Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.04/10(393) Հոդ.382
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու ընթացակարգը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում նշանակել սույն որոշումից բխող միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումներ:

3. (կետն ուժը կորցրել է 06.11.14 N 1215-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 28
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 297-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը (այսուհետ` վերադարձի վկայական) Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար ժամանակավոր միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է:

2. Վերադարձի վկայականը 21 x 14 սմ չափսերով ուղղանկյուն ձևաթուղթ է:

3. Ձևաթղթի դիմերեսի վերևի մասում գլխատառերով տպագրվում է հայերեն` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն` «REPUBLIC OF ARMENIA» (ՐԸՓԱԲԼԻԿ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ) բառակապակցությունը՝

1) կենտրոնում ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվող գունավոր ներկերով պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը.

2) Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև գլխատառերով տպագրվում է հայերեն` «ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ» և անգլերեն` «CERTIFICATE OF RETURN» (ՍԵՐՏԻՖԻՔԵՅԹ ՕՖ ՐԻԹԸՐՆ) բառակապակցությունը:

(3-րդ կետը փոփ. 25.06.15 N 692-Ն)

4. Ձևաթղթի դարձերեսի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն` ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացված են տեղեր` նշելու համար հետևյալ տեղեկությունները`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանություն/հյուպատոսություն - քաղաք.

2) տրված է (վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը):

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված գրառումներից հետո յուրաքանչյուր մասում համապատասխան լեզուներով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ» և «Վկայականը տալիս է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք» բառակապակցությունները: Այնուհետև, վերստին հատկացված են տեղեր` նշելու համար հետևյալ անհրաժեշտ տեղեկությունները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թվականը (օրը, ամիսը, տարեթիվը), ծննդյան վայրը, վկայականն ուժի մեջ է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը): Լուսանկարի ներքևի մասում դրվում է վկայականի անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվում է կանաչ գույնով:

(5-րդ կետը լրաց. 25.06.15 N 692-Ն)

6. Ձևաթղթում տեղ է հատկացվում նաև վկայականի անվանատիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի և վկայականը տրամադրող պաշտոնյայի ստորագրության համար:

7. Վկայականի ձևաթուղթը պատրաստվում է պաշտպանված թղթից, որը պատված է տարբեր գույների` ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվող մանրաթելերով: Վկայականի տպագրության համար օգտագործվում են հետևյալ պաշտպանիչ միջոցները`

1) իրիս տպագրություն. գույնից գույն սահուն անցում.

2) պաշտպանված հետնապատկեր. մանրագծերով կառուցված նախշեր.

3) գելեոշիրային տարր. չընդհատվող գծերից բաղկացած գծանկար.

4) միկրոգրություն. ընթեռնելի է դառնում միայն խոշորացման դեպքում.

5) անհատական համարակալում.

6) ուլտրամանուշակագույն ներկ. այս ներկով տպված բոլոր օբյեկտներն ուլտրամանուշակագույն լույսի ներքո արտացոլվում են կանաչ գույնով:

8. Ձևաթղթում կարող է տեղ գտնել վերադարձի վկայականի իսկությունը «www.e-verify.am» համակարգով ստուգելու համար նախատեսված հատուկ համարանիշը։

(8-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

(հավելվածը խմբ. 10.01.13 N 114-Ն, փոփ., լրաց. 25.06.15 N 692-Ն, լրաց. 02.04.20 N 479-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 297-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը (այսուհետ` վերադարձի վկայական) միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ վերադարձի վկայական հայցող) հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն` սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում:

2. Սույն կարգի իմաստով սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթ է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (այդ թվում` դիվանագիտական անձնագիրը), փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության կողմից տրված ճամփորդական փաստաթղթերը (այսուհետ` օրինական փաստաթուղթ), որոնք վավերական են և պիտանի են օգտագործման համար:

3. Վերադարձի վկայական տրվում է սույն կարգի 1-ին կետում նշված անձանց` օրինական փաստաթղթի անվավեր (ժամկետանց) լինելու, բացակայության, ընդհանրապես տրամադրված չլինելու, օգտագործման համար ոչ պիտանի լինելու և շտապ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտության դեպքում: Օգտագործման համար ոչ պիտանի են համարվում այն օրինական փաստաթղթերը, որոնք առավելապես մաշված են, վնասված են, բացակայում են կամ հստակ տեսանելի չեն անձի անհատական տվյալները (լուսանկարը), վիզաները, սահմանահատումների դրոշմակնիքները կամ դրանք պարունակող էջերը, ինչպես նաև առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ կատարված նշումներ:

4. Վերադարձի վկայական տրվում է նաև օտարերկրյա պետությունում ապօրինի գտնվող և օրինական փաստաթուղթ չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն վերադարձն ապահովելու համար, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` սահմանված կարգով ներկայացված հարցման հիման վրա, այդ թվում` համապատասխան պետության հետ կնքված` առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրով (այսուհետ` ռեադմիսիայի համաձայնագիր)` նախատեսված կարգով ներկայացված հարցման կամ ռեադմիսիայի համաձայնագրով սահմանված հարցազրույցի արդյունքում կայացրած որոշման հիման վրա:

 

II. ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Վերադարձի վկայական ստանալու համար օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին անձամբ դիմում է Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ՝ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ) կամ տեսակապի միջոցով դիմում է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին։ Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:

(5-րդ կետը խմբ. 02.04.20 N 479-Ն)

5.1. Տեսակապով դիմելու դեպքում քաղաքացին էլեկտրոնային եղանակով նախապես հայտ է ներկայացնում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի։ Տեսակապի միջոցով դիմումներ ընդունելու հնարավորությամբ դիվանագիտական ծառայության մարմինների և համապատասխան հյուպատոսական ծառայությունների ցանկը, ինչպես նաև հայտն առցանց եղանակով լրացնելու ընթացակարգը հրապարակվում են բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում։

(5.1-ին կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

5.2. Հայտը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցն առցանց եղանակով, գրավոր քաղաքացուն առաջարկում է տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև տեղեկացնում է անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին։

(5.2-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

5.3. Տեսակապը հաստատվելուն պես՝ քաղաքացին տեղեկացվում է, որ տեսակապը տեսաձայնագրվելու և պահպանվելու է։ Քաղաքացու համաձայնության դեպքում տեսակապը շարունակվում է, իսկ անհամաձայնության դեպքում ընդհատվում է, և վերջինիս հայտը մնում է անհետևանք։

(5.3-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

5.4. Տեսակապի ընթացքում ստուգվում է անձի ինքնությունը՝ հիմք ընդունելով դիվանագիտական ծառայության մարմնի տրամադրության տակ տվյալ անձի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները (լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և այլն), առկայության դեպքում՝ նաև ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ տվյալներ։

(5.4-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

5.5. Վերադարձի վկայական ստանալու համար դիվանագիտական ծառայության մարմին անձամբ կարող է դիմել նաև վերադարձի վկայական հայցողի կողմից լիազորված անձը՝ ներկայացնելով N 3 ձևի լիազորագիր։ Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում։ Լիազորագրի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում դիվանագիտական ծառայության մարմինը կարող է կապ հաստատել լիազորող անձի հետ՝ լրացուցիչ հավաստիացում ստանալու համար։

(5.5-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

5.6. Վերադարձի վկայական ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի, լրացված (պարտադիր լրացման ենթակա են 1-7-րդ կետերը) և ստորագրված դիմողի կողմից.

2) 35 x 45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության).

3) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները.

4) ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի (այլ օրինական փաստաթղթի) կամ նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագրի առկայության դեպքում` տվյալ փաստաթղթի բնօրինակը: Նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք.

5) օրինական փաստաթղթի բացակայության դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) անձը հաստատող այլ փաստաթղթերի բնօրինակները (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության (նաև նախկին ՀԽՍՀ) իրավասու մարմնի կողմից տրված զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական) կամ դրանց նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում),

բ. տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից (այլ իրավասու մարմնից)` անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ բնական կամ տեխնածին աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում),

գ. վարորդական վկայականի բնօրինակը (առկայության դեպքում),

դ. բացակայող օրինական փաստաթղթի լուսապատճենը (առկայության դեպքում).

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները` հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ. ծնողի (ծնողների) անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները.

7) լիազորված անձի դիմելու դեպքում՝ վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը։

(5.6-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

6. Տեսակապով դիմելու դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով։

(6-րդ կետը խմբ. 02.04.20 N 479-Ն)

7. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում` անձին վերադարձի վկայական տրամադրելու խնդրանքով դիվանագիտական ծառայության մարմին կարող է դիմել նաև օտարերկրյա պետության իրավասու մարմինը: Եթե անձը հրաժարվել է լրացնել և ստորագրել դիմում-հարցաթերթիկը, նրա փոխարեն այն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լրացնում և ստորագրում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի պաշտոնյան:

(7-րդ կետը փոփ., լրաց. 02.04.20 N 479-Ն)

 

III. ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՊԱՐԶՈՒՄԸ

 

8. Անձի ինքնությունը և քաղաքացիությունը պարզվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե՝

1) ներկայացվում է անվավեր (վավերականության ժամկետը լրացած) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ, կամ՝

2) ներկայացվում է օգտագործման համար ոչ պիտանի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ, կամ՝

3) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական, կամ՝

4) ներկայացվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր և դիմումն ընդունած հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետության քաղաքացիություն ունենալը ժխտող փաստաթուղթ, կամ՝

5) ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձի այդ կարգավիճակը հիմնավորող և ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

8.1. Ցանկացած դեպքում անձի տվյալները նաև ստուգվում են «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր)։

(8.1-ին կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

9. Անձի ինքնության և քաղաքացիության պարզումը պարտադիր կատարվում է բնակչության պետական ռեգիստրում պահվող տվյալների հիման վրա, եթե՝

1) չի ներկայացվում սույն կարգի 8-րդ կետում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը.

2) ներկայացվող փաստաթուղթը կասկած է հարուցում (առկա են չհաստատված ջնջումներ կամ ուղղումներ, լուսանկարի փոխման հետքեր, կնիքները կամ դրոշմակնիքները հստակ չեն, փաստաթուղթն առավելապես մաշված է կամ առկա են այլ հիմնավոր փաստական հանգամանքներ):

(9-րդ կետը փոփ. 02.04.20 N 479-Ն)

10. Անձի քաղաքացիության պարզումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ վերադարձի վկայական հայցողի՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստացած չլինելու դեպքում՝ սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Անձի ինքնության և քաղաքացիության պարզումը կարող է կատարվել նաև ռեադմիսիայի համաձայնագրով սահմանված հարցազրույցի արդյունքում կայացրած որոշման հիման վրա, եթե անձը չի ներկայացնում իր ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթուղթ կամ հանդես է գալիս կեղծ տվյալներով:

12. Անձի ինքնությունը պարզելու համար ներկայացված տվյալները՝ լուսանկարը և մյուս անհատական տվյալները, համեմատվում են ներկայացված փաստաթղթերում առկա կամ բնակչության պետական ռեգիստրում պահվող տվյալների հետ: Անձի ինքնությունը համարվում է պարզված, եթե համեմատվող բոլոր անհատական տվյալները համընկնում են:

13. Անհատական տվյալների (լուսանկար, անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ և այլն) անհամապատասխանության դեպքում վերադարձի վկայականի տրամադրումը մերժվում է:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

14. Անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում պահվող տվյալների ստուգումը կատարվում է հետևյալ եղանակներով՝

1) համակարգի միջոցով.

2) համակարգի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) հարցում կատարելու միջոցով:

(14-րդ կետը փոփ. 02.04.20 N 479-Ն)

15. Նախարարություն հարցում կատարվում է դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից դիմումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով: Հարցմանը կցվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը` բացառությամբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի կամ անհրաժեշտ վավերապայմանների:

(15-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

16. Նախարարությունում հարցումն ստանալուց հետո համակարգի միջոցով կատարվում է անձի ինքնության և քաղաքացիության պարզում և պատասխանն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս գործողությունը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(16-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

17. Դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից համակարգի միջոցով անձի ինքնության և քաղաքացիության պարզումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե բնակչության պետական ռեգիստրում առկա են անձի անհատական տվյալները և էլեկտրոնային լուսանկարը:

(17-րդ կետը լրաց. 02.04.20 N 479-Ն)

18. Բնակչության պետական ռեգիստրում անձի անհատական տվյալների և էլեկտրոնային լուսանկարի բացակայության կամ դրանց որոշակի անհամապատասխանությունների դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից համակարգի միջոցով մեկօրյա ժամկետում հարցում է կատարվում անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմին (այսուհետ՝ իրավասու մարմին):

(18-րդ կետը փոփ. 02.04.20 N 479-Ն)

19. Իրավասու մարմինը հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի լուսանկարով անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմումը թվայնացնում և համակարգի միջոցով ուղարկում է հարցումը կատարողին:

(19-րդ կետը փոփ. 02.04.20 N 479-Ն)

20. Իրավասու մարմնի կողմից լրացուցիչ ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին հարցումներ կատարելու անհրաժեշտության դեպքում սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետը իրավասու մարմնի կողմից կարող է երկարաձգվել առավելագույնը տասն աշխատանքային օրով:

(20-րդ կետը փոփ. 02.04.20 N 479-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 479-Ն)

 

V. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Դիվանագիտական ծառայության մարմինն անձի ինքնությունը և քաղաքացիությունը պարզելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձի վկայականն առձեռն տրամադրում կամ փոստով առաքում է դիմողին։

(22-րդ կետը խմբ. 02.04.20 N 479-Ն)

23. Փոստային առաքումն իրականացվում է վերադարձի վկայական հայցողի հաշվին։

(23-րդ կետը խմբ. 02.04.20 N 479-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 479-Ն)

25. Վերադարձի վկայականը տրամադրվում է մեկ ամիս ժամկետով: Ռեադմիսիայի համաձայնագրով նախատեսված դեպքում այն կարող է տրամադրվել տվյալ համաձայնագրով սահմանված ժամկետով:

26. Ռեադմիսիայի համաձայնագրերով սահմանված դեպքերում վերադարձի վկայականը կարող է տրվել նաև ոչ ճիշտ տվյալներով, եթե հարցազրույցի արդյունքում բացահայտվում են տվյալ անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող տվյալներ: Այս դեպքում վերադարձի վկայականի դիմերեսի ձախ վերևի անկյունում կատարվում է «Ո.Ճ.Տ.» (ոչ ճիշտ տվյալներ) նշումը:

27. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 479-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ–ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

Դիմում եմ

 

Անձնագիրը

 

լուսանկարի

համար
35 x 45 մմ

 

 

□ անձամբ

 

□ կորել է

□ որպես ծնող (խնամակալ)

 

□ ժամկետը լրացել է

□ որպես լիազորված անձ

 

□ վնասված կամ մաշված է

□ որպես այլ պետության իրավասու մարմնի աշխատակից

 

□ երբևէ չի տրամադրվել

     

 

Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական:

Իմ մասին հայտնում եմ հետևյալը.

* - ով նշված կետերը պարտադիր են լրացման համար

 

1*

Ազգանունը

 

2*

Անունը

 

3*

Հայրանունը

 

4*

Ծննդյան օրը, ամիսը, տարին

 

5*

Ծննդյան վայրը (երկիր, քաղաք/գյուղ)

 

6*

Քաղաքացիությունը

 

7*

Այլ պետության քաղաքացիության առկայությունը

 

8

ՀՀ-ում հաշվառման հասցեն (մարզ, քաղաք/գյուղ, փողոց, տուն/բն.) և հեռախոսահամարը

_____________________________________

_____________________________________

9

Տվյալ երկրում փաստացի բնակության հասցեն և հեռախոսահամարը

_____________________________________

_____________________________________

10

էլեկտրոնային փոստի հասցեն
(առկայության դեպքում)

 

11

ՀՀ վերադառնալու օրը, ամիսը, տարին

«        » ______________ 20   թ.

12

ՀՀ վերադառնալու նախատեսվող միջոցը (ինքնաթիռ, ավտոբուս, այլ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆ ԱՆՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար տրվում է`

1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք նախկինում չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր.

2. Հայաստանի Հանրապետության` 16 տարին չլրացած, ինչպես նաև 63 տարին լրացած քաղաքացիներին.

3. օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին.

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմած և սահմանված ժամկետում իր անձնագիրը չստացած ՀՀ քաղաքացիներին.

5. պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող ՀՀ քաղաքացիներին.

6. բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին.

7. առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին.

8. Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետություն մեկնող (տեղափոխվող) ՀՀ քաղաքացիներին.

9. օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին.

10. հափշտակության կամ այլ հանցագործության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (բնածին կամ տեխնածին աղետ, քաղաքական հուզումներ, պատերազմ և այլն) ազդեցության արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված ՀՀ քաղաքացիներին, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ կամ դեպքը հանրահայտ փաստ է.

11. ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

ՀՀ վերադարձի վկայականն անվճար ստանալու վերը նշված ցանկին ծանոթացել եմ:

Իմ կողմից ներկայացված տվյալների և լուսանկարի իսկությունը հավաստում եմ:

 

Վճարված պետական տուրքի չափը _________________

 

Դիմող`

___________________________

(ստորագրություն)

_____________________________________________

(անուն, ազգանուն)

 

 

Դիմելու ամսաթիվը՝ «     » ______________ 20   թ.

 

______________________________________________________________________________________

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ

 

Տվյալները ստուգված են՝

_____________________________________

(հյուպատոսի ազգանունը և ստորագրությունը)

 

«        » ______________ 20   թ.

 

(ձևը խմբ. 10.01.13 N 114-Ն, 02.04.20 N 479-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ՏԵՍԱԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Պահանջվող հյուպատոսական ծառայությունը

 

Դիմողի անունը և ազգանունը

 

Գտնվելու երկիրը

 

Շրջանը, մարզը, քաղաքը և այլն

 

Էլ. փոստի հասցեն

 

Բջջային հեռախոսահամարը

 

Այլ նշումներ

 

(ձևը լրաց. 02.04.20 N 479-Ն)

 

Ձև N 3

 

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

Ես՝

____________________________________________________ ,

(անուն, հայրանուն, ազգանուն)

ծնված՝

_____________________,

(օր, ամիս, տարի)

Անձնագրիս համարը՝ __________________, բջջային հեռ. համարը՝ __________________

 

ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՄ

 

_______________________________________________ -ին,

(անուն, հայրանուն, ազգանուն)

ծնված՝

____________________________,

(օր, ամիս, տարի)

 

Անձնագրի համարը՝ __________________, բջջային հեռ. համարը՝ ___________________

 

որպեսզի վերջինս իմ անունից դիմի ___________________________________________________ -ում

(նշել երկիրը և/կամ քաղաքը)

 

ՀՀ դեսպանություն (գլխավոր հյուպատոսություն)՝ ինձ համար ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար։

 

Լիազորող՝

_______________________

(ստորագրություն)

___________________________________________________

 (ձեռագիր գրել լիազորողի անունը և ազգանունը)

 

Ամսաթիվ՝ _________________

                   (օր, ամիս, տարի)

 

(ձևը լրաց. 02.04.20 N 479-Ն)

(հավելվածը լրաց. 15.03.12 N 288-Ն, խմբ. 10.01.13 N 114-Ն, խմբ., լրաց., փոփ. 02.04.20 N 479-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան