանգամանքները։ Հարկ է նշել, որ առողջապահության բնագավառում կատարված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված (բյուջետային հիմնարկներից ձեռնարկության կարգավիճակի անցմամբ) խմբի ծախսերի որոշ ենթախմբերի գծով (պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ) ֆինանսավորումը կատարվել է ոչ թե ծրագրերով` ինչպես ծախսերի մյուս ենթախմբերի դեպքում, այլ ընդհանուր ենթածրագրի գծով` ըստ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների տնտեսագիտական հոդվածների։ Այդ իսկ պատճառով, 1997 թվականի հաստատված բյուջեի դասակարգմանը համապատասխան՝ փաստացի արդյունքների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդ ենթախմբի ծախսերի 90.2 տոկոսով կատարողականը վերաբերում է ընդհանուր առմամբ դրա կազմի մեջ մտնող ծրագրերին։

Բացի այդ, առողջապահության բնագավառի պետական պատվերի կատարողականների չորրորդ եռամսյակի ուշ ներկայացման պատճառով դրանց ֆինանսավորումը կատարվել է հաշվետու տարվա եզրափակիչ շրջանառությունից հետո, որի դրամարկղային ծախսը ժամանակի առումով հաշվառվել է 1998 թվականի բյուջետային տարում։

Առողջապահության բնագավառի պետական կառավարման գծով ևս ծախսերի կատարման աստիճանը ցածր է տարեկան ծախսերի ծավալի ֆինանսավորման աստիճանից։ Ընդհանրապես, հաշվետու տարվա բյուջեի կատարման ժամանակ կառավարման ապարատի գծով կատարված ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 80 տոկոսով։ Վերջինս պայմանավորված է պաշտպանված ծախսերից բացի մյուս՝ կապի, գրասենյակային ծախսերի, տրանսպորտի ծախսերի գծով տարվա ընթացքում տնտեսումների միջոցով կատարված կրճատումներով և կառավարության կողմից տարեկան պլանների ճշտումներով։

Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն

Հաշվետու բյուջեի ծախսերի 8.6 տոկոսը՝ 12,614.4 մլն դրամն ուղղվել է սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ծախսերի խմբի ֆինանսավորմանը։ Դրանք սոցիալական բնագավառի՝ նպաստների, կենսաթոշակային ֆոնդին տրվող պետական աջակցության, այլ սոցիալական ծրագրերի գծով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի ծավալն են։ Հատկանշական է, որ այս խմբի ծախսերը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ աճել են՝ իրական արտահայտությամբ ապահովելով 72.7 տոկոս աճ։ Նշված տեղաշարժն անմիջականորեն բացատրվում է ընդամենը ծախսերից այս նպատակով օգտագործված գումարների տեսակարար կշռի՝ նախորդ տարվա 5.2-ի դիմաց հաշվետու տարում մինչև 8.6 տոկոս կազմելու հանգամանքով։

Բնակարանային կոմունալ տնտեսություն

Բնակարանային կոմունալ տնտեսությանը հատկացվող միջոցները խիստ նվազել էին նախորդ տարիներին՝ այդ բնագավառում կատարված կառուցվածքային բարեփոխումների արդյունքում սեփականության տարբեր ձևերի ներդրման և ֆինանսավորման այլ աղբյուրների առկայությամբ։

1997 թվականի բյուջեում, չնայած նախատեսված ծավալների 71.5 տոկոս կատարման հանգամանքին, կատարված 2,697.6 մլն դրամի ծախսը էական դրական տեղաշարժ է նախորդ տարվա համեմատ։ Նշված միջոցների հիմնական մասը ծախսվել է ջրամատակարարման համակարգի ենթախմբի գծով։

 

Մշակույթ, սպորտ և կրոն

 

Այս խմբի ծախսերի գծով ֆինանսավորումն ընդգրկում է ինչպես մշակույթի, արվեստի, կինեմատոգրաֆիայի, սպորտի, այնպես էլ երիտասարդական ծրագրերի, տեղեկատվության, հանրապետության խմբագրությունների, տեղեկատվության բնագավառի պետական ծրագրերի ֆինանսավորումը։ Այս ուղղությամբ ծախսվող միջոցները 1997 թվականին ևս կազմել են ընդամենը ծախսերի 2.2 տոկոսը` կատարման աստիճանի տեսակետից նախորդ տարվա 70 տոկոսի դիմաց ապահովելով զգալիորեն բարելավված 85 տոկոս ցուցանիշ։ Այս խմբի ծախսերում տարեկան նախատեսված մակարդակներն ապահովվել են արվեստի, կինեմատոգրաֆիայի, տեղեկատվության ուղղություններով կատարված ծախսերի և բյուջետային վարկերի վերադարձման գծով։

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» թիվ 57 որոշմամբ ավելացումներ են կատարվել հաշվետու տարվա պետբյուջեի մշակույթի, սպորտի և կրոնի խմբի առանձին ենթախմբերով՝ ընդհանուր գումարով 81.7 մլն դրամի չափով։


Վառելիքային և էներգետիկ համալիր

 

Հաշվետու տարվա պետական ծախսերում վառելիքաէներգետիկ համալիրի ֆինանսավորման ծախսերն ավելի քան երկու անգամ նվազել են նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր ծախսերում դրանց տեսակարար կշիռը ևս նվազել է՝ 1996 թվականի 2.6 տոկոսից իջնելով մինչև մեկ տոկոս։ Չնայած 1997 թվականին վառելիքաէներգետիկ համակարգի պլանավորված բյուջեով նախատեսված էր ավելի քիչ միջոցներ տրամադրել, քան 1996 թվականի փաստացի ցուցանիշն էր այնուհանդերձ, էներգետիկ բնագավառի կապիտալ շինարարության ծավալների կրճատումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի, Իրան-Հայաստան բարձր լարման գծի, էներգետիկայի օժանդակության ծրագրերի գծով (ընդհանուր 46.5 տոկոս կատարողական), բացասաբար անդրադարձավ խմբի ծախսերի ֆինանսավորման ծավալների վրա։

Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն

 

Հաշվետու տարվա բյուջեի կատարման ընթացքում գյուղատնտեսության, անտառային, ջրային և ձկնային տնտեսության խմբի ֆինանսավորման ծավալները, կարելի է ասել, որ համամասնական են բյուջեի ընդամենը ծախսերի կատարմանը։ Ծախսերի գերակշիռ մասը՝ մոտ 52 տոկոսը, ֆինանսավորվել է հողերի բարելավման աշխատանքների գծով, որոնց ծավալը համարժեք է ամբողջ վառելիքաէներգետիկ համալիրի ֆինանսավորման ծավալին։ Բարձր կատարողական է ապահովվել բնապահպանական միջոցառումների (91.7 տոկոս), տոհմաբուծության, անասնաբուժության և հակահամաճարակային միջոցառումների (95.1 տոկոս), ձկնաբուծության և ջրային տնտեսության (100 տոկոս), անտառային պարկերի (92.5 տոկոս) ծախսերի գծով։

Լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ, վերամշակող արդյունաբերությՈւն, այԼ տնտեսական ծառայություններ

 

Նշված ծախսերի գծով բյուջեից կատարված ֆինանսավորման ծավալները` 1,984.3 մլն դրամ, գերազանցում են նախատեսված մակարդակը ի հաշիվ բյուջետային վարկերի վերադարձի գծով մուտքերի թերակատարման, քանի որ մյուս հոդվածների գծով միջին կատարողականը ցածր է ընդհանուր կատարողականից։

Տրանսպորտ և կապ

 

1997 թվականին տրանսպորտի և կապի խմբի գծով կատարված ծախսերի ծավալը շուրջ 10.5 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա փաստացի ծախսի ցուցանիշի համեմատ՝ ընդամենը ծախսերում պահպանելով գրեթե նույն 2.2 տոկոս տեսակարար կշիռը։ Հաշվետու տարում տրանսպորտի և կապի խմբի գծով կատարված ծախսերի ընդամենը 3,249 մլն դրամը նախատեսված ծավալների 66.3 տոկոսն է՝ պայմանավորված բնագավառի կապիտալ շինարարության ծավալների կրճատմամբ։

Հիմնական խմբերին չդասվող ծախսեր

 

Հիմնական խմբերին չդասվող ծախսերի գծով ֆինանսավորումը կատարվել է պետական պարտքերի սպասարկման, համայնքներին տրված դոտացիաների, նախորդ տարիներից կուտակված պարտքերի մարման գծով ծախսերի ֆինանսավորման և բյուջետային զուտ վարկերի գծով, որոնց վերաբերյալ վերլուծությունը բերված է սույն հաշվետվության ծախսերի տնտեսագիտական դասակարգման մասում։

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ


Ընդհանուր դեֆիցիտը

 

1997 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 20,731.3 մլն դրամ, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 2.6 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ այն կտրուկ նվազել է ոչ միայն ՀՆԱ նկատմամբ (1.8 տոկոսային կետ), այլև իր անվանական մեծությամբ։ Նվազելով 8.2 մլրդ դրամով` այն կազմել է 1996 թվականի դեֆիցիտի ընդամենը 71.6 տոկոսը։

Հաշվետու տարվա պետական բյուջեի փաստացի դեֆիցիտի ցուցանիշը կազմել է նախատեսվածի ընդամենը 61 տոկոսը։ 1997 թվականի կատարման ընթացքում շեղումներ են արձանագրվել դեֆիցիտի ոչ միայն մակարդակի, այլև ֆինանսավորման աղբյուրների համամասնությունների տեսակետից։ Դեֆիցիտի փաստացի մակարդակի շուրջ 39 տոկոսով շեղումը նախատեսված մակարդակից պայմանավորված է հետևյալ հիմնական հանգամանքներով։ Նախ, 1997 թվականին ևս բյուջետային քաղաքականությունը նպատակաուղղված է եղել հանրապետության մակրոտնտեսական կայունության պահպանմանը։ Այդ է պատճառը, որ եկամուտների գերակատարման պայմանում պետական ծախսերը զսպվել են դեֆիցիտի բացասական ազդեցություններից խուսափելու նպատակով։ Բացի այդ, 1997 թվականի բյուջեի կատարման ժամանակ դեֆիցիտի կառավարման վրա էականորեն են ազդել տարվա ընթացքում բյուջեի ներքին և արտաքին հոսքերի` մուտքերի և ելքերի համամասնությունները: Այսպես օրինակ, բյուջեի արտաքին մուտքերից շնորհների ձևով եկամուտները բացի նախատեսված ծավալների գրեթե կիսով չափ թերակատարմանը, ստացված տարեկան մուտքերի 28.8 տոկոսն ապահովել են առաջին կիսամյակում, հիմնական՝ 71.2 տոկոսը երկրորդ կիսամյակում։ Արտաքին վարկերի ներգրավումը, ըստ դրանց ստացման ժամանակացույցի, ևս ամբողջությամբ կատարվել է տարվա երկրորդ կեսին։ Եթե ավելացնենք նաև, որ տարեսկզբին ցածր էր բյուջեի սեփական եկամուտների ոչ միայն համախառն, այլ նաև կանխիկ մուտքագրման մակարդակը, ապա պարզ է դառնում, որ տարվա առաջին կիսամյակում բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվել է գերազանցապես կենտրոնական բանկի վարկի հաշվին։ Այդ ժամանակահատվածում օգտագործվեցին գրեթե 9 մլրդ դրամի վարկային միջոցներ։ Դեֆիցիտի ֆինանսավորման մյուս աղբյուրների, մասնավորապես, գանձապետական պարտատոմսերի թողարկումից զուտ մուտքերի ցածր մակարդակի պայմաններում կենտրոնական բանկի վարկի հաշվին են ֆինանսավորվել նաև արտաքին վճարումները։

 

Ներմուծեք նկարագրությունը_17523

 

Հաշվետու տարվա երկրորդ կիսամյակում բյուջետային եկամուտների և դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներից մուտքերը հնարավորություն ստեղծեցին ծախսերի անհամեմատ մեծ ծավալի ֆինանսավորում իրականացնելու համար։ Մասնավորապես, չորրորդ եռամսյակի ընթացքում ֆինանսավորված ծախսերի ծավալը համարժեք էր ամբողջ առաջին կիսամյակի ընթացքում կատարված ֆինանսավորմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջեի ծախսերի գերակշիռ մասը սոցիալական բնույթի վճարների տեսքով բնակչությանը տրամադրվելուց հետո սպառողական շուկա են ուղղվում և տնտեսության մեջ հանդես բերում ծախսերի, այսպես կոչված, բազմապատիկ (մուլտիպլիկատիվ) արդյունք, աննպատակահարմար համարվեց ստացված մուտքերին համապատասխան ծախսերի ծավալների ընդլայնման` Էքսպանսիայի միջոցով սպառողական շուկայում լարվածություն ստեղծելը։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ բյուջեից վճարված յուրաքանչյուր դրամը տնտեսության վրա ազդում է ծախսերի բազմապատկիչի մեծությանը համարժեք: Դա կախված է բնակչության սպառման սահմանային հակվածության ցուցանիշից, որի արժեքը բավականաչափ բարձր է մեր հանրապետությունում։

Այսպիսով, 1997 թվականին չեն պահպանվել բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների միջև սահմանված համամասնությունները ինչպես ներքին-արտաքին աղբյուրների առումով, այնպես էլ ներքին աղբյուրների կառուցվածքի տեսակետից:

Դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրներ

 

Դեֆիցիտի մոտ 1/3-ը նախատեսվում էր ֆինանսավորել արտաքին աղբյուրներից զուտ մուտքերի, իսկ 69.4 տոկոսը` ներքին աղբյուրների հաշվին: Փաստացի արդյունքներով՝ 1997 թվականի բյուջեի դեֆիցիտի արտաքին աղբյուրները կազմել են ֆինանսավորման ընդհանուր աղբյուրների 113 տոկոսը, որոնց հաշվին մարվել է նաև ներքին աղբյուրների զուտ -2,700.2 մլն դրամը։ Արտաքին աղբյուրների տեսակարար կշիռը ֆինանսավորման ողջ ծավալում աճել է, և դրանց զուտ մուտքը փաստացի ավելի բարձր մակարդակ է ապահովել, քանի որ նախատեսված ծավալներից արտաքին վարկերի մարման գծով ֆինանսավորվել է միայն 44.7 տոկոսը՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության որոշ վարկերի վերաձևակերպմամբ, դրա մարումների ժամանակացույցի տեղափոխմամբ։ Ռուսաստանի Դաշնության վարկից բացի մնացած մարումները կատարվել են Եվրամիության, Թուրքմենստանի և Համաշխարհային բանկի վարկերի գծով։ Նախատեսված ողջ ծավալով, երկու մասնաբաժիններով չորրորդ եռամսյակի ընթացքում է ստացվել Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող Կառուցվածքային բարեփոխումների վարկը՝ SAC-ի գծով մուտքը։ Նախորդ տարվա համեմատ արտաքին ֆինանսավորման զուտ ծավալի աճը շուրջ 50 տոկոսով հավասարապես պայմանավորված է վարկերի ստացման աճի և դրանց մարման նվազման հանգամանքներով։

Պետական արտաքին պարտքը

 

Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների սահմանափակության պայմաններում արտաքին խնայողությունների ներգրավմամբ։

Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 1997 թվականի վերջին կազմել է 694.26 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ 43.97 տոկոսն է։ Այստեղ արտաքին պարտքը ներառում է կառավարության և կենտրոնական բանկի ստանձնած անմիջական վարկային պարտավորությունները, ինչպես նաև կառավարության և Կենտրոնական բանկի կողմից տրամադրված երաշխիքները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 42.12 մլն ԱՄՆ դոլար։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի գումարը ՀՆԱ նկատմամբ չի գերազանցում իր սահմանային թույլատրելի մակարդակը` 50 տոկոսը։

Պետական պարտքի բեռի գնահատման կարևոր ցուցանիշ է նաև տարվա ընթացքում պարտքի ընդհանուր սպասարկման1 հարաբերությունն արտահանման ծավալին, որը ցույց է տալիս երկրի` իր արտաքին պարտավորություններն սպասարկելու ունակությունը։ Ընդ որում, արտաքին պարտքի սպասարկման հարաբերությունն արտահանմանը չպետք է գերազանցի 20-25% սահմանը։ Այս առումով նույնպես Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը դրսևորել է դրական պատկեր։ 1997 թվականի արտաքին պարտքի սպասարկման գումարը կազմել է 33.25 մլն ԱՄՆ դոլար, որից 14.96 մլն դոլարը` տոկոսավճարների գծով։ Պարտքի սպասարկում՝ հարաբերած արտահանում ցուցանիշը կազմել է 14.3 տոկոս, չնայած 1997 թվականի ընթացքում պետական պարտքի սպասարկման առումով իրականացված վերաձևակերպումները նվազեցրել են պարտքի սպասարկման ծավալները։ Այսպիսով, 1997 թվականի արդյունքներով արտաքին պարտքի սպասարկման գծով Հայաստանի Հանրապետությունը դեռևս գտնվում է հարաբերական բարենպաստ պայմաններում։

Հանրապետության արտաքին պետական պարտքի հիմնական աղբյուրը միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկային պայմանագրերով նախատեսված միջոցներն են. վերջիններիս ներկայումս բաժին է ընկնում ընդհանուր արտաքին պետական պարտքի ավելի քան 45 տոկոսը: Հայաստանի հիմնական վարկատուն Համաշխարհային բանկի խումբն է, մասնավորապես՝ Զարգացման միջազգային գործակալությունը, որի նկատմամբ պարտքը 1997 թվականի վերջում կազմել է 239.85 մլն ԱՄՆ դոլար կամ արտաքին պարտքի 34.9 տոկոսը։ Խոշորագույն բազմակողմանի վարկատու է նաև Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը։

Երկկողմանի վարկային պայմանագրերով Հայաստանի հիմնական գործընկերներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Եվրոպական միությունը և Թուրքմենստանը։ Մասնավորապես, 1997 թվականի տարեվերջի դրությամբ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պարտքը կազմում է 109.9 մլն ԱՄՆ դոլար կամ ընդհանուր պետական պարտքի գումարի 16.01%-ը։ Ընդհանուր առմամբ, երկկողմանի վարկատուների նկատմամբ ընդհանուր պարտքի գումարը կազմել է 218.6 մլն ԱՄՆ դոլար կամ 31%։

__________
1 Այստեղ ընդհանուր սպասարկում ասելով նկատի է առնվում արտաքին պարտքի մարման և տոկոսավճարների գումարները միասին վերցրած:


Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներ

 

Հաշվետու բյուջեի տարեկան արդյունքներով դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներից զուտ մուտքը բացասական է (մարվել է 2,700.2 մլն դրամի չափով՝ նախատեսված 23,566 մլն դրամ դրական ֆինանսավորման փոխարեն։ Շեղումը նկատելի է ներքին ֆինանսավորման բոլոր հոդվածների գծով։

Հաշվետու բյուջեում գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքը կազմել է 9,134.6 մլն դրամ։ Ընդ որում, բյուջեով նախատեսված ծավալների կիսով չափ գերակատարումը պայմանավորված է, հիմնականում, վարկային գծի դիմաց երրորդ եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկին տրված պետական արժեթղթերով։ Պետական բյուջեի կատարման ընթացքում 1997 թվականին առաջին անգամ դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կառավարությունը թողարկեց և վարկային գծի օգտագործման դիմաց կենտրոնական բանկին տրամադրեց 4.13 մլրդ դրամի արժեթղթեր, որից մուտքը բյուջե կազմեց 2.4 մլրդ դրամ։ Դրանով հիմքեր ստեղծվեցին Կենտրոնական բանկի հետ հարաբերությունների նոր դաշտի՝ կառավարության պարտավորությունների արժեթղթավորման համար։

Բարձր պահանջարկով պայմանավորված՝ համեմատաբար ցածր եկամտաբերությամբ պետական արժեթղթերից մուտքերը բյուջեի տեսանկյունից ավելի շահեկան էին, քան վարկային գծի միջոցները, որոնց դիմաց բյուջեն ավելի բարձր տոկոսներ էր վճարում։ Այդ իսկ պատճառով, բյուջեով նախատեսված ծավալների նկատմամբ ավելացվել է պետական արժեթղթերի շրջանառությունը։ Տարեկան արդյունքներով բյուջեով նախատեսված 3.1 մլրդ դրամի չափով ներգրավման փոխարեն անհամեմատ մեծ ծավալով մարվել է կենտրոնական բանկի վարկը, ինչի շնորհիվ բանկային համակարգից բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման զուտ մուտքը կազմել է (-11,885.2) մլն դրամ։ ՏAC-ի ստացումից հետո դրա զգալի մասն ուղղվել է Կենտրոնական բանկի վարկային գծի ոչ միայն հաշվետու տարվա 1-3 եռամսյակներում, այլ նաև մինչ 1997 թվականը օգտագործված ծավալների մարմանը։ Սա բացատրվում է դեֆիցիտի մակարդակի զսպման անհրաժեշտությամբ, որի մակրոտնտեսական հնարավոր հետևանքները ներկայացվեցին վերևում։

Պետական ունեցվածքի սեփականաշնորհումից մուտքը պետական բյուջեում 1997 թվականին կազմեց 52.6 մլն դրամ, ինչը բյուջեով նախատեսված ծավալների՝ 14,415 մլն դրամի դիմաց փաստացի ապահովեց ընդամենը 0.4 տոկոս կատարողական։ Հարկ է նշել, որ հաշվետու տարում հանրապետությունում սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է գերազանցապես սերտիֆիկատների միջոցով՝ 18,958.9 մլն դրամ ընդհանուր ծավալով և միայն 0.28 տոկոսը՝ 52.6 միլիոն դրամը՝ դրամով իրականացված վաճառքի միջոցով։


ՊետաԿան ներքին պարտքը

 

Հայաստանի Հանրապետության պետական ներքին պարտքի առկայությունը պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով Կենտրոնական բանկի վարկային միջոցների ներգրավման, պետական արժեթղթերի շրջանառման, պետական երաշխիքների տրամադրման և բյուջեի ծախսերի գծով պարտքերի կուտակման հանգամանքներով։

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 1997 թվականին ավելի ընդլայնվեց պետական արժեթղթերի շրջանառությունը՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 6 տոկոսով ավելի զուտ մուտք։ Տարվա ընթացքում պետական կարճաժամկետ պարտատոմսերից (ՊԿՊ) տեղաբաշխվել է 37.2 մլրդ դրամ (չեն ներառվում վարկային գծի դիմաց Կենտրոնական բանկին տրամադրված 4.13 մլրդ գանձապետական պարտատոմսերը), որոնց միջին եկամտաբերությունը տատանվել է 38.76-73.8 տոկոսի սահմաններում։

ՊԿՊ-երի շուկայի եկամտաբերությամբ է պայմանավորված նաև 1997 թվականի ընթացքում օտարերկրյա ներդրողների ակտիվ մասնակցությունը պետական արժեթղթերի շուկայում։ Կապիտալի ներհոսքը առավել ակտիվ է դրսևորվել 1997 թվականի երկրորդ կիսամյակում։ Ոչ ռեզիդենտները տարեսկզբին տնօրինել են շրջանառությունում գտնվող ՊԿՊ-երի 30.1 տոկոսը, տարեվերջին` 52 տոկոսը։ 1997 թվականի ընթացքում շրջանառությունում գտնվող ՊԿՊ-երի ծավալը աճել է 1.9 անգամ (առանց Կենտրոնական բանկի վարկային գծի դիմաց տրամադրված արժեթղթերի)` տարեվերջին կազմելով 23.2 մլրդ դրամ։ Կենտրոնական բանկի վարկային գծի դիմաց տրամադրված արժեթղթերի ծավալը ներառած, շրջանառությունում գտնվող ՊԿՊ-երի ծավալն աճել է 2.3 անգամ՝ տարեվերջին կազմելով 27.3 մլրդ դրամ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հանրապետությունում տոկոսադրույքների բարձր մակարդակը պայմանավորված է կապիտալի շուկայում պետական արժեթղթերի ծավալների միջոցով ֆիսկալ ճնշմամբ։ Սակայն 1997 թվականին թե' պետական արժեթղթերի առաջարկի նկատմամբ պահանջարկի զգալի բարձր մակարդակը, թե' վերջինով պայմանավորված դրանց եկամտաբերության համեմատաբար ցածր տոկոսները հիմքեր են տալիս պնդելու, որ ընդհանուր տոկոսադրույքների բարձր մակարդակի պահպանումն անմիջականորեն պայմանավորված չէ պետական արժեթղթերով։ Ֆինանսական շուկան բավականին զգայուն է հատկապես Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ, և դրա սահմանման ժամանակ շուկայական համապատասխան գործոնների ճիշտ գնահատումը խիստ կարևոր նշանակություն ունի։


Առաջնային դեֆիցիտը

 

Հաշվետու տարում պետական բյուջեի առաջնային դեֆիցիտը1  կազմել է 831 մլն դրամ, ինչը ՀՆԱ 0.1 տոկոսն է։ Առաջնային դեֆիցիտի ցուցանիշը հնարավորություն է տալիս գնահատել պետական պարտքի դիմաց տոկոսավճարների կշիռն ընդհանուր ծախսերի կառուցվածքում և դրանով պայմանավորված դեֆիցիտի մեծության վրա վերջիններիս ազդեցության աստիճանը։ 1997 թվականին, ըստ էության, 20.7 մլրդ դրամի ընդհանուր դեֆիցիտի շուրջ 20 մլրդ դրամը պայմանավորված է ներքին ու արտաքին պարտքի սպասարկմամբ, մյուս ծախսերի գծով դեֆիցիտն աննշան փոքր է, ինչը ցույց է տալիս, որ հաշվետու տարվա բյուջեում տոկոսավճարների ծանրությունն զգալի է եղել։ Այս ցուցանիշն անհամեմատ՝ 10 անգամ փոքր է նախորդ տարիների (1995, 1996 թվականներ) ցուցանիշներից։

________________

 

1 Առաջնային դեֆիցիտը հաշվում են որպես բյուջեի ընդամենը եկամուտների և շնորհների և ծախսերի  (առանց տոկոսավճարների գումարների) տարբերություն:

2 Պետական բյուջեի ներքին դեֆիցիտը հաշվարկվում է որպես ընթացիկ եկամուտների (ընդամենը եկամուտներ` հանած շնորհներ) և ընդամենը ծախսերի (առանց արտաքին ֆինանսավորման կապիտալ ծախսերի) տարբերություն:


Ներքին դեֆիցիտը

 

Բյուջեի պլանավորման հիմքում դրված 58,804.2 մլն դրամ ներքին դեֆիցիտի2  դիմաց փաստացի ցուցանիշը կազմել է 34817.9 մլն դրամ կամ նախատեսվածի 59.2 տոկոսը, ինչը վկայում է բյուջեի կատարման ընթացքում դրա ներքին հավասարակշռվածության պահպանման մասին։ Հաշվետու տարվա բյուջեի ներքին դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 4.4 տոկոսը, որը ևս նախորդ տարվա համեմատ բարելավվել է՝ նվազելով թե´ անվանական արտահայտությամբ (3.3 մլրդ դրամով), թե´ ՀՆԱ-ի նկատմամբ (1.5 տոկոսային կետով)։ Հատկանշական է, որ պետական բյուջեի ներքին դեֆիցիտի ցուցանիշը երկու տարում ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է շուրջ 2.2 անգամ, ինչը վկայում է, որ պետական ծախսերի ֆինանսավորման ծավալների ավելացումը կատարվել է բացառապես սեփական եկամուտների աճի հաշվին։

Ընթացիկ դեֆիցիտը

 

Ընթացիկ դեֆիցիտը1 հաշվետու տարում կազմել է 10,793.4 մլն դրամ, ինչը միաժամանակ ՀՆԱ-ի 1.35 տոկոսն է։ Հաշվետու բյուջետային տարվա ընթացիկ դեֆիցիտի համադրումն ընդհանուր դեֆիցիտին թույլ է տալիս եզրակացնել, որ սեփական եկամուտների աճի պայմաններում ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը զուգահեռ աճել են նաև պետական խնայողությունները։

__________
1 Պետական բյուջեի ընթացիկ դեֆիցիտը հաշվում են որպես ընթացիկ եկամուտների (ընդամենը եկամուտները` առանց շնորհների և կապիտալի գործառնություններից ստացված եկամուտների) և ընթացիկ ծախսերի (ընդամենը ծախսերը` առանց կապիտալ ծախսերի և նախորդ տարվա պարտքի մարման) տարբերություն:

Բյուջեի փոխհարաբերությունները Կենտրոնական բանկի հետ

 

Կենտրոնական բանկի հետ բյուջեի փոխհարաբերությունները հիմնված են կենտրոնական բանկի նկատմամբ կառավարության պարտավորությունների կառավարման վրա: Վերջինս կարևորվում է ինչպես դրամավարկային, այնպես էլ բյուջետային քաղաքականության տեսանկյունից։ Ինչպես 1997 թվականի բյուջեի կատարման ապահովման, այնպես էլ ելնելով միասնական տնտեսական քաղաքականության իրագործման անհրաժեշտությունից, հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվել էին ծրագրային ցուցանիշներ, որոնք բյուջեի կողմից չգերազանցվեցին ոչ մի եռամսյակի ընթացքում։

 

Ներմուծեք նկարագրությունը_17524

 

Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորությունների ցուցանիշն առաջին կիսամյակի ընթացքում աճելով 8.5 մլրդ դրամով՝ տարվա երկրորդ կեսին նվազել է 19.4 մլրդ դրամով՝ այդպիսով, տարեսկզբի համեմատ տարեվերջին ապահովելով կառավարության պարտավորությունների ցուցանիշի գրեթե 11 մլրդ դրամով ցածր մակարդակ։ Հաշվետու բյուջետային տարում Կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորությունների կառավարման ժամանակ դժվարություններ էին առաջանում կապված Կենտրոնական բանկում կառավարության դեպոզիտների շարժի հետ` դրանց կառավարելիության և կանխատեսելիության առումով։ Դեպոզիտների վարքագիծը բացատրվում էր տարվա ընթացքում բյուջետային գործընթացում կատարվող փոփոխություններով։ Դրանք որոշակի կայունություն դրսևորեցին տարեվերջին. մասնավորապես, եթե 1996 թվականի ընթացքում առևտրային բանկերում բյուջետային ազատ մնացորդները մշտապես տատանվում էին 3 մլրդ դրամի սահմաններում, ապա 1997 թվականի տարեվերջին` 2-3 հարյուր միլիոն դրամի սահմաններում, ինչն իր հերթին փաստում է բյուջետային միջոցների տնօրինման արդյունավետության և նպատակայնության աստիճանի բարձրացման մասին։


 
* - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում: