ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 357-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված շահառուների ընտրության ընթացակարգը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված վարկերի մարման ընթացակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշման |
Ե Ր Ր Ո Ր Դ Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ
1. Միջոցառման ԵՎ օժանդակության նպատակը
1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, սույն միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:
2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։
2. Տնտեսավարողների շրջանակը
3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը ՀՀ տարածքում առևտրային գործունեություն է ծավալել առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում և ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը։
1) hիմնական գործունեություն է ծավալում ստորև թվարկված ոլորտներից որևէ մեկում․
ա․ մշակող արդյունաբերություն,
բ․ կացության և հանրային սննդի կազմակերպում,
գ․ փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
դ․ զբոսաշրջային ծառայություններ,
ե․ սպասարկման այլ ծառայություններ,
զ. առողջապահություն .
2) 2019 թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ.
3) 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից.
4) ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, այսինքն՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ.
5) ըստ ԱՔՐԱ տեղեկատվության ժամանակին է կատարել իր վարկային պարտավորությունները։
(3-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ)
4. Օժանդակության մեխանիզմը
4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերը և վարկային հաստատությունները հանդիսանում են վարկերի սպասարկման գործակալներ։
5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը
5. Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․
- աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 300 հազ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար.
- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր)՝ առավելագույնը երեք ամսվա համար,
- հումքի գնում և ներմուծում, պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում՝ նույն տնտեսվարողի արտադրական նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ներդրոումների աջակցման կենտրոնը.
- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում)` առավելագույնը երեք ամսվա համար,
- վարձակալական վճարներ:
6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
- արժույթը՝ ՀՀ դրամ,
- ժամկետը՝ 36 ամիս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում,
- մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը՝ 50 մլն ՀՀ դրամ բայց ոչ ավել, քան տնտեսվարող սուբյեկտի 2019թ․ շրջանառության 10%-ը․
- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումով՝ ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում։
7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները
7. Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք Ներդրումների աջակցման կենտրոնից կստանան վարկի սպասարկման վճար յուրաքանչյուր վարկի դիմաց:
8. Օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ:
9. Շահառուների ընտրության և վարկերի մարման ընթացակարգերը կսահմանվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը
10. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տրամադրմամբ։
11. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել Ներդրումների աջակցման կենտրոն թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտի գնահատումը իրականացնելուց հետո Ներդրումների աջակցման կենտրոնը պայմանագիր է կնքում տնտեսվարողին սպասարկող բանկի հետ և ապահովում վարկի գումարի հասանելիությունը բանկի համար։
12. Վարկի ապահովման համար կպահանջվի սեփականատիրոջ կամ կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի (անձանց) անձնական երաշխավորություն, որը կներկայացվի Ներդրումների աջակցման կենտրոնին: Երաշխավորը պետք է բավարարի ԱՔՐԱ համակարգի չափանիշներով սքորինգի` Ներդրումների աջակցման կենտրոնի սահմանած նվազագույն պայմաններին:
13. Օժանդակության շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%:
14. Ներդրումների աջակցության կենտրոնը իրականացնելու է ընթացիկ մշտադիտարկում՝ ՊԵԿ-ից, տնտեսավարողից և բանկից և/կամ ֆինանսական կազմակերպություններից ստացվող տեղեկության հիման վրա և կարող է դադարեցնել վարկի տրամադրումը և (կամ) պահանջել անհապաղ վարկի մարում։
(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|