Գլխավոր տեղեկություն
Համար
N 500-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2020-17.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 11.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 500-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամաշնորհի տրամադրման կարգ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 358-Լ որոշման հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ընտանիքում առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500 -Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը «N 358-Լ» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500 -Լ» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

«12. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500 -Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու:»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

 «4) եթե հանդիսացել է (հանդիսանում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500 -Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 9-ի N 500-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`

1) 2019 թվականին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ

2) 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ

3) 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով՝ բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետում նշված դեպքերի։

4. Անկախ սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված դրույթների, շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով, եթե՝

1) շահառու անձինք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն.

2) հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։

5. Շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

6. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) ում կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.

2) ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.

3) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ, մարտի 30-ի N 410-Լ, մարտի 30-ի N 412-Լ և ապրիլի 2-ի N 427-Լ որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան