ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 350-Ն
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 331-Ն)
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.03.20 N 331-Ն)
2. Սահմանել, որ`
1) պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը օրենքով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու կամ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման բացակայության պատճառներով պահանջատիրոջը հետ վերադարձնելու և վերջինիս կողմից խախտումները վերացնելու համար դատարան ներկայացնելու դեպքում` դատարանը թույլ տված խախտումները վերացնելուց հետո այն ծառայություն է ուղարկում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգին համապատասխան՝ էլեկտրոնային եղանակով.
2) եթե պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձվում է պահանջատիրոջը կամ մինչև որոշման 1-ին կետով սահմանված կարգն ուժի մեջ մտնելն արդեն վերադարձվել է պահանջատիրոջը, ապա պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կրկին անգամ կատարման է ներկայացվում թղթային տարբերակով.
3) թղթային տարբերակով ներկայացված կատարողական թերթի պարզաբանման անհրաժեշտության դեպքում ծառայությունը դիմում է դատարան և ստանում պարզաբանում թղթային տարբերակով:
(2-րդ կետը փոփ. 19.03.20 N 331-Ն)
3. Էլեկտրոնային համակարգի գործարկման և սպասարկման պատասխանատու մարմինն արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունն է:
4. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 350-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 331-Ն)
1. Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է դատարանների և ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կատարողական թերթի, կատարողական վարույթին առնչվող որոշումների, դատական ակտերի, դիմումների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի (այսուհետ միասին` փաստաթղթեր) գեներացման (տվյալների մուտքագրման միջոցով ավտոմատ ստեղծման), վերբեռնման (մուտքագրման) և ներբեռնման (էլեկտրոնային համակարգում դիտելու և ստանալու) միջոցով:
2. Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթեր ուղարկելու և ստանալու նպատակով օգտատերը (դատավորը՝ իր աշխատակազմի կամ դատարանը` դատարանի աշխատակազմի միջոցով և ծառայությունը` իրավասու ստորաբաժանման միջոցով) մուտք է գործում էլեկտրոնային համակարգ: Էլեկտրոնային համակարգ մուտք գործելով՝ օգտատերը ստանում է էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթեր դիտարկելու, ներբեռնելու, գեներացնելու, վերբեռնելու (մուտքագրելու) և սույն կարգով նախատեսված՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացմանն ուղղված այլ գործողություններ իրականացնելու իրավասություններ:
3. Գործերի վերաբաշխման դեպքերում իրավասու անձն էլեկտրոնային համակարգում կատարում է անհրաժեշտ նշում դատական գործերի և կատարողական վարույթների շրջանակում ուղարկվող և ստացվող փաստաթղթերը այլ դատավորի փոխանցելու, նրան հասանելի դարձնելու համար:
4. Էլեկտրոնային համակարգ մուտքը կատարվում է անհատական մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրման միջոցով: Յուրաքանչյուր օգտատեր իր անհատական մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրման միջոցով մուտք է գործում էլեկտրոնային համակարգի իր հասանելի տիրույթ, որտեղ արտացոլվում են իրեն մակագրված՝ համապատասխանաբար դատական գործերի և կատարողական վարույթների շրջանակում ուղարկվող և ստացվող փաստաթղթերը:
5. Փաստաթղթերն ուղարկվում են դրանք էլեկտրոնային համակարգում գեներացվելու կամ վերբեռնելու, իսկ ստացվում են էլեկտրոնային համակարգից դրանք ներբեռնելու միջոցով: Փաստաթղթի ուղարկման դեպքում ստացող օգտատերը էլեկտրոնային եղանակով ծանուցվում է փաստաթղթի ստացման մասին:
6. Էլեկտրոնային համակարգով ուղարկված փաստաթղթերի վրա էլեկտրոնային համակարգի կողմից փաստաթղթերի յուրաքանչյուր էջի ներքևի ձախ անկյունում կատարվում է նշում, որը պարունակում է էլեկտրոնային համակարգի անվանումը, ուղարկման ամսաթիվը և ժամը, իսկ ստացման դեպքում` աջ անկյունում արտացոլվում են ստացման ամսաթիվը և ժամը:
7. Դատարանի կողմից փաստաթղթի առաջին գեներացման կամ վերբեռնման ժամանակ փաստաթուղթն արտացոլում է դատական գործի համարը, որին առնչվում է այդ փաստաթուղթը: Ծառայության կողմից փաստաթղթի գեներացման կամ վերբեռնման ժամանակ փաստաթուղթն արտացոլում է այն կատարողական վարույթի համարը, որին առնչվում է այդ փաստաթուղթը: Համակարգում գեներացված կամ ներբեռնված յուրաքանչյուր փաստաթուղթ կրում է էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անհատական համար: Էլեկտրոնային համակարգում փաստաթղթերը միմյանց փոխկապակցվում և նույնականացվում են դրանց տրված անհատական համարներով:
8. Համակարգում գեներացվող կամ վերբեռնվող բոլոր փաստաթղթերը պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ՝ բացառությամբ կցվող, սկանավորված փաստաթղթերի:
(հավելվածը խմբ. 19.03.20 N 331-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |