ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2020 թվականի N 485-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԱՊԱԱՄՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին ապաամրագրել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել պետական պահուստում պահպանվող դեղեր և առողջապահական նշանակության նյութական արժեքներ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ներկայացված հայտերի (գրությունների) հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ պետական պահուստից ապաամրագրված նյութական արժեքները հատկացնել բժշկական հաստատություններին՝ կորոնավիրուսային հիվանդության (CՕVID-19) կանխարգելումը և բուժումը կազմակերպելու նպատակով:
3. Սույն որոշումը գործում է ուժի մեջ մտնելուց հետո երկու ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 6 Երևան |