Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-198
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1998-09.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 փետրվարի 1998 թ.

 

ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Ընդհանուր դրույթներ

 

Սույն օրենքում օգտագործված հիմնական հասկացություններն են`

ինտեգրալ միկրոսխեմա (այսուհետև` ԻՄՍ)` էլեկտրոնային սխեմայի ֆունկցիայի կատարման նշանակություն ունեցող վերջնական կամ միջանկյալ ձևի միկրոէլեկտրոնային պատրաստվածք, որի տարրերը և կապերն անբաժանելիորեն ձևավորված են այն նյութի ծավալում և (կամ) մակերևույթին, որը հիմք է ծառայել տվյալ իրի պատրաստման համար.

ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիա (այսուհետ` տոպոլոգիա)` նյութական կրիչի վրա ամրակայված ինտեգրալ միկրոսխեմայի տարրերի համախմբության և դրանց միջև կապերի տարածաերկրաչափական դասավորությունը.

առևտրային նպատակներով օգտագործում (այսուհետ` օգտագործում)` կիրառում, վաճառք, վարձակալության հանձնում կամ այլ եղանակով առևտրային նպատակով տարածում, ինչպես նաև այդ գործողությունները կատարելու առաջարկություն.

իրավատեր` հեղինակը, նրա ժառանգորդը, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որն օրենքի կամ պայմանագրի համաձայն ստացել է գույքային բացառիկ իրավունքներ:

 

Հոդված 2.

ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:

 

Հոդված 3.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքով կարգավորվում են տոպոլոգիաների ստեղծման, իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 4.

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Տոպոլոգիայի նկատմամբ իրավունքը պաշտպանվում է պետության կողմից:

Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը գործում է տասը տարի, որի սկիզբը որոշվում է հետևյալ արձանագրված թվականներից ավելի վաղով`

տոպոլոգիայի առաջին օգտագործման թվականով, այսինքն` տվյալ տոպոլոգիան կամ այդ տոպոլոգիայով ԻՄՍ-ն աշխարհում որևէ տեղ տնտեսական շրջանառության մեջ դնելու` փաստաթղթով ամրագրված ամենավաղ թվականը.

տոպոլոգիայի գրանցման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից (այսուհետ` պետական լիազորված մարմին) տոպոլոգիայի գրանցման թվականով:

Այլ հեղինակի կողմից անկախ ստեղծված նույնական ինքնօրինակ տոպոլոգիա երևան գալու դեպքում տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասը տարին:

 

Հոդված 5.

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Սույն օրենքով սահմանված կարգով պաշտպանվում է այն տոպոլոգիան, որն ինքնօրինակ է:

Տոպոլոգիան ինքնօրինակ է, եթե այն հեղինակի ստեղծագործական աշխատանքի արդյունք է: Տոպոլոգիան համարվում է ինքնօրինակ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

Եթե տոպոլոգիայի ստեղծման թվականի դրությամբ դրա տարրերի համախմբությունը հանրահայտ է ԻՄՍ-ներ մշակողների համար, ապա դրան սույն օրենքով նախատեսված իրավական պաշտպանություն չի ընձեռվում:

Եթե տոպոլոգիան կազմված է դրա ստեղծման թվականի դրությամբ ԻՄՍ-ներ մշակողների և արտադրողների համար հանրահայտ տարրերից, ապա դրան իրավական պաշտպանություն է ընձեռվում միայն այն դեպքում, երբ այդպիսի տարրերի համախմբությունը բավարարում է սույն հոդվածի երկրորդ մասի պահանջներին:

Սույն օրենքով իրավական պաշտպանության ենթակա չեն այն մտահղացումները, եղանակները, համակարգերը, տեխնոլոգիաները, կոդավորված տեղեկատվությունը, որոնք կարող են իրագործվել տոպոլոգիայում:

 

Հոդված 6.

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

Տոպոլոգիայի հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, որի ստեղծագործական աշխատանքով է ստեղծվել այն:

Եթե տոպոլոգիան ստեղծվել է 2 կամ ավելի հեղինակների համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանցից յուրաքանչյուրը ճանաչվում է հեղինակ:

Տոպոլոգիայի հեղինակներ չեն ճանաչվում այն ֆիզիկական անձինք, ովքեր տոպոլոգիայի ստեղծման գործում չեն ունեցել անձնական ստեղծագործական ներդրում, հեղինակին ցուցաբերել են զուտ տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական բնույթի օգնություն կամ աջակցել են միայն տոպոլոգիայի օգտագործման իրավունքի փաստաթղթերի ձևակերպման հարցում:

Հեղինակության իրավունքն անօտարելի անձնական իրավունք է և օրենքով պաշտպանվում է անժամկետ:

Հեղինակն իրավունք ունի տոպոլոգիայի գրանցման վկայագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ:

 

Հոդված 7.

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է հեղինակին կամ այլ իրավատիրոջ և հնարավորություն է տալիս նրան իր հայեցողությամբ արտադրել և տարածել այդպիսի տոպոլոգիայով ԻՄՍ-ներ, ինչպես նաև արգելել դրա օգտագործումը սույն օրենքին հակասող դեպքերում:

Եթե տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է մի քանի անձանց, ապա այդ իրավունքից օգտվելու հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի տոպոլոգիան օգտագործել իր հայեցողությամբ, սակայն իրավունք չունի օգտագործման իրավունքը զիջել այլ անձի կամ տալ օգտագործման թույլտվություն առանց մյուս իրավատերերի համաձայնության:

Ծառայողական պարտականությունների կատարմամբ կամ գործատուի առաջադրանքով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրա և հեղինակի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այդ պայմանագրով կարող են սահմանվել նաև հեղինակի վարձատրության չափը և վճարման կարգը:

Գործատու չհամարվող պատվիրատուի և հեղինակի միջև կնքված պայմանագրով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է պատվիրատուին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում առանց հեղինակի կամ այլ իրավատիրոջ թույլտվության հետևյալ գործողությունների կատարումը`

ա) ԻՄՍ-ում կիրառելու կամ այլ ձևով տոպոլոգիայի կամ դրա մի մասի պատճենումը, բացառությամբ տոպոլոգիայի միայն այն մասի պատճենման, որը ինքնօրինակ չէ.

բ) տոպոլոգիայի կամ այդ տոպոլոգիայով ԻՄՍ-ի կիրառումը, ներմուծումը, վաճառքը, վարձակալության հանձնումը կամ այլ եղանակով առևտրային նպատակով տարածումը, ինչպես նաև այդ գործողությունների կատարման առաջարկը:

Եթե իրավատերը չի կարող օգտագործել տոպոլոգիան առանց մեկ ուրիշ իրավատիրոջ բացառիկ իրավունքը խախտելու, ապա նա իրավունք ունի վերջինից պահանջել օգտագործման թույլտվություն` պայմանագրի համաձայն: Համաձայնության չգալու դեպքում հարցը կարող է լուծվել դատական կարգով:

 

Հոդված 8.

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները պայմանագրի հիման վրա ամբողջովին կամ մասնակիորեն կարող են փոխանցվել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Պայմանագիրը պետք է սահմանի տոպոլոգիայի օգտագործման եղանակը և ծավալը, վճարումների չափը և վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը: Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքներն օրենքով սահմանված կարգով փոխանցվում են ժառանգաբար:

Պետական լիազորված մարմնում գրանցված տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքների զիջման պայմանագրերը պետք է գրանցվեն այդ մարմնում: Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր:

Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքների փոխանցման պայմանագրերը կողմերի համաձայնությամբ կարող են գրանցվել պետական լիազորված մարմնում:

 

Հոդված 9.

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտում չի համարվում`

ա) օրինական ճանապարհով ձեռք բերած ԻՄՍ-ների կամ այդպիսի ԻՄՍ-ներ պարունակող իրերի օգտագործումը, եթե օգտագործող անձը չգիտի և պարտավոր չէ իմանալ, որ այդ ԻՄՍ-ները կամ այդպիսի ԻՄՍ-ներ պարունակող իրերը պատրաստվել և տարածվում են տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտումով: Տոպոլոգիայի իրավատիրոջից համապատասխան ծանուցում ստանալուց հետո այդ անձը վճարում է համարժեք փոխհատուցում` հետագայում նոր օգտագործած յուրաքանչյուր ԻՄՍ-ի կամ այդպիսի ԻՄՍ պարունակող իրի համար.

բ) անձնական կարիքների համար` առանց շահույթ ստանալու նպատակի, ինչպես նաև հետազոտման, վերլուծության, գնահատման կամ ուսուցման նպատակներով օգտագործումը.

գ) պաշտպանվող տոպոլոգիայով այն ԻՄՍ-ների տարածումը, որոնք տնտեսական շրջանառության մեջ են դրվել օրինական ճանապարհով:

Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև այլ հեղինակի կողմից անկախ ստեղծված նույնական ինքնօրինակ տոպոլոգիայի` իրավատիրոջ կողմից սույն օրենքի 7 հոդվածի հինգերորդ մասում նշված գործողությունների կատարումը:

 

Հոդված 10.

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը կարող է անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնել պետական լիազորված մարմին:

Եթե մինչև հայտ ներկայացնելը տոպոլոգիան օգտագործվել է, հայտը կարող է ներկայացվել մինչև առաջին օգտագործման թվականից երկու տարին լրանալը:

Հայտը պետք է վերաբերի մեկ տոպոլոգիայի և պարունակի`

ա) դիմում ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման վերաբերյալ, որտեղ նշվում է իրավատերը (հայտատուն), ինչպես նաև հեղինակը, եթե նա չի հրաժարվել որպես այդպիսին հիշատակվելուց, նրանց բնակության կամ գտնվելու վայրը և առաջին օգտագործման թվականը (եթե այն օգտագործվել է).

բ) տոպոլոգիայի նույնականացման նյութեր, ներառյալ համառոտ շարադրանքը:

Հայտին կցվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը:

Պետական լիազորված մարմինը երկամսյա ժամկետում ստուգում է ստացված հայտի համապատասխանությունը սույն հոդվածի երրորդից հինգերորդ մասերով սահմանված պահանջներին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պետական լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում տոպոլոգիան գրանցում է ԻՄՍ-ների տոպոլոգիաների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան), տալիս է ԻՄՍ-ների տոպոլոգիաների պետական գրանցման վկայական (այսուհետ` վկայական) և եռամսյա ժամկետում իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում գրանցված տոպոլոգիայի մասին:

Հայտը ներկայացնելու կամ պետական լիազորված մարմնի հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի լրացումներ, ուղղումներ և ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերի մեջ:

Պետական գրանցման կարգը, վկայականի ձևը, դրա մեջ նշվող տվյալների ցանկը, պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը:

Պետական գրանցամատյանում գրանցված տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ ապացուցված չէ հակառակը: Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:

Իր իրավունքների մասին նախազգուշացնելու նպատակով տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը իրավունք ունի պաշտպանվող տոպոլոգիայի, ինչպես նաև այդպիսի տոպոլոգիա պարունակող իրերի վրա զետեղել նախազգուշական գրառում` լատիներեն T տառի կամ այդ տառը շրջանակի, քառակուսու, փակագծերի կամ չակերտների մեջ վերցված պատկերի տեսքով` նշելով տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը և իրավատիրոջը նույնականացնող տեղեկություն:

 

Հոդված 11.

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Իր իրավունքները պաշտպանելու համար հեղինակը կամ այլ իրավատերը սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

Տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերն իրավունք ունի պահանջել`

ա) նախքան իրավունքը խախտելը գոյություն ունեցած իրադրության վերականգնում.

բ) պատճառած վնասի փոխհատուցում, որը ներառում է նաև խախտողի ապօրինի ստացած եկամուտները.

գ) իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված` օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցների կիրառում:

Դատարանի որոշմամբ ապօրինի պատրաստված ԻՄՍ-ները և այդպիսիք պարունակող իրերը, ինչպես նաև դրանց պատրաստման համար նախատեսված նյութերը և սարքավորումները կարող են բռնագրավվել, ոչնչացվել, իրացվել և իրացումից ստացված գումարները հաշվեգրվել պետական բյուջե կամ հայցվորի խնդրանքով փոխանցվել վերջինիս` ի հաշիվ պատճառված վնասի փոխհատուցման:

 

Հոդված 12.

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը կարող է տոպոլոգիայի իրավական պաշտպանություն խնդրարկել օտարերկրյա պետություններում:

 

Հոդված 13.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով, օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին համահավասար:

 

Հոդված 14.

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

 

 ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման և իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր, որոնց տեսակները, չափերը և վճարման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 15.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար,
Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան


Երևան
 3 մարտի 1998 թ.
ՀՕ-198